Մեթոդաբանական գրառումներ Սիվասի վերաբերյալ հետազոտությունից և դաշտային աշխատանքներից: Սիվաս քաղաքի և ներկայիս նահանգի մասին այս ուսումնասիրությունը նաև «Թուրքիայի մշակութային ժառանագության հետազոտություն» ծրագրի մաս է կազմում:
Սիվասը ժամանակակից Թուրքիայի երկրորդ մեծ նահանգն է: Չնայած այն զբաղեցնում է 28,000մ2 տարածք, նահանգը խիտ բնակեցված չէ. նահանգի կենտրոնում բնակվում է 300,000 մարդ, ևս 300,000 էլ բնակվում է մնացած 17 շրջանում: Սիվասի տարածքն իր մեջ ներառում է մեծ բազմազանություն և շրջաններ ու ենթաշրջաններ, որոնցից բոլորը չէ, որ ներառված են մերօրյա նահանգի վարչական սահմանների մեջ: Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո տասնամյակների ընթացքում Սիվաս նահանգի վարչական շրջանը՝ Սիվաս վիլայեթի իրավահաջորդը, բազմաթիվ փոփոխություններ է կրել: 1867թ. հիմնադրված վիլայեթը ներառում էր մերօրյա Սիվասը, Թոքաթը և Ամասյան, ինչպես նաև Գիրեսուն, Էրզինջան և Կայսերի նահանգների որոշ մասերը: Փոփոխվող սահմաններին շփոթություն են ավելացնում նաև հայկական աղբյուրները, որոնք հետևում են Պոլսո հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոսական վարչական համակարգին, որը հին բաժանումների և ժամանակակից ճշգրտումների ամբողջություն է:
Սիվաս քաղաքի մշակութային ժառանգության նման բազմաշերտ են նաև մյուս շրջանները, որոնց ավելանում է նաև տարածաշրջանի այլ հատվածների ազդեցությունները: Նման բազմաշերտության հետևանքով էլ տարածքը կոչվել է Սիվաս, Սեվաստ, Սիուաս, Սեբաստե և այլն: Այս գրքում առկա են տարածաշրջանի պատմության առանցքային պահերի մանրամասն ժամանակագրությունը (տես էջ 19): Այս բաժնի շրջանակներում պետք է նշենք, որ կարևոր է տարբերել մշակութային ժառանգության ստեղծման կամ վերօգտագործման երեք շրջան ՝ վաղ միջնադար, 10-12-րդ դարեր և 19-րդ դար: Այս երեք շրջանները համապատասխանաբար ներկայացնում են քաղաքի վաղ քրիստոնեական շրջանը, հայ թագավոր Սենեքերիմի հետ պայմանագրով բյուզանդական կայսրության ծայրամասերից կայսրության կենտրոնում հայերի վերաբնակեցման շրջանը, և 19-րդ դարի արդյունաբերական զարգացման և ժողովրդագրական աճի շրջանը: Այս բաժանումը մի կողմից ընձեռում է բազմաթիվ աղբյուրներ ունենալու հնարավորություն, մյուս կողմից էլ անհամապատասխանություններ է առաջացնում տեղանքների և օբյեկտների անվանումների միջև: Ուստի հայկական և օսմանյան աղբյուրներում անունների տարբեր կիրառումը, ինչպես նաև հանրապետական շրջանում գյուղերի և բնակավայրերի շարունակական անվանափոխությունը գույքագրման համար խնդիրներ են առաջացնում:
Չունենալով բնակչության նվազագույն քանակ, ինչը թույլ կտար ընդգրկվել մետրոպոլիտենային քաղաքապետարանների մասին 5261 օրենքում՝ Սիվասը ունի կենտրոնական շրջան և բաղկացած է 68 շրջանից և 153 գյուղից: 15 թաղամասում գրանցված է 36 տեղանք, իսկ 12 գյուղում՝ 26 տեղանք: Սիվասի հուշամատյանի հեղինակ Առաքել Բադրիգի պատրաստած քարտեզի առկայությունն օգնեց տեղորոշել Սիվաս քաղաքում մշակութային ժառանգության վայրերը կամ դրանց սկզբնական գտնվելու վայրը: Այս կերպ կանխվեց բավականին դժվար մի գործընթաց, և արդյունքում Սիվաս քաղաքում նույնականացվեց տեղանքների 80 տոկոսը: Պետք է նշել, որ մշակութային ժառանգության յուրաքանչյուր վայրը գտնելու ուղղորդող չափանիշ կամ գրեթե ճիշտ ուղենիշ է այդ վայրում հանրային կառույցի կամ որևէ հայտնի օբյեկտի առկայությունը: Սա հատկապես ճշմարիտ է քաղաքային կենտրոնների պարագայում, ուր հողը քիչ է ու թանկ: Սրա հետևանքով էլ քաղաքային կենտրոններում մշակութային ժառանգության օբյեկտներն ավիրվել են, մինչդեռ գյուղական միջավայրում դրանց պահպանությունն ավելի հավանական է: Վերօգտագործելի բնույթի շնորհիվ եկեղեցիների քարերը սովորաբար օգտագործվել են այլ հանրային շենքերի, մզկիթների, ոստիկանության շենքերի կամ դպրոցների կառուցման համար:
Սիվասի վերջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածնի տաճարը, պայթեցվեց վաղ 1950-ականներին, երբ կենտրոնական անատոլիական քաղաքներն ալեկոծվեցին մշակութային ժառանգության ոչնչացման ալիքով: Արդյունքում Սիվասում հայկական կանգուն եկեղեցի չկա: Քաղաքին ամենամոտ եկեղեցի կարող է համարվել Թավրա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին: Այն ներկայումս ռազմական անհասանելի գոտում է, սակայն նախատեսվում է իրականացնել եկեղեցու վերանորոգում: Երկար ժամանակ շփոթմունք կար այս եկեղեցու անվան շուրջ. պաշտոնական գրանցամատյանում այն նշված է Սուրբ Գևորգ անունով, թեև աղբյուրներն այն անվանում են Սուրբ Սարգիս: Թավրան՝ այսօր հայտնի որպես Փաշաբահչե, ժամանակին հայկական գյուղ էր, իսկ այսօր հանգստի սիրված գոտի: Հանրապետական շրջանի շատ սիվասցի հայերի արմատները Թավրայից են: Բանավոր պատմության աղբյուրները վկայում են, որ Թավրայի հայերը խուսափեցին բռնագաղթից Թավրայի գետի վրա տեղակայված ալյուրի ջրաղացները կառավարելու հմտությունների շնորհիվ: Միակ հայկական գործող գերեզմանատունը ևս Թավրայում է:
Թավրայի մոտակա բլուրները, որոնք ներկայումս ռազմական օբյեկտներ են, Սուրբ Անաբադ և Սուրբ Հակոբ վանքերի գտնվելու վայրերն են: Դրանց անհասանելիության պատճառով մենք չկարողացանք գտնել և վերլուծել այս վանքերը: Վերջին շրջանում իշխանությունները սկսել են հատուկ ուշադրություն դարձնել սելջուկ և օսմանյան մշակութային ժառանգությանը, սակայն նույնը չի կարելի ասել քաղաքի կենտրոնում գտնվող քրիստոնյա մշակութային ժառանգության մասին: Սա վերաբերում է ինչպես հայկական եկեղեցիներին և վանքերին, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող պատմական վայրերին: Քառասուն մարտիրոսների նահատակման և Սուրբ Բլեյզ-Բարսեղի թաղման վայրը հնարավոր չէ գտնել առանց քաղաքի բնակիչների ուղղորդման: Նման պայմաններում բանավոր հղումները սովորաբար տեղեկատվության միակ աղբյուրն են և գույքագրելու համար վստահելի են համարվում: Արդյունքում բանավոր պատմության հիման վրա վայրերի մեծ մասը գույքագրվել է՝ չնայած նրանց գտնվելու ճշգրիտ վայրի մասին տեղեկության խիստ սահմանափակ լինելուն:
Քաղաքի կենտրոնում եկեղեցու տեղանքը որոշելն իր մարտահրավերներն ունի, սակայն գյուղերում էլ դա հեշտ գործընթաց չէ: Դաշտային աշխատանքների մեր փորձը ցույց տվեց, որ գյուղերի բնակիչները միայն մի եկեղեցի են հիշում՝ չնայած նրան, որ գույքագրման մեջ մի քանիսն են նշված: Միայն մի եկեղեցի գտնելու դեպքում անհրաժեշտ է լինում պարզել, թե նշվածներից որ մեկն է այն: Նման դեպքերում գույքագրման մեջ նշվում է ամենահավանականը՝ ներառելով նաև այդ տարածքում մյուս հավանական եկեղեցիների մասին գրառումներ: Եկեղեցիների հետ կապված մեկ այլ հարց էլ այն է, որ տեղացիների կողմից մշակութային ժառանգության բազմաթիվ օբյեկտներ են նշվում որպես եկեղեցի: Այս կառույցները գույքագրման մեջ որպես եկեղեցի չեն նշվում, բացառությամբ դեպքերի, երբ գրականության մեջ մոտակայքում եկեղեցի է նշված, որը սակայն չի հայտնաբերվել:
Սիվասի կենտրոնական շրջանի բնութագրերից մեկն այն է, որ շրջանն իր մեջ ներառում է մոտակայքի բազմաթիվ գյուղեր: Հողթարը՝ այժմյան Հյոլյուքլյուքը, նման օրինակ է. նախկինում այն փոքր հարևան գյուղ էր, իսկ այսօր կենտրոնական թաղամաս է համարվում:
Տարիների ընթացքում հարևան շրջանների բազմաթիվ գյուղեր դարձան կենտրոնական վարչական շրջանի մաս: Կենտրոնական շրջանում և մոտակայքում մի շարք գյուղեր վերածվեցին մեզրաների՝ վարչական միավոր, որ կցված է մոտակա գյուղին, սակայն տնային տնտեսությունների առանձին խումբ է կազմում: Բնակչության և տնային տնտեսությունների թվի անկման հետևանքով նախկին գյուղերը կամ միացվել, կամ վերադասակարգվել են: Այս փոփոխությունները որոշակի հետևանքներ ունեն հին և նոր անունների համապատասխանեցման և տեղանքները գտնելու առումով: Որոշ դեպքերում ամբողջական գյուղեր են տեղափոխվում մոտակա այլ հատված, ինչի հետևանքով տեղանքի հետ կապված հիշողություններն իսպառ վերանում են:
Կենտրոնին անմիջապես մոտ գտնվող գյուղերը մշակութային ժառանգության առումով առանձնակի արժեքավոր են, քանի որ Սիվաս քաղաքի տնտեսական և մշակութային կյանքն այստեղ ևս հասել է: Հայտնի Փիրքնիք (Դյորթէյլյուլ) քաղաքը շատ կարկառուն մտավորականների՝ ներառյալ բանաստեղծ Դանիել Վարուժանի հայրենիքն էր, ում ձերբակալեցին 1915թ. ապրիլի 24-ին: Ներկայիս Դյորթէյլյուլը ներառում է Թեմելթեփե բարձրավանդակը, ուր գտնվում է 5-րդ հետևակային ուսումնական բրիգադի ճամբարը, որի տարածքում է այժմ քանդված Սուրբ Նշան վանքը՝ Սիվասի ամենահայտնի վանքը՝ 11-րդ դարի կառույց, որը Սիվասի կաթողիկոսի նստավայրն էր:
Կենտրոնական Սիվասից դեպի արևելք գտնվող երկու մեծ շրջաններն են Հաֆիքը և Զարան, որոնք երկուսն էլ քաղաքի աշխարհագրական և մշակութային շարունակությունն են կազմում: Հին անուններով Բեդրոսի և Քոչգիրի այս երկու շրջանները 54 օբյեկտ և 24 տեղանք ունեն գրանցված: Հաֆիքը հայտնի է համանուն լճով, իսկ Զարան այն լեռնաշղթայի անունն է, որը բաժանում է տարածքը հյուսիս-արևելյան շրջաններից: Հին ճանապարհը, որը Սիվասից գնում էր Շեբինքարահիսար, այսօրվա մայրուղին է, որն ընկած է Հաֆիքի և Զարայի տարածքում՝ անցնելով գյուղերի մեծ մասի մոտով: Հաֆիքը նաև հայտնի է նրանով, որ չվող թռչունների ճանապարհի վրա է, ինչից էլ հավանաբար ծագում է անունը, որը հայերեն թռչուն բառի հոգնակին է (հավք): Տարածաշրջանում կարելի է նկատել վանքերի մոտակայքում գտնվող բազում աղավնատներ: Տեղացիների կողմից աղավնիները օգտագործվել են տարբեր նպատակներով՝ որպես սնունդ, հաղորդակցման միջոց, ավելցուկ ցորենի սպառող և այլն: Բնական միջավայրը քարանձավների ձևավորման հնարավորություն է ընձեռել, ինչի հետևանքով էլ եկեղեցիները հնում քարանձավների մեջ էին ձևավորվում, իսկ հետո ամրացվում և դառնում ներկառուցված շինություններ: Թեև էմպիրիկ ուսումնասիրություն է հարկավոր աղավնատների և քարանձավային եկեղեցիների միջև կապը հաստատելու համար, Սիվասից Կայսերի ձգվող տարածքում մեր դիտարկումները որոշակի օրինաչափություն են ցույց տալիս:
Ներկայիս Գյովդյուն (Գյոքդին), Բուրաբերդ (Գյունյամաչ), Հաղթ (Թուզհիսար), Ալիշիր, Քայադիբի, Մյուսլյումաբադ (Ալաքիլիսե) և Դյուզյայլա (Հորոհոն) գյուղերն ունեն կանգուն եկեղեցիներ, ինչը կազմում է այս երկու շրջաններում գրանցված եկեղեցիների 30 տոկոսը: Եկեղեցիների տարածված, ոչ բացառիկ ոճը ներկայացված է ներսի փայտե սյուններով, որոնցից շատերը հանգուն են մինչ օրս, թեև որոշների դեպքում սյուններն ու տանիք չկա: Դաշտային աշխատանքների ժամանակ մեր չայցելած վայրերից մեկը Հաֆիքում Հաղթ-Թուզհիսարի Սուրբ Հրեշտակապետ վանքն է: Այն սարերի վրա՝ մեքենաների համար անհասանելի վայրում է, և կտրուկ թեքության վրա արշավային երթուղի է անհրաժեշտ՝ այնտեղ հասնելու համար: Տեղացիները պատմում են, որ կարելի է տեսնել վանքի ավերակները, սակայն որևէ կանգուն կառույց չկա: Աղբյուրները վկայում են, որ Սուրբ Հրեշտակապետը Սիվաս քաղաքին մոտ գտնվող վանքերից է՝ վեց ժամվա ճանապարհի վրա, հավանաբար գյուղերի հին որևէ արահետով, որն այսօր այլևս չի օգտագործվում:
20-րդ դարում Զարայի և Հաֆիքի կենտրոնները, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր մեծ հայկական բնակչություն են ունեցել: Ինչպես բանավոր պատմության աղբյուրներն են նշում, նրանցից շատերը 1960-ականներին գաղթել են Ստամբուլ կամ Թուրքիայից դուրս: Ուստի մշակութային ժառանգության օգտագործումն ու պահպանումը պայմանավորված է այս հանգամանքով, ինչն ընդհանուր է ողջ Սիվասի դեպքում: Այն տարածքներում, ուր հայերը շարունակել են ապրել հանրապետական շրջանում, հայկական գերեզմանոցները ևս օգտագործվել են նրանց կողմից: Մի քանի գերեզմանոցներ այսօր էլ կան, առնվազն վարչական մակարդակով, ինչը նշանակում է, որ գերեզմանաքարերը կարող է չլինեն, սակայն սեփականությունը դեռ պատկանում է Գերեզմանների վարչությանը: Հաֆիքի գերեզմանատունն այդպիսի օրինակ է: Գույքագրված 72 գերեզմանատներից 10-ն այս օրինաչափությունն ունեին: Թեև հայկական շատ գերեզմանատներ օգտագործվում են ներկայիս բնակիչների կողմից, ինչը դժվարացնում է դրանց նույնականացումը, շատ դեպքերում դրանք կամ լքել են, կամ էլ սեփականությունը մասնատվել է՝ մյուս մասն այլ նպատակներով օգտագործելու համար: Չնայած նման մասնատումը փոքրացնում է տարածքը, սակայն մյուս կողմից էլ օգնում է պահպանել գոնե մի մասը: Մի քանի դեպքերում գերեզմանատներն օգտագործվել են որպես գյուղի համար քարի և ավազի հումք, կամ էլ որպես ժամանակավոր պահեստավորման բաց տարածք:
Պետք է նշել, որ գերեզմանոցները գույքագրման մեջ նշված են որպես առավել հեշտ ճանաչվող և լավագույնս հիշվող տեղանքներ: 9 գերեզմանոց, որ ունեն բնական պատնեշներ կամ շրջափակված են պատով, ցանկապատով, ընդհանուր զբաղեցնում են 52.000մ2: Մեկ այլ հանգամանք էլ այն է, որ հավաքական թաղման բազմաթիվ վայրեր տեղացիների կողմից հիշվում են որպես գերեզմանատներ: Դաշտային աշխատանքների ժամանակ գյուղի գերեզմանոցների մասին հարցնելիս հեռու գտնվող վայրեր են նշվել, որոնք հազիվ թե գյուղի գերեզմանոցը լինեին: Սրանք չեն նշվել գույքագրման մեջ: Դաշտային աշխատանքների ժամանակ բացահայտված տեղերի 29 տոկոսը գերեզմանոցներն են՝ եկեղեցիներից հետո (42 տոկոս) թվով երկրորդ տեղանքը:
Զարայի գյուղերից մեկը՝ Մյուսլյումաբատ-Ալաքիլիսեն, որը Զարա քաղաքից դեպի Սուշեհրի ճանապարհի վրա 33կմ դեպի արևելք է, չնայած գրականության մեջ համեստ լուսաբանմանը, մշակութային ժառանգության վայրերի կարևոր միախառնման վայր է: Սուրբ Մինաս անունը կրող եկեղեցին, որ մինչ այժմ էլ կանգուն է Քըզըլըրմաք (Ալիս) ժայռի վրա, երկար տարիներ օգտագործվել է որպես գյուղի մզկիթ, մինչ նոր մզկիթի կառուցումը: Եկեղեցին գրանցված է որպես մշակութային ժառանգության օբյեկտ: Արդեն նշվել է, որ սա համատարած երևույթ է և կարելի է համարել շահեկան իրավիճակ՝ եկեղեցու շինության պահպանության տեսանկյունից: Շինությունները, որոնք օգտագործվել են որպես մզկիթ, ավելի լավ վիճակում են, քան եկեղեցիները, որոնք օգտագործվել են որպես պահեստարաններ կամ բանտեր: Մյուսլյումաբատում (Ալաքիլիսե) մեկ այլ շինություն է Նարեկյան դպրոցը, որն այժմ օգտագործվում է որպես գյուղապետարան: Սա հազվագյուտ դեպք է, երբ դպրոցի շենքը կանգուն է և հիշվում է որպես դպրոց: Պատճառն այն է, որ դպրոցները և վանքերի ու եկեղեցիների օժանդակ այլ շինությունները պարզ ճարտարապետություն են ունեցել, և վերօգտագործման հետևանքով դրանց նույնականացումը դարձել է գրեթե անհնար:
Դեպի հյուսիս-արևելք Սուշեհրի, Աքընջըլարի, Քոյուլհիսարի և Գյոլովա շրջաններն են: Չնայած դրանց տարբերություններին՝ վերջիններս որոշակի շարունակականություն են կազմում, ուր կարելի է նշմարել սևծովյան տարածաշրջանի ազդեցությունը: Այստեղ կարողացանք գտնել 14 հունական գյուղ, որից այցելեցինք 8, իսկ 11-ը գույքագրվեցին: Կասկած չկա, որ հունական մշակութային ժառանգության շուրջ ավելի շատ ուսումնասիրությունը ոչ միայն հյուսիսում, այլև ողջ Սիվասում, այս ուսումնասիրության ստեղծած պատկերը կփոխի: Այս ուսումնասիրությունում հունական մշակութային ժառանգությունը նունյականացնելու համար կիրառված միակ աղբյուրն օսմանյան արխիվներն են: Հատկանշական տեղանք է Զարայի Ալիշիր-Մերյեմանայում (Սուրբ Մարիամ գյուղ) դեռ կանգուն մատուռը, որն այսօր էլ այցելուներ ունի:
Սուշեհրի-Աքընջըլար-Գյոլովան, որի հին անունը Էնդիրես է, Շեբինքարահիսար շրջանի մաս է կազմել, վերջինս էլ այսօր Գիրեսուն նահանգի մասն է: Շեբինքարահիսար արքեպիսկոպոսարանի նստավայրն այսօրվա Աքընջըլարի Կարմրորակ Սուրբ Նշան վանքն էր: Դաշտային աշխատանքների ժամանակ միայն վանքի բեկորները նույնականացվեցին: Երեք շրջանների 134 գյուղից գույքագրման մեջ միայն 26 գյուղ է նշված: Նշված էին 68 տեղանք, որից 33-ը նույնականացվել են: Գյուղերում համատարած բնույթ էին կրում ջրամբարները, որոնք կառուցվել են վերջին տասնամյակներում, և շատ գյուղեր ծածկվել են արհեստական լճերով: Սևծովյան տարածաշրջանին հատուկ այս երևույթը՝ ջրամբարների, ամբարտակների և հիդրոէլեկտրակայանների կառուցումը, նշանակում է, որ բազմաթիվ կառույցներ արհեստական լճերի տակ են կամ քանդվել են՝ նորաստեղծ լճերի վրա նավարկությունը կազմակերպելու համար: Սա մի քանի մշակութային ժառանգության ճակատագիրն է, որոնց ավերակները կարելի է տեսնել տարվա այն ամիսներին, երբ ջրի մակարդակն իջնում է:
Ջրամբարների անուղղակի հետևանքներից է բնապահպանական և եղանակային փոփոխությունը, որի հետևանքով հաճախ սողանքներ են լինում, արդյունքում գյուղերը տեղափոխվում են առավել անվտանգ վայրեր: Բուն գյուղերը լքվում են, ինչի արդյունքում էլ մշակութային ժառանգությունն առավել անպաշտպան է դառնում բնական կամ մարդկային գործոնների առաջ: Նման վտանգներ են առաջանում նաև ոռոգմամբ հողագործության, ճանապարհաշինության և այլ նմանատիպ ենթակառուցվածքային փոփոխությունների հետևանքով: Մշակութային ժառանգությանը հասցված ուղղակի վնասից բացի, տարածքի կառուցվածքային փոփոխությունն ահասանելի է դարձնում նախկինում հասանելի վայրերը: Որոշ դեպքերում նման տեղանքներ այցեր չեն եղել և գույքագրվել են միայն բանավոր հղումների հիման վրա: Գյուղերի վերակառուցման նման օրինակներից են Հաֆիքում Պարտիզակը (Բահչեբաշը), կենտրոնում՝ Շեմքյուրեքը (Էսենյուրտ):
Կենտրոնի արևմուտքը կազմված է այսօրվա Յըլդըզելի, Շարքըշլա և Գեմերեք շրջաններից: Սա նույնպես մինչ վերջերս հայերով բնակեցված վայր է եղել, և կրկին Ստամբուլում բնակվող շատ սիվասցի հայեր սերում են այս տարածքի կենտրոնից և գյուղերից: Դիտարկումները ցույց են տալիս, որ ի տարբերություն Սիվասի այլ շրջանների` այստեղ ավելի քիչ թվով մշակութային ժառանգության վայրեր են պահպանվել, թեև դրանց մասին հուշերը վառ են:
Գյուղի բնակչության բնութագիրը կարևոր հանգամանք է տարածքի մշակութային ժառանգության հիշղության պահպանման գործում: Գյուղի բնակիչների մեծ մասը տարածքում բնակվել են նախորդ բնակիչների լքելուց հետո, ինչը կոտրում է հիշողության շղթան և դժվարացնում է տեղեկատվության հավաքագրումը: Բալկաններից և Կովկասից բնակչության վերաբնակեցումը Սիվասում նման հետևանքների է բերել, մինչդեռ Թուրքիայի ներսում վերաբնակեցումները` հատկապես Թուրքիայի արևելքից և հարավարևելքից, հանգեցրել են հիշողության մասնակի կորստի: Մյուս կողմից էլ ամենավառ հիշողությունները պահպանվում են այն գյուղերում, ուր բնակչությունը խառն է, և որոնց ներկայիս բնակիչների նախնիները հայ հարևաններ են ունեցել: Իրավիճակն առավել բարենպաստ է, երբ հայկական համայնքները, կամ մի քանի հայեր շարունակել են ապրել գյուղերում կամ քաղաքներում ոչ հեռավոր անցյալում և փոխանցել են իրենց հիշողությունները ներկա բնակիչներին: Հուշեր ունենալուց բացի՝ կարևոր գործոն է նաև դրանցով կիսվելու ցանկությունը: Սեփականությունը կամ որոշ այլ գործոններ կարող են խոչընդոտել մարդկանց կիսվելու որոշ տեղանքների կամ մշակութային ժառանգության մասին հիշողություններով: Որոշ դեպքերում գույքագրված տեղանքների վայրերը չեն նույնականացվել կա´մ հիշողության պակասի, կա´մ էլ դրանով կիսվելու ցանկության բացակայության հետևանքով: Որոշ դեպքերում աղբյուրները չեն ցանկացել կիսվել տեղեկատվությամբ՝ վախենալով, որ հատուցման կամ այլ իրավական գործողություններ կկիրառվեն՝ վտանգելով իրենց կամ իրենց հարևանի սեփականությունը:
Արևմտյան շրջաններն առավել մոտ են Կայսերիին և տեղացիներից շատերը նախընտրում են կենտրոնական Սիվասի փոխարեն Կայսերի գնալ: Սա առավել հավանական է Գեմերեկի, քան Յըլդըզելիի պարագայում, ինչը ցույց է տալիս մերօրյա աշխարհագրական հեռավորության ազդեցությունը և պատկերացում է տալիս վաղ 20-րդ դարում և դրանից առաջ պատկանելության և մշակութային ամբողջականության մասին: Անգամ մերօրյա տրանսպորտային համակարգով հանդերձ՝ այս իրականությունը դեռ կարևոր դեր է խաղում պատկանելության հարցում: Տարածաշրջանի 3 շրջանի 266 գյուղից գույքագրման մաս են կազմում 21-ը՝ իրենց 52 տեղանքով:
Գեմերեկը կամ հայկական անունով Կամարակը, որ նշանակում է փոքր կամար, մեծ համայնք ուներ, որը հետագայում տեղակայվեց Կովկասում: Տարածաշրջանի կարևոր քաղաքներից է Չեփնին: Չեփնիի Սուրբ Սարգիս եկեղեցին կանգուն է իր 3 խորանով, 4 պատով, գրեթե բոլոր սյուններով և տանիքով: Ծրագրեր կան վերակառուցելու քաղաքապետարանին պատկանող այս շինությունը՝ Գերմանիայում Չեփնիի հայրենակցական միության աջակցությամբ: Այս հանգամանքը Չեփնիի Սուրբ Սարգիս եկեղեցու օրինակը դարձնում է Սիվասի մշակութային ժառանգության պահպանման եզակի դեպք:
Յըլդըզելին, որի հին անունն է Յենիհան, այսօր ունի Եկեղեցու թաղամաս, սակայն եկեղեցի հիշեցնող որևէ կառույց չկա, բացի մի շատրվանից, որն ունի թաղամասի նույն անունը: Հայկական գերեզմանոցը մոտակայքում է և զբաղեցնում է 15,000մ2: Յըլդըզելիին մոտ մի վայր, որը կոչվում է Թաթարի վայր, ունի վանք կամ վենք անունով տեղանք (հայերեն՝ վանք): Յըլդըզելիի հայերի սերունդները հիշում են ամեն տարի այստեղ իրականացվող ուխտագնացությունները, իսկ այսօրվա բնակիչները վայրն անվանում են նաև մանաստըր: Վայրերն, ուր միշտ նման այցելություններ են լինում, կամ որոշակի կարևորությամբ բնական վայրերը, ինչպես նաև չնույնականացվող ուրվագծերով հին կառույցները կոչվում են վանք կամ վենք: Այս վայրերը չեն գույքագրվել որպես վանքեր, բացի այն դեպքերից, երբ գրականության մեջ այդ տեղանքում հայտնի վանք է նշվում: Դրանք գրանցվում են որպես մատուռներ, որոնք ներառում են նաև ուխտագնացության սրբազան վայրեր և գրանցվում են այդ վայրերի յուրահատուկ բնութագրի մասին գրությամբ:
Պետք է նաև խոսել վանքերի կարևորության և ազդեցության մասին: Կրոնի, կրթության և համայնքային կյանքի կենտրոն լինելով՝ վանքերը նաև կարևոր դեր են խաղացել իրենց շրջակայքում հողերի սեփականության և գյուղատնտեսական հարաբերություններում: Որպես հարստություն կուտակող և վերաբաշխող՝ վանքերը նաև համայնքների և եկեղեցական հիերարխիայի միջնորդ էին, ուստի կապ պահպանելու, տեղեկատվություն հավաքելու և տեղեկատվություն փոխանցելու գործում կարևոր դեր ունեին: Վանքերի բազմաթիվ գործառույթների ուսումնասիրությունը դուրս է այս ուսումնասիրության շրջանակներից: Վանքերը սովորաբար ներկայիս ճանապարհներից բավականին հեռու են, ինչը դրանց դժվար հասանելի է դարձնում: Արդյունքում դաշտային աշխատանքների ժամանակ 21-ից 12 վանք ենք այցելել: 2 վանք չտեղորոշվեց, իսկ 7 վանք չայցելեցինք՝ դրանց անհասանելիության կամ զինված ուժերի տարածքում գտնվելու պատճառով:
Կենտրոնից հարավ Ուլաշ, Քանգալ և Ալթընյայլա շրջաններն են: Այս 3- և դեպի հյուսիս ձգվող տարածքը, որը ևս կենտրոնական շրջանի մաս է, կազմում են պատմական Սիվասի Թոնուս և Քանգալ շրջանները: Թոնուսի կենտրոնն այսօրվա Ալթընյայլան է: Տարածքի 173 գյուղից 13-ը գույքագրված է և ունի 38 տեղանք: Ուլաշի և Քանգալի կենտրոնների եկեղեցիները կանգուն չեն, սակայն գերեզմանոցները կան: Քանգալի կենտրոնական մզկիթը, որը վերանորոգվել է 1990-ականներին, մոտակա Մանջըլըք քաղաքի Սուրբ Թորոս վանական համալիրից բերված քարեր է պարունակում: Այս և նման կիրառումները նշվել են գույքագրման մեջ:
Ուլաշը, Քագալը և Մանջըլըքը և շատ այլ հարակից գյուղեր հայկական մեծ բնակչություն են ունեցել հանրապետության հիմնադրումից հետո: Նրանք Հաֆիքի և Զարայի բնակչության նման 1940-ականներին գաղթել են Ստամբուլ կամ Թուրքիայից դուրս: Այսօր էլ արտագաղթը շարունակվում է՝ ազդելով քաղաքում կամ գյուղերում ապրող հայերի թվի վրա. շատ դեպքերում գյուղերում մեկ կամ երկու հայ է մնացել: Մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը կամ անտարբերությունը արտագաղթի հիմնական պատճառն է: Տարածաշրջանում ապրող հայերը տեղանքների, դրանց կիրառման և վերօգտագործման և գույքագրված մշակութային ժառանգության պատմության մասին կարևոր աղբյուր են հանդիսանում: Սիվասի հայերից շատերը Սիվասի հայերը և ընկերները ասոցիացիայի և Զարա հայրենակցական միության անդամներ են: Վերջիններս գործում են Ստամբուլում և նրանց աջակցությունն այս դաշտային աշխատանքներին հսկայական նշանակություն ունի: Կենտրոնական Սիվասի և Զարայի պես, Ուլաշ-Քանգալ տարածաշրջանն ավելի կապված է Ստամբուլում բնակվող սիվասահայերին, քան նահանգի այլ շրջաններին: Այս կապը բացատրվում է նրանով, որ հայ ընտանիքներ կան, որոնք ամռանը վերադառնում են իրենց գյուղեր, իսկ որոշներն էլ ընտանիքի մեծահասակ անդամներ ունեն, որ այնտեղ ապրում են:
Ամենահարավային շրջանը Գյուրյունն է, որը գտնվում է Մալաթիայի և Քահրամանմարաշի նահանգների հարևանությամբ: Հյուսիսային և հարավային Սիվասի միջև ակնհայտ աշխարհագրական և մշակութային տարբերություններ կան: Գյուրյունի 65 գյուղից 6 գույքագրված է՝ 25 տեղանքով: Գյուրյունի կենտրոնով անցնում է Թոհմա գետակը և ձևավորում է համանուն դաշտը՝ հասնելով Մալաթիա: Թոհման՝ հնում Թոխմախսու, ի վերջո միավորվում է Եփրատի հետ Քարաքայա ջրամբարում: Գյուրյունի շուրջ՝ Թոհմայի երկայնքով, մի քանի բնակավայր կա, որոնցից Շուղուլն արևմուտքում է, իսկ Սուչաթըն՝ արևելքում:
Կենտրոնական Գյուրյունում կա կանգուն եկեղեցի՝ Սուրբ Աստվածածինը: Թեև տանիքն ու սյուները փլուզվել են, պատերից շատերը, 3 խորանը և որոշ այլ մասեր դեռ կանգուն են: 20-րդ դարի ընթացքում շենքն օգտագործվել է որպես բանտ, կինոթատրոն, այնուհետև՝ պահեստ, մինչև որ վերջերս գրանցվեց որպես մշակութային ժառանգություն և հատուկ պահպանության տակ ընդգրկվեց: Գյուրյունի քաղաքապետարանը վերանորոգման ծրագրեր ունի: Դաշտային աշխատանքների ժամանակ մենք չկարողացանք տեղորոշել Գյուրյունի գույքագրված տեղանքների մեծ մասը: Կենտրոնական Գյուրյունի ուրբանիզացման հետևանքով չկարողացանք տեղորոշել մանկատները, դպրոցները, բողոքական և կաթոլիկ վայրերը:
Գյուրյունի հայերից շատերը, որպես համայնք, բնակվել են Հալեպի փախստական-նորաբնակների ճամբարներում: Հալեպի և սփյուռքի շատ հայերի նախնիները Գյուրյունից են: Սա նաև Սիվասի մնացած մասից տարբերվող հանգամանք է: Գյուրյունի հայերը կիսում են Կիլիկիայի, Մարաշի, Անթեբի, Քիլիսի, Ադանայի և Ուրֆայի հայերի ճակատագիրն այն առումով, որ նրանց տեղահանեցին դեպի Սիրիա, մինչդեռ Սիվասի մյուս հատվածները շարունակեցին հայկական մեծ համայնքներ ունենալ, ինչպես կենտրոնական Անատոլիայի այլ վայրերը:
Սիվասի հարավ արևելքում Դիվրիղիի շրջանն է, որի հին անունը Դիվրիգ կամ Թեֆրիքե է: Դիվրիղին հեռավոր շրջան է, Քանգալի արևմուտքից մեկ ժամվա ճանապարհի վրա, ինչպես նաև Սիվասի, Ուլաշի և Քանգալի միջով անցնող երկաթգծի վրա է՝ այն հատվածում, երբ գիծը լքում է Սիվասը և դեռ չի մտնում Էրզինջան: Դիվրիղիի մի շարք գյուղեր այնպիսի աշխարհագրության մաս են կազմում, որը ներառում է Էրզինջանի Քեմալիյե և Իլիչ շրջանները: Տարածաշրջանի աշխարհագրությունը, տնտեսությունը կամ մշակույթը հնարավոր չէ հասկանալ, եթե հաշվի չառնվի Սիվաս-Էրզինջան սահմանի երկու կողմերը: Փինգենը (Ադաթեփե), Գասման (Քեսմե) Դիվրիղիում և Զըմարան (Ալթընթաշ) Էրզինջանում 20-րդ դարում տարածաշրջանի տնտեսական և մշակութային կենտրոնն էին: 3 գյուղից յուրաքանչյուրը միջինում ուներ 1500 բնակիչ, մինչդեռ ներկայիս Դիվրիղի շրջանի կենտրոնական քաղաքն ու շրջանի 108 գյուղերը, ըստ 2017թ. տվյալների, ունեն 14.000 բնակիչ (2007թ. 17.000-ի փոխարեն): Այստեղից 18 գյուղ է գույքագրված՝ 55 տեղանքով:
Դիվրիղին հայտնի է Ուլու մզկիթով և հիվանդանոցային համալիրով, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայրերից է, և իր ամրոցով, որը Պավլիկյան շարժման հենակետն է եղել: Առավել քիչ բան է հայտնի բազմաթիվ հայկական վանքերի և այլ մշակութային ժառանգության նմուշների մասին, որոնք տարածված են Դիվրիղիի շրջակա լեռներում: Դիվրիղիի կարևոր վայրերից է միջնադարյան վանական, հայկական առաքելական և կաթոլիկ եկեղեցիների սուրբ Գրիգոր Նարեկացու թաղման վայրը, որի մասին քիչ բան է հայտնի: Դուրուքյոյը կամ հին անունով Արեգեն, Սիվասի և Էրզինջանի սահմանին գտնվող գյուղ է, որը Սրվանձտյանի կողմից նշվում է որպես Նարեկացու թաղման վայր: Մերօրյա գյուղն ունի իսլամական սրբավայր Փիր Շանմազ/Շամմաս անունով: Դիվրիղիի մուսուլման բնակիչները՝ հատկապես ալևիները, բազմաթիվ հայկական հոգևոր վայրեր համարում են սրբազան: Մեկ այլ հետաքրքիր վայր է Սուրբ Հակոբ վանքը, ուր հիմա այցելում են որպես Քարա Յաքուբ Բաբա սրբավայր և մոմ են վառում: Այս տեղանքները գույքագրվել են իրենց նախնական բնութագրով և ներկայիս կիրառությամբ: Մշակութային ժառանգության նմանատիպ վերօգտագործումը ոչ միայն այս տեղանքների պահպանությանն է նպաստում, այլև երկխոսության և հաղորդակցության ուղի է բացում նույն վայրը սրբազան համարող տարբեր համայնքների միջև:
Ի վերջո, գանձագողությունը ևս պետք է նշվի որպես տարածաշրջանում մշակութային ժառանգության ոչնչացման հիմնական գործոն: Թե' տեղացիները, և թե' այցելուները կանոնավոր զբաղվում են գանձագողությամբ՝ չնայած տեղանքների գրանցված լինելուն և անվտանգության մարմինների քայլեր ձեռնարկելուն: Գրանցումն ինքնին կարևոր քայլ է ոչնչացման քայլերը քրեականացնելու ուղղությամբ, սակայն պարզապես գրանցումը լուրջ ազդեցություն չի ունենում ոչնչացման գործընթացը կանխելու գործում: Տեղացիները տնտեսական վիճակը նշում են որպես մշակութային ժառանգության վայրերում գանձագողության հիմնական պատճառ: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ գանձագողերը մշակութային ժառանգության և տեղանքների աշխարհագրության մասին գիտելիքների մեծ պաշար ունեն, և որոշ դեպքերում նրանց տրամադրած տեղեկությունը ևս ներառվել է գույքագրման մեջ:
Հայկական եկեղեցու վարչության և կարգավիճակի համար տե´ս Մաղաքիա Օրմանյան, Հայոց եկեղեցին, 2-րդ հրատ. (Երևան: Պարբերական, 1993), էջ 153-168 “5216 Sayılı Büyükşehir Belediyesi Kanunu” [Մետրոպոլիտեն քաղաքապետարանների մասին 5216 օրենք], Resmî Gazete, N 25531, 23 հուլիս, 2004 Առաքել Բադրիգ, Սեբաստիայի և հարակից գյուղերի հայերի պատմությունը, N 1 (Բեյրութ: Meshag Press, 1974), էջ 625 (621-631) Տե´ս այս գրքի Թավրա գյուղ և Սուրբ Սարգիս եկեղեցի բաժինը Համազասպ Ոսկյան, Սեբաստիայի վանքերը (Վիեննա: Mkhitaryan, 1946), էջ 15 Բանավոր պատմության հարցազրույց, HDF20342003600 և HDF203310073800 (Հրանտ Դինք հիմնադրամի արխիվ, HDF) Տարածաշրջանում ապրող հույների վերաբերյալ տե´ս Իհսան Թեվֆիքի «Սիվասի հույների գաղթը բնակչությունների փոխանակման ժամանակ», Hayat Ağacı 22 (2013): 61-69 Գոնջա Բյույուքմըհչը, Հալե Քոզլու, Այշեգյուլ Քըլըչ և Սեվդե Քարահան, «Չեփնիի Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման աշխատանքները», Erciyes Üniversitesi Sosyal Bilimler Enstitüsü Dergisi 1, N 39 (2015): 42-66 Վանքերի և գյուղատնտեսության հարաբերությունների մասին կարելի է կարդալ այս գրքի «Դիվրիղիի արտադրական պատկերը» բաժնի Քեսմե գյուղին նվիրված հատվածում: Այնտեղ ամփոփվել են Doğa Derneği-ի՝ Սիվասի դաշտային աշխատանքների հետազոտությունների բացահայտումները: Թալին Սուջյան, Ժամանակակից Թուրքիայի հայերը (Լոնդոն: I.B. Tauris, 2015), էջ 5911. Գարեգին Սրվանձտյան, «Հայաստանի ճամփորդ Թորոս Աղբար», N 1 (Ստամբուլ: Dndesian, 1879), էջ 213