Հրանտ Դինք հիմնադրամի Պատմության ծրագրի շրջանակներում հունիսի 30-ին Արմեն Թ․ Մարսուբյանը ելույթ ունեցավ «Բացակայության ներկայացում․ պատասխանատվություն և հիշողություն 1915-ից հետո» խորագրի ներքո։
Ելույթում Մարսուբյանը ներկայացրեց իր Հուշերի Աշխատությունը, որը բաղկացած է Դիլդիլյան ընտանիքի կողմից արված և պահպանված լուսանկարներից, և պատմեց, թե այն ինչպես է կյանքի կոչվել վերջին 10 տարիների ընթացքում: Այդ լուսանկարների միջոցով Մարսուբյանը ներկայացնում է Դիլդիլյան ընտանիքի ճամփորդությունն Անատոլիայից Հունաստան, և ի վերջո՝ ԱՄՆ։ Իր աշխատության մեջ նա փորձել է ցույց տալ, որ գրոհի է ենթարկվում ոչ միայն հայ համայնքն ու նրանց համայնքի զգացումը, այլև հայկական մշակույթը, արվեստն ու լեզուն գրեթե ոչնչացման վտանգի տակ են: Բայց որ ամենակարևորն է, Մարսուբյանը նպատակ ունի հետամուտ լինել մոտալուտ ոչնչացման վտանգի առջև կանգնած այդ մշակույթին ու հիշողությանը՝ այն կենդանի պահելու համար: Ուստի Մարսուբյանն ուսումնասիրել է 1888-1922թթ․ Անատոլիայում և 1923-1980թթ․ Հունաստանում, ապա`ԱՄՆ-ում արված լուսանկարները, և փորձել բացահայտել գործողությունները, մարդկանց և վայրերը: Սույն լուսանկարները նա ցուցադրեց իր ողջ ելույթի ընթացքում:
Արմեն Թ․ Մարսուբյանը Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչն է և «Մետաֆիլիսոփայություն» ամսագրի խմբագիրը: Նա հրատարակում է Ամերիկյան փիլիսոփայության, գեղագիտության, բարոյական փիլիսոփայության, ցեղասպանության և հիշողության ուսումնասիրությունների ոլորտում՝ համախմբագրելով յոթ գիրք, բոլորովին վերջերս՝ «Ցեղասպանության և հիշողության բազմամասնագիտական հեռանկարներա» աշխատությունը: Նրա մրցանակակիր գիրքը՝ «Պատառիկներ մի կորած հայրենիքի․ Հայաստանը հիշելիս», հիմնված է իր ընտանիքի վերաբերյալ ծավալուն ուսումնասիրությունների վրա։ Վերջերս լույս է տեսել թուրքերեն հրատարակությունը՝ «Yitik Bir Yurdun Kırıntıları: Ermenistan’ı Hatırlamak»։ Ուղեկցող լուսանկարների գիրքը՝ «Dildilyan Kardeşler – Kayıp Bir Ermeni Evin Hatıraları: Anadolu’da Ermeni Bir Ailenin Fotoğrafları ve Öyküsü, 1888-1923», լույս է տեսել 2015թ․։ Այս գրքի ընդլայնված տարբերակը՝ «Վերստին կերպավորելով կորսված հայ օջախը․ Դիլդիլյանների լուսանկարների հավաքածու», հրատարակվել է 2017թ․։ Հավաքածուի հիման վրա ցուցահանդեսներ բացվել են Թուրքիայում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում։