2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանվեց լրագրող Հրանտ Դինքը
Նրա սպանությունը երկրի իշխանությունների, ռազմական և ծայրահեղական խմբավորումների կողմից շուրջ մեկ տասնամյակ տևած հետապնդումների արշավի գագաթնակետն էր: Սակայն Թուրքիայում այն առաջ բերեց համերաշխության և ժողովրդավարամետ ակտիվիզմի աննախադեպ աճ, այն բանից հետո, երբ Դինքի հուղարկավորությանը մասնակցեց ավելի քան 100,000 մարդ:
Այսօր Դինքը դարձել է Թուրքիայում և Եվրոպայում քաղաքացիական ազատությունների շարժման խորհրդանիշ: Նրա հիշատակը փարոս է հանդիսանում մտավորականության, ակտիվիստների և լայն հասարակության համար՝ մարտահրավեր նետելու նախապաշարմունքներին և անհանդուրժող ազգայնականությանը։ Հրանտ Դինքը հայ էր մի երկրում, որտեղ հայերը վաղուց ապրում էին վախի մեջ: Նա լրագրող էր մի երկրում, որտեղ ազատ մտածող լրագրողներն առավել քան երբևէ ենթարկվում էին ճնշումների ու հետապնդումների: Եվ որպես խաղաղության ջատագով՝ նրան դատապարտում էին ազգայնականները:
Դինքի մահից հետո նրա ընտանիքն ու ընկերները մի հիմնադրամ բացեցին, որը շարունակեց և ընդլայնեց նրա աշխատանքը Թուրքիայում` հանուն քաղաքացիական ազատությունների, փոքրամասնությունների իրավունքների և հարևանների, մասնավորապես` Հայաստանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման:
2015թ. կլրանա Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների տասնամյակը և Հայոց ցեղասպանության հարյուրամյակը: Հունվարի 21-ի հիշատակումը հնարավորություն կտա վկայակոչելու Հրանտ Դինքի մտավոր ու քաղաքական ժառանգությունը և գնահատելու քաղաքացիական իրավունքներին ու հանդուրժողականությանն ուղղված այն շարժումը, որը սկիզբ էր առել նրա սպանությունից հետո: