Սաբանջի համալսարանը (Ստամբուլ) 2009թ․ նոյեմբերի 6-7-ը հյուրընկալեց «Ադանա 1909. պատմություն, հիշողություն, ինքնություն հարյուր տարվա դիտանկյունի» խորագրով միջազգային աշխատաժողովը, որին մասնակցում էին գիտնականներ ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Իտալիայից և Թուրքիայից:

Միջոցառման հովանավորներն էին Կոմիտաս ինստիտուտը (Լոնդոն), Սաբանջի համալսարանը, Ստամբուլի Բիլգի համալսարանի պատմության բաժինը, Հրանտ Դինք միջազգային հիմնադրամը և Բողազիչի համալսարանի պատմության բաժինը: Ունկնդիրները ամբողջությամբ զբաղեցրել էին դասախոսությունների սրահը։ Նրանց մեջ կային դասախոսներ, ուսանողներ, լրագրողներ և հասարակական ներկայացուցիչներ: Կատարվում էր համաժամանակյա թարգմանություն անգլերեն և թուրքերեն: Ներկայացված աշխատանքները լույս կտեսնեն անգլերեն և թուրքերեն հրատարակություններով։

Բացման խոսքում Ջենգիզ Աքթարը և Արա Սարաֆյանը ողջունեցին ներկաներին և ընդգծեցին Թուրքիայում նման հանդիպումներ անցկացնելու նոր հնարավորությունների կարևորությունը: Նրանք բացատրեցին, որ «Ադանա 1909» սեմինարը կազմակերպվել էր Ադանայի ջարդերի հարյուրամյակի  կապակցությամբ: Այն սկսվեց թուրքերեն, հայերեն և անգլերեն լեզուներով աշխատանքների հրավերով, իսկ սեմինարի ելույթներն արտացոլում էին մասնակիցների տարբեր հետաքրքրությունները:

Առաջին հոդվածն անսովոր էր, քանի որ այն վերաբերում էր այն թուրքերին, ովքեր փրկել են հայերին 1909թ.։ Այն փաստը, որ հայերը կոտորվել են, կասկածից վեր է։ Բանախոսը ներկայացրեց զգայուն ուսումնասիրություն՝ արդարամիտ թուրք պաշտոնյաների, ովքեր փրկել են հավանական զոհերի։ Բանախոսն օգտվեց օսմանյան գրառումներից՝ ցույց տալու համար, թե ինչպես են օսմանյան հայերը դիմել պետությանը՝ ճանաչել այդպիսի մի թուրք պաշտոնյայի մեկ ամբողջ համայնքի փրկության գործում ունեցած դերի համար:

Այս առաջին հոդվածը դուրս բերեց ընդհանուր լարվածությունը՝ ունկնդիրներին հնարավորություն տալով ապրումակցելու 1909-ի հայ զոհերին՝ առանց «մահմեդականներին» կամ «թուրքերին» որպես մեկ կատեգորիա դատապարտելու: Հաջորդող ելույթներն ընթացան նույն զգայունությամբ:

Յուրաքանչյուր սեսիա վարում էր ավագ գիտաշխատող, ապա հաջորդում էր քննարկում: Սեմինարը լրացնում էին նաև ուրիշ ավագ գիտաշխատողներ՝ Սելիմ Դերինգիլը, Չաղլար Քեյդերը, Մեթե Թուջան և Հուլյա Ադաքը իրենց ներկայությամբ:

Կազմակերպիչները սեմինարը հաջողված համարեցին:

Ներկայացված աշխատանքները կարող են ամփոփվել հետևյալ կերպ (ոչ սեմինարում ներկայացվածության հերթականությամբ):

Նոր դիտանկյուններ 

Աբդուլհամիթ Քըրմըզըն ներկայացրեց հավասարակշռող հոդված՝ քննարկելով 1909-ի ջարդերի ընթացքում որոշ մահմեդականների կողմից հայերին փրկելու փաստը: Նման մահմեդականների դերն, ըստ էության օսմանյան հայերն ընդունեցին 1909-ից հետո: Բանախոսի ուշադրության կենտրոնում էին Մայոր Հաճի Մեհմեթ էֆենդին և նրա մարդիկ, ովքեր հարևան ցեղերի և գյուղերի հարձակումներից պաշտպանում էին Կիլիկիո Հայոց Կաթողիկոսության նստավայրը` Սիսը: Քըրմըզըն օսմանյան փաստաթղթերն օգտագործում էր այն մուսուլմանների հետ քննարկման համար, որոնցից շատերը պարգևատրվել էին Օսմանյան կառավարության կողմից: Այս պաշտոնյաների գործողությունները հակառակն էին այլ պաշտոնյաների, ովքեր խրախուսում էին իրական կոտորածները: Մեկ այլ լավ հավասարակշռող և հետաքննող հոդված վերաբերում էր Ադանայի կոտորածների հետ կապված տարբեր գործոնների բարդ շարքի: Ընդգծվեց, որ բանավեճի այս փուլում այդ գործոններից մի քանիսը կարող են զննվել միայն շահարկումային, բայց տեղեկացված կերպով: Նման գործոններից մեկը  տասնյակ հազարավոր չքավոր միգրանտ բանվորների առկայությունն էր, ովքեր 1909 թ. ապրիլին չէին կարողանում աշխատանք գտնել Ադանայում: Սինան Դինչերը (Ռուրի Համալսարան, Բոխում)  քննարկեց Ադանա նահանգի այդպիսի միգրանտ աշխատողներին այդ սեզոնին և միտք հայտնեց, որ նրանց կարող էին հրահրած լինել կռիվների մեջ` ոչ այլ քան հայերի ունեցվածքը թալանելու և հափշտակելու պատրվակով: Բանախոսը նշեց, որ ինքը չի պնդում, թե դա կոտորածների հիմնական գործոնն է, այլ կարող էր նշանակալի դեր ունենալ։

 

Եվրոպական տեսանկյուններ

 

Երկու ելույթներում քննարկվեցին Ադանայի կոտորածների վերաբերյալ ֆրանսիական և գերմանական գրառումները: Վինսենթ Դյուքլերտը (EHESS) հակադրեց ֆրանսիական կառավարության դիրքորոշումը Համիդյան ջարդերից, Ադանայի ջարդերից և Հայոց ցեղասպանությունից հետո: Նա նշեց, որ Ադանայի ջարդերից հետո Ֆրանսիայի կառավարությունը դժկամությամբ էր ճնշում գործադրում Օսմանյան իշխանությունների վրա, քանի որ ֆրանսիացի շատ պաշտոնյաներ աջակցում էին երիտթուրքերի կառավարությանը:

 

Փոխարենը, Ֆրանսիայի իշխանությունները կարևորություն չտվեցին հարցին Ֆրանսիայում: Դիլեք Գյուվենը (Սաբանջիի Համալսարան) քննարկեց Գերմանիայի հյուպատոսական, ինչպես նաև՝ Բաղդադի երկաթուղային ընկերության գրառումները: Այս գրառումները վկայում են 1909թ. հայերի սարսափելի տառապանքների մասին: Նա նշեց, որ այդ ժամանակ գերմանական քաղաքականությունն Օսմանյան Թուրքիայի նկատմամբ անորոշ էր, մանավանդ, որ 1909-ի ջարդերն իրականացնում էին Աբդուլ Համիդ II-ի կողմնակիցները, որոնց գերմանացիներն աջակցել էին մինչև 1908-ի հեղափոխությունը:

Բենեդետա Գուերցոնին (անկախ գիտնական) քննարկեց, թե ինչպես էին արևմտյան թերթերում պատկերվում Ադանայի ջարդերը, մասնավորապես հղելով Իտալիային և Ֆրանսիային։

Հայկական աղբյուրներ

Արա Սարաֆյանը (Կոմիտասի անվան ինստիտուտ) և Զաքարյա Միլդանօղլուն (անկախ հետազոտող) քննարկեցին 1909-ին վերաբերող հայկական գրառումներ։ 

Սարաֆյանը ներկայացրեց Հակոբ Թերզյանին, ով 1912թ․ հզոր զեկույց է հրապարակել 1909-ի իրադարձությունների վերաբերյալ։ Թերզյանը ներառել է սեփական վկայությունը Ադանայում, ինչպես նաև ուրիշ փոքր համայնքներում։ 

Սարաֆյանը պնդում էր, որ Թերզյանի տեքստում առկա է պաշտոնական հաղորդագրությունները վիճարկող որոշակի փաստարկի ուժ, որը փորձում էին մեղմել դեպքերը: Սարաֆյանը մեջբերեց Թերզյանի խոսքերը`շեշտելով «Իթիդալ» թերթի կործանարար դերը հայերի նկատմամբ բռնությունները խթանելու և խմորելու գործում: Զաքարյա Միլդանօղլուն հայկական պարբերական մամուլի միջոցով ներկայացրեց Ադանայի կոտորածները՝ տարբեր պարբերականների բազմաթիվ նկարազարդումներով: Նրա զեկույցը ներառում էր երգիծանքը՝ որպես հզոր գործիք հայերի հետ կատարվածը փոխանցելու համար: (Միլդանօղլուն պատասխանատու էր նաև Ադանայի կոտորածները պատկերող լուսանկարների առանձին ցուցահանդեսի համար:

Այդ նկարներն ու տեքստերը ցուցադրվեցին սեմինարում։)

Ամերիկացի ականատեսներ

Ամերիկացի միսիոներների դերը որպես ականատեսի՝ քննարկվեց Լու Անն Մաթոսյանի (Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամ) և Բարբարա Մերգերյանի (Կանանց միջազգային հայկական ասոցիացիա) կողմից՝ Ադանա և Տարսոն քաղաքների իրադարձությունների վերաբերյալ հզոր հոդվածներով: Տարսոնը նաև հայտնի թուրք լրագրող Օրալ Չալիսլարի ուշադրության կենտրոնում էր, ով իր «Տարսոնի կարմիր կարպետները» գրքում ներկայացրել է Հելեն Դավենպորտ Գիբոնսի վկայությունը: Չալիսլարը, ով հրատարակել է այս աշխատության թուրքերեն թարգմանությունը, ներկայացրեց անձնական մտորումներ իր հայրենի Տարսոնի վերաբերյալ: (Կոմիտաս ինստիտուտը վերջերս հրատարակել է անգլերեն քննադատական աշխատանք՝ «Տարսոնի Կարմիր Կարպետները»):

Մարդկային և նյութական կորուստներ

Հայերի կորուստների իրական պատկերն ընդգծեց Օսման Կոկերը, ում հրաշալի ելույթը Ադանայի նահանգի հայ համայնքների մասին ուղեկցվեց լուսանկարներով և բացիկներով։ Նա ներկայացրեց պատկերներ Անտիոքից, Ալեքսանդրետայից, Մարաշից, Բեյլանից, Սիսից, Ադանայից, Տարսոնից և Կոզ Օլուքից։ 

Սաիտ Չեթինօղլուն (Belge Uluslararasi Yayincilik) կուռ ելույթ ներկայացրեց 1909 թ. հայկական ունեցվածքի թալանի և դրա կազմակերպման մասին, իսկ Ասլի Չոմուն (Քեմբրիջի համալսարան), ծանրակշիռ զեկույց ներկայացրեց՝ հիմնվելով Ադանայի շրջանի 1920-ականների հողային գրառումների վրա: Այդ գրառումները նոր պատկերացումներ են հաղորդում այն մասին, թե ինչպես է հայկական ունեցվածքը բաժան-բաժան արվել և նվիրաբերվել մահմեդական փախստականներին: Ջարդերի ընթացքում հայ զոհերի իրական թիվը քննարկեց Ֆուաթ Դունդարը, ով որոշ հարցեր առաջ քաշեց Ադանայի ջարդերի ժողովրդագրության վերաբերյալ` հիմնվելով Աբդուլ Համիդ Երկրորդի կոտորածների և Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր աշխատանքի վրա: Ադանայի կոտորածներից հետո հայ որբերի ճակատագիրը հայ համայնքի ղեկավարների հիմնական մտահոգության թեման դարձավ: Նազան Մաքսուդյանը հուզիչ հոդված ներկայացրեց այդ որբերի ճակատագրի մասին, հատկապես «օտարերկրյա» մանկատներում: Հիմնական խնդիրներից մեկը ձուլումն էր կառավարության կողմից ղեկավարվող մանկատներում, որտեղ ուսուցման լեզուն թուրքերենն էր և ոչ թե հայերենը:

Ջարդերին գրական արձագանքները

1909-ի ջարդերի թողած ժառանգությունը հնարավոր չէ բացատրել զոհերի կամ կորսված ունեցվածքի պարզ թվերով: Գրականությունը բռնության, կորստի և տրավմայի զգացողությունը փոխանցելու հզոր միջոց էր, որն ուղեկցում էր իրադարձություններն ու մխրճվում վերապրածների կյանքի մեջ: Մարկ Նիշանյանը (Սաբանջիի համալսարան) և Ռիտա Սուլահյանը (ՄքԳիլ Համալսարան) քննարկեցին Ադանայի ջարդերի գրական արձագանքը, մասնավորապես անդրադառնալով Արշակուհի Թեոտիգին, Դանիել Վարուժանին և Զաբել Եսայանին: (Ցավոք՝ Նիշանյանը չկարողացավ ներկա գտնվել սեմինարին, և նրա աշխատությունը գեղեցիկ կերպով ներկայացրեց Հուլյա Ադակը (Սաբանջիի համալսարան):

Օսմանյան Պառլամենտը

Անաստասիա Իլիենա Մորոնին (EHESS & Panteion Univ., Աթենք) քննարկեց, թե հայկական ջարդերն ինչպես են ներկայացվել Օսմանյան Պառլամենտում։