«ՔարԴես» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցի բջջային հավելվածը, որը գործարկվել է Հրանտ Դինք հիմնարկի կողմից, իր օգտատերերին առաջարկում է երկու նոր հիշողության շրջայց Ստամբուլի և Անկարայի շրջայցերից հետո: Այս անգամ շրջայցը դեպի Իզմիր է։ Հայկական թաղամասի և Քարաթաշի նոր շրջայցերի միջոցով դուք կարող եք բացահայտել այս երկու թաղամասերի շենքերի, ինչպես նաև բնակիչների բազմամշակութային պատմությունները:

«ՔարԴես»-ը կշարունակի ավելացնել Իզմիրի հիշողության շրջայցերը:

 

Հայկական թաղամաս

Իզմիրի հայերը ապրում էին Հայնոցում, որը նշանակում է «հայերի տեղ»: 20-րդ դարի սկզբին Իզմիրի ընդհանուր 300 հազար բնակչությունից 10 հազարը հայեր էին: Այսպիսով՝ հայերի թվաքանակը շատ չէր, այնուամենայնիվ, նրանք վճռորոշ դեր էին խաղում քաղաքի առևտրային, կրթական, արվեստի և մշակութային կյանքում։ Հայ վաճառականները աչքի էին ընկնում Եվրոպայի հետ առևտրային հարաբերություններով։ Իզմիրի ամենահարուստ հայ ընտանիքներից էին Յուսուֆյանները, Քույումջույանները և Իսպարտալըյանները։ Էլմասյան եղբայրների թզի տեսակավորման և փաթեթավորման ընկերությունները նույնիսկ պատկերված էին այդ ժամանակաշրջանի Իզմիրի բացիկների վրա: Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման արդյունքում հայերը կրել են արևմտյան մշակույթի ազդեցությունը։ Մշակութային վերածնունդը սկսվեց կանանց կրթությամբ, նոր դպրոցների հիմնադրումով, թատերախմբերի ձևավորմամբ և տպարանների բացումով։ Իզմիրը դարձավ հայերի Աթենքը։ Ըստ ականատեսների՝ 1922 թ. Իզմիրի հրդեհը, որը ոչնչացրել է քաղաքի քրիստոնեական բնակավայրերը, սկսվել է հայկական թաղամասից։ Հրդեհից հետո թաղամասից ոչ մի շինություն կանգուն չի մնացել։ Ավերակների վրա նոր քաղաք է կառուցվել, իսկ հայկական թաղամասը ջնջվել է քարտեզից։

Քարաթաշ

Քարաթաշը, որն իր անունը ստացել է տարածաշրջանի քարհանքի սև քարերից [քարաթաշ նշանակում է սև քար], հայտնի էր որպես նոր հրեական թաղամաս, քանի որ 20-րդ դարի սկզբին հրեաները կազմում էին տեղի բնակչության զգալի մասը։ Իզմիրի հույները տարածքն անվանել են Մելանտիա։ Քարաթաշը բազմամշակութային թաղամաս էր, որտեղ հրեաները, հույները, հայերն ու թուրքերը միասին էին ապրում, յուրաքանչյուր համայնք ուներ իր դպրոցն ու պաշտամունքի վայրը: Ստամբուլի Գալաթա թաղամասը հիշեցնող Քարաթաշը գրավիչ տարածք էր՝ իր ծովափնյա սրճարաններով և «Asansör»-ի պատշգամբներից բացվող հիանալի տեսարաններով: 1922-ին Իզմիրից հայերի և հույների հարկադիր հեռանալուց և հաջորդ տարիներին հրեական համայնքի գաղթից հետո Քարաթաշի ոչ մահմեդական կառույցներից շատերը կամ քանդվեցին կամ փոխակերպվեցին այլ նպատակներով:

 

Ի՞նչ է «ՔարԴես»-ը

«ՔարԴես» հեռախոսային հավելված է, որը ծառայում է որպես անհատական զբոսաշրջային ուղեցույց՝ թուրքերենով և անգլերենով, որի միջոցով հնարավոր է բացահայտել Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի բազմամշակութային ժառանգությունն ու բազմաշերտայնությունը: «ՔարԴես»-ը, որը նպատակ ունի տեսանելի դարձնել անհայտ վայրերը և պատմել նրանց պատմությունները, առաջարկում է ավելի քան 30 հիշողության շրջայց, որոնցից յուրաքանչյուրը տևում է միջինը երկու ժամ և բացահայտում է տարբեր տարածքների բազմամշակութային անցյալը: Օգտատերերը կարող են լսել քաղաքների պատմությունները թաղային և թեմատիկ շրջայցերի միջոցով՝ տվյալ թեմայի վերաբերյալ ընտրված կանգառներով: Այս հավելվածի միջոցով օգտատերերը կարող են տեղեկություններ ստանալ է մոտ 1000 վայրի՝ այդ թվում մզկիթների, եկեղեցիների, սինագոգների, դպրոցների և գերեզմանատների մասին: Շրջայցերի ընթացքում նրանք կարող են լսել քաղաքների թաքնված պատմությունները, որոնք պատմում են հայտնի արվեստագետները:

«ՔարԴես»-ը հնարավորություն է ընձեռում բնակիչներից լսել տվյալ թաղամասերի պատմությունները՝ բանավոր պատմության մեթոդով արձանագրված հարցազրույցների միջոցով։ Շուրջ 70 բանավոր պատմության հարցազրույցներով «ՔարԴես»-ը ներկայացնում է տարբեր թաղամասերի պատմությունները դինամիկ պատմվածքի միջոցով:

«ՔարԴես» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցը անվճար կարելի է ներբեռնել այստեղից: