Հունվարի 19-ին՝ երեքշաբթի օրը, սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ նրա հիշատակը ոգեկոչեցին ողջ աշխարհով մեկ: Հաշվի առնելով համավարակը՝ ոգեկոչումը տեղի ունեցավ առցանց www.hranticinadaleticin.org կայքի միջոցով: Կայքի այցելուներն օրվա ընթացքում նաև դիտեցին Հրանտ Դինքի մասին տեսահոլովակներ: Այցելուները կարող էին նաև առցանց պաստառներ տեղադրել այն վայրում, ուր Հրանտ Դինքը սպանվել է: Առցանց պաստառները տարբեր երկրներից էին՝ սկսած Ճապոնիայից մինչև Ուրուգվայ, Իսպանիայից մինչև Իրան, ինչը խոսում է այս խնդրի շուրջ համաշխարհային իրազեկվածության մասին:
Ռաքել Դինքը աշխարհի առաջ ելույթով հանդես եկավ Սեբաթ շենքի մոտ: Իր խոսքում նա նշեց, որ թեև Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը շուտով կավարտվի, սակայն իրական հետաքննություն այդպես էլ չի եղել, իսկ պատվիրատուները, Հրանտ Դինքին թիրախավորող և սպառնացողներն այդպես էլ չեն ներգրավվել գործի մեջ:
Սիրելի´ ընկերներ,
Մենք այստեղ ենք եղել նախորդ 14 տարիներին:
Մենք այսօր էլ այստեղ ենք համավարակի, դրա պատճառած տառապանքների ու անորոշ հետևանքների ժամանակաշրջանում: Վստահ եմ, որ այսօր շատ սրտեր են բաբախում մեզ հետ:
Այս վայրը դարձել է մի տեղ, ուր մենք հիշում և հիշեցնում ենք այն, ինչը մեզ ստիպում են մոռանալ: Սա այն տեղն է, ուր մենք սովորեցինք տառապանքի ժամանակ քույրեր ու եղբայրներ դառնալ, կիսել թախիծը, առերեսվել ճշմարտությանը և մյուսներին ևս ստիպել առերեսվելու դրան: Սա այն տեղն է, ուր հավաքվում են արդարություն ու ճշմարտություն փնտրողները: Այս վայրը հնարավորություն է տվել բարձրաձայնել պետության կատարած կամ թույլ տված սպանությունների, անխղճաբար անորոշ թողած դատավարությունների մասին:
Որպես «թրի մնացորդի» թոռնուհի՝ ականատես եմ լինում, թե ինչպես նախորդ հարյուրամյակում մեր կոչերը մնացին հերքված և մերժված: Կարծես սա բավարար չէր, նրանք մեր վերքին ավելացրին նոր վիրավորանք՝ անվանելով այն «այսպես կոչված ցեղասպանություն»: Երբևէ մտածե՞լ եք, որ դա կարող է վիրավորել ինչ-որ մեկին: Հայերի հանդեպ ձեր շարունակական թշնամանքը, վիրավորանքները, նվաստացումները, չարակամությունը և զայրույթը բառացիորեն սպառել են մեզ: Մի՞թե չեք հոգնում դրանից: Ի˜նչ ափսոս: Ձեր լռությունն ու հանդգնությունը ամոթալի են: Թող աստված օգնի բոլորիս:
Ըստ Աստծո խոսքի՝ «Եթե մեկն ասում է, որ սիրում է Աստծուն, սակայն ատում է քրոջը կամ եղբորը, ստում է: Քանզի եթե մեկը չի սիրում իրեն հանդիպած եղբորը կամ քրոջը, չի կարող սիրել իրեն չհանդիպած Աստծուն»: Նման բանի կրկնվելը երբեք թույլ չտալը ենթադրում է պատասխանատվություն, գիտակցում, արդարություն և անկեղծ զղջման արտահայտում: Այն ենթադրում է խոստովանություն, ներման հայցում և ապաշխարում:
Սիրելի´ ընկերներ,
Տառապանքն ու ցավը շատ են, ինչպես և շատ են կոտորածները, սպանությունները, վշտերը, դատավարություները: Այնքան շատ, որ արդեն ամաչում ենք մեր իսկ վշտից խոսել: Ցավոք, մենք մի պետություն ունենք, որն իր քաղաքացիների հետ մշտապես շարունակվող խնդիրներ ունի... Սակայն երբևէ ինչ-որ մեկը շահե՞լ է սպանելուց, թշնամանքից և պատերազմից: Բացի ավելի շատ մահ, վիշտ, տառապանք, սով ու անպտղություն ձեռք բերելուց:
Եթե կարող ենք ապրել խաղաղ, սիրով, բարությամբ, առատությամբ և ուրախությամբ, ինչու՞ սնուցել չարությանը, թշնամանքին, հետապնդմանն ու պատերազմներին: Սրանք թշնամանք են նաև Աստծո հանդեպ: Մաքուր ձեռքերն ա՞յս տեսքն ունեն: Ո՞ր օճառը կմաքրի այս վարակը: Մի՞թե մարդկային արժանապատվությունը հնարավոր է այսպես պահպանել: Պետությունները, կառավարություններն այս կե՞րպ են արժանապատիվ դառնում:
Ամուսնուս սպանության դատավարությունը շարունակվում է արդեն 14 տարի: Նրանք չեն կարողացել բացահայտել սպանությունը 14 տարիների ընթացքում: Նրանք չեն կարողացել, քանի որ նման մտադրություն չունեն: Միակ մտադրությունն այս գործը փակելն է և դրա համար ջանք չեն խնայում: Սակայն դա մետաստազի նման է՝ տարածվել է ամենուր, և նրանք չեն կարողանում այն ի մի բերել: Այլապես ինչպե՞ս բացատրել այս տարիների ընթացքում ձախողած արդյունավետ հետաքննությունը: Ինչպե՞ս բացատրել սպառնացողներին և ամուսնուս թիրախավորողներին նույնիսկ մեկ անգամ չհարցաքննելու փաստը: Շուտով դատարանի հերթական վճիռը կլինի՝ գործը կոծկելու նպատակով: Եթե այդքան վստահ եք, որ այս դատավարությունն ավարտված է, ապա ինչու՞ եք մերժում մեր իրավաբանների հարցումները: Ինչու՞ չեք հետաքննում նրան սպառնացողներին, թիրախավորողներին և սպանությունը դրդողներին:
Այս 14 տարիների ընթացքում այս երկրում բազմաթիվ դաշինքներ կազմավորվեցին և փլուզվեցին: Յուրաքանչյուր նոր դաշինքի հետ սպանության մեր դատավարությունը շարունակեց փոխել իր գույները: Ամեն անգամ հարց է առաջանում՝ այս անգամ ո՞ր դաշինքից և ու՞մ «կհասնի» սպանության դատավարությունը:
Կոպիտ ձևակերպեմ. ասել, թե Հրանտին սպանել է «FETO»-ն (Ֆ.Գյուլենի հիմնած կազմակերպությունը), համարժեք է «դա ես չէի, ձեռքս էր» ասելուն: Ասել, թե Հրանտին սպանել է Էրգենեկոնը (ծայրահեղ ազգայնական կազմակերպություն), համարժեք է «դա ես չէի, ոտքս էր» ասելուն: Այս տարիների ընթացքում երկու ոտքերով եկել ես այստեղ, երկու ձեռքերով պահել ես ատրճանակը ու սեղմել ես ձգանը: Դու սպանել ես իմ Ջութակին (այս կեղծանվան ներքո Հ. Դինքը սյունակներ է գրել): Ո՞վ ես դու, եթե ոչ քո ոտքերի, ձեռքերի և լեզվի ամբողջությունը: Այս 14 տարիների ընթացքում մենք պետության արտառոց պատկեր ենք տեսել, որը ձգտում է ապացուցել իր պարտականությունների իրականացումը՝ միևնույն ժամանակ աջակցելով մերժողականներին, կասկածյալներին և վկաներին: Դա գրեթե նման է մի պետության, որը ձգտում է երաշխավորել իր անմտությունը, որպեսզի ապացուցի, որ մարդասպանն ինքը չէ... Թող որ միայն անցնի-գնա. կարևոր չէ, թո որ պատը կամ շենքը կփլուզվի: Այս երկրի մարդիկ միևնույնն է դրանից ավելի լավը կկառուցեն: Իսկ եթե մարդիկ չկառուցեն այն, ուրեմն նրանք արդեն փլատակների տակ են:
Յոթ բան կա, ոչ Աստծո համար զզվելի են: Ցավոք, մենք լեցուն ենք ստերով և հպարտությամբ: Մարդասպանությունները, խաբեբաները, չարագործները սնկի պես աճում են: Բայց ավելի ցավալի էր, որ նրանք խրախուսվում են և սնուցվում խտրական մտածելակերպով, վեճերով, թշնամանքով և կեղծիքով: Արդար կլինի, եթե սգանք մեր ողջ պետության համար, քանզի բոլորս չափից շատ լցված ենք սրանցով:
«Վա˜յ նրանց, որ քաշում են անօրենությունը ունայնության չվաններով, և մեղքը՝ իբր թե սայլի թոկերով... Վա˜յ նրանց, որ չարին ասում են բարի, և բարին՝ չար, որ խավարը շինում են լույս, և լույսը՝ խավար, որ դառը քաղցր են շինում, և քաղցրը՝ դառը»:
Եսայա 5:18-20Ամեն տարի ոգեկոչման միջոցառման ժամանակ բարձրաձայնվում է արդարության պահանջը: Այս տարի «Հրանտ Դինքի ընկերներ» նախաձեռնության անունից ելույթ ունեցավ Բաշաք Դեմիրթաշը, ով շարունակաբար արդարություն է պահանջում իր ամուսնու՝ Սելահաթթին Դեմիրթաշի համար, ով բանտարկված է 2016թ.-ից ի վեր: Իր ելույթում Բաշաք Դեմիրթաշն ընդգծեց տարբերությունները հաղթահարելու և մարդասիրության ընդհանուր հենքի վրա միավորվելու կարևորության մասին: Նա նշեց, որ արդարությունը սիրով ու համբերությամբ, ձեռք ձեռքի տված, առանց հույսը կորցնելու փնտրելը վաղ, թե ուշ հանգեցնելու է նպատակակետին:
Սիրելի´ ընկերներ, գեղեցի´կ մարդիկ, իմ քույրե´ր և եղբայրնե´ր: Մենք կրկին միասին ենք մեր խորագույն վերքի համար, որի հետ երբևէ չհաշտվեցինք, որին երբևէ չվարժվեցինք տարիների ընթացքում և չենք էլ վարժվի:
Մենք այստեղ ենք մեր սիրելիագույն ընկերոջ, մեր իսկական եղբոր, մեր Հրանտի համար:
Այս տարի համավարակը թույլ է տալիս միայն այս ձևաչափով հավաքվել: Մենք չենք կարող նայել միմյանց աչքերին, սակայն կարող ենք լսել միմյանց սրտի բաբախյունները: Ձեր մեջ են նրանք, ովքեր ամեն տարի հավաքվում են «Ակօս»-ի առջև: Ձեր մեջ նաև նրանք են, ովքեր աշխարհի մյուս անկյուններում են և ֆիզիկապես ներկա չեն կարող լինել, սակայն ում սրտերը բաբախում են մեզ հետ: Մենք ոչ թե ոգեկոչում ենք պարզապես մեզ համար թանկագին մեկի հիշատակը, այլ փնտրում ենք նաև նրա արժեքները:
Մենք արդարություն ենք փնտրում, խաղաղություն ենք որոնում, որն ուղղակի սահում է մեր մատների արանքով: Մենք կորցրել ենք մեր ծիծաղը, մեր ուրախությունը, կյանքի հանդեպ հրապուրանքը...
Մենք կրկին հավաքվել ենք, կրկին փնտրում ենք:
Մենք լի ենք վշտով: Մեր սուգը չի ավարտվում:
Այն չի վերջանում, քանի որ մեր սիրելիի մարմինը դեռ այնտեղ է՝ գետնի վրա:
Մենք ուս ուսի եկանք, սակայն չկարողացանք բարձրացնել նրան գետնից: Քանի որ շատ ծանր է: Այնքան ծանր գին է, այնքան ծանր ժառանգություն:
Այդ պատճառով է, որ դեռ փնտրում ենք:
Վստահ եմ, որ չենք դադարի փնտրելը, մինչ որ չգտնենք: Եվ գիտեմ, որ շատ մոտ ենք գտնելուն:
Մենք կանցկացնենք մեր թաղումը: Մենք կբարձրացնենք նրան իր ընկած վայրից՝ ոչ թե հողին հանձնելու համար, այլ ընկերության սոսի ծառի սերմերը ցանելու համար:
Հրանտի սիրելի´ ընկերներ, իմ քույրե´ր ու եղբայրնե´ր:
Միգուցե մենք շատ երկար ենք արդարություն փնտրում, միգուցե մեր գարունն ահագին ուշ է եկել: Հրանտին տված մեր խոստումները դեռ իրականացված չեն: Սակայն այս ուշացման մեղքը ո´չ հանրությանն է, ո´չ էլ ճնշվածներինը կամ էլ ուրիշներինը:
Ամենամեծ ձախողումը հասարակության ղեկավարներինն է: Թեև բոլոր հավանականությունները մեր աչքերի առջև են, այս ղեկավարները չեն համարձակվում ընդունել դրանք: Սա է իրողությունը: Պետք է ուղղակի ձեռք մեկնել և վերցնել: Պարզապես պետք է համարձակվել դա անել, քաջություն դրսևորել դրա համար: Սակայն մենք չենք հուսահատվի: Ինչպես մեր սիրելի Հրանտն արեց առանց վրեժխնդրության, մենք էլ կլցվենք հույսով՝ իմաստությամբ, համբերատարությամբ, սիրով և հատկապես դիմադրությամբ համակված:
Մենք պետք է առողջ բանականությամբ ելք գտնենք այս բևեռացումից, ստորացումից, լարվածությունից: Եկե´ք նախ միավորվենք կանանցով: Եկե´ք կանանցից կազմված ժողովրդավարական դաշինք կազմենք անարդարության, բռնության և աղքատության դեմ: Եկե´ք մաքրենք ճանապարհը հանրության համար, որ ձգտում է օդ շնչել: Որքա՞ն պիտի սպասենք սրան: Էլ ի՞նչ ենք սպասում, որ լինի մինչ այդ:
Մեզ կմիավորի ոչ թե առաջնորդը, կուսակցությունը, փրկիչը, այլ մեր իսկ ձեռքերը: Եկե´ք ձեռք ձեռքի տանք և միավորենք մեր ուժերը: Եկե´ք փրկենք ապագան մեր երեխաների համար:
Այլապես ինչպե՞ս ենք Հրանտին տված մեր խոստումը պահելու: Ինչպե՞ս ենք հավաքվելու ամեն տարի առանց ամոթի:
Ահա թե ինչպես էր Գյուլթեն Աքընը հույսի կոչ անում.
Մի կո´ղմ դիր սևը, փոխարինի´ր այն կապույտով. ես չեմ կորցրել հույսս:
Կանչի´ր ինձ, քնածս որ պահին լինի, անգամ քնած ժպտալիս:
Տու´ր ձեռքդ, բայց միայն եթե այն սպիտակ է:
Մի կողմ դի´ր սևը, փոխարինի´ր այն սիրով. ես չեմ կորցրել հույսս:
Ինչպես աշունն է գալիս մութ սիրավեպով:
Ձեռքումս բռնել եմ թռչնի այս անհանգիստ ձագուկին:
Քեզ հենվելու ձեռքեր ունես:
Մի փոքր էլ մնա´, մի քիչ երկար մնա´:
Մի կո´ղմ դիր սևը, փոխարինի´թր այն կապույտով, մի´ հուսալքիր ինձ:
Սիրելի´ ընկերներ, իմ քույրե´ր ու եղբայրնե´ր,
Ուրֆայում՝ Գյոբեքլիթեփեում, 12.000 տարի առաջվա գյուղ կա: Դա աշխարհի ամենահին գյուղն է՝ ամենավաղ թաղամասը, առաջին տունը: Ո՞վ է ապրել այնտեղ: Մենք չգիտենք: Ինչպե՞ս են նրանք ապրել: Մենք չգիտենք: Մենք չգիտենք նրանց տառապանքը, ուրախությունը, վախերը կամ երազանքները:
Եթե նրանք ապրեին այսօր, իրենց թու՞րք, հա՞յ, թե՞ քուրդ կանվանեին: Մենք չգիտենք: Ի՞նչ կրոն կունենային: Ո՞ր քաղաքական կուսակցությանը նրանք կընտրեին: Մենք չգիտեքն: Մի բան կա, որ վստահ գիտենք նրանց ինքնության մասին: Նրանք մարդ արարած էին:
Նրանք առաջին հող փորողն էին: Նրանք Միջագետքի առաջին սերմ ցանողն էին: Իսկ հետո եկանք մենք: Ծերացող աշխարհամասի տարբեր անկյուններից: Տասնյակներով, հարյուրներով, հազարներով: Հետո դարձանք միլիոնավոր: Վերջերս հասանք 84 միլիոնի: Եվ դեռ այն ժամանակվանից կռվում ենք, թե ում է ամենաշատը պատկանում այս հողը: Պայքարում ենք արդեն մեկ դար, հազար տարի, հինգ հազար տարի:
Միգուցե այնպես ձևակերպեցի, որ թվաց, թե մենք ենք կռվում: Սակայն այս մղումն ուրիշներինն է: Մենք ստանում ենք հարվածները: Քանի որ սա տիրանալու կռիվ է: Տիրապետելու և գերակայելու կռիվ է: Սուլթանության, աթոռի, ցուցամոլության և իշխանության կռիվ է: Իսկ մենք դիմադրում ենք դրան: Որ կենդանի մնանք: Մենք դիմադրում ենք, որ մարդ մնանք: Մենք դիմադրում ենք հավասարության, արդարության, խաղաղության, համայնքայնության և աշխատանքի առաքինության համար: Եվ ահա ինչ ենք մենք ասում: Այս հողի վրա չկա ոչինչ, որ մենք չկարողանանք կիսել: Այս երկիրը բոլորինս է: Այս հողերը բոլորինս է: Հնարավոր է ապրել ազնիվ, ճիշտ և հավասար, և դա շուտով կլինի: Մենք դա գիտենք:
Մեր չորս միլիարդ տարեկան մոլորակը ծեր է և հոգնած: Ինչպե՞ս ենք նախորդ 12.000 տարիներին եկել-հասել այս կետին: Ինչպե՞ս ենք այսքան ապամարդկայնացել: Հրավիրում եմ բոլորին մտորել սրա շուրջ: Ինչպե՞ս ենք կարողացել մոռանալ մեր ընդհանուր արժեքները, ընդհանուր ցավը, ընդհանուր ուրախությունը: Ինչպե՞ս ենք կարողացել թողնել այս մարմինները գետնի վրա: Ինչպե՞ս ենք կարողացել ստեղծել այս հավաքական ամոթը:
Եկե´ք ձեռք ձեռքի բռնենք, իմ քուրե´ր և եղբայրնե´ր: Ուս ուսի տված եկե´ք բարձրացնենք ընկած մարմինները: Եկե´ք վերջ դնենք մեր ընդհանուր վշտին: Եկե´ք ընդունենք, որ գետնին ընկածները մեկ ինքնություն ունեն, այն է՝ մարդ արարած: Նրանց անունները կարող են լինել Հրանտ, Թահիր, Բերքին, Ալի Իսմայիլ, Էրեն, Ջեյլան, Յասին, Մեդենի, Էթհեմ, Ուղուր, Թայբեթ, Այբյուքե, Էքրեմ: Սակայն նրանք բոլորը մարդ են:
Մի´ վախեցեք, քույրե´ր և եղբայրնե´ր: Ձեռք ձեռքի, ուս ուսի եկե´ք թաղումն անենք: Ոչ ոք չի կարող մենակ կրել այս բեռը: Ինչպես ասեցի, սա ծանր գին է: Ծանր ժառանգություն: Եկե´ք գնահատենք մեր կորցրած մարդկանց հիշողություններն առանց մեր մարդասպանների մթությանը տրվելուն:
Մենք կարող ենք սա անել, իմ գեղեցի´կ քույրեր և եղբայրներ: Մենք պետք է սա անենք: Մենք պետք է մեր մարմիններին խոնավության պես կառչած այս չարիքը խոցենք և ստեղծենք արևոտ և լուսավոր ապագա: Մեր հույսն ավելի մեծ է, քան հետապնդումը, քանզի դուք այստեղ եք: Քանզի մենք այստեղ ենք: Քանզի մենք ազատությանը հավատարիմ մնալու խոստում տված միլիոնավոր մարդիկ ենք: Քանզի մարդ արարած ենք:
Իմ գեղեցի´կ քույրեր և եղբայրներ, եկե´ք քաջությամբ և հավատով լինենք: Միասին մենք կհաղթենք, միանշանակ կհաղթենք:
Կուզեի Սելահաթինի՝ բանտախցից գրած իր բանաստեղծությունից մեջբերում անել.
Հողը ցնցվում է մեր ոտքերի տակ:
Երկինքը փշրվում է:
Երկիրն ազատության սպասումով է:
Այն շուտով մեզ նոր ծնունդ կտա:
Ձեռքերս գրպաններումս են, քայլերս անշնորհակալ:
Թեթև սրտով շարունակում եմ քայլել գերեզմանների խորքերում:
Մենք խոսք ենք տվել մեր հանգուցյալներին:
Մենք լավ լուրեր ունենք մեր ապրողների համար:
Թող ցրտին սառչող երեխաները սնվեն արևով:
Թող որբացած սիրեցյալները վերամիավորվեն:
Մեր աշխատանքը սիրով լցնենք, սա է մեր պայքարի էությունը:
Մենք մեր կրծքերին պարգևատրող մեդալ չենք ստանալու:
Լավագույնը՝ աղտոտ պարանի օղակ ենք վաստակելու մեր վզերի շուրջ:
Միգուցե մոլորված մի փամփուշտ մեր թիկունքին:
Մենք անուն չունենք, ոչ էլ անձնագիր:
Մեզ կճանաչեն մեր ընկած վայրից:
Մեր հողից վայրի ծաղիկներ կծաղկեն:
Կամ էլ կարմրավուն մի կակաչ:
Մենք հետապնդումն արհամարհած հողի զավակներն ենք:
Ահա գալիս ենք՝ հպարտ և կանգուն:
Հասկանում եք՝ ժամանակն ավարտվում է, հողը ցնցվում է մեր ոտքերի տակ:
Երկինքը փշրվում է:
Երկիրն ազատության սպասումով է:
Այն շուտով մեզ նոր ծնունդ կտա:
Ողջունում եմ բոլորիդ ջերմ և խորը հարգանքներով: Իմ հարգանքի տուրքն եմ մատուցում Հրանտի սիրավառ հիշատակին: Քեզ երբեք պիտի չմոռանանք Հրանտ եղբայր: Em te ji qet bîr nakin birayeminê eziz (քրդերեն): Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Շնորհակալություն Gelek spas (հայերենով և քրդերենով):Հունվարի 17-19-ը Սեբաթ շենքի վրա աղավնիներ էին հավաքվել:
Հունվարի 19-ի ոգեկոչման միջոցառումը միայն այս տարի առցանց էր համավարակի պատճառով: Հաջորդ տարի «Հրանտ Դինքի ընկերներ»-ը կրկին մեծ քանակով ներկա կլինեն սպանության վայրում՝ իրենց ընկերոջ հիշատակը ոգեկոչելու և արդարության պահանջով իրենց ձայնը բարձրացնելու համար:
19 Ocak 2021 Anma
https://hrantdink.org/images/HrantDinkAnmaEtkinlikleri/2021/19_ocak_4_800x418.jpg
https://hrantdink.org/images/HrantDinkAnmaEtkinlikleri/2021/19_ocak_1_800x418.jpg
https://hrantdink.org/images/HrantDinkAnmaEtkinlikleri/2021/19_ocak_6_800x418.jpg
https://hrantdink.org/images/HrantDinkAnmaEtkinlikleri/2021/19_ocak_7_800x418.jpg
https://hrantdink.org/images/HrantDinkAnmaEtkinlikleri/2021/19_ocak_8_800x418.jpg
https://hrantdink.org/images/HrantDinkAnmaEtkinlikleri/2021/19_ocak_2_800x418.jpg