2010թ. դեկտեմբերի 8-ին բացվեց «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդեսը, որն իրականացվեց Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանի, «Ստամբուլ-2010 Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» գործակալության, Հրանտ Դինք հիմնադրամի և «ՀայՃար» կազմակերպության հետ համագործակցությամբ: Դեկտեմբերի 14-ին Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ քննարկում: Բահչեշեհիր համալսարանից Հասան Քուրույազըջըն, ով իրականացրել էր ծրագիրը, վարեց քննարկումը, որի զեկուցողներն էին Բողազիչի համալսարանից պրոֆ. Էդհեմ Էլդեմը, Ստամբուլի տեխնիկական համալսարանից դոկտոր պրոֆ. Աֆիֆե Բաթուրը, Բողազիչի համալսարանից դոկտոր Ահմեթ Էրսոյը և դոկտոր Էլմոն Հանչերը:
Բացման խոսքից հետո վարող Հասան Քուրույազըջըն խոսքը փոխանցեց Էդհեմ Էլդեմին: Իր խոսքում Է. Էլդեմը նշեց, որ տարբերությունների վերացումը կարող է հանգեցնել միաձուլման: Միևնույն ժամանակ նա նշեց, որ խնդրահարույց է խոսել հայերի մասին որպես միայն պալատներ, տներ կառուցողներ և երգեր գրողներ: Է. Էլդեմը նաև խնդրահարույց անվանեց փաստաթղթային ֆետիշիզմը և ընդգծեց փաստարկումների թերությունները:
Պրոֆ. Աֆիֆե Բաթուրը բացատրեց, որ ճարտարապետական կառույցների հետ աշխատելիս նա ուշադրություն է դարձնում ոչ թե ճարտարապետների էթնիկ արմատներին՝ կլինի հայ, հույն, իտալացի, թե մերձարևելքից, այլ ճարտարապետական բուն կոթողին՝ օգտագործելով դիտարկման և ոչ թե շահարկման մեթոդաբանությունը: Ա. Բաթուրը նշեց, որ 35 տարի ուսումնասիրել է Պալյան ընտանիքի աշխատանքները, սակայն ընտանիքի էթնիկ արմատները երբևէ իր ուսումնասիրության խնդիրը չեն եղել: Ըստ նրա՝ Պալյանները շատ կարևոր ճարտարապետական ձեռագիր են ունեցել: Նա նշեց, որ Պալյան ճարտարապետները օգտագործել են տեղական և ավանդական էլեմենտներ՝ որպես օրինակ ցույց տալով Դոլմաբահչե պալատը: Այս պատճառով էլ նա դիտարկում է Պալյան ընտանիքը ոչ թե որպես էթնիկ խմբի մաս, այլ որպես օսմանյան ճարտարապետության օրինակ: Նա նաև խոսեց այն մասին, թե ինչու պետք է ուսումնասիրվի 19-րդ դարի ճարտարապետությունը:
Քննարկման թեմաներից էր նաև «Օսմանյան կայսրության ճարտարապետության ընկալումը»: Ա. Բաթուրը բացատրեց, որ 19-րդ դարում ճարտարապետի և կապալառուի միջև չկար էական տարբերություն. կապալառուն նաև կառույցների դիզայներն էր:
Ա. Բաթուրի մեկնաբանությունները հիշեցրին արվեստի պատմաբան Սելման Ջանի փաստարկները, ով պնդում էր, որ Պալյաններն այսօրվա կապալառուների նման են աշխատել և արտասահմանում էլ գովազդել են իրենց աշխատանքները:
Երրորդ խոսնակ արվեստի պատմաբան Էլմոն Հանչերը ներկաներին պատմեց եկեղեցիների ճարտարապետության, դրանց պատմական զարգացման և հայկական եկեղեցիների պատմության մասին:
Դոկտոր Ահմեթ Էրսոյը խոսեց պատմությունը տարբեր տեսանկյուններից և բազմաշերտ մոտեցմամբ գրելու կարևորության մասին: Նա նշեց, որ կարևոր է հարցադրել, թե ինչ ենք հասկանում՝ օսմանյան ճարտարապետություն ասելով, կամ ով է ճարտարապետը:
Քննարկվեց նաև ճարտարապետության մեջ գլխավոր պատասխանատուի (աշղեկի) դերը և իմաստը: Քննարկումն ավարտվեց՝ ներկաների հարցերին պատասխանելով: