2022 թվականի մայիսի 7-ին Երևանում բացված «Հրանտ Դինք. հոս և հիմա» ցուցահանդեսին զուգահեռ Հրանտ Դինք հիմնարկը ցուցադրության օրակարգային թեմաներին առնչվող մի շարք այլ միջոցառումներ իրականացրեց։

«Երկխոսություն արվեստի և հիշողության միջև» բանախոսությունն անդրադառնում էր այն հարցին, թե ինչպես կարող են արվեստն ու մշակույթը, արվեստագետներն ու մշակութային գործիչները նպաստել տրավմատիկ պատմությունների և դժվար անցյալի հաղթահարման փորձին՝ կամուրջ հանդիսանալով մարդկանց միջև: Բանախոսներն էին Ասենա Գյունալը և Սենա Բաշյոզը՝ Թուրքիայից, քննարկումը վարում էր Ռուբեն Արևշատյանը՝ Հայաստանից։

Միջոցառմանը քննարկվեց այն դերը, որն արվեստը, արվեստագետները և արվեստի վայրերը կարող են ունենալ փոխըմբռնման, երկխոսության, ապրումակցելու և հիշողության պահպանման խթանման մեջ։ Միաժամանակ փորձ արվեց բացահայտել, թե արդյոք դրանք նպաստում են հասարակության վերականգնմանը: Քննարկումը հնարավորություն ընձեռեց բացահայտելու, թե ինչպես կարող են արվեստագետներն ու արվեստին առնչվող վայրերը նոր երկխոսության և այլընտրանքային պատումների մաս կազմել՝ վիճարկելու գերիշխող դիսկուրսներն ու նպաստելու խաղաղությանը:

Քննարկմանը հաջորդեց հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին բանախոսներին և քննարկեցին նրանց կողմից ներկայացված տարաբնույթ թեմաներ:

 
Բանախոսներ 
Ասենա Գյունալ (Թուրքիա)

Ասենա Գյունալն իր բակալավրի աստիճանը ստացել է Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների, իսկ մագիստրոսի աստիճանը՝ նույն համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետներից: Ասպիրանտի աստիճանը ստացել է 2008 թվականին Բողազիչի համալսարանում՝ ուսումնասիրելով հանրապետական Թուրքիայում պետություն-քաղաքացի փոխհարաբերությունները՝ առողջապահական քաղաքականության տեսանկյունից: 1998-2005 թվականներին աշխատել է որպես խմբագիր «Իլեթիշիմ» հրատարակչությունում: 2008 թվականի սեպտեմբերից ի վեր ծրագրերի համակարգող է աշխատում «ԴԵՊՈ»-ում՝ Ստամբուլի Թոփհանե թաղամասում գտնվող արվեստի և մշակույթի կենտրոնում։ Ա. Գյունալը Թուրքիայում արվեստի ոլորտի գրաքննության դեպքերի փաստագրման «Սիյահ Բանտ» (Սև ժապավեն) հետազոտական հարթակի համահիմնադիրն է: 2014 թվականին նա մասնակցել է Կոլումբիայի համալսարանի փորձի փոխանակման «AHDA» (Պատմական երկխոսության և հաշվետվողականության դաշինք) ծրագրին: 2018 թվականի մարտից ի վեր աշխատում է որպես «Անդոլու Քուլթուր»-ի գործադիր տնօրեն: Նա համահեղինակել է «Քաղաք, որը հիշում է. տեղանքն ու հիշողությունը՝ Թաքսիմից մինչև Սուլթանահմեթ» գիրքը (Memory Center/Հիշողության կենտրոն, 2019 թվական), ինչպես նաև համախմբագրել է «90'larda Türkiye'de Feminizm» գիրքըը («Ֆեմինիզմը 90-ականների Թուրքիայում», Իլեթիշիմ, 2002 թվական) և «Bir Daha Asla!: Geçmişle Yüzleşme ve Özür» («Այլևս երբեք. ներման հայցում և անցյալի հետ առերեսում», Իլեթիշիմ, 2013 թվական) գրքերը: 2019 թվականին Ա․ Գյունալն արժանացել է Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գերմանա-ֆրանսիական մրցանակին։

Ռուբեն Արևշատյան (Հայաստան)

Ռուբեն Արևշատյանը արվեսստագետ, քննադատ և արվեստի համադրող է։ Նա Արվեստի քննադատների հայաստանյան ասոցիացիայի (AICA-Հայաստան) նախագահն է և դասավանդում է Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտում: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ ժամանակակից արվեստի, ճարտարապետության և տեսության վերաբերյալ՝ հիմնականում հետսոցիալիստական համատեքստում քաղաքային և մշակութային փոխակերպումների խնդիրներին առնչվող թեմաների շուրջ: Արևշատյանը www.red-thread.org էլեկտրոնային ամսագրի խմբագրական կազմի անդամ է։ Համադրել և ներգրավված է եղել մի շարք նախագծերում, ինչպիսիք են «Մեծ ատրոֆիա», «Զուգահեռ իրականություն», «Տեղային արդիություններ», «Խորհրդային մոդեռնիզմ․ 1955-1991/Անհայտ պատմություն», «Արդիություններ առանց սահմանների», «Զուգահեռ արդիություն» (2014 թվականի Սան Պաուլուի բիենալեի շրջանակներում), «Վաղվա քաղաքը» (ճամփորդող ցուցահանդես, որը 2019-2020 թվականներին ցուցադրվել է Երևանի ճարտարապետության թանգարանում, Մինսկի արվեստների պալատում, Մոսկվայի Նոր Տրետյակովյան պատկերասրահում, 2011 թվականին համադրել է «Ձեռնարկներ. նոր համընդհանրության ենթակաները»՝ Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի 54-րդ արվեստի բիենալեում, իսկ 2014 թվականին համադրել է «Իղձերի մայրաքաղաքը» Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի 14-րդ ճարտարապետական բիենալեում: Հեղինակել և համադրել է «Քաղցր 60-ականներ/ Sweet 60s» միջազգային հետազոտական նախագիծը: 2017 թվականին STANDART ժամանակակից արվեստի տրիենալեին համագործակցող համադրող է եղել: Գեթթի հիմնադրամի «Պահպանելով արդին/Keeping it Modern» ծրագրի շրջանակներում ղեկավարել է Սևանի գրողների միության հանգստյան տան գիտական վերականգնման նախագիծը:

Սենա Բաշյոզ (Թուրքիա)
Սենա Բաշյոզը ստամբուլաբնակ արվեստագետ և կինոռեժիսոր է: Իր աշխատանքներում նա անդրադառնում է տրավմատիկ դեպքերից հետո վերականգնման փորձին, իսկ վերջին շրջանում նրա ուշադրության կենտրոնում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մահը, վերածնունդը, նորացումն ու ազատագրումը: Օրգանիզմի ինքնավերականգնումը և բնության երկարժամկետ հավասարակշռությունը հանդիսանում են այն պատումների առանցքը, որոնք նա ներկայացնում է իր ստեղծագործություններում: Սենան աշխատում է արխիվների և արխիվների կիրարկման այլընտրանքային ուղիների շուրջ: Իր տնտեսագիտության բակալավրի աստիճանը նա ստացել է 2002 թվականին Բողազիչի համալսարանից, իսկ գեղարվեստի մագիստրոսի աստիճանը ֆիլմարվեստի գծով՝ 2010 թվականին, Բարդ քոլեջից։ Նրա վերջին ցուցահանդեսների թվում են «Թեթևության մասին» անհատական ցուցադրությունը Ստամբուլի «ԴԵՊՈ»-ում, «Ստուդիո Բոսֆորուս»-ը Համբուրգ Բահնհոֆում, «Լուռ երկխոսություն»-ը Տոկիոյի Մետրոպոլիտեն թանգարանում, «Բահար, Ստամբուլ»-ը Շարժայի բիենալեյի հեռահար ցուցադրությունում և Լիզա Թրութմանի հետ համատեղ ցուցահանդեսը Լինցի Մեմֆիս պատկերասրահում: Նրա ֆիլմերը ցուցադրվել են տարբեր տեղական և միջազգային փառատոններում։ 2017 թվականին նա մասնակցել է արվեստագետների հյուրընկալման ծրագրի Փարիզի «Արվեստների միջազգային քաղաք»-ում (Cité Internationale des Arts), իսկ 2009-ին՝ Լինցի «Atelierhaus Salzamt»-ում: Նա մեկն էր այն արվեստագետներից, ովքեր մասնակցել են Հրանտ Դինքի «23,5» հուշավայրի հիմնադրման աշխատանքներին:


Միջոցառումն իրականացվել է Քրեսթ հիմնադրամի աջակցությամբ։