2011թ․-ից սկսած Հրանտ Դինք հիմնադրամը հրատարակում է «Լռության Ձայներ» գրքերիի շարքը՝ Անատոլիայի հայերի բանավոր պատմություն ծրագրի շրջանակներում: Շարքի առաջինը «Թուրքիայի հայերը խոսում են» գիրքն էր, որին հաջորդեցին Դիարբեքիրի, Անկարայի, Իզմիթի և Կայսերիի շրջանները: Ներկայում աշխատելով Սիվասի շուրջ՝ ծրագիրը տեղեկություններ է հաղորդում Անատոլիայի հայության կյանքի, պատումների, ավանդույթների, լեզվի, սննդի և այլ թեմաների մասին: Այստեղ ծաղկաքաղ ենք արել մի ընտրանի սննդի մշակույթից, որ ձևավորվում է մշակույթով և աշխարհագրությամբ։
Քաղաք և սնունդ
«Այն, ինչն անվանում ենք Դիարբեքիրի հայության ավանդույթ, ըստ էության բոլորիս հայտնի նույն հայկական ավանդույթն է։ Նույնն է, ինչ Ստամբուլի հայության ավանդույթը։ Միակ տարբերությունը խոհանոցն է։ Ստամբուլահայերի չորեկը նույնը չէ, ինչ մերը։ Մենք էլ ունեինք դոլմա, բայց այն ձիթապտղի ձեթով չէին պատրաստում․ ձիթապտղի ձեթով դոլմայի մասին մենք իմացանք Ստամբուլում։ Դրանից զատ՝ հայկական ավանդույթն ամբողջ աշխարհում նույնն է»։ («Դիարբեքիրի հայերը խոսում են», 48)
«Մարդիկ տարբերվում են գյուղից-գյուղ, տեղից-տեղ, քաղաքից-քաղաք։ Մերդեգյոզի, Իզմիթի բնակիչներն անշուշտ, իրենց առանձնահատկություններն ունեին։ Օրինակ՝ հայերեն խոսում էին յուրահատուկ շեշտադրությամբ։ 1915թ․-ից առաջ Իզմիթում լույս էր տեսնում հինգ տարբեր պարբերական։ Վերցնենք, օրինակ դդմիկի լցոնված ծաղիկները. տիպիկ հայկական ուտեստ է Իզմիթից, սերկևիլի ու սալորի շոգեխաշուկը ևս: Այդ ամենն, իհարկե, կորցրել ենք»։ («Իզմիթի հայերը խոսում են», 36)
Ուտելիք ու խմիչք
«Այն ժամանակ ամեն ինչ առատ էր: Մի կողմից հաց, մյուս կողմից՝ ղավուրմա, բեկմեզ (դոշաբ), մեղր… Հայրս նույնպես աշխատում էր: Մեր տնական օղին (ռաքի) ու գինին մենք էինք պատրաստում: Հարուստ թե աղքատ, բոլորը գինի ունեին տանը: Թե յայան, թե հայրս գինի պատրաստել գիտեին: Երեկոյան հավաքվում էինք մեկս մյուսի տանը, միասին ճաշում էինք, նշում էինք բոլոր ավանդական տոները, Զատիկը, ամեն ամեն ինչ»։ («Դիարբեքիրի հայերը խոսում են», 176)։
«Հայրս ամեն տարի գինի էր սարքում։ Նա դարբին էր, փռեր էր սարքում, ձիու պայտեր։ Ծայրը ծայրին հասցնելու համար սեզոնային գործեր էր անում, ինչ պատահեր։ Եղբայրս էլ նրա հետ էր աշխատում… Հայրս պղնձե պնակ ուներ: Ձմռանը երկու կտոր երշիկ էր կտրում ու դնում վառարանը։ Կերամիկական փոքր բաժակ ուներ ու առավոտյան ժամը յոթին մառանից գինի էր բերում ու խմում: Առավոտյան երշիկ էր ուտում, գինի խմում և գնում աշխատանքի: Մի անգամ, երբ չորրորդ դասարան էի, մի օր ինձ ասաց. «Արի որդիս, նստիր կողքիս»: Ինձ էլ մի փոքր բաժակով գինի տվեց: Դրսում ցուրտ էր: «Խմիր, տղաս: Սա քեզ կջերմացնի»: Առաջին անգամ խմածս ալկոհոլը հորս տված մի բաժակ գինին էր, երբ չորրորդ դասարան էի, մոտ 10-11 տարեկան»։ («Կայսերիի հայերը խոսում են», 55)
Աղանդեր
«Ընկույզն առատ էր, երբեմն մի լիքը կաթսա ջարդում էին։ Ընկույզով պիտան շատ համեղ էր: Պիտայի համար ընկույզը մանրացնում էինք, խառնում մի գդալ կարագի ու երկու գդալ շաքարավազի հետ: Եթե մեկն ուզում էր չուրչխելա սարքել, ինձնից ընկույզ էր խնդրում` ասելով. «Քո ընկույզից մի քիչ տուր, չուրչխելա ենք պատրաստում»: Չուրչխելան գիտեք»: Մեր ընկուզենին վառեցին: Այդ ծառն ամեն տարի քսան հազար ընկույզ էր տալիս, էլ չեմ ասում, թե որքան համեղ էին դրանք: Դրանց նմանը երկրում չկար»: (Բանավոր պատմության հարցազրույց HDF 203310079200, Հրանտ Դինք հիմնադրամի արխիվ)
«Հանգուցյալ հայրս կարոտում էր թել հալվային [դա աղանդեր էր, որը պատրաստվում էր բարակ մանրացված խմորից]: Նա հիանալի հալվա էր պատրաստում ցուրտ ձմռանը, լիներ դա ալյուրով թե շաքարավազով [չեմ հիշում], երեխա էինք: Միասին հավաքվում ու ուրախանում էին: Պատրաստվում էին՝ մտածելով. «Թել հալվա ենք ուտելու»: (Բանավոր պատմության հարցազրույց HDF203310079504, Հրանտ Դինք հիմնադրամի արխիվ)
Հրանտ Դինք հիմնադրամի կողմից հրատարակված բանավոր պատմության գրքերը տես այստեղ։ Քո և ընտանիքիդ պատմությունները կարող ես մեզ հետ բաժնեկցել՝ գրելով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ հասցեին։