Իզմիրը Թուրքիայի մշակութային ժառանգության քարտեզի վրա ունի 554 պատմական գրանցված վայր՝ այդ տեսանկյունից զբաղեցնելով երկրորդ տեղը քարտեզում: Իզմիրի Սբ. Ստեփանոս (Իստեփանոս) հայկական եկեղեցին կառուցվել է 1853թ., իսկ 1922թ. այն այրվել է Իզմիրի հայտնի հրդեհի ժամանակ, երբ այրվեց հայկական ողջ թաղամասը:
Իզմիրի պատմական վայրերը հիմնականում հունական են՝ մոտ 452 տեղանք: 71 կառույց ներկայացնում է հայկական, 51-ը՝ հրեական մշակութային ժառանգությունը: Ընդհանուր առմամբ քարտեզում կա 70 Սբ. Ստեփանոս եկեղեցի: Սա նշանակում է, որ հայկական հավատատեղիների ամենատարածված անուններից է Սբ. Ստեփանոսը, ինչպես նաև Սբ. Աստվածածինը, Սբ. Գևորգը և Սբ. Գրիգոր Լուսավորիչը:
Թուրքիայի մշակութային ժառանգության քարտեզի վրա Սբ. Ստեփանոս անվամբ հայկական եկեղեցիները կարելի է գտնել այս հղումով՝ https://turkiyekulturvarliklari.hrantdink.org/:
Հիմնականում հունական և մերձարևելյան քաղաք Իզմիրում հայերը սկսել են բնակվել 16-րդ դարից: Նրանք ապրում էին Հայնոց (հայերի վայր) թաղամասում մինչ 1922թ. հրդեհը:1 19-20-րդ դարերի քարտեզներում կարելի է տեսնել և' Հայնոց թաղամասը, և' Սբ. Ստեփանոս հայկական եկեղեցին:
Եկեղեցու մասին ամենահին հիշատակումը 1688թ. երկրաշարժի հետևանքով դրա քանդվելու և 1689թ. այն վերականգնելու մասին է: Սբ. Ստեփանոս հայկական եկեղեցու գտնվելու վայրը նախկին Ռեշադիյե փողոցն է՝ այսօրվա Գազի բուլվարը: 1936թ. Հայնոց թաղամասի որոշ մասեր ներառվել էին Իզմիրի միջազգային ցուցահանդեսի տարածքում: Այսօր Սբ. Ստեփանոսի հետքն անգամ չկա: Եկեղեցին ավերվել էր 1845թ. հրդեհի ժամանակ, սակայն վերականգնվել էր քաղաքի հայկական համայնքի կողմից յոթ տարվա ընթացքում: Մի քանի ճարտարապետներ փոխելուց հետո աշխատանքն ավարտի հասցրեց Ստամբուլից եկած Մելքոն Երամյան Բեյը: Եկեղեցին իր դռները բացեց 1853թ. ապրիլի 18-ին:
«Զմյուռնիան և հայերը» աշխատությունը, որ հրատարակվել է Վիեննայում 1899թ.,2 այս շրջանի պատմության կարևոր աղբյուր է հանդիսանում: Գիրքը պատմում է եկեղեցիների, դպրոցների և ասոցիացիաների, Իզմիրի սոցիալական կյանքի մասին: Գրքում մանրամասն նկարագրվում է նաև հայ առաքելական-կաթոլիկ- բողոքական համայնքների հարաբերությունները միմյանց հետ, ինչպես նաև լատինական և հունական քրիստոնյա համայնքների հետ, և ընդհանրապես քրիստոնյաների և մուսուլմանների փոխհարաբերությունները:
Սբ. Ստեփանոս եկեղեցու մասին խոսելիս պետք է նշել նաև եկեղեցու մաս կազմող երկու դպրոցների մասին: Տղաների Մեսրոպյան դպրոցը եկեղեցու կողքն էր, իսկ աղջիկների Սբ. Հռիփսիմյանց դպրոցը՝ մի քանի թաղամաս այն կողմ: Մեսրոպյան դպրոցը կիսեց եկեղեցու՝ քանդվելու և վերակառուցման ճակատագիրը: Հռիփսիմյանց դպրոցը կառուցվել էր 1830թ. և այդ ժամանակվա համար դիտարկվում էր որպես առաջադեմ քայլ: Հռիփսիմյանց դպրոցը կառուցվել էր Հռիփսիմե Կոստանդյանի կողմից, ով կանանց շարժման առաջնորդներից էր, ինչն էլ վաղ 19-րդ դարի Իզմիրի մասին որոշակի պատկերացումներ է տալիս:
Դարերի ընթացքում Սբ. Ստեփանոսը մի քանի անգամ այրվել և ավերվել է, սակայն միշտ վերակառուցվել է առավել մեծ ու վեհ տարբերակով: Այն վերջնական այրվել է 1922թ. Իզմիրի հայտնի հրդեհի ժամանակ, երբ ողջ հայկական թաղամասն այրվեց: 1853թ. վերակառուցման տախտակի վրա հայատառ թուրքերենով գրված էր՝
Աշխարհի մնացուկները հավերժ չեն.
Մի' կռացիր, կընկնես մի օր,
Ինչքան էլ երկար ապրես, հաճույքը դատարկ բան է,
Երբ վերջը գա, զարմանքն էլ կապրես այդ օրը:
1. Զաքարյա Միլդանօղլու, Անհավատ Իզմիրի հայերը [Gâvur İzmir'in Ermenileri], Agos, 17.11.2012՝ www.agos.com.tr/tr/yazi/3319/gvur-izmirin-ermenileri:
2. Հակոբ Վ. Քոսյան, Զմիւռնիա եւ Հայք, Վիեննա, Mkhitarist Press, 1899թ.
3. Հուշամատեան, Իզմիրի /Զմյուռնիայի նահանգ. Լուսադարան՝ www.houshamadyan.org/tur/mapottomanempire/vilayet-of-aydinizmir: