Օր՝ 2015թ. մայիսի 20 և 21
Վայր՝ Հրանտ Դինք հիմնադրամ՝ Անարատ հղության շենք, «Հավաք» սրահ
Հրանտ Դինք հիմնադրամի՝ «Անատոլիայի մշակութային ժառանգություն» ծրագրի նպատակն է նպաստել Անատոլիայում հունական/ուղղափառ, հայկական, ասորի/սիրիական և հրեական ժառանգությունը տեսանելի դարձնելուն և դրանց հանդեպ պատասխանատվություն կրելու գործին՝ գույքագրելով դրանք: Հավաքագրված տվյալները ներկայացվել են առցանց քարտեզի տեսքով. այն ներառում է եկեղեցիներ, վանքեր, սինագոգեր, դպրոցներ, հիվանդանոցներ և գերեզմանատներ: Այս երկօրյա միջոցառման առավել հեռահար նպատակը նմանատիպ ծրագրերի շուրջ փորձով և գիտելիքներով կիսվելն ու Թուրքիայում մշակութային ժառանգության հարցերի շուրջ կոլեկտիվ մտորումներ ունենալն է: Աշխատաժողովների ժամանակ անդրադարձ է արվելու հետևյալ հարցերին.
Ի՞նչ է մշակութային ժառանգությունը: Ինչպե՞ս է այն դիտարկվում տարբեր ոլորտներում:
Ինչպե՞ս են համայնքները ներգրավվում մշակութային ժառանգության պահպանման գործում:
Ինչպիսի՞ն է Թուրքիայում մշակութային ժառանգության ծրագրերի շրջանակը, որո՞նք են սահմանափակումները և մարտահրավերները»:
Մայիսի 20
«Մշակութային ժառանգություն. հասկացություններ և կիրառություն» խորագրով առաջին քննարկումը վարեց Բողազիչի համալսարանից Անեստիս Վասիլակերիսը: Կիպրոսի համալսարանից Թոմաս Սինքլեիրը բանախոսեց մշակութային ժառանգության սահմանման և դասակարգման մասին: Միմար Սինանի գեղարվեստի համալսարանից Քորհան Գյումյուշը խոսեց մշակութային ժառանգության մասին՝ որպես մասնակցային գործընթաց, իսկ Գալաթասարայ համալսարանից Նիլգյուն Թութալ Չեվիրոնը խոսեց Թուրքիայի՝ զբոսաշրջության ոլորտում մշակութային ժառանգության վերաբերյալ քաղաքականությունից:
«Մշակութային ժառանգություն. տեսություններ և հարցադրումներ» խորագրով երկրորդ քննարկումը վարեց Թուրքիայի Եվրոպա Նոստրա կազմակերպությունից Ըշըք Այդեմիրը: Միջին Արևելքի տեխնիկական համալսարանից Չիղդեմ Աթաքումանը խոսեց Թուրքիայում մշակութային ժառանգության պատմության, սահմանման և արժեքների մասին: Ճարտարապետության և վերականգնման ոլորտում մագիստրոսական աստիճան ունեցող Ալին Պոնտիօղլուն Էլազըղի օրինակով ներկայացրեց մշակութային ժառանգության մասին զեկույցներ պատրաստելու մասին: Եվրոպա Նոստրայից Կոստաս Ստամատոպուլոսը ներկայացրեց մշակութային ժառանգության ոլորտում Եվրոպա Նոստրայի իրականացրած ծրագրերը:
Մայիսի 21
Բողազիչի համալսարանից Անեստիս Վասիլակերիսը և Միջին Արևելքի տեխնիկական համալսարանից Չիղդեմ Աթաքումանն իրականացրին «Բազմամշակութային գույքագրում» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր քննարկել և հետաքննել մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության բազմաթիվ սահմանումները, հասկացություններն ու մեթոդները: Մշակութային գույքագրման ծրագրի թիմը կիսվեց իր աշխատանքի արդյունքներով և եզրահանգումներով. այս ծրագիրը սկսվել է 2014թ.: Թիմը ներկայացրեց նաև դեպքերի ուսումնասիրություններ, որոնք հետո քննարկվեցին աշխատաժողովի մասնակիցների խմբերում: Մասնակիցներն էլ իրենց հերթին կիսվեցին իրենց վերլուծություններով, առաջարկներով և հարցերով: