Photos: Berge Arabian
Հրանտ Դինքը սպանվեց 12 տարի առաջ Սեբաթ շենքի դիմաց, որտեղ նախկինում «Ակոս» թերթի խմբագրատունն էր: Շաբաթ օրը՝ հունվարի 19-ին, հազարավոր մարդիկ հարգեցին նրա հիշատակը և արդարություն պահանջեցին։ Ոգեկոչման մասնակիցները բարձրացրին իրենց ձայնը՝ սպանության գործով ընթացիկ դատավարության նկատմամբ արդարության պահանջով:
Այս տարի ոգեկոչման խոսքը կարդաց Ֆիլիզ Ալին՝ 1948 թվականին սպանված թուրք գրականության ամենահայտնի հեղինակներից Սաբահաթթին Ալիի դուստրը:
Օսման Քավալան, ով ավելի քան մեկ տարի է, ինչ բանտարկված է Սիլիվրիի բանտում, ոգեկոչման ուղերձ էր հղել:
Ֆիլիզ Ալիի խոսքը.
«Սիրելի Հրանտ,
Արդեն 12-րդ անգամ մենք հավաքվել ենք «Ակոս»-ի՝ քո հիմնադրած ու փայփայած թերթի խմբագրատան դիմաց, որպեսզի կարողանանք կանգնել քո և քո ընտանիքի կողքին՝ պայքարելու այն խավարի դեմ, որը քեզ խլեց մեզանից: Ես այսօր դիմում եմ քեզ որպես ամենատարեց անդամներից մեկը մի մեծ ընտանիքի, որը պետք է կազմավորվեր նրանց շնորհիվ, ովքեր ստիպեցին մեզ հարևան դառնալ մեր ընդհանուր ցավի մեջ: Ընտանիք, որը, ցավոք, շարունակում է ընդլայնվել ամեն օր:1948-ին ձյունոտ մի առավոտ էր, երբ հայրս՝ Սաբահաթթին Ալին, իմ և մորս մի քանի լուսանկարներ վերցնելուց հետո Անկարայից մեկնել էր Ստամբուլ: Նա այլևս չվերադարձավ: Նա անհայտ կորավ դեռևս կալանքի տակ գտնվելու ընթացքում և մինչ օրս մենք չգիտենք նրա գտնվելու վայրը: Ցավոք, հայրս այս երկրի պատմության մեջ ոչ առաջին, ոչ էլ վերջին անհայտ կորածն է: Մարդասպանն ասել էր, որ հորս սպանել էր «ազգայնական զգացմունքներից դրդված լինելու պատճառով»: Այդ մարդասպանը ոչնչով չի տարբերվում նրանից, ով քեզ սպանեց ու հետո դիրքավորվեց դրոշի առջև։ Սաբահաթթին Ալին 70 տարի անհայտ կորած է մնում: Այն, ինչ իրականում տեղի էր ունեցել հայրիկիս հետ, այս երկրի բոլոր ժամանակների կառավարությունները համառորեն թողեցին չպարզված, ինչպես և այն փաստը, որ այս կառավարությունը չբացահայտեց քո սպանությունը, չնայած պնդումներին թե «մենք երբեք չենք թողնի, որ մարդասպանները կորչեն Անկարայի խորը, մութ անցքերում»․․․
Սաբահաթթին Ալիի` հայտնի ու սիրված գրողի, դաժան սպանության պատճառած սարսափն ու վախը հասարակությանը լռեցրեց՝ միաժամանակ խրախուսելով այն մութ ուժերին, որոնք ընդդիմության բոլոր ձևերի ճնշումն իրենց պարտքն են համարում: Գրեթե յուրաքանչյուր տասնամյակ կրկնվող ռազմական հեղաշրջումների միջոցով այս, այսպես կոչված, մութ ուժերը (իրականում մեր մեջ գտնվող որոշ մարդիկ) շարունակեցին ոչնչացնել մյուսներին: Յուրաքանչյուր լրագրողի, գրողի, արվեստագետի, գիտնականի սպանությամբ հասարակությունը պատվում էր խորացող, անբուժելի սպիերով:
Ցավոք, 1948-2007 թվականների ընթացքում մեր բազմանդամ ընտանիքը շարունակել է ավելի ու ավելի մեծանալ: Եվ նույնիսկ քո կորստից հետո նրանք կանգ չառան։ Հունվար ամիսն ինքնին մեզ հիշեցնում է տասնյակ սիրելիների մասին: Օնաթ Կութլար, Մեթին Գյոքթեփե, Ուղուր Մումջու, Մուամմեր Ակսոյ - նրանք բոլորը մեզ են նայում ցուրտ հունվարից, այսօր էլ այստեղ են մեզ հետ: Յասեմին Ջեբենոյանը մեզ է նայում դեկտեմբերից: Փետրվարյան մութ ցրտին գալիս է Աբդի Իփեքչին:
Ինչպես ասացի, հայրս անհայտ կորած է: 1995 թվականից ի վեր Շաբաթ օրվա մայրերը/մարդիկ հայրիկիս գտնվելու վայրն են հարցնում; հարցնում են 1915-ի ապրիլի 24-ին Ստամբուլում ձերբակալված և բռնի կերպով գնացքները նստեցրած հայ մտավորականների, ինչպես նաև հարյուրավոր մարդկանց մասին, ովքեր անհայտ կորել են Թուրքիայում 70-ականներից ի վեր: Այս մայրերն ու մարդիկ «ճշմարտության հրապարակն» իբրև նվեր Թուրքիայի պատմությանն առաջարկեցին, քանի որ նրանք տասնամյակներ շարունակ անընդմեջ հարցնում էին իրենց անհայտ կորածների մասին՝ անկախ ձնից, ձմռանից, հարձակումներից, ձերբակալություններից: Թուրքիայի պատմության մեջ ոչ մի կառավարություն երբևէ չի արձագանքել նրանց հարցերին, նրանց սիրելիները դեռ կորած են:
Երանի կարողանայի ձեզ լավ լուրեր հաղորդել անցած տարվանից, բայց, ցավոք, չեմ կարող: Գրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ. բոլորը բանտում են։ Նրանք ամիսներ ու տարիներ են անցկացրել ճաղերի ետևում առանց որևէ մեղադրական եզրակացության, առանց իմանալու իրենց կալանավորման պատճառը: Միջազգային դատարանների վճիռները լիովին անտեսվում են, մեր ստորագրած կոնվենցիաները չեն հարգվում, մարդիկ անօրինական օրենքով զրկվում են իրենց ազատությունից: Կարծես թե բավարար չէր մեր անհայտ կորածներին չհայտնաբերելն ու մեզ գերեզմանից զրկելը, անցյալ տարի հրապարակում գտնվելիս ականատեսը եղանք Շաբաթօրյա մայրերի/մարդկանց վրա հարձակմանը: Նրանք այլևս չեն նստում հրապարակում, բայց շարունակում են հավաքվել հետևի փողոցներում ու հարցնել իրենց անհայտ կորածների գտնվելու վայրը:
Հորս բռնի անհետացումից 70 տարի անց մենք պատմության այնպիսի շրջան ենք հասել, երբ հասարակությունն ամբողջովին պասիվության է հարկադրվել և բոլոր տեսակի անարդարությունները, անօրինականությունները, սպանություններն ու սարսափները ընդունվում ու նորմալացվում են։ Սակայն, այս աշխարհում կա մի ճշմարտություն, որը նույնքան բնական է և անհերքելի, որքան ամեն առավոտ ծագող արևը: Հիշողությունը։ Մարդկանց հիշողությունը չի մոռանում այն, ինչ կորել է, բռնի ուժով անհետացել, ոչնչացվել, այրվել, մասնատվել է մեզ պատկանելիքից և արժեքներից: Մեր ամենաթանկ անհայտ կորածները մի օր կհայտնվեն հասարակության առջև բոլորովին անսպասելի կերպով, անսպասելի վայրում, և կհարցնեն. «Դուք երբևէ չե՞ք ամաչել ձեր լռությունից»:
Ամեն դեպքում մենք այդքան անհույս չենք: Կան մարդիկ, ովքեր չեն լռում, մենք դեռ այստեղ ենք, ոչ մի տեղ չենք գնում, չենք հանձնվում: Նրանք, ովքեր քո սպանության ժամանակ դեռ երեխաներ էին, այսօր այստեղ են՝ մեզ հետ միասին: Նրանք գնում են քո սպանության հետքով, հարցեր են տալիս, չեն լռում: Մինչ դուք բոլորդ, մեր կորցրած բոլոր արժեքներն ու ունեցածը, մեզ եք նայում հունվարյան այս ցրտի միջից, մենք հենց այստեղ ենք ավելի ու ավելի երիտասարդացող բազմության հետ և մենք շարունակում ենք բարձրաձայնել, որ չենք հանձնվում։ Հույսն այստեղ է: Այս հողը, այս երկիրը մերն է»:
Hrant Dink Ölümünün 12. Yılında Anıldı
https://hrantdink.org/images/HrantDinkAnmaEtkinlikleri/20190119-sebat-anma/HD12_5.jpg
https://hrantdink.org/images/HrantDinkAnmaEtkinlikleri/20190119-sebat-anma/HD12_3.jpg
https://hrantdink.org/images/HrantDinkAnmaEtkinlikleri/20190119-sebat-anma/HD12_4.jpg
https://hrantdink.org/images/HrantDinkAnmaEtkinlikleri/20190119-sebat-anma/HD12_6.jpg
https://hrantdink.org/images/HrantDinkAnmaEtkinlikleri/20190119-sebat-anma/HD12_2.jpg
https://hrantdink.org/images/HrantDinkAnmaEtkinlikleri/20190119-sebat-anma/HD12_1.jpg
https://hrantdink.org/images/HrantDinkAnmaEtkinlikleri/20190119-sebat-anma/HD12_7.jpg