Արևելյան ճեպընթաց երկաթգիծն այժմ աշխատում է Անկարայի և Կարսի միջև: Ստամբուլից Անկարա արագընթաց գնացքի գործարկումից հետո Անկարայից դեպի Կարս ևս սկսեց գնացք աշխատել: Այս ուղին ունի 54 կանգառ և անցնում է 7 նահանգի միջով: Թեև անունը դեռ Անկարա-Կարս է, գիծը սկսվում է Քըրըքքալեի Ըրմակ կայարանից, կանգ է առնում Կայսերիում (Կեսարիա) և գնում է Սիվաս (Սեբաստիա): Սիվասից գնում է հարավ՝ Էրզինջան (Երզնկա), իսկ հետո հյուսիս՝ Էրզրում և հետո Կարս:

Թուրքիայի Մշակութային ժառանգության քարտեզից՝ Արևելյան  ճեպընթացի ճանապարհի տեղանքները. քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Արևելյան  ճեպընթաց երկաթգծի մոտ 2000կմ ձգվող ճանապարհի վրա ավելի քան 500 տեղանք է նշված Թուրքիայի մշակութային ժառանգության քարտեզում: Մենք ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ համարելով, որ Արևելյան  ճեպընթացը միաժամանակ մշակութային ժառանգության ճանապարհորդութուն է:

Քըրըքքալե և Յոզգաթ

Քըրըքքալեի կենտրոնում կա 3 հունական դպրոց և 1 հունական եկեղեցի, իսկ կենտրոնից 20 րոպե ճանապարհի վրա գտնվող Քեսքինում կա հայերին և հույներին պատկանող 10 շինություն: Հունական եկեղեցին` այսօր հայտնի որպես Քարըշթըրան եկեղեցի, դեռ կանգուն է: Քըրըքքալեից հետո գնացքն անցնում է Յոզգաթի միջով և 3 կանգառից հետո մտնում է Կայսերի:

Քարըշթըրան եկեղեցին: քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Կայսերի

Արևելյան  ճեպընթացն անցնում է Կայսերիի կենտրոնում գտնվող Քոջասինան շրջանով: Կայարանից քաղաքի կենտրոն քայլելիս Ինյոնյու բուլվարում երևում է Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին: Եկեղեցին ժամանակին օգտագործվել է որպես ոստիկանության բաժին, հետո մարզասրահ, իսկ այժմ վերանորոգվում է՝ որպես գրադարան ծառայելու համար:

Կայսերիի Սուրբ Աստվածածին եկեղեցի. քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Կայսերիից Սիվաս ուղևորվելուց առաջ Արևելյան  ճեպընթացը կանգնում է Սարըմսաքլը կանգառում: Փույանդիում, որը պահպանել է իր հին անունը, հունական դպրոց և եկեղեցի է եղել, ու թեև մարդիկ հիշում են դրանց գտնվելու վայրերը, դրանցից գրեթե ոչ մի հետք չի մնացել:

Սիվաս

Արևելյան  ճեպընթացը Շարքըշլայից մտնում է Սիվաս: Այստեղ քարտեզում գրանցված 22 տեղանք կա: Այստեղից հետո շարժվում է դեպի Սիվասի կենտրոն: Սիվասի կենտրոնը լի է մշակութային ժառանգությունով. Չիֆթե մինարեն և Բուրուջիե մադրասան դրանցից ամենահայտնիներն են: Մինչ 1950-ականներն այստեղ էր նաև Սուրբ Աստվածածին հայկական մայր տաճարը: Մարդիկ, ովքեր ապրում են այս տեղանքում՝ Սիրեր փողոցի Սիրեր Փասաժըում, եկեղեցին շատ լավ են հիշում:

Սիվասի Սուրբ Աստվածածին մայր տաճար. քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Արևելյան  ճեպընթացը ուղևորվում է Ուլաշ, հետո հարավ՝ Քանգալ, հետո արևելք՝ Դիվրիղի: Ուլաշի և Քանգալի կենտրոններում հնարավոր է տեսնել հայկական գերեզմանները: Երկուսն էլ մոտ են կայարանին: Քանգալի կենտրոնից դուրս գնալ ցանկացողները կարող են գնալ Մանջըլըք: Այստեղ Սուրբ Թորոս վանքն է, որի համար արժե անցնել 30 րոպեանոց ճանապարհը: Սուրբ Թորոսը միջնադարյան կառույց է, որը պիտի քանդեին 90-ականների սկզբին, սակայն Մանջըլըքի բնակիչները թույլ չտվեցին: Երբ Քանգալ ես վերադառնում՝ գնացք նստելու, Քանգալի կենտրոնական մզկիթի պատերին նկատում ես Սուրբ Թորոս վանքից բերված քարերը:

Մանջըլըքի Սուրբ Թորոս վանք: քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Քանգալից հետո Արևելյան  ճեպընթացը գնում է Դիվրիղի: Քանգալ գետակը ձգվում է գնացքին զուգահեռ: Քանգալից դուրս գալով՝ Քանգալ գետակը վերածվում է Քարաբողազ գետի և շարունակում է հոսել գնացքին զուգահեռ: Դիվրիղի մտնելուց առաջ Քայաջըք գյուղում Քարաբողազ գետը վերածվում է Չալթը գետի և Դեմիրդաղի լանջերով անցնում է երկաթի հանքերի մոտ գտնվող վերջին կամուրջով՝ հասնելով Դիվրիղի: Հենց այստեղ հին քարե կամուրջ է երևում, որը տեղացիները կոչում են Աղջկա կամուրջ: 1870-ականներին Դիվրիղի ճամփորդության ժամանակ այս կամուրջի մոտով անցնելիս քահանա Գարեգին Սրվանձտյանն ասել է. «Թող Աստված անգամ թշնամիներիս հեռու պահի այս դժվար ճանապարհներից»:

Դիվրիղիի Աղջկա կամուրջը

Դիվրիղիի կենտրոնում՝ միջնադարյան գեղեցիկ ամրոցի ստորոտում, կարելի է այցելել նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու փլատակները, և Մեծ մզկիթն ու հիվանդանոցը, որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Եկեղեցին հեշտ է գտնել, քանի որ պատերը կանգնուն են, սակայն տանիքը չկա: Սուրբ Աստվածածնի ներքևով անցնող սպանդանոցի ճանապարհով գնալու դեպքում, կարելի է հանդիպել Սուրբ Երրորդության մնացյալ վերջին պատին:

Դիվրիղիի Սուրբ Աստվածածին եկեղեցի. քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Դիվրիղիի Սուրբ Երրորդություն եկեղեցի. քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Շատ այլ եկեղեցիներ, գերեզմանոցներ, հին տներ և բնական մշակութային ժառանգություն կարելի է տեսնել Դիվրիղիի շրջակա գյուղերում: Արևելյան  ճեպընթացը, լքելով Սիվասը, գնում է հարավ՝ կրկին հետևելով Չալթը գետակին: Մինչ Սիվասից դուրս գալը, այն անցնում է Ադաթեփե գյուղի միջով: Այստեղ Չալթը գետակը միանում է Եփրատին, և երբ տեսնում եք Եփրատը, վստահ եղեք, որ իրապես արևելքում եք: Փինգենն իր հին անվանումով 1200 բնակիչ ունեցող քաղաք է և կենտրոնում ունի 4 դպրոց, իսկ սարերում՝ 5 վանք: Այս օբյեկտներից 2 այսօր էլ կարելի է տեսնել՝ մեկը գյուղում, մյուսը՝ գետի մյուս ափին: Մեկօրյա արշավային ծրագրով կարելի է հասնել սարերի վանքերը:

Ադաթեփե-Փինգենի եկեղեցիներից մեկը. քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Էրզինջան

Արևելյան  ճեպընթացը շարունակում է երթևեկել Եփրատին զուգահեռ և մտնում է Էրզինջանի Իլիջ շրջան: Թեև հնարավոր չէ տեսնել Իլիջի կենտրոնի եկեղեցու հետքերը, 20 րոպե քշելուց հետո կարելի է տեսնել հիասքանչ Սուրբ Տրդատ վանքը:

Սուրբ Տրդատ վանք. քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Եփրատին զուգահեռ գնալով՝ գնացքը Իլիջից հասնում է Քեմահ: Այստեղ մեր քարտեզի վրա 55 կառույց է նշված: Դրանց մի մասը լրիվ անհետացել է, մյուսները դեռևս կանգուն են և հասանելի: Քեմահի կենտրոնում կա նաև հունական երկու եկեղեցի և դպրոց: Այսքան հեռավոր արևելքում հաճախ չէ, որ կարելի է հանդիպել հունական մշակութային ժառանգության: Քեմահի հայտնի ամրոցը ևս այս քաղաքի հին փառքի ականատեսն է: Այստեղ են Արամազդի հայկական հեթանոսական տաճարը, Արշակունի դինաստիայի գերեզմանները, ինչպես նաև 367թ. հայ-պարսկական ճակատամարտի մարտադաշտը: Քեմահից հետո Էրզինջանի կենտրոն ժամանելուց առաջ վերջին կանգառը Ալփ գյուղից 10 րոպե մեքենայի ճանապարհ է: Գառնին՝ իր հին անվանումով, Ագավանք հայկական վանքի գտնվելու վայրն է: 3 առանձին եկեղեցիներից բաղկացած վանքը ճարտարապետական գոհար է: Այստեղ կարելի է հանդիպել մեղվապահների և հայկական գրառումներով տապանաքարերի:

Ագավանք. քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Քարտեզում 45 տեղանք է նշված, որ գտնվում են Էրզինջանի կենտրոնում և մոտակա գյուղերում: Թեև այս կառույցներից շատերն անհետացել են, հին թաղամասերում քայլելիս, ինչպես օրինակ Բեյբասիում, կարելի է տեղացիների հանդիպել, ովքեր հիշում են հին Էրզինջանը և կպատմեն որոշ բաներ և ցույց կտան որոշ հետքեր: Էրզինջանի կենտրոնից հետո կարելի է գնալ Ուզյումլյու շրջան, որի հայկական անվանումը Ցիմին կամ Չիմին է: Ճիշտ սեզոնին գնալու դեպքում կարելի է Թուրքիայի միակ արտոնագրված խաղողի տեսակը՝ Ջիմինը, համտեսել: Այստեղ կարելի է այցելել Ալթընթեփե ամրոցը և զգալ, որ մտնում եք ուրարտական տարածք: Ամրոցը հետագայում վերօգտագործել են, և կառուցվել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու պատի մնացորդները հայտնաբերվել են վերջին պեղումների ժամանակ:

Ալթընթեփե ամրոց.քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Ջիմին խաղողի տեսակը

Արևելյան  ճեպընթացը դուրս է գալիս Էրզինջանի կենտրոնից և շարունակում է գնալ Եփրատին զուգահեռ: Էրզինջանում մնում է ևս 2 կանգառ՝ Դեմիրքափը և Չադըրքայան: Ուչփընար գյուղում, որը երկուսից էլ հավասար հեռավորության վրա է, գտնվում է Աբրանք վանքն՝ իր հայկական անվանումով: Աբրանքի Սուրբ Դավիթ վանքն Էրզինջան նահանգի Մշակույթի և տուրիզմի վարչության այցելության վայրերի ցուցակի միակ եկեղեցին է: 17-րդ դարում այստեղ եղել է արքեպիսկոպոսություն, ուստի աշխարհի ամենաբարձր խաչքարերը կարելի է գտնել այստեղ: Դրանք թվագրվում են 12-րդ դարին և 7 մետր բարձրություն ունեն:

Աբրանքի Սուրբ Դավիթ վանք. քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Էրզրում

Արևելյան  ճեպընթացը Քարասու գետակի երկայնքով Էրզինջանից գնում է Էրզրում: Առաջին կանգառում՝ Աշքալեում, 2 հայկական եկեղեցի կա: Աշքալե հարթավայրն Անատոլիայի Հյուսիսային հարթավայրերի մասն է և համաշխարհային հնագույն գյուղատնտեսական բնակավայրերի կենտրոններից է:

Աշքալե (Էրզրում) հարթավայր

Գնացքի պատուհանից երևացող ցորենի դաշտերը նույնպես հին են: Դեպի Էրզրումի կենտրոն տանող ուղու վրա մոտ 100 կառույց է նշված քարտեզի վրա: Էրզրումի կենտրոն հասնելուց հետո կարելի է տեսնել Սուրբ Մինաս եկեղեցին Գեզքյոյում:

Սուրբ Մինաս եկեղեցի. քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Արևելյան  ճեպընթացը Էրզրումի կենտրոնից գնում է Արաքս գետին զուգահեռ՝ նախ դեպի Փասինլեր, հետո Քյոփրուքյոյ, այնուհետ՝ Հորասան: Փասինլերում կա 7 կառույց, Քյոփրուքյոյում՝ 4, Հորասանում՝ 5: Անգամ եթե չգտնեք Քյոփրուքյոյի Սուրբ Աստվածածին եկեղեցին, գյուղի բնակիչներից կարող եք իմանալ Մերիեմ Անա թեփեսիի՝ Աստվածածնի բլրի վայրը: Արաքս գետի վրայով անցնող Քյոփրուքյոյի կամուրջը 13-րդ դարում է կառուցվել:

Քյոփրուքյոյի կամուրջն Արաքս գետի վրա

Կարս

Արևելյան  ճեպընթացը դուրս է գալիս Հորասանից, ու հյուսիսով գնալով Սյունգյութաշը գետակին զուգահեռ, լքում է Էրզրումն ու մտնում վեցերորդ և վերջին նահանգը՝ Կարսը: Կարսից մեկ ժամ ճանապարհի վրա գնացքը կանգ է առնում Սարիղամիշում: Սարիղամիշի կենտրոնում ռուսական եկեղեցի է, որն օգտագործվում է որպես Քազիմ Քարաբեքիրի մզկիթ, իսկ մյուս՝ Յանըք (այրված) անունով ռուսական եկեղեցու փլատակները մոտակայքում են: Գնացքը Կարս է գնում Կարս գետակի երկայնքով:

Սարիղամիշի ռուսական եկեղեցի

Դեպի Կարս գնացքի ճանապարհի երկու կողմերում էլ բազմաթիվ կառույցներ կան: Կարսի կենտրոնում գրանցված են 24-ը: Դրանցից են հունական եկեղեցին և դպրոցը, սիրիական քրիստոնյա վանքը և այլն: Թերևս առավել հայտնին Սուրբ Առաքելոց եկեղեցին է, որը Կարսի խորհրդանիշն է դարձել: Այս կառույցը, որն այսօր կիրառվում է որպես մզկիթ, հայտնի է նաև որպես Հավարիլեր եկեղեցի:

Սուրբ Առաքելոց.քարտեզը տեսնելու համար սեղմեք նկարը

Արդեն Կարսում բոլորն առաջարկելու են այցելել նաև Անի քաղաքը: Քաղաքը տարածվել է իր պարիսպներից շատ ավելի հեռու, և կարելի է տեսնել քարանձավային եկեղեցիներ և քարե աղավնատներ:

Անիի քարանձավները

Այստեղ Արևելյան  ճեպընթացի ճանապարհն ավարտվում է, սակայն երկաթգիծը չի ավարտվում Կարսում: Այն շարունակվում է դեպի արևելք՝ Կարս գետակի երկայնքով: Այն հասնում է հայկական սահմանին՝ Աքյաքայի փակ դարպասներին, որն Արփաչայ/Ախուրյան ջրամբարի մեջ թափվող Կարս գետակից մի փոքր հյուսիս է:

Լուսանկարները՝ Հրանտ Դինք հիմնադրամի արխիվներից, Մշակութային ժառանգության և թանգարանների ընդհանուր վարչությունից, քաղաքապետարանների կայքէջերից, Բեթյուլ Քադըօղլուից