«Հիշողության վայրերի ադապտացված և ստեղծագործ վերօգտագործման» ծրագրի վերջին դաշտային աշխատանքների կանգառը Սիվասն էր: Այս ծրագրի շրջանակներում 2016թ. նոյեմբերին առաջին անգամ Սիվաս այցելելուց հետո, մենք նորից Սիվասում էինք սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 20-ը՝ մշակութային ժառանգության ծրագրի վրա աշխատելու նպատակով:
Ադանայում և Դեվելիում մշակութային ժառանգության քաղաքային-գյուղական բաժանումը նկատվեց նաև Սիվասում: Սիվասում հայկական մշակույթի մնացորդները փնտրելիս մենք բացահայտեցինք գետակների, ջրաղացների, կամուրջների, եկեղեցիների և դպրոցների անհետացման դեպքեր: Մենք նկատեցինք, թե ինչպես են այս վայրերը զարմանալիորեն համապատասխանում հին նկարագրերին: Հին Սիվասի մի քանի վկաներ, մի քանի կանգուն տներ և տարբեր նպատակներով վերօգտագործվող մեծ կառույցները դեռ ընդդիմանում են քաղաքային արագ փոխակերպումներին:
Մեզ աջակցեցին Ստամբուլի՝ Սիվասի հայերի և ընկերների ասոցիացիան և Ջումհուրիեթ համալսարանի ճարտարապետության բաժինը: Սիվասի անցյալի և ներկայի մասին տեղեկատվություն կարողացանք հավաքել քաղաքային շրջայցերի, գրականության ուսումնասիրման, քարտեզների և աշխատարանների միջոցով:
Դաշտային աշխատանքի մյուս փուլը ողջ Սիվաս նահանգի տարածքում 120 գյուղի մշակութային ժառանգության ուսումնասիրությունն էր: Նշենք, որ այս նահանգն իր մեծությամբ Թուրքիայում երկրորդն է (28,000կմ2): Այս փուլում ևս մեզ աջակցեց Սիվասի հայերի և ընկերների ասոցիացիան: Մեր ուսումնասիրությանն աջակցեցին նաև նահանգային և շրջանային իշխանությունները, քաղաքապետարանները և տեղական իշխանությունները, գյուղերի և շրջանների բնակիչները: Սիվասում մեր դաշտային աշխատանքներն առավել մասնակցային էին, քան Ադանայում և Կայսերիում (Կեսարիա): Այս մոտեցման առավելություններն արդեն տեսանելի են: Հիմնվելով Թուրքիայի մշակութային ժառանգության գույքագրման վրա՝ մեր նպատակն էր գտնել 320 տեղանք: Շնորհիվ մասնակցայնության՝ մենք տեղորոշեցինք դրա երկու երրորդը:
Սիվասի մշակութային բազմազանությունը դիտարկելու համար անհրաժեշտ է ճամփորդել Սուշեհրիից Շարքըշլա, Հաֆիքից Գյուրյուն, Յըլդըզելիից Զարա: Անարդար և անգամ սխալմունք է Ռումի սելջուկյան նահանգը, Բյուզանդիայի փոքր Հայաստանը և Սիվասի օսմանյան վիլայեթը մեկ ամբողջությամբ դիտարկելը, իսկ բազմազանությունը՝ մեկ կենտրոնի ենթակարգ որակելը:
Իր աշխարհագրական-մշակութային յուրահատկություններով Դիվրիղին եզակի վայր էր և մեր դաշտային աշխատանքների վերջին կանգառն էր: Մշակութային ժառանգության և բնության հարաբերությունները մեզ հետ բացահայտեց նաև Դողա Դերնեղին, որի հետ մենք համագործակցեցինք նաև Ադանայի՝ Ալադաղի դաշտային աշխատանքներում: Մի կողմից մեզ հմայել էր Դիվրիղիի բնությունը՝ լեռները, աղբյուրներն ու անտառները, մյուս կողմից տխրեցրել էր այն, որ ավանդական գյուղատնտեսական տեխնոլոգիաներն իսպառ վերացել են: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ այս տեխնոլոգիաների վերադարձը հնարավոր է, քանի որ պահպանվել է, օրինակ, վայրի հատապտուղների հավաքման սովորույթը, իսկ ավանդական գյուղատնտեսությունից ստացված մթերքների պահանջարկը փոքր չէ:
Քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Դիվրիղիի ամրոցը, մեծ մզկիթը և հիվանդանոցը վերանորոգվում էին, մենք չէինք կարող ընդգրկել դրանք մեր ուսումնասիրություններում: Սակայն մենք վերօգտագործման մեթոդներ փնտրեցինք Սուրբ Աստվածածին և Սուրբ Գևորգ հայկական եկեղեցիների համար, որոնցից առաջինի դեպքում առկա են 4 պատը և 3 խորանը, իսկ երկրորդի դեպքում՝ մեկ պատը: Այս երկու օբյեկտները վերոնշյալ կոթողների անմիջապես հարևանությամբ են, սակայն վերականգնման աշխատանքներում ներառված չեն: Մենք քննարկեցինք վերօգտագործման հնարավորությունները Դիվրիղիի Մշակութային ասոցիացիայի, Դիվրիղիի Կանանց ասոցիացիայի, Դիվրիղիի քաղաքապետարանի և այլ հետաքրքրված անհատների հետ: Այս քննարկումներն, անկասկած, կարևոր ազդեցություն կունենան մեր հետագա քայլերի վրա:
Մեր հետազոտական աշխատանքներին զուգահեռ մենք անցկացրինք բանավոր պատմության հարցազրույցներ: Մենք գիտակցում ենք, որ խորքային հարցազրույցները կհարստացնեն մեր ուսումնասիրությունն իր բոլոր փուլերում: Այս հարցազրույցներից ստացված տեղեկատվությունը կավելացնի մշակութային ժառանգության մասին մեր պատկերացումները: Որոշակի կանոններով դրանք նաև հասանելի կլինեն հետազոտողների համար հիմնադրամի բանավոր պատմության արխիվներում: Ադանայի և Կայսերիի օրինակով մենք ուսանողների համար բանավոր պատմության աշխատարաններ անցկացրինք Դիվրիղիում և կենտրոնական Սիվասում: Շնորհակալություն ենք հայտնում Սիվասում 3 շաբաթվա ընթացքում մեր աշխատարաններին մասնակցած ուսանողներին և դասախոսներին, մեզ ուղղորդած գյուղաբնակներին, մեզ օգնած տեղական իշխանությունների աշխատակիցներին, Սիվասում մեզ միացած փորձագետներին: Համոզված ենք, որ միայն նման մասնակցային և փոխադարձ սատարող վերաբերմունքով է հնարավոր հավաքել արժեքավոր գիտելիքներ: