«ՔարԴես» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցի բջջային հավելվածը, որը գործարկվել է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից, իր օգտատերերին առաջարկում է շրջայց դեպի Իզմիրի ֆրանկական թաղամաս։ Նոր շրջայցով Դուք կարող եք բացահայտել Իզմիրի բազմամշակութային պատմությունները:
«ՔարԴես»-ը կշարունակի ավելացնել Իզմիրի հիշողության շրջայցերը:
Ֆրանկական թաղամաս
17-րդ դարից սկսած իտալացիները, ֆրանսիացիները, անգլիացիները, հոլանդացիները և այլք տեղափոխվեցին Իզմիրի ծոցի հարավ-արևելյան ափ, որը Օսմանյան կայսրությունում արևմտյան եվրոպացիներին տրված անունով կոչվեց ֆրանկական թաղամաս:
Կանայք և տղամարդիկ հագնվում էին վերջին նորաձևությամբ, հաճախում էին եվրոպական ոճի բուտիկներ, «Կրեյմեր» հյուրանոցում խմում էին վիեննական գարեջուր և հաճախում էին «Էլհամրա» կինոթատրոն: Իզմիրը հայտնի էր որպես Արևելքի փոքր Փարիզ և Լևանտի մարգարիտ:
Ֆրանկական փողոցը, որը հայտնի է որպես «Rue Franc», եղել է թաղամասի կենտրոնն ու հիմնական շուկան։ Փողոցի երկայնքով ձգվող խանութների ցուցափեղկերը զարդարված էին ողջ Եվրոպայի և կայսրության ապրանքներով։ Քանի որ փողոցը նեղ էր, ձիերի կառքերը չէին կարող այստեղ մտնել, ուստի սպասում էին Ֆասուլա հրապարակում։
Սուրբ Գեորգիոս, Սուրբ Պոլիկարպ, Սանտա Մարիա և Այա Ֆոտինի եկեղեցիները գտնվում էին ֆրանկական թաղամասում: Այա Ֆոտինիի 33 մետր բարձրությամբ հիասքանչ զանգակատունը, որը կառուցվել է 1856 թ., տեսանելի էր Իզմիրի ամեն անկյունից, և նրա զանգի ձայնը լսվում էր նույնիսկ շրջակա գյուղերից։
1922 թ. հրդեհի ժամանակ այրվել է ֆրանկական թաղամասի գրեթե ամբողջ մասը: Այա Ֆոտինիի զանգակատունը պայթեցվել է դինամիտով։ Հրդեհի տարածքը վերակառուցվել է զարգացման ծրագրերի շնորհիվ և այսօր համարվում է Իզմիրի սոցիալական և մշակութային կենտրոնը։ Տարածքը, սակայն, կորցրել է իր բազմամշակութայնությունը:
Ի՞նչ է «ՔարԴես»-ը
«ՔարԴես» հեռախոսային հավելված է, որը ծառայում է որպես անհատական զբոսաշրջային ուղեցույց՝ թուրքերենով և անգլերենով, որի միջոցով հնարավոր է բացահայտել Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի բազմամշակութային ժառանգությունն ու բազմաշերտայնությունը:
«ՔարԴես»-ը, որը նպատակ ունի տեսանելի դարձնել անհայտ վայրերը և պատմել նրանց պատմությունները, առաջարկում է ավելի քան 30 հիշողության շրջայց, որոնցից յուրաքանչյուրը տևում է միջինը երկու ժամ և բացահայտում է տարբեր տարածքների բազմամշակութային անցյալը: Օգտատերերը կարող են լսել քաղաքների պատմությունները թաղային և թեմատիկ շրջայցերի միջոցով՝ տվյալ թեմայի վերաբերյալ ընտրված կանգառներով: Այս հավելվածի միջոցով օգտատերերը կարող են տեղեկություններ ստանալ է մոտ 1000 վայրի՝ այդ թվում մզկիթների, եկեղեցիների, սինագոգների, դպրոցների և գերեզմանատների մասին: Շրջայցերի ընթացքում նրանք կարող են լսել քաղաքների թաքնված պատմությունները, որոնք պատմում են հայտնի արվեստագետները:
«ՔարԴես»-ը, որի նպատակն է տեսանելի դարձնել անհետացման եզրին գտնվող քաղաքային և սոցիալական հիշողությունը, հնարավորություն է ընձեռում բնակիչներից լսել տվյալ թաղամասերի պատմությունները՝ բանավոր պատմության մեթոդով արձանագրված հարցազրույցների միջոցով։ Շուրջ 70 բանավոր պատմության հարցազրույցներով «ՔարԴես»-ը ներկայացնում է տարբեր թաղամասերի պատմությունները դինամիկ պատմվածքի միջոցով:
«ՔարԴես» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցը անվճար կարելի է ներբեռնել այստեղից: