Եկեք նախ ըմբռնենք իրար․․․
Եկեք նախ հարգենք միմյանց ցավը․․․
Եկեք նախ թույլ տանք իրար ապրել․․․
Հրանտ Դինք
Հրանտ Դինքի երազանքն է՝
Որ Թուրքիան ու աշխարհը
լինեն ավելի ազատ ու արդար,
երջանկաբեր ու հուսառատ յուրաքանչյուրի համար,
Որ Թուրքիան ու աշխարհը զերծ լինեն
խտրականությունից, ռասիզմից ու բռնությունից,
Որ Թուրքիան ու աշխարհը լինեն այնպիսին,
որտեղ մենք իրար լսում ենք,
կիսում ենք միմյանց ցավն ու վիշտը,
աշխատում ենք հանուն նոր ցավերը կանխելու,
Որ Թուրքիան ու աշխարհը լինեն անպիսին,
որտեղ մենք կարող ենք լինել տարբեր՝
առանց վերածվելու «ուրիշի»,
որտեղ կարող ենք ապրել՝ մեր տարբերություններով հանդերձ,
Որ Թուրքիան ու աշխարհը լինեն այնպիսին,
որտեղ յուրաքանչյուր ոք զգա իրեն «մարդ արարած»։
Հրանտ Դինքի պայքարը՝
միահյուսում է
անաղարտ սերը,
չհաշվարկված անկեղծությունը,
քաջությունը (այդ թվում՝ վախեցած լինելու),
«կյանքին» իր արժանի հարգը տալու
ու հույս ստեղծելու հետ։
Հրանտ Դինքի լեզուն՝
խաղաղության ու խղճի լեզու է,
որը նոր եզրերի ընտրության շնորհիվ
դուրս է մղում անգիր արված քարացած արտահայտությունները,
փոխակերպում է կոնֆլիկտների մշակույթները,
խախտում է մեր համոզմունքները երեխայական անկեղծությամբ,
հրավիրում է բաց անել մեր մտքերն ու հոգիները,
որպեսզի կարողանանք իրար ճանաչել
առանց միջնորդների ու նախապաշարումների։
Հրանտ Դինքի սիրտը՝
որ տածում է հավատք ու սեր
առ
ճշմարտություն,
թափանցիկություն,
ընկերություն
և մարդկություն,
բոլորիս իր գիրկն առնող օվկիանոս է։
Հրանտ Դինքի հիմնադրամը՝
հիմնադրվել է 2007 թվականին, որպեսզի կյանքի կոչի Հրանտի երազանքները, պայքարը, լեզուն ու սիրտը։
Որպես իր ողջ գործունեության հիմք՝ Հիմնադրամը հռչակում է երկխոսության մշակույթի, ապրումակցման ու խաղաղության զարգացումը՝ կիզակետում պահելով հետևյալ ոլորտները․
- աշխատել երեխաների ու երիտասարդների հավասար հնարավորությունների ուղղությամբ, սատարել նրանց ստեղծարարությունը,
- ապահովել, որ մշակութային բազմազանությունը ճանաչվի իբրև հարստություն, իսկ տարբերությունները՝ իբրև իրավունք,
- զարգացնել մշակութային հարաբերություններ Թուրքիայի, Հայաստանի ու Եվրոպայի ժողովուրդների միջև,
- աջակել Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին,
- սատարել ազգայնականությունից ու ռասիզմից զերծ պատմագրության ստեղծմանը,
- կազմել Հրանտ Դինքի հոդվածների, լուսանկարների ու փաստաթղթերի ժողովածուներ։
Հրանտ Դինք հիմնադրամը կձեռնարկի նաև բազմաճյուղ գործունեություն հրատարակչական, արխիվների ստեղծման, ամառային դպրոցների կազմակերպման, ֆիլմերի, երաժշտական, տեսողական արվեստների, պարի ու գրականության փառատոների կազմակերպման, ինչպես նաև Հրանտ Դինքի հիշատակին նվիրված մրցանակաբաշխության ոլորտներում։