Բողազիջի համալսարանի պատմության, սոցիոլոգիայի և քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների բաժինների կողմից կազմակերպված Խոսքի ազատությանն ու մարդու իրավունքներին նվիրված Հրանտ Դինքի հիշատակի դասախոսության 2-րդ տարում սըր Ջեֆրի Բայնդմենը դասախոսեց «Խոսքի ազատություն․ համընդհանուր իրավունքներ» խորագրի ներքո։

Ջեֆրի Բայնդմենը քաղաքացիական ազատությունների ու մարդու իրավունքների, մեդիա իրավունքի, զրպարտության ու հակախտրականության իրավունքի ոլորտներում մասնագիտացած իրավախորհրդատու է, գրող ու հեռուստատեսային մեկնաբան։ Նա Մարդու իրավունքների բրիտանական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Ծնվել է 1933թ․, մինչև 1960թ․ աշխատել է Լոնդոնում՝ որպես փաստաբան։ 1974թ․ հիմնադրել է «Բայնդմեն ընդ փարթնըրզ» ընկերությունն ու իր երկարատև ու վաստակաշատ աշխատանքային գործունեության ընթացքում խորամուխ է եղել քաղաքացիական ազատությունների ու մարդու իրավունքների հարցերում։ 1965-76թթ․ եղել է Ռասայական հարաբերությունների խորհրդի, այնուհետև՝ մինչև 1983թ․ Ռասայական հավասարության հանձնաժողովի իրավախորհրդատուն։ Ներկայացրել է Իրավաբանների միջազգային հանձնաժողովը, Փաստաբանների միջազգային միությունը, «Ամնեսթի Ինթերնեշընըլը» և այլ կազմակերպություններ տարբեր երկրներում գործող մարդու իրավունքների առաքելություններում՝ ներառյալ Խորհրդային Միությունում, Գերմանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Չիլիում, Ուգանդայում, Նամիբիայում, Մալայզիայում, Իսրայելում և օկուպացված տարածքներում և Հյուսիսային Իռլանդիայում։ 1999թ․ նա ստացել է Իրավունքի միության պաշտոնաթերթի (Law Society Gazette) մրցանակը՝ մարդու իրավունքների ոլորտում ցկյանս նվաճման համար, իսկ 1993թ․ ստացել է պաշտոնաթերթի հարյուրամյակի մրցանակը։     

 Ելույթ

Պատիվ ու առանձնակի շնորհ է ստանալ դասախոսություն կարդալու հրավեր՝ ի հիշատակ բացառիկ կարևորության ու քաջության տեր մի մարդու, ով զոհեց իր կյանքը՝ բարձր պահելով լրագրողի բարձրագույն պարտականությունը՝ խոսել ճշմարտության մասին այնպես, ինչպես ինքն այն տեսնում էր։ Առանձնակի շնորհ է նաև դասախոսել Ռաքել Դինքի ներկայությամբ, ով իր վշտալի կորստին առերեսվեց այդպիսի ուժով ու արժանապատվությամբ։

Պատիվ է նաև հաջորդել վաստակաշատ գրող Արունդհատի Ռոյին, ով անցյալ տարի բացեց դասախոսությունների այս շարքն իր ելույթով։ Ծանոթ եմ իր փայլուն ու պերճախոս աշխատանքներին, որոնցում նա անդրադառնում է ցեղասպանության խնդրին՝ որպես օրինակ սկսելով 1915թ․ գարնանը Անատոլիայում կատարված աղետից։

Թեև քաջ գիտակցում եմ, որ այդ իրադարձությունը հրապարակավ ուսումնասիրելու քաջությունն ու համառությունը հանգեցրին Հրանտ Դինքի մահվանը, այս երեկո մտադիր չեմ խորանալ հենց այս թեմայի մանրամասների մեջ։ Իմ մտահոգությունը Հրանտի գրածը չէ, այլ որևէ թեմայով կարծիք արտահայտելու նրա ազատությունը։ Իմ թեման խոսքի ազատության նրա իրավունքն է։ Պնդում եմ, որ սա մի իրավունք է, որը սահմանափակված չէ որևէ ժամանակաշրջանով կամ տարածքով․ այն հիմնարար ու համընդհանուր իրավունք է, որը պատկանում է ողջ մարդկությանը։

Խոսքի ազատությունը պետք է փայփայել ու պաշտպանել՝ անհրաժեշտության դեպքում՝ իրավական երաշխիքներով։ Սա աշխարհի ազգերի միջև միասնական համաձայնություն է, որին նրանք հասել են հարյուրամյակների ընթացքում։ Ինչպես 1644թ․ ասել է անգլիացի մեծ պոետ Ջոն Միլթոնը․ «Բոլոր այլ ազատություններից վեր՝ տվե՛ք ինձ իմ խղճի համաձայն ազատորեն իմանալու, արտասանելու ու վիճաբանելու ազատությունը»։

Հրանտ Դինքի սպանությունը տեղի ունեցավ երկու տարի առաջ։ Այս հանցանքի համար մեղադրյալների դատավարությունը, իմ տեղեկություններով, դեռևս չի ավարտվել։ Թեև շուրջ 50 տարի աշխատում ու դասավանդում եմ իրավունքի ոլորտում և նաև քրեական իրավունքի մասնագետ եմ, մտադրություն չունեմ մեկնաբանել Թուրքիայի դատարաններում թեռևս ընթացքի մեջ գտնվող գործը։ Ինչ-որ իմաստով՝ դա իմ թեմային չի էլ վերաբերում։ Վերաբերելի է, սակայն, այն, թե որքանով է Թուրքիայում գործող օրենսդրությունը համապատասխանում միջազգային չափորոշիչներին։ Այդ սպանությունն առանձնակի չարամտությամբ հարձակում է խոսքի ազատության վրա, սակայն իմ մտահոգությունն այսօր կառավարության դերի ու խոսքի իրավունքն իրացնելու համար քաղաքացու ազատությունը պաշտպանող իրավական դաշտի վրա կենտրոնանալն է։

Դինքն, անշուշտ, իր կարծիքներն արտահայտելու ազատության սահմանափակումների թիրախն էր, որոնք պարտադրվել էին օրենքով։ Ինչպես և Օրհան Փամուկին՝ հռչակավոր թուրք գրողին ու այլոց, նրան նույնպես դատի էին տվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ թուրքական ինքնությունը  վիրավորելու հանցանք գործելու համար։ Սրա մասին ավելի մանրամասն դեռ կխոսեմ։

Խոսքի ազատության մարդու իրավունքը այս պահին քննարկելը պատեհ է նաև այն պատճառով, որ ընդամենը շաբաթներ առաջ տոնում էինք ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» ընդունման 60-րդ տարելիցը։ Այս հռչակագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված Միավորված ազգերի կազմակերպության ռազմավարության կենսականորեն կարևոր տարրերից մեկն էր՝ հանուն աշխարհում խաղաղության ու արդարության հաստատման։ Սակայն խոսքի ազատության համար պայքարի պատմությունը շատ ավելի վաղ ակունքներ ունի։

Թու´յլ տվեք խոսել Անգլիայում այդ պայքարի պատմությունից։ Անգլիայում քաղաքացիական ազատությունների ու մարդու իրավունքների պատմությունը ստացել է համաշխարհային կարևորություն, քանի որ մարդու իրավունքների միջազգային շարժումը, որը հետագայում զարգացավ ՄԱԿ-ի միջոցով, մեծապես հենվում էր անգլիական նախադեպերի վրա։ Կրկին վերադառնամ հանրապետական պոետ Ջոն Միլթոնին։ 1944թ․ նա հրապարակեց «Արեոպագիտիկա» վերնագրով իր հայտնի ելույթը։ Անվանումը հունարեն է։ Արեոպագոսը հին Աթենքի խորհրդարանն էր։ Աթենքում խոսքի իրավունքը ճանաչված էր որպես քաղաքացու տարրական իրավունք։ Միլթոնին իր հռչակավոր ելույթին էր դրդել Անգլիայում Չարլզ Առաջին թագավորի կառավարության ընդունած նոր օրենքը, որով գրքերի գրաքննությունն ավելի էր խստացվում։ Գրաքննությունը մերժելու նպատակով Միլթոնն ընտրեց հույն հռետոր Իսոկրատի ելույթի ձևը, որով վերջինս ելույթ էր ունեցել Արեոպագոսում մ․թ․ա․ 400-ականներին։

Միլթոնի ելույթն ուղղված էր Անգլիայի խորհրդարանին, որն ընդունել էր հրատարակիչներին ու գրավաճառներին վերահսկելու հրովարտակ։ Նրանցից պահաջնվելու էր նախքան որևէ գրավոր նյութ հրատարակելը, տպագրելը, վաճառելն ու ներկրելը, թույլտվություն ստանալ կառավարությունից։ Հրովարտակով ավելի էր ամրապնդվում Անգլիայի համար անբարենպաստ արտահայտվող մամուլի ու կարծիքների գրաքննության ավանդույթը, որին խստորեն հետևում էին Եղիսաբեթ Առաջին թագուհին ու նրան նախորդող բրիտանական միապետերը։

Ու չնայած Միլթոնի ազդու բողոքին, ի դեպ, նա ազդեցություն ուներ իբրև լորդ-պրոտեկտոր Օլիվեր Քրոմվելի քարտուղար, պահանջվեց ևս 50 տարի, մինչև կազատականար «Անգլիական հեղափոխություն» կոչվածը, և կվերացվեր արտոնագիր ստանալու պահանջը։ Քաղաքական ճակատագրի մի շարք փոփոխություններ ևս տեղի ունեցան, ու արտոնագրման օրենքով ճնշվող փոքրամասնական կարծիքն արդեն դարձավ մեծամասնական։ Երբ իշխանության գլուխ կանգնած կառավարությունը փորձում է գրաքննություն հաստատել, այն գրաքննություն է հրավիրում սեփական հրապարակումների նկատմամբ, երբ վերածվում է ընդդիմության։ Այլախոհությունը ճնշելուն միտված օրենքներ բանեցնող կառավարությունները հաճախ մոռանում են, որ դրանք կարող են իրենց դեմ օգտագործվել, երբ նրանք կորցնեն իշխանությունը։ Վիճարկելի հրապարակումներին մարտահրավեր նետելու այլ իրավական լծակներ կային, ասենք՝ զրպարտության ու աստվածանարգության համար հետապնդումը։ Քաղաքական նպատակների համար բռնության սպառնալիքները վաղուց էին արգելված դավաճանության ու ըմբոստության դեմ օրենքներով ու որպես կանոն՝ պատժվում էին մահապատժով։

Խոսքի ազատությանը նվիրված իր ճարտարախոս դիմում-կոչում նույնիսկ Միլթոնն էր ընդունել, որ անհրաժեշտ էին որոշակի սահմանափակումներ։ Նա մատնանշել էր, որ նույնանման բացառություններ առկա են եղել հին Հունաստանում։ Բայց հանուն խոսքի ազատության Միլթոնի գլխավոր փաստարկն այն էր, որ դա զարգացնում էր հանրության իմաստությունը՝ թույլ տալով, որ բոլոր քաղաքականություններն ու հարցերը ենթարկվեին հնարավորինս լայն բանավեճերի։ Ազատ ու անարգել բանավեճի արդյունքն էլ այն է, որ բոլոր տեսակի փաստարկներն ու տեսակետները կարող են ներկայացվել ու գնահատվել խաղաղ ու ողջախոհ միջավայրում։ Խոսքի ազատությունը բարենպաստ է հանրության համար։ Չնայած Միլթոնը չէր գործածել «ժողովրդավարություն» բառը, նրա փաստարկը մղում է այն մտքին, որ խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունն ընթանում են համաքայլ։ Անհնար է ունենալ ժողովրդավարություն, եթե ճնշվում է խոսքի ազատությունը։

Թեև Բրիտանիայում հրապարակման համար արտոնագիր պահանջելն այլևս չվերականգնվեց, կառավարությանը դեմ գնացող հրապարակումների ճնշումներ պարբերաբար տեղի են ունեցել։ Կառավարությունները, որոնք իրենց քաղաքացիներին վերահսկելու մեջ օգուտ էին միշտ տեսնում, հորինել ու լայնացրել են օրենքների տեսակներ, որպեսզի ապախրախուսեն ու պատժեն այլախոհությունը։ Կառավարությանը դիմադրողներից շատերը մինչև 19-րդ դարը մահապատժի են ենթարկվել դավաճանության հիմքով։ Թեև սկզբում դավաճանության ու ըմբոստության դեմ օրենքները կենտրոնացած են եղել ֆիզիկական բռնության ու բռնի հեղափոխության սպառնալիքի վրա, կառավարությունները քաղաքական կարծիքի արտահայտումը հաճախ ընդունել են իբրև ապացույց, որպեսզի արդարացնեն մարդկանց հետապնդումը, ում նրանք ցանկանում էին ճնշել։

Պատերազմների ժամանակ և երբ կառավարությունները վախեցել են օտարերկրյա ներխուժման կամ հարձակման վտանգից, նրանք անխուսափելիորեն փնտրել են սեփական քաղաքացիների մեջ իրենց ընդդիմադիրներին ճնշելու եղանակներ՝ կասկածելով նրանց թշնամուն օգնելու մեջ։ 1789թ․ Ֆրանսիական հեղափոխությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի շատերը Բրիտանիայում սատարեն միապետությունը հեղաշրջելու գաղափարը։ Կային նաև ուրիշները, ավելի չափավորները, որոնք ոգևորված էին Ֆրանսիայի իրադարձություններով և առաջարկում էին ավելի սահմանափակ բարեփոխումներ, ներառյալ՝ ավելի հաճախակի պառլամենտական ընտրություններ ու ավելի լայն ընտրական իրավունք (այդ ժամանակ խորհրդարանի անդամներ ընտրելու իրավունքը սահմանափակված էր փոքրաթիվ հարուստ կալվածատերերի ընտրական իրավունքով)։ Ինչպես բոլոր կառավարությունները, Վիլյամ Փիթի կառավարությունը 1790թ․ չափազանցրեց հանրային կարգին ներկայացված վտանգն ու ընդդիմության վնասակարությունը հանրության համար։ Հանրային տագնապների ժամանակ, սակայն, կառավարություններն իրենց ավելի վստահ են զգում իրավունքները սահմանափակելու հարցում։ Տեսնում ենք, թե ինչպես այսպես կոչված՝ «ահաբեկչության դեմ պատերազմը» չարաշահվեց՝ արդարացնելու մարդու իրավունքների խախտումները, օրինակ՝ Միացյալ Նահանգներում, Գուանտանամոյի ծոցում։  

Թեև հրապարակումների արտոնագրման պահանջը վաղուց չկար, Բրիտանիայում 18-րդ դարում կառավարության հիմնական գործիքը ըմբոստության կամ դավաճանության դեմ օրենքներին էին։ 1794թ․ ամենամյա խորհրդարան ու համընդհանուր ընտրական իրավունք պահանջող շարժման առաջնորդները կանգնեցին դատարանի առջև դավաճանության մեղադրանքով։ Նրանց փրկեց Բրիտանիայի իրավական համակարգի ժողովրդավարական տարրը՝ հասարակ մարդկանցից բաղկացած երդվյալ ատենակալները․ լուրջ քրեական մեղադրանքներով դատավճիռները ոչ թե կայացնում էին կառավարության կողմից նշանակված դատավորները, այլ բոլոր ընտանիքներից պատահականորեն ընտրված՝ 12-հոգանոց երդվյալ ատենակալների խումբը։ Հետապնդումը ձախողվեց․ ատենակալները դավաճանության մեղադրանքով անցնող բոլոր ամբաստանյալներին ճանաչեցին անմեղ։  

Ամենակարևորն այն է, որ այս մարդիկ չէին փորձում երկրի կառավարությունը բռնի ուժով հեղաշրջել, նրանք ընդամենը ձգտում էին ժողովրդավարության լայնացման ու դա անում էին խաղաղ ճանապարհներով։ Բռնությունը ճնշելը լեգիտիմ է, իսկ խաղաղ դիմադրությունը՝ ոչ։

Մինչև 2000թ․ Բրիտանիայում չի եղել ընդհանուր օրենք, որը կհռչակեր խոսքի ազատության իրավունքը։ Բիրտանիան երբեք գրված սահմանադրություն կամ օրենսգիրք չի ունեցել։ Իրավունքը զարգացել է մաս-մաս՝ աստիճանաբար, բաղկացած լինելով խորհրդարանի կողմից անցկացված կանոնագրքերից ու ընդհանուր իրավունքից, տարիների ընթացքում կուտակված դատական վճիռներից։ Միշտ ասվել է, որ Բրիտանիայում քաղաքացուն թույլատրված է անել ցանկացած բան, եթե այն օրենքով հստակորեն արգելված չէ։

Այսպիսով, կար խոսքի ազատություն՝ բացառությամբ դեպքերի, երբ այն օրենքով սահմանափակված էր։

Մինչև 20-րդ դարի սկիզբը խոսքի ազատությունն օրենքով սահմանափակված էր միայն արդեն նշածս դեպքերում․ դավաճանությունն ու ըմբոստությունը հանցանքներ էին, որոնք պարունակում էին ֆիզիկական ուժով միապետին կամ կառավարությանը իշխանությունից զրկելու նպատակ։ Կար նաև աստվածանարգության հանցանքը, որն այժմ բոլորովին ակտուալ չէ․ այդ հանցանքը քրիստոնեությունը վիրավորելն էր, բայց միայն այն դեպքում, երբ կրոնի ներկայացուցիչը Անգլիկան եկեղեցին է։ Երբ 1988թ․ գրող Սալման Ռաշդին հրապարակեց իր «Սատանայական ոտանավորներ» վեպը, փորձեր եղան նրան քրեական հետապնդման ենթարկել աստվածանարգության համար, սակայն դատարանը վճռեց, որ օրենքը չէր վերաբերում մահմեդական կրոնին։ Անկասկած, շատ մահմեդականներ էին վիրավորվել գրքից, և զարմանալի չէ, որ ոմանք նաև փորձել են օգտվել օրենքից՝ այն սահմանափակելու համար։ Պահանջներ էին ներկայացվում կառավարությանը, որպեսզի վերջինս ձեռնարկի դա, սակայն այն հրաժարվում էր միջամտել, և հեղինակի՝ հրապարակելու իրավունքը մնաց անձեռնմխելի։ Արտաքին գործերի քարտուղարը՝ սըր Ջեֆրի Հաուին այն ժամանակ տվեց հստակ պատասխան․ «Բրիտանական կառավարությունը, բրիտանական ժողովուրդը գրքի նկատմամբ որևէ համակրանք չունի․ այն Բրիտանիան համեմատում է հիտլերյան Գերմանիայի հետ։ Այն մեզ ավելի դուր չի գալիս, քան մահմեդական հավատքի մարդկանց, ում կրոնի վրա գիրքը հարձակվել է։ Ուստի, այս գիրքը մեր հովանավորության ներքո չէ։ Սակայն մեր հովանավորության ներքո է մարդկանց ազատ խոսելու ու ազատ հրապարակելու իրավունքը»։ Հնարավոր է՝ Միլթոնը նույն բանն է ասել։ 20-րդ դարում աստվածանարգության հոդվածով ընդամենը երկու-երեք դատավարություն է ընթացել, ու շատ քիչ է հավանականությունը, որ երբևէ կրկին կընթանա։

Ազատ արտահայտվելու սկզբունքն ու բրիտանական իրավունքում գոյություն ունեցող սահմանափակումները, որոնք ես նշեցի, որոշակի փոփոխություններով տեղ են գտել Միացյալ Նահանգների իրավական համակարգում։ Խոսքի ազատությունը երաշխավորված է ԱՄՆ սահմանադրության առաջին փոփոխությամբ։

Միավորված ազգերի կազմակերպությունը հիմնադրվեց 1945թ․՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո, ազգերի համաշխարհային համայնքի կողմից, ներառյալ՝ անշուշտ Թուրքիայի՝ հիմնականում իբրև ազգերի միջև վեճերի խաղաղ լուծմանը հասնելու միջոց։ ՄԱԿ-ի խարտիայում, օրինակ, գրված է, որ ոչ մի պետություն պատերազմ չպետք է սկսի՝ բացառությամբ հետևյալ երկու դեպքերի՝ ինքնապաշտպանություն կամ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տրվել է հստակ լիազորություն։ Որպեսզի վարքականոնի չափանիշներ հաստատվեն ազգային պետությունների համար, ՄԱԿ-ը կազմեց Մարդու իրավունքների հանձնաժողովը։ Այս մարմնի առաջին առաջադրանքն էր նախապատրաստել Իրավունքների միջազգային օրինագիծը՝ մի փաստաթուղթ, որն ուրվագծում էր մարդկային ու քաղաքակիրթ վարքի հիմքում ընկած իրավունքները, որոնք բոլոր պետությունները պետք է հանձն առնեին հարգել ու կիրառել, անհրաժեշտության դեպքում՝ կիրարկել իրավական ընթացակարգերի միջոցով։ Այս սկզբունքները շարադրելու գլխավոր ուղղորդողներից էր տիկին Էլեոնոր Ռուզվելտը՝ ԱՄՆ այն ժամանակվա նախագահի կինը։ Թեև սկզբունքները սկզբնապես մշակվել էին Բրիտանիայում, այնուհետև ընդունվել ԱՄՆ սահմանադրությունում, դրանք համընդհանուր հաստատվեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, որն ընդունվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից իբրև միջազգային իրավական համակարգ ստեղծելու գործընթացի առաջին քայլ։

Սահմանված կարևորագույն իրավունքներից էր խոսքի իրավունքը։ Ահա այսպես է շարադրված Հոդված 19-ը։

«Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ տեղեկություններ և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը»:

Հաջորդ փուլը, որի ընթացքում այս և իրավունքներ ամփոփող նույնաչափ երկարության ևս 30 հոդվածից բաղկացած փաստաթղթերը պետք է վերածվեին  պրակտիկորեն արդյունավետ մի իրավական փաստաթղթի, ձգձգվեց շուրջ 20 տարի։ Միացյալ Նահանգների ու Խորհրդային Միության, ինչպես նաև դրանց համապատասխան դաշնակիցների միջև «սառը պատերազմի» ժամանակ շատ քիչ առաջընթաց արձանագրվեց։ Սակայն 1966թ․ ընդունվեցին Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների, ինչպես նաև Տնտեսական ու սոցիալական իրավունքների միջազգային դաշնագրերը։ Առաջինում համոզմունքների ու խոսքի ազատության իրավունքի շարադրանքն ավելի ընդարձակ էր, քան Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Յուրաքանչյուր ոք պետք է ունենա խոսքի ազատություն, ներառյալ՝ «ցանկացած տեսակի տեղեկություն ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն՝ անկախ պետական սահմաններից, բանավոր, գրավոր կամ մամուլով, գեղարվեստական ձևով կամ սեփական ընտրությամբ որևէ այլ կերպ»։ Կար, սակայն, մի կարևոր հավելում․ իրավական գործընթացի համար հիմք նախատեսող փաստաթղթում բացարձակ ազատության հանձնառությունն անիրագործելի էր․ կարող էին լինել լեգիտիմ բացառություններ։ Ուստի հավելվեց սահմանափակող դրույթը, որով սահմանվում էր, որ նախատեսված իրավունքներից օգտվելը դնում է հատուկ պարտականություններ ու հատուկ պատասխանատվություն, հետևաբար դրանք կապված են որոշակի սահմանափակումների հետ, որոնք, սակայն, պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ՝ ա) այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու համար, բ) պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության անվտանգության համար։

Թեև այս սահմանափակող դրույթը ահազանգում էր, թե մի ձեռքով տրվածը մյուս ձեռքով խլվում էր, պետք է հիշել, որ դրանք ենթակա էին հետևյալ կարևոր սահմանափակմանը․ դրանք կարող էին կիրառվել, միմիայն եթե բավարարում էին «անհրաժեշտ» լինելու պայմանը։ Կարծիք արտահայտելու ազատությունը չէր կարող ճնշվել որևէ ավտորիտար կառավարության քմահաճույքով կամ ծառայել ոչ ժողովրդավարական կամ հակաժողովրդավարական նպատակների՝ պետական պաշտոնյաների վարքի մասին տեղեկությունների հասանելիության կամ ազատ բանավեճի արգելքի միջոցով։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով մեկնարկած գործընթացի հաջորդ փուլը գործուն իրավական ընթացակարգերի ստեղծումն էր, որպեսզի որոշվեր, թե երբ են նշված սկզբունքները խախտվում և ինչ գործիքներ են անհրաժեշտ՝ որոշումների կիրարկումն ու խախտումներից տուժածների իրավունքների վերականգնումն ապահովելու համար։ 1950թ․ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան սահմանեց այդ մեխանիզմը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար, և անշուշտ, Թուրքիան այդ պետություններից մեկն է․ Կոնվենցիան ստորագրած անդամ երկիրը, ինչպես նաև անհատական հայց ներկայացնելու դրա կամընտիր իրավունքը ստորագրելու դեպքում ցանկացած անդամ պետության կողմից տուժած անհատները ևս կարող էին հայց ներկայանել Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների դատարան։

Խոսքի ազատության իրավունքը սահմանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածում։ Այն լայն իմաստով հետևում է Միջազգային դաշնագրի բանաձևին, սակայն դրանում կրկին ակնհայտ է դիվանագետների զգուշությունը, որով նրանք պաշտպանում են վարչարարական ու բյուրոկրատական շահերը։ Կան բացառություններ․ թույլատրվում է նույնիսկ հրապարակումների արտոնագրումը։ Թեև հստակեցվում է, որ խոսքի ազատության իրավունքը ներառում է կարծիք ունենալու և տեղեկություններ ու գաղափարներ ստանալու ու տարածելու ազատությունն՝ առանց պետական իշխանության միջամտություն ու անկախ պետական սահմանների, «Այս ազատությունների իրականացումը կարող է ենթակա լինել այնպիսի ձևականությունների, պայմանների, սահմանափակումների կամ պատժամիջոցների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, մարդկանց առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։

Թեև առաջին հայացքից այս բացառությունները կարծես այնքան սողանցքեր են բացում, որ չեզոքացնում են խոսքի ազատության որևէ իրական երաշխիք, բացառությունների սահմանափակումն առ այն, որ դրանք «պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում», մեզ հիշեցնում է, որ բացառությունները պետք է կիրառվեն խնայողաբար։ Դրանք հասու են միայն այն կառավարություններին, որոնք ցանկանում են խոսքի ազատության սահմանափակումները ծառայեցնել առավել գերակա հանրային շահին։

2000թ․ Բրիտանիայի խորհրդարանն ուժի մեջ մտցրեց Մարդու իրավունքների մասին օրենքը։ Դրա նպատակը բրիտանական դատարաններին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով վճիռներ կայացնելու կարողությամբ օժտելն էր։ Թեև բրիտանական օրենսդրությունը մեծամասամբ համապատասխանում էր Կոնվենցիայով Բրիտանիայի պարտականություններին, դատարանները սեփական լիազորությամբ չէին կարողանում դատական պաշտպանություն ապահովել խախտումներից տուժած հայցվորների համար։ Նման մարդիկ ստիպված էին լինում բողոքը տանել Ստրասբուրգ՝ ՄԻԵԴ, ինչը երկարատև ու ծախսատար գործընթաց էր։ Ընդունված օրենքով ստացվեց այնպես, որ 10-րդ հոդվածի շրջանակներին և խոսքի ազատությանը վերաբերող վեճերը կարող էին բերվել ներպետական դատարաններ։ Սրա արդյունքում մի շարք այլ կարևոր զարգացումներ տեղի ունեցան, մասնավորապես՝ մասնավոր կյանքի իրավունքի ստեղծումը։ Մամուլի ազատության առնչությամբ՝ նոր օրենքը դատարաններին պարտադրում էր առանձնակի պարտականություն՝ ճանաչել Կոնվենցիայով սահմանված՝ խոսքի ազատության իրավունքի կարևորությունը։

Ինչ վերաբերում է մասնավոր կյանքին, կարևոր է նշել, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը պաշտպանում է մասնավոր ու ընտանեկան կյանքի, տան ու նամակագրության գաղտնիության իրավունքը։ Հստակորեն կա խոսքի ու մասնավոր կյանքի իրավունքների բախման հնարավորություն, ուստի դրանք պետք է հակակշիռներ ունենան։ ՄԻԵԴ-ը դա արել է, և սահմանվել է այն սկզբունքը, որ մամուլն իրավունք չունի անձանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ հրապարակելու իրավունք՝ բացառությամբ, եթե դա հետապնդում է հանրային շահ։ Բրիտանիայում վերջերս տեղի ունեցած դեպքը վերաբերում էր «Աշխարհի լուրերը» թերթի մի հրապակման, որտեղ պատմվում էր ավտոմրցաշարային ոլորտում հայտնի մի մարդու տարօրինակ սեռական վարքի մասին։ Պարզվում է նաև, որ այդ մարդը «Բրիտանացի ֆաշիստներ» խմբավորման առաջնորդ՝ սըր Օսվալդ Մոզլիի որդին է։ Թերթը պնդում էր, որ ըստ իբրև-թե պարզված տեղեկատվության, Մոզլիի սեռական վարքը ներառում էր կանանց, որոնք հագնում էին նացիստական համազգեստներ, սակայն այս մասով թերթն ապացույցներ չէր կարողանում ներկայացնել, իսկ պրն․ Մոզլին հերքում էր նացիստական տարրի առկայությունը։ Դատարանն ի վերջո վճռեց, որ նա ունի իր գործունեության, ինչն ինքնին անօրինական չէր, գաղտնիության իրավունք ու թերթին պարտավորեցրեց վնասի փոխհատուցում։ Դատարանի այս վճիռը լայնորեն քննադատվեց, բայց ես անձամբ համարում եմ, որ այն օրենքի ճիշտ մեկնաբանություն էր։

Ներկայում Եվրոպայի պատմության զգայուն մի փուլում ենք գտնվում։ Եվրոպական Միությունն ընդլայնվելու քաղաքականություն է հետապնդու. դրան վերջերս մի շարք նոր պետություններ են անդամակցել։ Եվրամիությունն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան որպես մարդու իրավունքների պաշտպանության չափորոշիչ, որին անդամ-պետությունները պարտավոր են հետևել որպես անդամության պայման։ Եթե Թուրքիան պետք է միանա Եվրամիությանը, որի մեծապես արժեքավոր անդամը կլինի, թուրքական օրենսդրությունը խոսքի իրավունքի, ինչպես նաև այլ իրավունքների մասին պետք է համապատասխանի Կոնվենցիային և դրանից բխող նախադեպային իրավունքին, որը զարգացել է Մարդու իրավունքների դատարանի վճիռների միջոցով։

Քանի որ Թուրքիան տարիներ ի վեր ենթակա է Եվրոպական դատարանի ընդդատությանը, խոսքի ազատությունը սահմանափակող թուրքական օրենքներն արդեն մի քանի անգամ վիճարկվել են, և դժվար չէ բացահայտել, թե Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների որ բնագավառների հետ կան հակասություններ։

2000թ․ ՄԻԵԴ-ն Օզգյուր Գյունդեմի գործով վճռեց, որ Թուրքիայի պետությունն ունի խոսքի ազատությունը պաշտպանելու իրավական պարտավորություն։ Դատարանն ապացուցված էր համարել, որ թերթը կառավարության կողմից հետապնդման ու անհատների կողմից սպառնալիքների թիրախ էր դարձել, որոնց դեմ կառավարությունը որևէ արդյունավետ միջոց չէր կիրառել։ Դատարանը վճռեց, որ հետապնդումները, իբրև խոսքի իրավունքի ճնշում, 10-րդ հոդվածի խախտում էին ու չէին կարող հիմնավորվել իբրև «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ» գործողություններ։

2003թ․ «Գյունդուզն ընդդեմ Թուրքիայի» գործով ՄԻԵԴ-ը բավարարեց հայցն առ այն, որ ատելության հրահրման համար դատապարտումը խախտել էր 10-րդ հոդվածը։ Հայցվորը քննադատել էր աշխարհիկ ու ժողովրդավարական սկզբունքներն ու կոչ արել ներմուծել շարիաթական օրենք։ Նրա այս մեկնաբանություններն արվել էին հեռուստատեսային քննարկման ժամանակ, երբ մյուս խոսնակներն արտահայտել էին հակառակ տեսանկյուններ։ Տվյալ դեպքում ՄԻԵԴ-ը նաև եզրակացրել էր, որ Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթով (Հոդված 312, Մասեր 2-րդ և 3-րդ) խոսքի ազատության սահմանափակումը չէր ապացուցվել իբրև «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»։ Այս գործն ընդգծում է, որ խոսքի ազատությունը պաշտպանում է բոլոր կարծիքները, նույնիսկ այդ ազատությունը սահմանափակելու կոչեր անողներին։

2004թ․ «Գերգերն ընդդեմ Թուրքիայի» գործի առնչությամբ «Evrensel» թերթի լրագրողն ու խմբագիրը դատապարտվել էին Քրեական օրենսգրքի նույն հոդվածի խախտման համար։ Դատական վճիռը վիճարկվել էր ՄԻԵԴ-ում նույն հիմքերով։ Այս դեպքում կառավարությունն առաջարկել էր իբրև վեճի կարգավորում վճարել փոխհատուցում, ինչն ընդունվել էր։ Կառավարությունը նաև հանդես եկավ հայտարարությամբ, որով հաստատում էր իր հանձնառությունն՝ ապահովելու Թուրքիայի օրենսդրության ու դատական պրակտիկայի համապատասխանեցումը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջներին։ Այս հայտարարությունը հավաստում էր, որ Թուրքիայում կար խոսքի ազատության սահմանափակումը թուլացնելու կարիք, որպեսզի այն բավարարեր Եվրամիությանը միանալու չափանիշները։ Ես նաև տեղյակ եմ, որ այս նպատակին հասնելու համար զգալի փոփոխություններ են կատարվել, ընդհուպ մինչև սահմանադրության մեջ, որի 28-րդ հոդվածում այժմ ասվում է․ «Մամուլն ազատ է ու չի կարող գրաքննվել։ Պետությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու մամուլի ազատությունն ու տեղեկատվության ազատությունը»։

Թու´յլ տվեք վերադառնալ Քրեական օրենսգրքի այն հոդվածին, որով դատապարտվեց Հրանտ Դինքը։ 301-րդ հոդվածը 2005թ․ թուրքական ինքնությունը վիրավորելը՝ «կառավարությունը, դատարանները, ոստիկանությունը կամ զինված ուժերը հրապարակայնորեն նսեմացնելը», դարձրեց հանցանք։ Եթե այս հոդվածը վիճարկվեր ՄԻԵԴ-ում, Թուրքիայի կառավարությունն իրավունք կունենար պնդելու, որ այն անհրաժեշտ է եղել ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Հաշվի առնելով դրույթի ընդարձակությունն ու այն փաստը, որ այն կարող էր գործածվել բռնությամբ չսպառնացող ու բանավիճելու ազատություն ցուցաբերող խոսքը ճնշելու համար՝ հարց է բարձրանում, թե արդյոք այս օրենքը կարո՞ղ է Կոնվենցիայի տեսանկյունից հիմնավոր համարվել։ Ձեր երկրի նախագահը, կարծես, ընդունել է սա իր ընտրությունից հետո Եվրախորհրդում իր ելույթի մեջ։ Նա ասել էր, որ կողմ է փոփոխություն անելուն, որը համապատասխանաբար տեղի ունեցավ 2008թ․ ապրիլի 30-ին։

Սակայն պարզ չէ, թե արված փոփոխությամբ, որն անգլերեն թարգմանվել է՝ ««թուրքական ինքնությունը վիրավորելը» փոխարինել «թուրք ազգին վիրավորելով»», ինչպես է այս օրենքը համապատասխանեցվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին։ Ճիշտ է՝ օրենքը մեղմացվել է, օրինակ՝ այն խախտելու դեպքում առավելագույն ազատազրկման ժամկետը երեք տարուց իջեցվել է երկու տարվա, իսկ դատավարություններն ամենայն հավանականությամբ կանցկացվեն ոչ թե քրեական դատարաններում, այլ մագիստրատային դատարաններում։ Եվրախորհրդարանը, սակայն, այս նոր դրույթը քննադատել է ու կոչ արել այն հետ կանչել։ Ինչպես արդեն ասացի, թեև Բրիտանիայում գոյություն ունեն ռասայական ու կրոնական ատելության քարոզն արգելող օրենքներ, կառավարությանը քննադատելու իրավունքը՝ նույնիսկ վիրավորական ու հայհոյական լեզվով, շարունակում է օրինական համարվել, և ես անձամբ ակնկալում եմ, որ այս իրավունքը պետք է պահպանվի։ Երբ որևէ երկրում անց են կացվում կառավարությանը ոչ-բռնի կերպով դիմադրող կամ քննադատող ընդդիմությանը ճնշող օրենքներ, իմ կարծիքով դրանք չեն համապատասխանում համաշխարհային հանրության կողմից Մարդու իրավունքների միջազգային հռչակագրում ընդունված սկզբունքներին։ Դրանք արդարացում չունեն։

Թուրքական օրենսդրության մասին իմ մեկնաբանություններում ուզում եմ հստակություն մտցնել, որ ստիպված եմ հենվել թարգմանության ու թուրքական իրավական ու քաղաքական համակարգի մասին իմ սահմանափակ գիտելիքների վրա։ Այդուհանդերձ, նախկինում հրապարակված զեկույցներից պարզ է դառնում, որ բացի իմ նշած հոդվածներից՝ Քրեական օրենսգրքում կան նաև այլ հոդվածներ, որոնցով հնարավոր է սահմանափակել Թուրքիայում խոսքի ազատությունը։ Եթե Թուրքիան պետք է միանա Եվրամիությանը, ինչն անձամբ ես կողջունեմ, միևնույն է, առկա է խոսքի ազատությունը սահմանափակող օրենքները զգալիորեն վերանայելու կարիք։

Միջազգային մարդու իրավունքների չափորոշիչների ստեղծման շարժումը ստացել է ողջ համաշխարհային համայնքի աջակցությունը, ներառյալ՝ Թուրքիայի, որը գրեթե առանց բացառության ընդունել է Մարդու իրավունքների միջազգային հռչակագիրն ու դաշնագրերը, ինչպես և կոնվենցիան, որոնց մասին քիչ առաջ խոսեցի։ Խոսքի իրավունքն այս շարժման կարևոր բաղադրիչներից է։ Այդուհանդերձ, շատ կառավարություններ, ներառյալ՝ բրիտանականը, մեծ ջանքեր են ներդրել խոսքի իրավունքը սահմանափակելու ուղղությամբ՝ պատճառաբանելով, թե դրանք հստակորեն բխում են իրենց քաղաքացիների շահերից։ Այս բնագավառում օրինակներից մեկը ռասայական ու կրոնական ատելության քարոզն է։ Բրիտանիայում ռասայական ատելություն հրահրելը քրեորեն պատժելի հանցանք է 1965թ. ի վեր, սակայն այս հոդվածով շատ քիչ դատավարություններ են տեղի ունեցել։ Թեև հանցանքը սահմանափակված չէ այն դեպքերով, որոնց ժամանակ եղել են բռնության սպառնալիքներ (բռնությամբ սպառնալն ինքնին առանձին քրեական արարք է), այս հոդվածը վերջերս օգտագործվել է ծայրահեղ աջական «Բրիտանական ազգային կուսակցության» նկատմամբ, որը խստորեն դեմ է ներգաղթին ու որի անդամները հաճախ ներգրավված են եղել սևամաշկ մարդկանց նկատմամբ ձեռնարկված հարձակումներում։ Կուսակցության ղեկավարների հետապնդումը վերջերս ձախողվեց․ երդվյալ ատենակալներն ըստ ամենայնի չհավատացին, որ ամբաստանյալների թունոտ ելույթները համապատասխանում էին օրենքով սահմանափակման ենթակա լինելու չափանիշին։ Կրոնի հիմքով խտրականությունն օրենքով հստակորեն չի արգելվում, ինչպես ռասայի դեպքում, որի պատճառով առաջ եկան անոմալիաներ։ Օրինակ՝ թեև սևամաշկ մարդկանց կամ գնչուների նկատմամբ ատելության հրահրումը հանցանք է, մահմեդականների նկատմամբ ատելության հրահրումն օրենքով հանցանք չի համարվում, քանի որ վերջիններն ինքնանում են կրոնով, ոչ թե՝ ռասայով։ Ուստի 2006թ․ կառավարությունն ընդլայնեց հոդվածի բովանդակությունը՝ ներառելով նաև կրոնական ատելությունը։ Օրենքի փոփոխության նկատմամբ բավականին դիմադրություն եղավ․ համարվում էր, որ այն կսահմանափակի կրոնական դոկտրինի կամ պրակտիկաների քննադատությունը։ Այդ հարցին լուծում տալու համար հավելում արվեց, որով ապահովվում էր կրոնական հայացքների կամ պրակտիկաների քննադատության իրավունքը։

Ահաբեկչության վտանգը կարծես կառավարություններին հավատք է ներշնչել, թե քաղաքացիական ազատության սահմանափակումների դեմ մեծ դիմադրություն չի բարձրանա։ Այդ հավատքը, սակայն, վիճակված էր հիասթափության, երբ Բրիտանիայի կառավարությունը փորձեց խորհրդարանում ընդլայնել իրավապահ մարմինների լիազորությունը, այն է՝ կասկածյալներին կալանավորել առանց մեղադրանքի։ Արդեն օրենքով հաստատված էր, որ ահաբեկչական հանցանքների համար կասկածվողներին կարելի էր առանց մեղադրանք ներկայացնելու կալանավորել մինչև 28 օր՝ ոստիկանությանն ապահովելով ապացույցները քննելու համար բավարար ժամանակով։ 28 օրը 48-ի երկարեցնելու փորձը Լորդերի պալատում ձախողվեց։ Չնայած կառավարությունը կարող էր կրկին փոփոխությունը խորհրդարան ներկայացնել, այն հաշվի նստեց ժամկետը երկարացնելու դեմ հանրային կարծիքի հետ և որոշեց դա չանել։

Սա ցույց է տալիս, որ քաղաքացիական ազատությունները թուլացնելու դեմ պայքարը կարող է հաջողություններ գրանցել։ Կարծում եմ, բոլորիս ժողովրդավարական պարտականությունն է ապահովել, որ կառավարության գործողությունները միշտ ենթակա լինեն ուշադիր քննման, հատկապես երբ դրանք վտանգում են ճշմարտությունն ասելու, կարծիքներ արտահայտելու ու խաղաղ եղանակով քննադատելու ազատությունը:

Այդ ազատությունը պահպանելու իր քաջ վճռականությամբ Հրանտ Դինքը եզակի մարդու օրինակ է։ Այդ ազատության համար նա պայքարել էր, ինչպես և շատ ուրիշներ դարեր ի վեր։ Երախտապարտ եմ, որ ունեմ համընդհանուր մարդու իրավունքների պայքարում նրա ներդրման նկատմամբ իմ այս հիացմունքն արտահայտելու հնարավորությունը։