Ավարտվել են Էլազըղ նահանգի Քովանջըլար շրջանի Էքինյոզյու/Հաբափ գյուղի երկու պատմական աղբյուրների վերանորոգման աշխատանքները: Սա այն գյուղն է, ուր ապրել է Ֆեթհիյե Չեթինի տատը մինչ իննը տարեկանը: Նրա մասին պատմում է Ֆ. Չեթինի՝ «Մեծ մայրս» գիրքը: Վերանորոգված Հաբափ աղբյուրներից յուրաքանչյուրն անատոլիական և հայկական շատրվանային ճարտարապետության բազմաշերտությամբ եզակի օրինակ են: Վերանորոգման աշխատանքների պեղումների ժամանակ վերհանված ջրհորներով և ջրանցքների բարդ համակարգերով հանդերձ` այդ աղբյուրները մեծ մշակույթի հետքերը հասցնում մինչև մեր օրերը:
Այս արժեքավոր հուշակոթողների վերանորոգման աշխատանքների ավարտի կապակցությամբ նոյեմբերի 25-ի բացման արարողությանը ներկա էին Էլազըղի նահանգի վարչության գլխավոր քարտուղար Նազիֆ Բիլգինօղլուն, Քովանջըլարի շրջանային ղեկավար Սելչուկ Ասլանը և Քովանջըլարի քաղաքապետ Բեքիր Յանըլմազը:
Կամավոր ճարտարապետներ Նիհան Սաղմանը, Մեհմետ Էրքյոքը, Սավաշ Էքինջին և արվեստի պատմաբան Օզգե Ալթընքայա Էրքյոքը ծրագրի նախագիծը մշակել են 2009թ. մայիսից սեպտեմբեր իրականացրած դաշտային աշխատանքների հիման վրա:
Այնուհետև վերանորոգման աշխատանքների նախագծերը ներկայացվեցին Դիարբեքիրի մշակութային և բնական ժառանգության պահպանության խորհրդին: Մշակույթի և տուրիզմի նախարարությունը համաձայնել էր աջակցելու վերանորոգման աշխատանքներին, և նախագիծը 2010թ. ապրիլին արժանացավ խորհրդի հավանությանը: Ծրագիրն իրականացավ 2011թ. օգոստոսից նոյեմբեր ամիսներին Հրանտ Դինք հիմնադրամի, Քրեսթ հիմնադրամի, Բաց հասարակություն հիմնադրամի, Ջեներալ Էներջիի և մասնավոր դոնորների աջակցությամբ:
Վերագործարկումը փոխակերպեց ինչպես գյուղաբնակների, այնպես էլ գյուղ եկած կամավորների կյանքը: Գյուղի երիտասարդներն ակտիվ կերպով ներգրավվեցին իրենց գյուղի պատմական կառույցի վերականգնման աշխատանքներում: Թուրքիայից, Հայաստանից և եվրոպական մի քանի երկրներից եկած երիտասարդ կամավորներն օգնեցին գյուղացիներին իրենց ամենօրյա աշխատանքներում: Կամավորները նաև գյուղի երեխաների և երիտասարդների հետ կազմակերպեցին խաղեր, նկարչության աշխատաժողովներ և քննարկման խմբեր:
Էլազըղ նահանգի Քովանջըլար շրջանի Էքինյոզյու գյուղը, որի հին անունը Հաբաբ կամ Հեբափ էր (հայերեն՝ Հավավ), օսմանյան շրջանում 500 ընտանիքից բաղկացած գյուղ էր: Հայերով բնակեցված ժամանակաշրջանում այն ուներ երեք եկեղեցի, վանք և երկու աղբյուր: Վերջիններս հայտնի էին որպես Վերին և Ստորին աղբյուրներ: Վերին աղբյուրի վրա առկա հայերեն գրությունը վկայում է 1643 տարեթիվը: Ավերվելու հետևանքով աղբյուրները չէին գործածվում: Աղբյուրները գրանցված են Հալիլ Բեյլեր և Ռուֆեքասը Բեյլեր հիմնադրամի անունով:
«Համաձայն աղբյուրների՝ գյուղի ջուրը հոսում էր շատ պաղ աղբյուրից, որն այնքան զորեղ էր, որ կարող էր ջրաղաց պտտել: Աղբյուրը գյուղի մուտքից երկու մղոնի վրա էր՝ լայն դաշտվայրում: Եթե ամեն գարուն չմաքրվեր ջրհորը, որտեղից դուրս էր գալիս աղբյուրը, ջուրը նվազում էր: Քանի որ աշնանը ջրհորի մեջ ավազ էին լցնում, ամեն տարի Զատիկից հետո այն մաքրում էին: Աղբյուրի ջրով մի քանի ջրաղաց էր աշխատում և շաբաթական մեկ անգամ գյուղի ստորին հատվածի այգիներն ու դաշտերը ոռոգվում էին: Աղբյուրները գյուղացիների համար սրբազան էին: Գյուղում երկու քաղցրահամ աղբյուր կար: Մեկը գյուղի վերին, մյուսը ստորին հատվածում էր: Աղբյուրների ջուրը գալիս էր գետնի տակով անցնող խողովակներով և փոքր ջրամբարներով: Վերջիններս հասանելի էին աղբյուրների հետևի միջանցքով: Դրանք պետք է տարին մեկ անգամ մաքրվեին: Այս աղբյուրների ջուրն ամռանը սառնորակ էր, իսկ ձմռանը՝ գոլ ու քաղցրահամ: Աղբյուրները և շրջակա հատակը տաշված քարերից էին»:
Տիգրան Ս. Փափազյան, Բալուի Հաբափ գյուղի պատմությունը, Բեյրութ, 1960թ.