Բողազիջի համալսարանի պատմության, սոցիոլոգիայի և քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների բաժինների կողմից կազմակերպված Խոսքի ազատությանն ու մարդու իրավունքներին նվիրված Հրանտ Դինքի հիշատակի դասախոսության 6-րդ տարում Նոամ Չոմսկին ներկայացրեց «Թուրքիան և ձևավորվող համաշխարհային կարգը» խորագրով դասախոսություն:
Նոամ Չոմսկին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) լեզվաբանության պրոֆեսոր է և քննադատական դիրքորոշում ունեցող մտավորական: Լեզվաբանության գիտությունների դոկտորի կոչումը նա ստացել է 1955թ. Փենսիլվանիայի համալսարանից, իսկ 1957թ. իր ատենախոսության հիմնական տեսական ավանդը հրատարակել է «Շարահյուսական կառույցներ» գրքում: Ն. Չոմսկին նաև հայտնի է ԶԼՄ-ների և դրանց` «համաձայնություն արտադրելու» կարողության, ԱՄՆ արտաքին քաղաքականության ու դրա հեգեմոն ձգտումների, ինչպես նաև կապիտալիզմի նեոլիբերալ փուլի նկատմամբ ունեցած իր քննադատական դիրքորոշմամբ։ Նա մեծամասամբ դասախոսել և գրել է լեզվաբանության, փիլիսոփայության, ժամանակակից խնդիրների, միջազգային հարաբերությունների և ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Լեզվաբանության մեջ նրա աշխատությունների թվում են «Լեզու և միտք» (1968), «Լեզու և իմացության խնդիրներ» (1988) և «Նոր հորիզոններ լեզվի և մտքի ուսումնասիրության մեջ» (2000) գրքերը: Նրա քաղաքական աշխատություններից են` «Ամերիկյան ուժը և նոր մանդարինը» (1969), «Խաղաղություն Մերձավոր Արևելքու՞մ» (1974), «Արտադրելով համաձայնություն» (Է. Ս. Հերմանի հետ համատեղ, 1988), «Ժողովրդավարությունը նեոլիբերալ կարգում» (1997), «Անօրեն պետություններ» (2000), «Հասկանալով ուժը» (խմբ. Փ․ Ռ․ Միտչել և Ջ․ Շոֆել, 2002) և «Գազան ճգնաժամի մեջ» (Ի․ Պապպեի հետ համատեղ, խմբ.՝ Ֆ. Բարատ, 2010):