Հրանտ Դինք հիմնադրամի, Բողազիչի համալսարանի Աթաթուրք ինստիտուտի և Թուրքիայի սոցիալ-տնտեսական պատմության հիմնադրամի կազմակերպած «Ադանայի և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պատմությունը» խորագրով համաժողովը տեղի ուենցավ Բողազիչի համալսարանում՝ 2008թ. նոյեմբերի 21-ին։
Սեմինարի թեմաները որոշվել էին գիտական հանձնաժողովի կողմից, որի կազմում էին դոկտոր պրոֆեսոր Զաֆեր Թոփրակը, դոկտոր պրոֆեսոր Չաղլար Քեյդերը, դոկտոր պրոֆեսոր Այհան Աքթարը և դոկտոր Ջենգիզ Աքթարը։ Նրանք փաստեցին, որ Ադանան և դրա ծայրամասերը շատ քիչ հետազոտությունների թեմա են դարձել՝ ի համեմատ Թուրքիայի արևմտյան շրջանների, և որ արժանի է թուրք գիտնականների և միջազգային ակադեմիայի անդամների առավել մեծ ուշադրության: Մասնակիցներն ակտիվորեն մասնակցեցին համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումներին, որոնք վերաբերում էին տարածաշրջանային (միկրո) պատմական հետազոտությունների իրականացման դրական և բացասական կողմերին`ամբողջի (մակրո) պատմական դիտանկյունների լույսի ներքո:
«Քոչվորական կյանքից դեպի Ադանայի առևտրային գյուղատնտեսություն. տարածաշրջանային տնտեսության ծնունդ» խորագրով ելույթը, որը կարդաց հիմնական բանախոս, դոցենտ, պրոֆեսոր, Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս Մելթեմ Թոքսյոզը, հատկապես ուշադրության արժանացավ այն բանի համար, որ հետազոտողն Ադանայի ծայրամասը դարձրել էր իր փաստարկների առանցքը: Այս ելույթում բացատրվում էր, թե ինչպես հանրապետության ստեղծմամբ տարբեր համայնքների անդամների կողմից կապիտալի սեփականությունը տեղափոխվեց դեպի նոր վարչակարգին սատարող մահմեդական կապիտալատերեր, ովքեր հետագայում դարձան նախ տարածաշրջանի, ապա երկրի կարևորագույն կապիտալ ունեցողները: Մեկ այլ ելույթ «German Levanten Cotton Corporation»-ի վերաբերյալ ընթերցեց դոկտոր Հիլմար Կայզերը, ով իր թեզը պաշտպանել է հենց այս թեմայով:
Դոկտոր պրոֆեսոր Հալիս Աքդերը՝ Մերձավոր Արևելքի Տեխնիկական համալսարանի տնտեսագիտության ամբիոնից, անկեղծ տեսակետ հայտնեց Չուկուրովայի շրջանում մարդկային ներգրավվածության շուրջ` Էգեյան և Չուկուրովայի շրջաններում բամբակի արտադրության համեմատական վերլուծության վերաբերյալ իր աշխատության միջոցով։
Արա Սարաֆյանը Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտից և դոկտոր Վահե Թաչջյանը՝ Բեռլինի գրականության և մշակույթի հետազոտությունների կենտրոնից, իրենց աշխատանքներում քննադատեցին Ադանայի հայերի անբավարար լուսաբանումը՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի պատմության էջերում: Սարաֆյանն ու Թաչջյանը հիմնականում մատնանշեցին Ադանայի պատմության մշակույթին և ինքնությանը հարող խնդիրներ: Արա Սարաֆյանը խոսեց 19-րդ դարում Օսմանյան կայսրության տարածքում «միլեթ համակարգը» վերակազմակերպելու և հայ համայնքի ու Ադանայի հայերի վրա դրա հետևանքների մասին: Հիմնվելով հայկական ռեսուրսների վրա՝ ուսումնասիրությունը բացատրում է, թե ինչպես է «հայ ազգը» ձևակերպել իր լեզվի և կրթության քաղաքականությունը 1830 և 1860թթ․ Ազգային ժողովներում, ինչն իր ազդեցությունն ունեցավ նաև Ադանայի տարածաշրջանի հայերի վրա, ովքեր հայ ազգի ակտիվ գործիչներ դարձան՝ չդադարելով օսմանյան հասարակության մաս լինելուց: Վահե Թաչջյանի ելույթը վերաբերում էր Ադանայից եկած թուրքախոս հայերի բնակեցման հիմնախնդրին, ովքեր չէին մասնակցել ապստամբության շարժումներին և ովքեր նախընտրեցին գաղթել Բեյրութ հարկադիր գաղթից հետո: Այս ելույթը հատկապես կարևոր էր այն առումով, թե ինչպես են Ադանայից եկած հայերը նպաստել Մերձավոր Արևելքի հայկական ինքնության ձևավորմանը։
Դոկտոր պրոֆեսոր Զաֆեր Թոփրակը Բողազիչի Համալսարանի Աթաթուրք իսնտիտուտից, ներկայացրեց Ադանայի նահանգում աշխատավորների շարժման և կապիտալի վերաբերյալ իր աշխատությունը՝ փաստարկները խարսխելով Գյուղատնտեսության և առևտրի նախարարությունից և Հանրապետական շրջանում կայացած Առաջին և Երկրորդ Միջազգային Քոթն Կոնգրեսից վերցված վաղ 20-րդ դարի գրառումների վրա։
Ուրբաթ՝ նոյեմբերի 21-ին կայացած համաժողովին հաջորդեց կլոր սեղան-քննարկում` Բիլգի Համալսարանում։ Նախորդ օրվա համաժողովում իրենց աշխատանքները ներկայացրած բանախոսներից բացի կլոր սեղանի շուրջ ներկա էր մոտ քսան հետազոտող, ովքեր մշակում և ուսումնասիրում են պատմությունը գրելու նոր ձևը։
Քննարկման առանցքն էր ուշ օսմանյան կայսրությունում էթնիկ համայնքների հանդեպ ուշացած ռոմանտիկ հայացքը, կայսերության անկման և ազգային ինքնության ձևավորման հարակարգերը և արխիվացնողների կողմից որոշակի գրառումների նպատակային ընտրությունը՝ ի շահ որոշակի գաղափարախոսությունների: Այն փաստը, որ պատմաբաններին անհրաժեշտ է աշխատել այլ սոցիալական գիտնականների հետ, որպեսզի իրենց վերլուծություններում կարողանան խորամուխ լինել պատմական մոտեցումների միջև եղած բեկման կետերի, սոցիալական հոգեբանության ուսումնասիրությունների, հատկապես բանավոր պատմության ոլորտի օգտագործման անհրաժեշտությունը և ընդդեմ ազգայնական դիսկուրսի՝ նոր ընդհանրական դիսկուրսի ձևավորումը հետագա հետազոտությունների համար արված առաջարկների թվում էին: