27-րդ փուլի արդյունքները
2026 թ․ հունիս-հուլիս ամիսների ընթացքում Ճանապարհորդական դրամաշնորհը երկու երկրներից ստացել է 85 հայտ։ Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրոպական միության աջակցությամբ Հրանտ Դինք հիմնարկը նշված ժամանակահատվածում դիմած անձանցից ճանապարհորդական դրամաշնորհ է տրամադրում ընդհանուր առմամբ 14 անձի, որոնցից 2-ը Հայաստանից, իսկ 12-ը՝ Թուրքիայից՝ հարևան երկիր հստակ նպատակով և ծրագրով այցելելու համար։
Երևանից «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» (CSN Lab) ծրագրերի օգնական Ագնեսա Թարիվերդյանը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելելու է Ստամբուլ՝ հանդիպելու կազմակերպության երկարամյա գործընկերների, այդ թվում՝ Հաֆիզա Մերքեզիի (Հիշողության կենտրոն) և Փոսթանեի ներկայացուցիչների հետ, քննարկելու ընթացիկ համագործակցությունները, մշակելու նոր համատեղ նախաձեռնություններ և իրականացնելու նախնական հետազոտություն CSN Lab-ի երկխոսության ծրագրի շրջանակում՝ հայ-թուրքական երկխոսության և Հայաստան-Թուրքիա սահմանի մշակութային ու սոցիալական կողմերի վերաբերյալ։
Ստամբուլից արդյունաբերական դիզայներ և Ստամբուլի Օքան համալսարանի դասախոս Հադիյե Օզդեմիրը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելելու է Երևան՝ դիզայնի, մշակութային ժառանգության, թանգարանների և կրթության ոլորտներում ակադեմիական ու մասնագիտական կապեր զարգացնելու նպատակով։ Այցի շրջանակում նա այցելելու է Furniture Salon EXPO ցուցահանդես, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, «Electric Architects» ճարտարապետական և քաղաքաշինական ստուդիա և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։
Չանաքքալեից Kirte School («Քիրթե» դպրոց)-ի հիմնադիր Բյուշրա Այդագյունը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելելու է Երևան՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտի կողմից կազմակերպվող «Nest» ստեղծագործական ռեզիդենտության ծրագրին մասնակցելու նպատակով։ Այցի ընթացքում նա ստեղծելու է վիդեոարտ, իրականացնելու է մշակութային հետազոտություն, ինչպես նաև հանդիպելու է անհատների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հետագա հնարավոր համագործակցություններ ձևավորելու նպատակով։
Անկարայից Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի (LMU) դոկտորական հետազոտող Օրհուն Յալչընը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելելու է Երևան՝ մասնակցելու «Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» միջազգային գիտաժողովին և ներկայացնելու իր հետազոտությունը։ Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ու Հումանիտար և հասարակագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից։
Անկարայի Մեհմեթ Զաքիր Էքնիի Անատոլիական ավագ դպրոցի ուսուցչուհի Թանե Ալփերին և նրա աշակերտներ Ադեն Ունվերին ու Զեյնեփ Էրսոյին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ է տրամադրվել Երևան այցելելու և Գլոբալ կրթության կենտրոնի (CGE) ծրագրի շրջանակում COP17-ին մասնակցելու համար։
Ստամբուլից Հաֆիզա Մերքեզիի (Հիշողության կենտրոն) «Հիշողություն և երիտասարդություն» ծրագրի մասնակից Իլգազ Բերք Աթասևերը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելելու է Թալին, Ապարան և Աշտարակ՝ «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» (CSN Lab) հետ համագործակցությամբ յարխուշտա պարի վերաբերյալ հիշողության ուսումնասիրություն և դաշտային հետազոտություն իրականացնելու նպատակով։
Երևանից բազմաոլորտ անկախ արվեստագետ Ռուզան Պետրոսյանը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելելու է Ստամբուլ՝ որպես միջազգային հրավիրյալ արվեստագետ մասնակցելու Կարճամետրաժ ֆիլմի, վիդեոյի և լուսանկարչության 4-րդ միջազգային սիմպոզիումին։ Սիմպոզիումի շրջանակում նրա վիդեոաշխատանքները կներկայացվեն Videoartist ընտրանու կազմում։
Անկարայից Ekopolitik վերլուծական կենտրոնի և վերլուծությունների հարթակի խորհրդատու, սյունակագիր, վերլուծաբան, մեկնաբան և հաղորդավար Մեհմեթ Աքիֆ Քոչը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ այցելելու է Երևան՝ դաշտային հետազոտություն իրականացնելու և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, տարածաշրջանային քաղաքականության ու անդրսահմանային համագործակցության ոլորտներում աշխատող փորձագետների հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Այցի նպատակն է մշակել բովանդակություն, որը կնպաստի Հայաստանի վերաբերյալ հանրային ընկալման խորացմանը և երկու երկրների հարաբերությունների շուրջ առավել կառուցողական քննարկմանը։
Դիարբեքիրից արվեստագետ Ջենգիզ Թեքինը, Ստամբուլից արվեստագետներ Ֆաթմա Բեթյուլ Օզքանը և Էդա Քալքանը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ կայցելեն Երևան՝ Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ իրենց «NORARALIK» ցուցահանդեսային նախագիծն իրականացնելու համար։ Նախագծի միջոցով նրանք նպատակ ունեն երկարաժամկետ մասնագիտական կապեր հաստատել Հայաստանի արվեստագետների և արվեստի ոլորտի մասնագետների հետ, քննարկել հետագա համատեղ ցուցահանդեսների և նախագծերի հնարավորությունները, ինչպես նաև գիտելիքի և փորձի փոխանակման միջոցով ամրապնդել մշակութային երկխոսությունը տեղի արվեստային համայնքի հետ։
Իզմիրից ճարտարապետության մագիստրատուրայի ուսանողուհի Բեթյուլ Չելիքը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ դաշտային հետազոտություն է իրականացնելու Երևանում՝ Թուրքիայում և Հայաստանում ընդհանուր մշակութային ժառանգության ընկալման, պահպանման և հիշողության ձևերի վերաբերյալ իր թեզի համար։ Դաշտային այցերի, ճարտարապետական փաստագրման և լուսանկարչության հետ մեկտեղ նա հետազոտություն կիրականացնի նաև Սևանավանքում և կարճատև ռեզիդենցիա կանցնի Ժամանակակից արվեստի ինստիտուտում։ Հավաքված նյութերի հիման վրա նա կստեղծի ժառանգության և հիշողության մասին տեսողական պատում՝ միաժամանակ զարգացնելով ակադեմիական և մշակութային կապեր։
Ճանապարհորդական դրամաշնորհը 2026-2027 թթ․ իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում։

