Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը մշակութային ժառանգության թիմը դաշտային աշխատանք իրականացնելու համար մեկնել էր Ադանա: Այցի նպատակն էր տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պետական մարմինների, կրթական հաստատությունների և անհատների հետ կապեր հաստատելը: Մենք 12 հանդիպում ունեցանք Ադանայի կենտրոնում և թաղամասերում: Այդ մասին շուտով հրապարակում կանենք: Նպատակներից մեկն էլ Թուրքիայի մշակութային ժառանգության գույքացանկի քարտեզագրումը շարունակելն էր: Նախապես պլանավորած 64 տեղանքից փաստագրեցինք 53-ը՝ այցելելով Ադանայի 15 թաղամասից 12-ը: Այս 53 տեղանքում հնարավոր եղավ գրանցել 90 կառույց, որ կամ որոշակիորեն պահպանված էին, կամ տեղացիների հիշողություններում էին մնացել:
Ադանայում մեզ միացավ Նիլգյուն Էզգի Գյունեյը, ով Ստամբուլում իր պրակտիկան մեզ հետ էր անցկացրել և մեզ շատ էր օգնել իր տեսակետներով և աշխատանքով, իսկ ներկայումս Անկարայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանում ուսուցանում է քաղաքային պլանավորման ոլորտում: Պրն. Լևոն Էրարսլանը մեզ օգնեց թեˊ Ստամբուլում, երբ մենք հանդիպել էինք քննարկելու մեր այս այցը, և թեˊ Ադանայում, ուր նա մեծահոգաբար կիսվեց տարածաշրջանի մասին իր ունեցած գիտելիքներով և փորձով: Շատ ուրախ ենք, որ պրն. Լևոնը կշարունակի աջակցել մեզ մեր ծրագրի հաջորդ փուլերի ընթացքում ևս: Շնորհակալ ենք նաև մեր վարորդ պրն. Հաջի Գյունեշին, ով ոչ միայն մեզ հասցրեց Ադանայի հեռավոր վայրերը, այլև իր ծանոթություններով աջակցեց մեր հետազոտությանը: Այս հետազոտությունը հնարավոր չէր լինի նաև առանց տեղացիների օգնության:
Մինչ Ադանա մեկնելը մենք մանրամասն հետազոտություն իրականացրինք Ադանայի վերաբերյալ և մշակեցինք Ադանայի մեր քարտեզն՝ օգտվելով Մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայի (KMKD), Բնապահպանական և մշակութային արժեքների պաշտպանության և խթանման հիմնադրամի ( ÇEKÜL) տվյալների բազայից, ինչպես նաև Ադանայի նահանգային գույքացանկից: Մեր առաջնային աղբյուրներից էր Բուզանդ Յեղյայանի «Ադանայի հայերի պատմությունը» աշխատությունը (Անթիլիաս, 2012թ., վերահրատարակում): Ստորև մեր դաշտային աշխատանքի քարտեզն է՝ գրառումներով, տեղանքներով և լուսանկարներով: Նշենք, որ այս տեղեկատվության հիման վրա նաև թարմացրել ենք մեր՝ Թուրքիայի մշակութային ժառանգության քարտեզը: Ուրախ կլինենք, եթե մեզ հետ կիսեք ձեր մեկնաբանությունները, ուղղումներն ու այնպիսի տեղեկատվություն, որ ըստ ձեզ, բաց ենք թողել: