Բողազիջի համալսարանի պատմության, սոցիոլոգիայի և քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների բաժինների կողմից կազմակերպված Խոսքի ազատությանն ու մարդու իրավունքներին նվիրված Հրանտ Դինքի հիշատակի դասախոսության 3-րդ տարում Նաոմի Քլեյնը ներկայացրեց «Հետևողական լինելու ուժը. պաշտպանելով պաղեստինյան մարդկությունն արևմտյան լրատվամիջոցներում» խորագրով դասախոսություն:
Հետևողական լինելու ուժը. պաշտպանելով պաղեստինյան մարդկությունն արևմտյան լրատվամիջոցներում
Վերջին ամիսներին իսրայելական հարձակումների կատաղի ալիք է նկատվում պաղեստինցի ակտիվիստների դեմ՝ թիրախավորելով նրանց, ովքեր բռնազավթմանը դիմակայում են սկզբունքային, ոչ բռնի գործողությունների միջոցով: Մեկ առ մեկ ձերբակալվում են հիմնական առաջնորդները, հատկապես նրանք, ովքեր դեմ են այսպես կոչված «անվտանգության պատնեշի» կառուցմանը, և նրանք, ովքեր պահանջում են Իսրայելի դեմ կիրառել այնպիսի բոյկոտներ և պատժամիջոցներ, ինչպիսիք վերջ դրեցին ռասայական խտրականությանը Հարավային Աֆրիկայում: Միջազգային այս արշավի հիմքում ընկած է ոչ թե ինչ-որ քաղաքական բնույթի արդյունքի հասնելու որոշում, այլ Իսրայելին միջազգային օրենքներին հետևել ստիպելու որոշումը: Պահանջների այս փաթեթն այնքան սպառնալից է Իսրայելի ընդարձակվող գաղութատիրական քաղաքականության համար, որ վերջերս այն զրպարտելու համար նոր բառեր են հորինվել, ինչպիսին է «lawfare»-ը` օրենքի կիրառումը որպես զենք: Դասախոսությունը կներկայացնի պաղեստինյան իրավունքների պայքարի այս վերջին փուլը՝ քննարկման դնելով շարժման դերն Արևմուտքում ազատ արտահայտման սահմանափակման մեջ, ինչպես նաև դրանից բխող այն հնարավորությունը, որ հրեաների և պաղեստինցիների միջև ի վերջո իրական հավասարություն կհաստատվի:
Նաոմի Քլեյնը կանադացի մրցանակակիր լրագրող է, համաշխարհային բեսթսելլեր գրքերի հեղինակ և քաղաքական ակտիվիստ: Նա պարբերաբար հոդվածներ է գրում «The Nation»-ի և «The Guardian»-ի համար, որոնք միջազգայնորեն ղեկավարվում են «The New York Times Syndicate»-ի կողմից: 2004թ. «Harper's» ամսաթերթի համար Իրաքից կատարած լրատվության համար նա արժանացել է Ջեյմս Արանսոնի անվան՝ սոցիալական արդարությանը միտված լրագրության մրցանակին: Նրա առաջին գիրքը՝ «Առանց լոգոյի․ թիրախավորելով բրենդների կողմից կիրառվող սպառնալիքները» (2000թ․), 28 լեզուներով թարգմանված միջազգային բեսթսելլեր է: Նրա երկրորդ գիրքն իր աշխատանքների ժողովածուն է՝ «Պատնեշներ և պատուհաններ. ուղերձներ գլոբալիզացիայի բանավեճի առաջնագծից», որը լույս է տեսել 2002թ.: Նրա երրորդ գիրքը՝ «Շոկի ուսմունքը. աղետի կապիտալիզմի վերելքը» (2007թ․), նույնպես համաշխարհային բեսթսելլեր է և թարգմանվել է 27 լեզուներով: Գրքին ուղեկցող վեց րոպեանոց ֆիլմը, որի հեղինակը Ալֆոնսո Քուարոնն է, ներբեռնվել է ավելի քան մեկ միլիոն անգամ: Նաոմի Քլեյնը և իր ամուսինը՝ Էվի Լյուիսը, համատեղ հեղինակել են «Գրավումը» գեղարվեստական վավերագրական ֆիլմը, որը 2004թ. Արգենտինայում բանվորների կողմից գրավված գործարանների մասին է: Քլեյնը եղել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Միլիբենդ ծրագրի հետազոտող և Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Քինգս քոլեջի համալսարանի կողմից ստացել է քաղաքացիական իրավունքի պատվավոր դոկտորի կոչում։