2015թ. փետրվարի 22

14.00-19.45

Հրանտ Դինք հիմնադրամ՝ Անարատ հղության շենք, «Հավաք» սրահ

«Բացահայտելով և պահպանելով Անատոլիայի բազմամշակութային ժառանգությունը» ծրագրի շրջանակներում Հրանտ Դինք հիմնադրամը կազմակերպեց նոր քննարկում Մշակութային ժառանգություն առանց սահմանների կազմակերպության Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչների և Մշակութային ժառանգության պահպանության ասոցիացիայի մասնակցությամբ: Այս քննարկումը հարթակ տրամադրեց՝ մշակութային ժառանգության պահպանության և վերակենդանացման կարևորության, ինչպես նաև ներկայի և ապագայի համար դրա հրատապության մասին խոսելու համար:

Քննարկումը երեք մասից էր բաղկացած և հասանելի էր՝ անգլերեն և թուրքերեն համընթաց թարգմանությամբ: Առաջին մասը կրում էր «Կրթության դերը մշակութային ժառանգության պահպանության գործում» խորագիրը: Այն վարեց Լաքի Վինգասը. ելույթ ունեցան Յելենա Պեջկովիչը, Միրիան Բլակին և Լեյլա Հաջիչը՝ Մշակութային ժառանգություն առանց սահմանների կազմակերպության ալբանական մասնաճյուղից: Յելենա Պեջկովիչը խոսեց Մշակութային ժառանգություն առանց սահմանների կազմակերպության՝ տարածաշրջանային վերականգնման ճամբարների միջոցով արևելյան Սերբիայում պատմական գինու մառանների պահպանության ծրագրի մասին: Միրիան Բլակին Բալկաններում Մշակութային ժառանգություն առանց սահմանների կազմակերպության կատարած աշխատանքի օրինակով ներկայացրեց ժառանգության կառավարման և կրթության մոտեցումների վերաբերյալ զեկույց: Լեյլա Հաջիչը խոսեց պատմական կառույցների պահպանման և այդ գործընթացը կրթության մեջ կիրառելու մասին:

Երկրորդ մասը կրում էր «Մշակութային ժառանգության պահպանության մասնակցային մեթոդները» խորագիրը: Այն վարեց Ռաբիա Հարմանշահը: Մշակութային ժառանգություն առանց սահմանների կազմակերպության ալբանական մասնաճյուղից Ելենա Մամանին խոսեց խնամքի պակասի և լքելու հետևանքով մշակութային ժառանգության կառույցների պահպանության մարտահրավերներից: Եվրոպա Նոստրայի սերբական ճյուղի գլխավոր քարտուղար Վիշնյա Կիսիչը ներկայացրեց ժառանգության կառավարման ծրագրերի մեթոդաբանության թեթևացման մասին զեկույց: Մոնտենեգրոյից «EXPEDITO» կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդրա Կապետանովիչը խոսեց մշակութային ժառանգության պահպանության և կառավարման մեջ մասնակցային գործընթացի մասին:

Երրորդ մասի խորագիրն էր «Կայսերիի հայկական և հունական մշակութային կառույցները»: Այն վարեց Գոնջա Բյույուքմըհչըն: Մշակութային ժառանգության պահպանության ասոցիացիայից Բանու Փեքոլը և Չաղլա Փարլաքը խոսեցին Անատոլիայի ոչ մուսուլման համայնքների մշակութայի ժառանգության պահպանության մասին: Հրանտ Դինք հիմնադրամից Վահագն Քեշիշյանը և Զեյնեփ Օղուզը խոսեցին Կայսերիի հայկական և հունական մշակութային ժառանգության մասին: Վերջում գրող և հետազոտող Զաքարյա Միլդանօղլուն զեկուցեց եկեղեցիների վերաբերյալ Թուրքիայի հայերի պատրիարքարանի արձանագրությունների մասին: