Հրանտ Դինքի «23,5» հուշավայրն արժանացել է 2023 թ. Քենեթ Հադսոնի անվան մրցանակին՝ ինստիտուցիոնալ խիզախության և մասնագիտական ազնվության համար: Մրցանակը շնորհվել է «Տարվա եվրոպական թանգարան» մրցանակաբաշխության շրջանակում, որը 1977 թ. ի վեր շնորհվում է Եվրոպական թանգարանների ֆորումի կողմից։ Մրցանակը կրում է լրագրող, թանգարանագետ և գրող Քենեթ Հադսոնի անունը, ով նաև «Տարվա եվրոպական թանգարան» մրցանակաբաշխության (EMYA) հիմնադիրն է։

Ինստիտուցիոնալ խիզախության և մասնագիտական ազնվության համար Քենեթ Հադսոնի անվան մրցանակը Թանգարանների եվրոպական ֆորումի խորհրդի կողմից շնորհվում է այն թանգարանին, խմբին կամ անհատին, որը/ով համարձակորեն վեր է հանում և ընդլայնում է հասարակության մեջ թանգարանների դերի և պարտականությունների վերաբերյալ արմատացած ընկալումները։ «Տարվա եվրոպական թանգարան» մրցանակաբաշխությանը մասնակցում էին 19 երկրից 33 մասնակից։ Մասնակիցներից 6-ը ստացան մրցանակներ տարբեր անվանակարգերում։

EMYA-ի ժյուրին ինստիտուցիոնալ խիզախության և մասնագիտական ազնվության համար Քենեթ Հադսոնի անվան մրցանակը շնորհեց Հրանտ Դինքի «23,5» հուշավայրին՝ մարդու իրավունքների նկատմամբ իր ամբողջական և համընդհանուր մոտեցման, սոցիալական վերափոխման և ժողովրդավարացման գործում ներդրած ավանդի և ապագայի ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն զուգահեռ անցյալի վրա լույս սփռելու համար:

 

Մրցանակաբաշխության ելույթը

«Շատ շնորհակալ ենք մեր աշխատանքը գնահատելու համար։ Մեզ համար մեծ պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը: Յուրաքանչյուր մրցանակ մեզ համար տոն է, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր մրցանակ նաև երկընտրանք է։ Երանի՜ ապրեինք այնպիսի մի աշխարհում, որտեղ միայն կառուցեինք և ստեղծեինք թանգարաններ, որոնք իրական տոն են կյանքի համար, որտեղ կփայփայեինք բազմազանությունը, համակեցությունը, մարդու իրավունքները, խաղաղությունը և կճանաչեինք հրաշալի մարդկանց խիզախ ջանքերը, քանի դեռ նրանք ողջ են:

Անցյալը հիշելը և անցյալի հետ առերեսվելը մի տեսակ դիմադրություն է և ակտիվիզմի մի տեսակ, որը ահռելի փոփոխություններ է առաջացնում տվյալ հասարակության մեջ: «23,5» հուշավայրը խրախուսում է մարդկանց առերեսվել անցյալի հետ՝ միաժամանակ հանդիսանալով երկխոսության, հաղորդակցության և ըմբռնման տարածք: 2007 թ. հունվարի 19-ից, այսինքն՝ Հրանտ Դինքի սպանության օրվանից ի վեր, մեր սրտերը վիրավոր են, և մենք մեր իրականացրած առաքելությամբ ու աշխատանքով փորձում ենք բուժել մեր վերքերը: «23,5» հուշավայրը իրենից ներկայացնում է կյանքի մի եզակի պատմություն. ամեն կյանքի պատմություն չէ, որ կարելի է ցուցադրել: Միևնույն ժամանակ ինչ-որ մեկին սպանելը չի նշանակում, որ այդ մարդը մահացել է։ Ինչպես ասաց Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, յուրաքանչյուր մահ ճանապարհ է դեպի հավերժություն, և մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են այդ մահով նոր սերմեր կյանք առնում։

Ինչպես ասել է իրանցի բանաստեղծ Ֆուրուղ Ֆերուհզադը՝ «Թռչունն իհարկե կսատկի, դուք նրա թռի´չքը հիշեք»։ Հրանտ Դինքի թռիչքը դեռ շարունակվում է՝ Հրանտ Դինք հիմնարկի, Հրանտ Դինքի «23,5» հուշավայրի աշխատանքների միջոցով։ Նրա տեսլականը և նրա կողմից հաստատված արժեքները ոգեշնչող են, քաջալերում են բազմաթիվ մարդկանց:

Այս մրցանակը շատ իմաստալից և խորունկ է, քանի որ իր անվան մեջ «խիզախություն» բառն է պարունակում: Հորատիուսը մի անգամ ասել է՝ «Sapere Aude», որը նշանակում է «համարձակվել իմանալ», «համարձա՛կ եղիր իմանալու համար»: Մենք պետք է համարձակ լինենք և չվախենանք ճշմարտությունից, քանի որ որքան ավելի շատ վախենանք դրանից, անցյալի ուրվականները հավիտյան հետապնդելու են մեզ: Մենք չենք կարող ժխտել դա։

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հրանտ Դինք հիմնարկի ողջ անձնակազմին՝ խորհրդի անդամներին, խորհրդատվական խորհրդի անդամներին և մեր անձնակազմին, որ չնայած բոլոր մարտահրավերներին և բոլոր դժվարություններին՝ օր ու գիշեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի ստեղծվի հուշավայրը։ Եվ ամենակարևորը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հրանտ Դինքի ընտանիքին։ Նրանք իրենց աննակարագրելի մեծ ցավը վերափոխեցին ուժի և գործի։»