«ՊՈԼԻՍ» անվանումը, որը ծագել է հունարեն «պոլիս» (քաղաք) բառից,
հայերը վաղուց են գործածում Ստամբուլի մասին խոսելիս։

 

«ՊՈԼԻՍ» ինստիտուտը հիմնվել է Հրանտ Դինք հիմնադրամի շրջանակում, նպատակ ունի աջակցելու պատմության, սոցիոլոգիայի և մշակույթի բնագավառներում այլընտրանքային միջգիտակարգային ուսումնասիրությունների պատրաստմանը, որոնց առանցքը կազմում է բազմակարծությունը, և որոնք զերծ են ազգայնամոլությունից, ռասիզմից և սեքսիզմից, ինչպես նաև նպաստելու հետազոտողների վերապատրաստմանը Թուրքիայում: «ՊՈԼԻՍ» ինստիտուտը ձգտում է դառնալ բազմակարծ և ժողովրդավարական պատմագրության, այդ թվում՝ մշակութային և արվեստի նախագծերի, ինչպես նաև բազմամշակութային նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչման և պահպանման նպատակով իրականացվող գործունեության կենտրոն:

Այդ նպատակով «ՊՈԼԻՍ»-ը կիրառում է բազմազան մեթոդներ, այդ թվում՝ հետազոտական ​​և վերլուծական աշխատանքների իրականացում, նախագծերի մշակում և իրականացում, զեկույցների, հոդվածների, պարբերականների և ոչ պարբերական հրապարակումների պատրաստում, գրադարանի և արխիվի ստեղծում, գիտաուսումնական և անկախ հետազոտություն իրականացնող անհատների և հաստատությունների աջակցում, սեմինարների, աշխատաժողովների, ցուցահանդեսների, քննարկումների, խորհրդաժողովների և այլ միջոցառումների կազմակերպում։

Հիմնադրումից ի վեր Հրանտ Դինք հիմնադրամի հիմնադիր փիլիսոփայության մեջ ամրագրված համընդհանուր սկզբունքների լույսի ներքո կազմակերպված միջազգային խորհրդաժողովները մշակվում են «ՊՈԼԻՍ»-ում՝ ձգտելով ի մի բերել Թուրքիայի և արտասահմանի գիտաուսումնական ոլորտի ներկայացւցիչների և հետազոտողների աշխատանքները ընդհանուր հարթակում և հիմք ապահովել նոր հարցերի և ապագայի համար հղացվող նոր գաղափարների համար: Թուրքիայի բազմամշակութային ժառանգությունը վերհանելու և պահպանելու նպատակով «ՊՈԼԻՍ»-ը կազմում է այնպիսի կառույցների գույքացուցակներ, ինչպիսիք են Թուրքիայում գտնվող եկեղեցիները, սինագոգերը, մզկիթները, ջեմևիները (թուրք. բառացի՝ հավաքատներ), դպրոցները, վանքերը, հիվանդանոցները, մանկատները և գերեզմանատները, որոնք տարբեր համայնքների, մասնավորապես՝ հայերի, հույների, ասորիների և հրեաների մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչներ են։ «ՊՈԼԻՍ»-ն աշխատում է կազմված գույքացուցակներում ընդգրկված կառույցների պահպանման և վերօգտագործման ուղղությամբ, օգտագործում է ստեղծարար մեթոդներ՝ այդ կառույցների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար, իրականացնում է գործունեություն՝ ապահովելու, որ գիտակրթական ուսումնասիրությունները հասնեն հասարակության լայն հատվածներին և ազդեցություն ունենան դրանց վրա, արխիվների և ստացված տեղեկությունների հիման վրա մշակում և իրականացնում է վերապատրաստման մոդուլներ և ուսումնական ծրագրեր՝ նպաստելու իրավունքների վրա հիմնված մոտեցման մշակմանը, կազմում և դասակարգում է անձնական արխիվները, լուսանկարները, փաստաթղթերը և գրքերը և դրանք հասանելի դարձնում հետազոտողներին, իրականացնում է բանավոր պատմության նախագծեր՝ Թուրքիայի հայերի հիշողությունը արխիվացնելու նպատակով:

Նկատի ունենալով Ստամբուլի աշխարհագրական դիրքը և կարևորությունը հայ մշակույթի և պատմության մեջ՝ «ՊՈԼԻՍ»-ն իր ավանդն է բերում Թուրքիայում և արտերկրում հայագիտության ոլորտում աշխատանքի ակադեմիական որակի բարձրացման գործում, հարստացնում է ոլորտի հետազոտողների աշխատանքը՝ նրանց համար հասանելի դարձնելով ռեսուրսները Թուրքիայում և Թուրքիայի սահմաններից դուրս, հաշվի առնելով արևմտահայերենի ծայրաստիճան կարևոր դերը հայագիտության ոլորտում, բացի որպես անհետացման վտանգի ենթակա հարուստ ժառանգություն պահպանելուց, մշակում է արևմտահայերենը նոր սերունդներին փոխանցելու ծրագրեր՝ կենդանի և փոփոխվող աշխարհին հարիր դասավանդման մեթոդների միջոցով: