Հրանտ Դինք հիմնադրամի բանավոր պատմության և մշակութային ժառանգության ծրագրային թիմերը շարունակում են բանավոր պատմության աշխատաժողովների նոր շրջանը: 2017թ. հունվարին կամավորների հավաքագրման մեր հայտարարությանը շատ ավելի դիմորդ եղավ, քան ակնկալում էինք: Ավելի քան 200 անհատ էր դիմել, ուստի մենք որոշեցինք Ստամբուլում անցկացնել մեկից ավելի աշխատաժողովներ: Աշխատաժողովներ կանցկացնենք նաև Ադանայում, Սիվասում և Կայսերիում: Ստամբուլի առաջին աշխատաժողովին մասնակցում է 30 կամավոր:
Հունվարի 25-ին կայացավ աշխատաժողովի առաջին փուլը, որի ժամանակ քննարկվեց Ադանայի պատմությունը: Քանի որ Ադանան «Հիշողության վայրերի ադապտացված և ստեղծարար վերօգտագործում» ծրագրի տեղանքներից մեկն է, շատ կարևոր էր հասկանալ դրա պատմությունը՝ բանավոր պատմության հարցազրույցներ անցկացնելու համար: Նմանատիպ պատմական հետազոտություն անցկացվել էր նաև Հրանտ Դինք հիմնադրամի՝ Թուրքիայի, Դիարբեքիրի, Անկարայի և Իզմիթի մասին բանավոր պատմության նախորդ ուսումնասիրությունների ժամանակ:
Հունվարի 28-ին աշխատաժողովի երկրորդ մասն անցկացրեց Բողազիչի համալսարանի պատմության պրոֆեսոր դոկտոր Արզու Օզթյուրքմենը: Դոկտոր Օզթյուրքմենը խոսեց բանավոր պատմության մեթոդաբանության, Թուրքիայում դրա զարգացման և իր անձնական փորձառությունից: Աշխատաժողովի ժամանակ քննարկվեց նաև հարցազրույցներից առաջ, ընթացքում և հետո անելիքները և վարման էթիկան, իսկ մասնակիցներն էլ պատմեցին բանավոր պատմության իրենց փորձառությունը:
Փետրվարի 4-ին Թուրքիայի պատմության հիմնադրամից Գյուլայ Քայաջան ներկայացրեց բանավոր պատմության ծրագրերի օրինակներ Թուրքիայից և աշխարհից: Այնուհետև հաջորդեց բանավոր պատմության գործնական մասը: Աշխատաժողովի ժամանակ բազմաթիվ թեմաներ քննարկվեցին՝ սկսած աուդիո և վիդեո ձայնագրման սարքերի կիրառումից, թույլատրելի և անթույլատրելի հարցերից, զրուցելու մոտեցումներից մինչև տեխնիկական գիտելիքները: Փորձնական հարցազրույցներ իրականացվեցին՝ հարցազրույցների ընթացքը ներկայացնելու համար:
Հաջորդիվ կլինեն փորձի փոխանակման խմբային աշխատանքներ: Կամավորների օգնությամբ հավաքագրված բանավոր պատմության ձայնագրությունները կդառնան Հրանտ Դինք հիմնադրամի բանավոր պատմության արխիվի մաս: Այս արխիվը կկիրառվի հիմնադրամի հրատարակություններում և կարխիվացվի այնպիսի չափանիշներով, իորոնք հնարավոր կդարձնեն դրանց կիրառումը հետազոտություններում: