2016թ. հունվարի 29
Հրանտ Դինք հիմնադրամ՝ Անարատ հղություն շենք, «Հավաք» սրահ
«Բացահայտելով և պահպանելով Անատոլիայի բազմամշակութային ժառանգությունը» ծրագրի շրջանակներում Հրանտ Դինք հիմնադրամը կազմակերպեց նոր քննարկում՝ «Հիշողության տեղագրություն. Գիտելիքի և լավագույն փորձի փոխանակում» խորագրով: Թվային տեխնոլոգիաները մշակութային ժառանգության պահպանության և հիշողության ուսումնասիրությունների վերջին մոտեցումները սկսել են ներառել իրենց ռազմավարություններում և մեթոդաբանության մեջ՝ անտեսված կամ անհետացած վայրերի մասին վտանգված հիշողությունները պահպանելու նպատակով: Այս քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց այն ինտերակտիվ մեթոդներին, որոնք օգնում են թարմացնել վայրերի մասին հիշողությունները:
Քննարկման առաջին մասում Ժորդի Գի Կորոմինասը և Օրիոլ Լոպեզ Բադելը (Բարսելոնայի համալսարանի հիշողության եվրոպական դիտարանից) ներկայացրին «Memoria BCN» ծրագիրը: Վերջինիս մասին կարճ անդրադարձից հետո նրանք մասնակիցներին պատմեցին ծրագրի իրականացման դրդապատճառների և փորձառության մասին: «Memoria BCN»-ն Բարսելոնայի հիշողության վայրերի մասին տեղեկատվություն տրամադրող կայք և հավելված է: Այն ներկայացնում է քաղաքի 20-րդ դարի պատմական և հիշողության վայրերը բացահայտող տասը շրջայց:
Քննարկման երկրորդ մասում Սաբանջը համալսարանից Այշե Գյուլ Ալթընայը և Դիլարա Չալըշքանը ներկայացրին «Հետաքրքիր քայլեր. Հիշողության սեռը» ծրագիրը: Ելնելով «Բեյօղլուի գենդերային և հիշողության շրջայց» ծրագրի մեկամյա փորձից, ինչպես նաև հաշվի առնելով նոր մշակված «Բեյօղլուի հայկական հիշողության շրջայց» և «Բալատի և Քադըքյոյի գենդերային և հիշողության շրջայցերի» ծրագրերի փորձառությունները, որոնք իրականացվել են Սաբանջը համալսարանի գենդերային ֆորումի կողմից համակարգվող «Հետաքրքիր քայլեր» ծրագրի շրջանակներում՝ զեկույցը ներկայացրեց տարբեր ժամանակներում և վայրերում անհատների և շարժերի միջև եղած կապերի մոբիլիզացման հնարավորությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գենդերային հարցերին:
Քննարկման երրորդ փուլում Հրանտ Դինք հիմնադրամից Վահագն Քեշիշյանը ներկայացրեց Հիմնադրամի պատրաստած Թուրքիայի մշակութային ժառանգության քարտեզը: Ներկայացվեցին քարտեզի կիրառման ձևերը, ինչպես նաև քարտեզի պատրաստման մեթոդները և մարտահրավերները: Քարտեզը ստեղծվել է Հրանտ Դինք հիմնադրամի՝ «Բացահայտելով և պահպանելով Անատոլիայի բազմամշակութային ժառանգությունը» ծրագրի շրջանակներում 2014թ.-ին: Այն ինտերակտիվ առցանց քարտեզ է, որն իր մեջ ամփոփում է Անատոլիայի հայկական, հունական, սիրիական և հրեական համայնքների եկեղեցիները, սինագոգերը, վանքերը, դպրոցները, մանկատները և հիվանդանոցները:
Քննարկումն անցկացվեց անգլերենով՝ համընթաց թարգմանությամբ: