Բողազիջի համլսարանի Պատմության, Սոցիոլոգիայի և Քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների բաժինների կողմից ներկայացվող խոսքի ազատությանն ու մարդու իրավունքներն նվիրված Հրանտ Դինքի հիշատակի դասախոսության 10-րդ տարում Ռոնալդ Սյունին դասախոսություն կարդաց «Ժամանակակից ժողովրդավարության ճգնաժամը․ փորձարկման ճակատագիրը ազգայնականության, պոպուլիզմի և նեոլիբերալիզմի դարաշրջանում» խորագրով:
Ռոնալդ Սյունին Միչիգանի համալսարանի Ուիլյամ Հ. Սյուել կրտսերի տիտղոսակիր, պատմության վաստակավոր, ինչպես նաև քաղաքագիտության պրոֆեսոր է։ Նա նաև Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության և պատմության պատվավոր պրոֆեսոր է և Ռուսաստանի Սանկտ Պետրբուրգի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ազգային հետազոտական համալսարանի ավագ գիտաշխատող: Լինելով ժամանակակից Եվրոպայի և Սովետական Միության ականավոր պատմաբան՝ նա գերազանցապես գրում է ազգայնականության, էթնիկ կոնֆլիկտների, դասակարգային քաղաքականության և կայսրության հարցերի շուրջ: Այս հարցերի շուրջ նրա աշխատանքն ակադեմիական շրջանակներից անդին է` նպաստելով Ռուսաստանի և Հարավային Կովկասի` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասին հանրային քննարկումներին: Նա բազմաթիվ անգամներ հայտնվել է համաշխարհային և ամերիկյան լրատվամիջոցներում՝ ներառյալ McNeil-Lehrer News Hour-ը, CNN-ը, Ամերիկայի Ձայնը և Ազգային հանրային ռադիոն, ինչպես նաև գրել է New York Times-ի, The Nation-ի, New Left Review-ի և Dissent-ի համար: Սյունին հրատարակել է բազմաթիվ հոդվածներ և գրքեր, որոնք արժանացել են հեղինակավոր մրցանակների: Իր աշխատանքներում նա բացահայտում է ազգերի և կայսրությունների բնույթը՝ ուսումնասիրելով կայսերական Ռուսաստանի և ԽՍՀՄ պատմությունը: Մարտահրավեր նետելով գոյություն ունեցող հայեցակարգերին՝ նա պատմական ուսումնասիրությունների ուշադրության կենտրոն է բերում ցավալիորեն անտեսված ոչ ռուս բնակչութանը, մասնավորապես՝ Հարավային Կովկասի ժողովուրդներին: Այս հանձնառությունը ենթադրում է իմպերիալիզմի և ազգակերտման գործընթացների վերաիմաստավորում՝ հատուկ ուշադրություն դարձնելով էթնիկ հակամարտություններին և զանգվածային բռնություններին: Այժմ Սյունին աշխատում է երիտասարդ Ստալինի կենսագրության և Ռուսաստանի ու Սովետական Միության վերաբերյալ պատմագրական ակնարկների շարքի վրա: Նա ապրում է Միչիգան նահանգի Էնն Արբոր քաղաքում՝ երկու կատուների հետ։
Ելույթը
Ժամանակակից ժողովրդավարության ճգնաժամը․ փորձարկման ճակատագիրը ազգայնականության, պոպուլիզմի և նեոլիբերալիզմի դարաշրջանում։ Վերջին քսանհինգ տարիներին՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի շատ պետություններ քաղաքական անցումներ են կատարել ավտորիտարիզմից ժողովրդավարություն և կրկին ետ դեպի ավտորիտարիզմ՝ դրա տարբեր դրսևորումներով։ Կոմունիստական վարչակարգերի փլուզուման հաղթական լավատեսությունն ապրելուց հետո գիտնականները տեղի տվեցին իրական, կայուն և ազատական ժողովրդավարությանը հասնելու հնարավորության հոռետեսությանը: Նախկինում կոմունիստական կուսակցության կողմից ղեկավարվող երկրներում «ժողովրդավարության անցումների» ու «շուկայական տնտեսության կառուցման», «քաղաքակրթության ուղի» վերադառնալու և «պատմության ավարտի» մասին խոսույթները՝ արևմտյան ոճի ազատական հասարակությունների կայացման հետ միասին, փոխարինվեցին Արևելյան Եվրոպան և նախկին Սովետական Միությունը արևմտյան ժողովրդավարական կերպարի վերափոխելու վերաբերյալ առավել զգույշ մոտեցումներով։ Առաջացավ բավականին հստակ քաղաքական և տնտեսական հիբրիդների մի ամբողջ շարք՝ սկսած Չեխիայի, Սլովենիայի և Սլովակիայի ավելի բնական ժողովրդավարական կառույցներից, վերջացրած Կենտրոնական Ասիայի երկրներում հին կոմունիստական նոմենկլատուրայի վերականգնումով, որն ազգայինի կերպարով է ներկայանում։ Հայտնվել են լուսավոր կետեր, սակայն ստվերները երկարում են։ Մինչդեռ հետազոտողի և դասավանդողի համար ուսումնասիրության մի ամբողջ դաշտ է բացվել։ Այն քաղաքական և սոցիալական փոփոխությունների, բարեփոխումների սահմանների և հնարավորությունների, զարգացած հասարակություններում հեղափոխության բնույթի, տնտեսության և քաղաքականության փոխհարաբերությունների, մշակույթի և այլ մշակույթների առաջնակարգության, քաղաքական անցման և սոցիալական վերափոխման արժեքի մասին խոսելու և տեսություններ փորձարկելու մի իսկական լաբորատորիա է։ Ժողովրդավարության ուղղությամբ առջընթացում փոփոխություն տեղի ունեցավ մոտավորապես 2000-ականների կեսերին, երբ մասնակի ժողովրդավարացած շատ պետություններ, մասնավորապես Ռուսաստանը և Թուրքիան, հեռացան իրական ներկայացուցչական կառավարությունից, փոքրամասնությունների պաշտպանությունից և գործադիր իշխանության սահմանադրական սահմանափակումներից: Ժողովրդավարությունից շրջվելու արդյունքում առավել տուժած պետությունների թվում են Ռուսաստանը, Թուրքիան, Հունգարիան, Լեհաստանը, Եգիպտոսը, Իսրայելը, Կենտրոնական Ասիայի պետությունները և Հայաստանը: Աջակողմյան, ներգաղթյալների դեմ շարժումներն ազդել են նույնիսկ ամուր ժողովրդավարական պետությունների վրա, ինչպիսիք են Դանիան, Հոլանդիան, Ֆրանսիան և Գերմանիան: 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, կարծես, նույն բաղադրիչներն ուներ - ունեզրկված խավերի օտարում, այլազգիների հանդեպ վախ, հարձակումներ լրատվության վրա և պոպուլիստական կոչեր: Ժողովրդավարության այս համընդհանուր անկումը, որը ներառում է ազգայնական և այլատյացության աճող կոչեր, ամբոխավար և պոպուլիստական հռետորաբանություն և գործադիր իշխանության ուժեղացման կոչեր, կարծես թե ավելի շատ անդրազգային է, քան մշակութային կամ տարածաշրջանային: Ինչպե՞ս կարող է բացատրվել այս անցումն ավելի ազատական ժողովրդավարությունից դեպի պոպուլիստական, ազգայնական և ավտորիտար ռեժիմներ (հաճախ պահպանելով ժողովրդավարական ձևերը): Այս զեկույցում կներկայացնեմ ժողովրդավարության ժամանակակից ձևի իմ ընկալումը, որը կարելի է կոչել «իրականում գոյություն ունեցող ժողովրդավարություն» կամ «բուրժուական ժողովրդավարություն», որոնցից վերջինն ընդգծում է գույքի, անձնական և կորպորատիվ հարստության աճող դերը՝ որպես ժողովրդավար ընտրությունը խաթարող գործոն: Զեկույցը քննում է, թե ինչպես են քաղաքականության դիսկուրսն ու առաջնորդների խոսքը, նրանց գործողություններն ու պատկերումները կարողացել շահագործել ժողովրդավարական կառավարությունների ձախողումները՝ հաղթահարելու եկամտի անհավասարությունը, քաղաքական բևեռացումը, ցածր և միջին խավերի արտոնազրկումը, միգրացիայի հետևանքով առաջացած մշակութային կորուստը և արմատական իսլամից ընկալվող սպառնալիքը: Ըստ իմ նախնական թեզի՝ ժողովրդավարությունն ամենաշատը հաջողել է, երբ այն զուգորդված է եղել պետական բարեկեցության որևէ ձևով և առավել խոցելի խավերի պաշտպանությամբ, սոցիալական հավասարության աստիճանի և անկողմնակալ արդարադատությանը հասանելիությամբ և կա´մ բնակչության համեմատական միատարրությամբ, կա´մ հանդուրժողականության, ներառման ու նույնիսկ բազմազանության խթանման լուրջ ջանքերով։ Այնուամենայնիվ, գլոբալիզացիայի և սոցիալական ապահովության ցանցերի պառակտման հետ համատեղ տեղի ունեցող մրցավազքն ավելի ու ավելի շատ մարդկանց ենթարկեց նեոլիբերալ կապիտալիզմի անորոշություններին։ Ապագայից և այլազգիներից վախեցող ընտրազանգվածը հակվում է ավելի պահպանողական, ազգայնական և արմատական աջակողմյան այլընտրանքներին, քան ազատական և սոցիալ-դեմոկրատական կուսակցություններին: Ազատական արդիականացման տեսության մեջ գյուղից քաղաքի, գյուղատնտեսությունից արդյունաբերության և անգրագիտությունից կրթվածության սոցիալական փոխակերպումը պետք է առաջնորդեր դեպի արևմտյան ոճի ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության: Սակայն վերջին քառորդ դարի արդիականությունը շատերին թողեց ետևում: Փոփոխությունն այնքան արագ տեղի ունեցավ, որ կյանքը դարձավ անկանխատեսելի; տնտեսական զարգացումը շատ մարդկանց դարձրեց անպետք և անկարող՝ հաղթահարելու ապարդյունաբերականացումը; մշակութային վերափոխումները, ինչպիսիք են կանանց դերի բարձրացումը, փոքրամասնությունների տեսանելիությունն ու հզորացումը, ինչպես նաև կյանքի աճող աշխարհիկացումը, շատերին ստիպեցին վախենալ, թե իրենց կենսակերպն ու համոզմունքները վտանգված են: Հաճախ ժողովրդավարական անցումների ձախողման հեշտ բացատրություններում մեղքը գցվում է հասարակ մարդկանց վրա: Պնդումներ կան, թե ռուսները սիրում են ավտորիտար առաջնորդներ կամ թե թուրքերը տուժում են իսլամի ժառանգությունից: Բազմաթիվ քաղաքագետների հետ մեկտեղ կատարած իմ ուսումնասիրությունները հիմնականում կենտրոնանում են քաղաքական էլիտաների գործողությունների և ամբիցիաների վրա: Ժողովրդավարությունը ժողովրդավարներ է պահանջում, և, եթե քաղաքական էլիտաներն ընտրում են իշխանության ավտորիտար կամ կոռումպացված ուղիներ, ապա հասարակ մարդիկ մնում են անպաշտպան: Դոնալդ Թրամփի, Վիկտոր Օրբանի և Վլադիմիր Պուտինի նման առաջնորդների դրդապատճառները, գործողությունները և հանրային հաջողություններն իմ վերլուծության կարևորագույն մասը կդառնան, սակայն սոցիալական, քաղաքական, տնտեսական և միջազգային գործոնները, որոնք նպաստում են նրանց կոչերի արդյունավետությանը, այն թեմաների թվում են, որոնց կցանկանայի անդրադառնալ իմ զեկույցում: