Photograph: Sebati Karakurt

Հրատ Դինքը ծնվել է 1954թ․ սեպտեմբերի 15-ին Մալաթիայում։ Հինգ տարեկան էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Ստամբուլ։ Ծնողների բաժանվելուց հետո Հրանտ Դինքը` երկու եղբայրների հետ միասին, տեղավորվեց Գեդիկփաշա թաղամասում գտնվող հայ բողոքական եկեղեցուն առընթեր գիշերօթիկում։ Երեք եղբայրներն էլ ձմռանը հաճախում էին Ինջիրդիբի տարրական դպրոցը, որը նույն եկեղեցու վերակացության ներքո էր, իսկ ամառային արձակուրդներին ապրում էին դպրոցի՝ Թուզլա թաղամասի հայ երեխաների ճամբարում։ Նախքան Շիշլիի ավագ դպրոցում իր կրթությունն ավարտին հասցնելը, Հրանտ Դինքն ավարտել է Պեզճյան միջնակարգ դպրոցն ու սովորել Սուրբ Խաչ Դպրեվանքի գիշերօթիկ դպրոցում։

Նա ամուսնացել է Ռաքել Յաղբասանի հետ, ով սերում էր հարավ-արևելյան Թուրքիայի Սիլոփի շրջանից՝ հայկական Վարդո գերդաստանից։ Նրանք ունեցել են երեք զավակ։ Հ. Դինքը սովորել է Ստամբուլի Համալսարանի կենդանաբանության և փիլիսոփայության ֆակուլտետներում։ Նա թողեց համալսարանում կենսաբանական փիլիսոփայության բաժին հիմնելու իր երազանքը՝ ձախակողմյան քաղաքական զարգացումներում ակտիվ ներգրավվածության պատճառով։ Հ. Դինքին մտահոգում էր, որ իր քաղաքական ներգրավվածությունը կարող է կապվել իր հայկական ինքնության հետ ու վնասել Թուրքիայում բնակվող հայ համայնքին, ուստի դատարանի վճռով վերցրեց թուրքական Ֆըրաթ անունը։

Այդ ընթացքում Հրանտ Դինքը կնոջ՝ Ռաքելի հետ իրենց տնօրինության տակ վերցրին Թուզլայի երեխաների ճամբարը, որտեղ ժամանակին իրենք էին մեծացել, ու հոգածության տակ առան անհամար հայ մանուկների։ Ճամբարի համար դժվար ժամանակներ սկսեցին, երբ մեղադրանք ներկայացվեց, թե իբր այնտեղ հայ զինյալների են մեծացնում, և 1983թ. այն պետության կողմից վերջնականապես բռնագրավվեց։ Ճամբարի փակվելուց հետո Հ. Դինքը բերման ենթարկվեց՝ իր քաղաքական հայացքների պատճառով երեք անգամ ձերբակալվելով։

1990-ականներին Հ. Դինքը եղբայրների հետ Ստամբուլում գրախանութ էր աշխատեցնում։ Նաև սկսել էր գրել հայկական «Մարմարա» օրաթերթի համար։ Նա մասնավորապես գրում էր Թուրքիայում տպագրված հայոց պատմությանը վերաբերող գրքերի ակնարկներ՝ Ջութակ (Չութակ) կեղծանվան ներքո։

1996թ. ապրիլի 5-ին Հ. Դինքը մասնակից եղավ Ստամբուլում հրատարակվելիք թուրքերեն և հայերեն առաջին շաբաթաթերթի՝ «Ակօսի» (արևելահայերեն՝ ակոս) հիմնադրմանը։ Ակոս բառը երկու լեզվում էլ օգտագործվում է՝ նշանակելով մի տեղ, որտեղ գութանը հողի մեջ, որպես պտղաբերության աղբյուր, փոսորակ է բացում՝ սերմը գցելու համար։ Շաբաթաթերթի քաղաքականությունը մշակվեց սույն խորհրդանշական համագործակցության և պտղաբերության լույսի ներքո։ Գլխավոր նպատակն էր զորակցել Թուրքիայի հայ համայնքի այն հատվածին, որ մայրենիով խոսել չէր կարողանում, պետական մակարդակով բարձրաձայնել Թուրքիայի հայերի խնդիրները, այդ առումով հասարակության ավելի լայն շրջանակների աջակցությունն ստանալ և թուրք հասարակությանը հաղորդ դարձնել հայկական մշակույթին ու պատմությանը։

«Ակօս»-ի ձախակողմյան, ընդդիմադիր ինքնությունն ուշադրություն էր գրավում։ Այն նաև քննադատում էր Թուրքիայի հայ համայնքի համակարգային թույլ կողմերը՝ շեշտադրելով այլընտրանքային նախագծերում թափանցիկության և քաղաքացիական հասարակության կարևորությունը։

Որպես «Ակօս»-ի գլխավոր խմբագիր՝ Հրանտ Դինքը հանրության ուշադրությունը գրավեց իր հռետորաբանությամբ, ինչը բանավեճի նոր եզրեր էր բացում։ Նա նաև սյունակներ էր հեղինակում «Yeni Yüzyıl» (Նոր Հազարամյակ) և «BirGün» (Մի Օր) օրաթերթերում։

Նա օրակարգ մտցրեց բազում ուշագրավ թեմաներ, ինչպիսիք են Թուրքիա-Հայաստան դրացիական հարաբերությունների հաստատումը, երկու երկրների միջև սահմանների բացումը, Թուրքիայում ժողովրդավարության գործընթացին աջակցելը, 1915թ. իրադարձությունների մասին նոր, ընդգծված ոճով խոսելը՝ ողջ մնացած և դավանափոխ հայերին ևս անդրադառնալով, երկու կողմերի արժանապատվությունը ճանաչելը՝ նահատակվածներին լոկ թվեր դիտելու անարգալից մոտեցման փոխարեն։ Նա նաև բարձրացրեց Թուրքիայում այս իրադարձությունների մասին այլընտրանքային հրապարակումներ մշակելու անհրաժեշտությունը՝ ի լրումն այն աղբյուրների, որոնք պաշտպանում էին պաշտոնական, պետական թեզը։

Մասնակցած լինելով Ամերիկայում, Ավստրալիայում, Եվրոպայում ու Հայաստանում կազմակերպված բազմաթիվ համաժողովների՝ Հրանտ Դինքն առաջ էր քաշում հայկական ինքնության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ բանավեճեր ու հարցադրումներ թե´ հայկական աշխարհում, թե´ արևմտյան բազում երկրներում՝ ըստ նրանց՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ունեցած պատմական դերի:

 

Հակաարշավներ ու դատական գործեր

2002թ. Հրանտ Դինքին դատի տվեցին Ուրֆայում կայացած համաժողովում ինքնության և քաղաքացիության շուրջ իր ելույթի համար։  Նա վերջնականապես արդարացվեց միայն 2006թ.։ Այդուամենայնիվ, դատական գործերի իրապես հուժկու շրջանը սկսվեց 2004թ. փետրվարի 6-ին, երբ «Ակօս»-ում նրա անվան ներքո լույս տեսավ մի հոդված այն պնդմամբ, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի որդեգիր դուստր Սաբիհա Գյոքչենը հնարավոր է՝ հայկական ծագում ունենար և Հայաստանում ազգականներ ունենար։ «Սաբիհա Հաթունի գաղտնիքը» վերտառությամբ այդ պատմության մեջ Թուրքիայի հարավ-արևելյան Գազիանթեփ քաղաքից Հռիփսիմե Սեբիլջիյան անունով  մի հայուհի, ով հետագայում Հայաստանի քաղաքացիություն էր ստացել, պնդում էր, որ ինքը Գյոքչենի զարմուհին է, և որ Սաբիհա Գյոքչենը որբանոցից որդեգրված հայ որբուկ է եղել։

Երկու շաբաթ անց՝ փետրվարի 21-ին, Թուրքիայի խոշորագույն օրաթերթ «Հուրրիյեթ»-ը այդ պատմությունը հրապարակեց՝ վերնագրելով այն «Սաբիհա Գյոքչե՞ն, թե՞ Հաթուն Սեբիլջիյան»։ Հաջորդ իսկ օրը Թուրքիայի զինվորական շտաբի պետի գրասենյակը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, որում ասվում էր. «Նա [Սաբիհա Գյոքչենը], ով թուրք է և թուրքական զինուժի առաջին ռազմական օդաչուն, թուրքական օդուժի պատվավոր անդամ է։ Սաբիհա Գյոքչենը նաև թուրք կնոջ արժեքավոր և հզոր խորհրդանիշ է։ Նա ներկայացնում է ժամանակակից թուրք հասարակության մեջ թուրք կնոջ իդեալական դերի վերաբերյալ Աթաթուրքի տեսլականը։ Նման կերպարին շահարկման առարկա դարձնելը, անկախ նպատակներից, չի բխում ազգային ամբողջականության և հասարակական խաղաղության շահերից: Ազգային մտածելակերպի և արժեքների հանդեպ անարգալից դիսկուրսով հրապարակված այդպիսի պնդումը որպես լրագրություն որակելն անընդունելի է։ Այս օրերին, երբ կարիք ունենք կուռ ազգային համերաշխության, մեր ժողովրդի մեծ մասը հասկանում է մեր ազգային համախմբման, համերաշխության ու ազգային արժեքների դեմ հանդես եկող նման պատմությունների նպատակը և մտահոգությամբ է հետևում նման հրապարակումներին»։

Այս հայտարարությունից հետո Հ. Դինքին կանչեցին Ստամբուլի նահանգապետի գրասենյակ, որտեղ երկու անձ, ներկայանալով որպես փոխնահանգապետ Էրոլ Գյունգորի ընկերներ, նրան նախազգուշացում ներկայացրին: Այդ երկուսի ինքնությունը մինչև այսօր մնում է չբացահայտված։ Միաժամանակ թուրքական մամուլի ծայրահեղ աջական թևն արշավ սկսեց Հ. Դինքի դեմ։  Ի մասն հակաարշավի՝ Հ. Դինքի սյունակների ութ շաբաթյա շարքից համատեքստից հանվեց մեկ նախադասություն (2004թ. փետրվարի 13-ի ամսաթվով) հայկական ինքնության վերաբերյալ, իսկ սփյուռքահայերի՝ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների շուրջ վերաբերմունքի հանդեպ նրա քննադատական մոտեցումը լիովին խեղվեց և դուրս մղվեց։ Առանձնացված նախադասությունը՝ «Չապականված արյունը, որ լցնելու է «թուրքի» պակասից բխող մաղձոտ արյան վակուումը, առկա է այն վեհ երակում, որ հաստատվելու է հայի կողմից Հայաստանի հետ»,  ընդհակառակը, ներակայացվեց որպես թշնամական, իբրև թե «Հրանտ Դինքն անարգում է թուրք ինքնությունը»։ Սա նոր դատական գործի պատրվակ հանդիսացավ։

Ի հեճուկս դատական փորձագետների աջակցող զեկույցների առ այն, որ հոդվածը հանցանքի ոչ մի տարր չի պարունակում, Հրանտ Դինքը, միևնույն է, դատվեց «թուրքականությունը հրապարակավ վիրավորելու և նվաստացնելու» մեղադրանքով և 2005թ. հոկտեմբերի 7-ին Ստամբուլում Շիշլիի Քրեական դատարանի կողմից դատապարտվեց վեց ամսվա ազատազրկման։ Դատավճիռը հաստատվեց Գերագույն դատարանի իններորդ պատժիչ խորհրդի կողմից։ Հանրապետական Գերագույն դատարանի գլխավոր դատախազությունը բեկանեց դատավճիռը, սակայն Գլխավոր պատժիչ խորհուրդը բեկանումը մերժեց Վերաքննիչ գերագույն դատարանում։ Հ. Դինքի ելույթը վճռի վերաբերյալ տեղիք տվեց նոր գործի՝ այս անգամ դատական իշխանության վրա ազդելու փորձի մեղադրանքով։

Դատական գործի առաջին նիստի ժամանակ մարդկանց մի խումբ, որ պահանջում էր ներկա լինել, որպես գործով միջամտող կողմ, բողոքում էր Հ. Դինքի դեմ թե´ դատարանից դուրս, թե´ շենքի միջանցքներում։ Հրանտ Դինքը, փաստաբանի ուղեկցությամբ, ստիպված էր դատական նիստերի դահլիճ հասնել ոստիկանների կազմած շղթայի միջով։ Նրա վրա փորձում էին հարձակվել, վիրավորում ու թքում էին վրան։ Մի խումբ, որին թույլ էր տրվել մտնել նիստերի դահլիճ, մանրադրամ ու գրիչներ էր շպրտում, վիրավորում ու սպառնալիքներ հնչեցնում փաստաբանների հասցեին։ Նիստից հետո, երբ Հ. Դինքը ոստիկանական մեքենայով հեռացավ դատարանի շենքից, ոստիկանությունը ստիպված էր նրա փաստաբաններին ուղեկցել դեպի ոստիկանական մեկ այլ ավտոբուս, որը բերվել էր հենց մուտքի մոտ՝ կատաղի ամբոխի ցասումից նրանց փրկելու համար։

Միևնույն ժամանակ նախքան 2004թ. փետրվարի 26-ի դատական գործի մեկնարկը ծայրահեղ աջական «Ստամբուլի Ուլկու Օջակլարը» (İstanbul Ülkü Ocakları) խմբի համակիրները, նահանգապետ Լեվենտ Թեմիզի առաջնորդությամբ, հավաքվել էին «Ակօս»-ի գրասենյակի առջև և հայտնի ուլտրաազգայնական կարգախոսներ էին վանկարկում՝ «Կա´մ սիրիր երկիրը, կա´մ հեռացիր այստեղից», «Գրողի ծո´ցը կորչի «ԱՍԱԼԱ»-ի հետ»։ Մի քանի օր անց «Ակօս»-ի խմբագրատան առջև ցույցը կրկնեց մեկ այլ խումբ, որն իրեն անվանում էր «Հայերի՝ այսպես կոչված պահանջների դեմ պայքարի ֆեդերացիա»։

«BirGün» օրաթերթում Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հերթական սյունակից հետո, որտեղ Հ. Դինքը անդրադարձել էր Արևելյան Ֆրոնտում Մուստաֆա Քեմալին ողջունող մի ավանդական երգի՝ խոսքերի չնչին փոփոխությամբ, նա թիրախավորվեց «Yeniçağ» ազգայնական թերթի կողմից՝ «Հապա´ մի հային նայեք» վերտառությամբ։

Մամուլի հոգաբարձուների գերագույն խորհուրդը որոշեց զգուշացում հղել «Yeniçağ»-ին, առ այն, որ վերնագրում թերթի օգտագործած լեզուն կարող է հեղինակի հանդեպ բռնության առիթ հանդիսանալ։

Ի վերջո 2006թ. հուլիսի 21-ին «Ակօս»-ում լույս տեսած «1 ձայնն ընդդեմ 301-ի» վերտառությամբ հերթական հոդվածից հետո Հրանտ Դինքի, նրա որդու, «Ակօս»-ի գործող խմբագիր Արատ Դինքի և գլխավոր խմբագիրներից մեկի՝ Սարգիս Սերոբյանի դեմ ևս մեկ դատական գործ հարուցվեց։ «Ակօս»-ում տպագրված և սույն հետապնդման առիթ դարձած հոդվածում մեջբերվում էր մի հայտարարություն, որ Հրանտ Դինքն արել էր «Ռոյթերս» լրատվական գործակալությանը։ Անդրադառնալով 1915թ.՝ նա ասել էր. «Դա, անշուշտ, ցեղասպանություն է, քանզի արդյունքն ինքնին ի դերև է հանում և անվանում բուն գործողությունը։ Ինքներդ էլ տեսնում եք, որ մի ազգ, որն այս հողի վրա ապրում էր չորս հազար տարի, անհետացավ կատարվածից հետո»։ «Ռոյթերս»-ին տված այս հայտարարությունը հետագայում հրապարակվեց թուրքական բազմաթիվ լրագրերում, այդ թվում՝ «Ակօս»-ում։ Ինչևէ, 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ «թուրքականությունը վիրավորելու» համար հետապնդման ենթարկվեցին միայն «Ակօս»-ի խմբագիրները։

Այս դատական գործընթացը շարունակվեց Հրանտ Դինքի՝ 2007թ. հունվարի 19-ին իր գրասենյակի՝ «Ակօս»-ի առջև սպանցելուց հետո։

Սպանությունից հետո նրա դեմ հարուցված նախկին մեղադրանքները հանվեցին։ Ինչևէ, 2007թ. հոկտեմբերի 7-ին Շիշլիի Քրեական դատարանի դատավորն Արատ Դինքին ու Սարգիս Սերոբյանին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման, ինչը վերստին կասեցվեց հենց դատավորի կողմից՝ վերը նշված դեպքով պայմանավորված։ Դատարանի վճիռն ուղեկցող եզրակացությունն այն էր, որ Արատ Դինքը և Սարգիս Սերոբյանը հրատարակել են լուրեր, համաձայն որոնց, թուրք ազգը մեղադրվում է ցեղասպանության մեջ, և ուստի նրանք պատժվում են՝ հաշվի առնելով իրենց անհատականությունը և գործողությունների բնութագիրը։

Դատարանի եզրակացության մեջ նշված անհատականությունն ու գործողությունների բնութագիրը, ինչպես նաև այն փաստը, որ նույն հայտարարությունը մեջբերած մեդիա կազմակերպություններից և ոչ մեկը չի դատապարտվել «Ակօս»-ից բացի, հանրային լայն քննարկումների առիթ տվեցին։