Հայկական մշակույթում խաղողը եզակի նշանակություն ունի։ Հանդիսանալով պտղաբերության խորհրդանիշ հեթանոսական ժամանակներից սկսած՝ խաղողօրհնեքը ճանապարհ է հարթել քրիստոնեություն՝ վերածվելով Կույս Մարիամի Ավետման՝ Աստվածածնի տոնի։ Հայերն այդ տոնը նշում են օգոստոսի 15-ին կամ դրան ամենամոտ կիրակի օրը։ Մենք մեր բանավոր պատմության արխիվից ծաղկաքաղ ենք արել, թե Անատոլիայի հայերն ինչպես էին նշում այս տոնը ոչ հեռավոր անցյալում։
«Մենք կրակ էինք վառում Աստվածածնի տոնին»
«Մենք՝ Էվերեկի ժողովուրդս (Դեվելի, Կայսերի), հետևում էինք այս ավանդույթին։ Օգոստոս ամսին Աստվածածնի տոնին նախորդող շաբաթ օրն առավոտյան մագլցում էինք Ֆենեսեի հարավում գտնվող փոքր սարն ի վեր, որ կոչվում է Խաչ լեռ, և կրակ էինք վառում: Էվերեկցիները հավաքվում էին մի կողմում, Ֆենեսեցիները՝ մյուս: Ամենքը բարձրանում էին իրենց կտուրները՝ կրակը տեսնելու: Գյուղացիները երկար ձողերից ջահեր էին պատրաստում, իսկ երեխաները գոչում էին. «Փայտե խաչը վառվում է»: Թուրքերը գալիս էին մեզ հետ, ընդունում էին տոնը և այն անվանում «բոցավառություն»: Էվերեկցիները ևս այդ օրը բարձրանում էին Էրջիյես սարը և այնտեղ կրակ վառում:
«Սովորաբար Խաչ լեռան վրա էին կրակ վառում։ Իսկ ինչո՞ւ էին կրակ վառում։ Կրակը վառում էին գիշերը, երբ խաղողի գույնը փոխվում էր։ Հավաքվում էին այնտեղ, աղոթում, ռետինե անվադողեր տանում ու կրակի տալիս»։
«Մահմեդական հարևանները սպասում էին խաղողի օրհնվելուն»
«Հայերը փորձում էին խաղող չուտել մինչև դրա օրհնությունը, թեև այնուամենայնիվ ուտում էին։ Դա տնտեսական հիմքեր ուներ․ կանխում էր խաղողի այգիների ոչնչացումը մինչև խաղողի հասունանալը։ Նման երևույթներին հնազանդվում էին առանց երկտմելու։ Դրանք ծեսեր էին, որոնք բացահայտ կերպով էին կիրառվում։ Մահմեդական հարևանները սովորաբար սպասում էին խաղողօրհնեքին։
«Ամառվա կիրակիներին ավանդույթ էր եկեղեցի գնալ անոթի, գոնե մեր ընտանիքում։ Եղբայրս ու հայրս պարտադիր գնում էին խաղողի այգին խաղող բերելու։ Ես մտածում էի, որ եկեղեցուց են փախչում, բայց այդպես չէր։ Մենք քարե ներքնագավիթ ունեինք, որտեղ եկեղեցուց հետո հատակին նստած ճաշում էինք: Ուտելիքը միշտ կամ մանթի կամ պանրով բորեկ բլիթ էր լինում, կանարյան սեխ, ձմերուկ, տարբեր կերակուրներ…»։
Բանավոր պատմության գրքերը տես այստեղ՝ հրատարակված Հրանտ Դինք հիմնադրամի կողմից։ Քո և ընտանիքիդ պատմությունները կարող ես բաժնեկցել մեզ հետ՝ գրելով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ հասցեին։