Ադանան մեր՝ «Հիշողության վայրերի ադապտացված և ստեղծարար վերօգտագործում» ծրագրում ընդգրկված տեղանքներից է: 2017թ. ապրիլին դաշտային աշխատանքների ավարտից հետո մենք դեռևս շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ: Մենք աշխատում ենք այս հետազոտության վերջնարդյունքի՝ գրքի վրա, որը Ադանայի մշակութային ժառանգության մասին է: Բացի այդ մենք շարունակում ենք աշխատել մեր իրականացրած բանավոր պատմությունների հարցազրույցների վրա: Ադանայի կենտրոնում և Ալադաղի շրջանում իրականացրած դաշտային աշխատանքի նպատակն էր վեր հանել մի կողմից քաղաքային և ուրբանիզացվող շրջանների մշակութային ժառանգության միջև հարաբերությունները, մյուս կողմից գյուղական միջավայրում բնության և մշակութային ժառանգության փոխկապակցվածությունը:
Ալադաղի մշակութային ժառանգությունը. Կապը բնության հետ
Ադանայի շրջաններից մեկը՝ Ալադաղը, մարզկենտրոնից մեկ ժամ հեռավորության վրա է: Ամեն օր միկրոավտոբուսները երթևեկում են Ադանայի և Ալադաղի միջև՝ շարժվելով կենտրոնի Յուրեղիր ավտոկայանից: Այս միկրոավտոբուսներն անցնում են Աքյորենի միջով, որն անցյալում ավան էր, իսկ Ադանայի՝ «Մեծ Քաղաք» դառնալուց հետո Ալադաղի շրջանի թաղամաս է: Կիլիկիայի մասին հնագիտական գրականությունում հայտնի են երկու եկեղեցիներ՝ Աքյորեն I և Աքյորեն II: 1990-ականներին երկու հնագիտական պեղումների շնորհիվ հնարավոր եղավ բացահայտել տարածքի պատմության մի մասը: Աքյորենի և Ալադաղի բնակիչները հիշում են այս պեղումները: Այս տարածքների մասին մեր ունեցած տեղեկատվությունը մեզ հասել է մասնավորապես Գաբրիել Միետկեի պեղումներից:
Կա ընդունված կարծիք, որ այս տարածքի մշակութային ժառանգությունը թվագրվում է բյուզանդական դարաշրջանին՝ մ.թ. 5-6-րդ դարերին, և վերօգտագործվել է հայերի կողմից մ.թ. 12-13-րդ դարերին: Մի քանի աղբյուրներ նշում են, որ Աքյորենի բյուզանդական եկեղեցիները մ.թ. 1198թ. կառուցված Ակներ վանքի մաս են դարձել: Այս տեսության ամենակարևոր ապացույցն այն փաստն է, որ Աքյորենին ամենամոտ գտնվող գյուղը կոչվել է Էղներ, որը հետագայում Աքյորենի ջրամբարի տակ է մնացել: Էղները հայերեն «ակներ» բառի ձևափոխված տարբերակն է, որ նշանակում է «բյուր աղբյուրներ»: Տարիներ շարունակ Էղները հայտնի էր իր աղբյուրներով և ջրաղացներով` Ադանայի բնակիչների համար լինելով զբոսախնջույքների համար սիրված ուղղություն: Ակների աղբյուրների և ջրաղացների մասին հիշատակությունների կարելի է հանդիպել 7-րդ դարի ձեռագրերում: Թռչնի թռիչքի բարձրությունից գյուղի և վանքի միջև հեռավորությունը չորս կիլոմետր է:
Դեպի Աքյորենի հյուսիս մեքենայի ճանապարհն ավարտվում է հինգ րոպե վարելուց հետո: Այստեղից դաշտերով կես ժամ քայլելով՝ հասնում ես առաջին տեղանքին, իսկ դեպի արևելք բլուրն ի վեր՝ երկրորդ տեղանքին: Մենք կարողացանք այս արշավի ուղին մանրակրկիտ գծել Ալեն Մավլատի և Դերյա Էնգինի օգնությամբ, ովքեր ներկայացնում են Հանուն բնության ասոցիացիան (Doğa Derneği) և միացան մեր դաշտային ճամփորդությանը: Հանուն բնության ասոցիացիայի հետ միասին մենք անցկացրինք տարածքում մշակութային ժառանգության, ավանդական գյուղատնտեսության հետքերի և դրանց փոխկապակցվածության մասին ուղեցույց պատրաստելու մասին աշխատաժողով: Մեզ նաև բարոյական և նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերեց Ալադաղի մարզպետարանը, ինչի շնորհիվ էլ մենք նմանատիպ երթուղիներ գծեցինք Քայաբաշըի համար, որն անցյալում գյուղ է եղել, իսկ նվազող բնակչության հետևանքով ներկայումս Ուզունքույու գյուղի փողոցի է վերածվել:
Մշակութային ժառանգությունը՝ Ադանայի ուրբանիզացման զոհ
Ալադաղում երեք օր անցկացնելուց հետո մեր ուսումնասիրությունները շարունակեցինք Ադանայի կենտրոնում՝ Սեյհան թաղամասում: Մեր նպատակն էր Ալադաղի օրինակով երթուղիների համար զուգահեռ ուսումնասիրություններ անցկացնել՝ այս անգամ արդեն քաղաքային միջավայրում: Այս նպատակով մենք համագործակցեցինք քաղաքը ճանաչողների և դրա զարգացմանը հետևողների հետ: Ջան Դուրմուշօղլուն Ադանայում ապրող ճարտարապետ է: Մենք մեր երթուղին սկսեցինք Ռեշատբեյից՝ այն թաղամասից, որտեղ գտնվում էր նրա գրասենյակը:
Ռեշատբեյ թաղամասում մենք ականատես եղանք հանրապետական շրջանի քաղաքային առաջին ձևափոխություններին՝ կենտրոնական պլանավորման մոտեցման ամրապնդմամբ և Յենսենի ծրագրի իրագործմամբ: Կայարանում ուսումնասիրեցինք կայարանի շենքը, տեղանքը և դիրքը՝ որպես հանգույցի առանցք: Այնտեղից մտնելով Զիյա Փաշայի բուլվար՝ մենք քննարկեցինք 1990-ականների քաղաքային զարգացման կերտած սոցիալական կառուցվածքը: Աթաթուրքի այգու մոտից՝ հայկական հին գերեզմանատան տարածքի կողքով, մուտք գործեցինք հին քաղաքը: Նկատեցինք, թե ինչպես է քաղաքապետարանի շենքը դուրս մնացել քաղաքացիների, և ընդհանրապես, հանրային կյանքից: Նման ճակատագիր ունեն նաև շատ այլ հանրային կառույցներ, մշակութային կենտրոններ, անգամ նորակառույց մեծ մզկիթը: Ի հակադրություն դրան՝ հին մզկիթները և այժմ անհետացած եկեղեցիները մարդկանց շատ մոտ են եղել: Խոսելով մզկիթներից՝ մենք հիշեցինք հունական Թիրփանի և Սիմեոնիդիս, հայկական Գյուլբենկյան և հրեական Գիլոդո գործարանները, և թե ինչպես 1921թ. հունական և հայկական, իսկ հետո 1946թ. «Ունեցվածքի մասին հարկային օրենք»-ն ընդունելու ժամանակ հրեական գործարաններն առգրավվեցին, ազգայնացվեցին և վաճառվեցին:
Հայտնի Աբիդին Փաշա փողոցով անցնելիս մենք մտանք Թեփեբաղ թաղամաս, որը նախկինում ուներ հայկական մեծ համայնք: Մենք զմայլվեցինք Բյույուք Սաաթով (Մեծ ժամացույցի աշտարակ), որը 1882թ. կառուցել են Գրիգոր Աղա Բըզդիգյանը և Գասպար Աղա Ավագյանը: Նկատեցինք նաև դրա շուրջ ծավալվող փողոցների և Արասթալար անունով հայտնի շուկաների վերջերս կրած փոփոխությունները: Մենք տեսանք, թե ինչպես են նոր շենքեր կառուցվում հին և չօգտագործվող շենքերի կողքին և հասկացանք, որ վերօգտագործման տեսությունը չի կիրառվում: Կենտրոնական բանկի մոտով անցնելիս մենք պարզեցինք, որ այդ վայրը Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու գտնվելու վայրն է, որը սակայն, պահպանվել ու երկար տարիներ գործել է որպես Թան կինոթատրոն, իսկ 70-ականների քաղաքային ձևափոխումների հետևանքով քանդվել է: Մեր հետազոտական այցի ժամանակ մենք նմանատիպ այլ շենքերի մասին ևս տեղեկատվություն հավաքելու հնարավորություն ունեցանք: Մենք շարունակում ենք աշխատել հավաքված այդ տեղեկատվությունը վերլուծելու և լավագույնս ներկայացնելու ուղղությամբ:
Մշակութային ժառանգությունը և բանավոր պատմությունը
Բանավոր պատմությունը տեղեկատվության հավաքագրման մեր գործընթացի կարևոր մասն է: Բացի մեր գործողություններին զուգակցվող շարունակական հարցազրույցներից, մեր դաշտային աշխատանքների վերջին փուլը «Բանավոր պատմություն» թեմայով աշխատաժողովն էր: Ադանայի և Մերսինի մասնակիցների համար մեր դասընթաց-աշխատաժողովները իրականացրեց հիմնադրամի բանավոր պատմության ծրագրերի փորձառու համակարգող Էմինե Քոլիվարը: Է. Քոլիվարը ներկայացրեց բանավոր պատմության մեթոդաբանությունը և զարգացումը, ինչպես նաև հիմնադրամի խորքային հարցազրույցների տեխնիկայի մանրամասներն ու նախկին ծրագրերի փորձառությունը: Մասնակիցների հետ հարցազրույցների վարման ուսուցանումը շարունակվեց հաջորդ երկու օրերին:
Բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ մեծ աջակցություն ցուցաբերեցին մեր դաշտային աշխատանքներին: Անչափ շնորհակալ ենք բոլորից, ովքեր կրում են հիշողություններ և դրանք բաժնեկցում մյուսների հետ: Մինչ մենք շարունակում ենք աշխատել Ադանայում մեր հավաքագրած տեղեկատվությունը ներկայացնելու ուղղությամբ, մեզ շարունակում է ոգևորել Կիլիկիա-Չուկուրովա տարածաշրջանի աշխարհագրական-ժամանակագրական մեծությունը, Ադանայի բնակիչների սերն իրենց քաղաքի հանդեպ, իրենց՝ կորցրած մշակութային ժառանգության հանդեպ ունեցած տխրությունը և արտերկրում ապրողների հանդեպ տածած մեծ կարոտը: Եթե դուք էլ ունեք տեղեկատվություն, հիշողություններ, ընտանեկան պատմություններ, որոնք պատրաստ եք մեզ հետ բաժնեկցել, և կարծում եք, որ այդպիսով կարող եք նպաստել մեր գործին, մի վարանեք դիմել մեզ:
Adana cultural heritage in the city and the countryside
Inside an abandoned house in Tepebağ neighborhood
In Kayabaşı, on the Tekerlek (the wheel) rock
The complex that housed the Apkaryan School, today the Nuri Has Pasajı
The 5th century Byzantine church known as Akören I, reused by the Armenians in 12th century
Agner Monastery
Burned in 1909, later renovated, the American Girl's College, despite being part of the Tepebağ Anadolu College today, it is not being used
In Akören, during research with Doğa (Nature) Association