Բողազիջի համալսարանի պատմության, սոցիոլոգիայի, ինչպես նաև քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինների կողմից կազմակերպված Խոսքի ազատությանն ու մարդու իրավունքներին նվիրված Հրանտ Դինքի հիշատակի դասախոսության 9-րդ տարում Վանդանա Շիվան ներկայացրեց «Խաղաղություն հաստատելով Երկիր մոլորակի և միմյանց հետ» խորագրով դասախոսություն:
Դոկտոր Վանդանա Շիվան ուսանել է Փունջաբի համալսարանում՝ որպես ֆիզիկոս, իսկ ասպիրանտուրան ավարտել է Կանադայի Արևմտյան Օնտարիոյի համալսարանում: Հետագայում նա անցում է կատարել գիտության, տեխնոլոգիայի և բնապահպանական քաղաքականության միջառարկայական հետազոտություններին, որոնք իրականացրել է Հնդկաստանի Գիտության ինստիտուտում և Բանգալորի Կառավարման ինստիտուտում: 1982թ.-ին դոկտոր Վ. Շիվան Դեհրա Դունում հիմնադրել է Գիտության, տեխնոլոգիայի և բնապահպանության հետազոտական հիմնադրամը՝ նվիրված արդի բնապահպանական և սոցիալական ամենակարևոր խնդիրների լուծմանն ուղղված անկախ հետազոտություններին: 1991թ.-ին նա հիմնադրել է «Նավդանիա» հնդկական ազգային շարժումը` պաշտպանելու կենդանի ռեսուրսների բազմազանությունն ու ամբողջականությունը, ինչպես նաև խթանելու օրգանական հողագործությունն ու արդար առևտուրը: Դոկտոր Վ. Շիվան դասավանդում է աշխարհի տարբեր համալսարաններում. նա Գլոբալիզացիայի միջազգային ֆորումի խորհրդի անդամ է, հանդիսանում է նաև Արքայազն Չարլզի նախաձեռնած Կայուն գյուղատնտեսությանը նվիրված փորձագիտական խմբի անդամ: Իր՝ «Կենսահենություն», «Գողացված բերք» և «Ջրային պատերազմներ» գրքերում դոկտոր Վ. Շիվան անդրադարձել է կորպորատիվ գլոբալիզացիայի սոցիալական, տնտեսական և բնապահպանական հետևանքներին։