Ճանապարհորդական դրամաշնորհը, որը մեկնարկել է 2014 թվականին Հրանտ Դինք հիմնարկի կողմից, աջակցություն է տրամադրել Հայաստանից և Թուրքիայից տարբեր մասնագիտություններ և հետաքրքրություններ ունեցող շուրջ 650 անհատի, այդ թվում՝ երաժշտական խմբեր, ճարտարապետներ, միջազգային հարաբերությունների փորձագետներ, քաղաքագիտության ոլորտի ուսանողներ, կանանց հզորացմամբ զբաղվող ՔՀԿ-ների կամավորներ, կինոռեժիսորներ, լուսանկարիչներ, երաժիշտներ, հետազոտողներ, գաստրոնոմիայի մասնագետներ` տարբեր քաղաքներից, ովքեր այցելել են հարևան երկիր առաջին անգամ։
Ճանապարհորդական դրամաշնորհը հնարավորություն է տալիս բացահայտել Ձեր մասնագիտության և փորձառության ոլորտում նոր հնարավորություններ՝ գտնվելով սահմաններից վեր։ Հայտերը բաց են բոլոր անձանց համար, ովքեր ցանկանում են այցելել հարևան երկիր՝ երկխոսության և համագործակցության նպատակով։ Ճանապարհորդական դրամաշնորհը աջակցություն կտրամադրի այնպիսի այցելությունների, որոնք ներառում են գործընկերության հիմնում և ցանցային համագործակցություններ, ծրագրային պլանավորման այցեր, միջսահմանային ծրագրեր, ծրագրի նախապատրաստական հանդիպումներ, փոխանակման ծրագրեր, կրթություն և լեզվի ուսուցում, գիտական համագործակցություն, հետազոտություններ և թեկնածուական աշխատանքներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում կամավորական աշխատանք, համատեղ ստեղծագործական աշխատանքներ, ինչպես նաև վերոնշյալ թեմատիկ ոլորտներում քննարկումների, համաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների, համերգների և նմանատիպ միջոցառումների կազմակերպում կամ մասնակցություն։
Դիմելիս հայտատուները պետք է առցանց հայտի համապատասխան բաժնում վերբեռնեն Կոնտակտային անձի հաստատման ձևաթուղթը, որը պետք է արդեն իսկ հաստատված լինի կոնտակտային անձի կողմից: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրային թիմը կապ կհաստատի հայտադիմումում հայտատուի կողմից հարևան երկրից նշված կոնտակտային անձի հետ:
Խմբային ճանապարհորդությունների դեպքում հայտադիմումը լրացնելիս խմբի յուրաքանչյուր անդամ պետք է ներկայացնի անհատական հայտադիմում: Խմբային հայտերի դեպքում խմբի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 3 անձը։
2026 թվականի օգոստոսից մինչև 2027 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում Ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի առնվազն 50 անհատի։ Այս շրջափուլում ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում։
Ընտրության ժամանակացույց
Հայտատուներին խորհուրդ է տրվում դիմել՝ իրենց պլանավորած այցին առավել մոտ շրջափուլի ժամանակացույցի համապատասխան: 2026-2027 թթ. հնարավոր կլինի աջակցել սահմանափակ թվով անհատների: Յուրաքանչյուր շրջափուլում ընտրվող դրամաշնորհառուների թիվը նախապես սահմանված չէ և ստացված դիմումները կգնահատվեն՝ ըստ Կանոնակարգում սահմանված չափանիշների:
Խնդրում ենք ներբեռնել Կոնտակտային անձի հաստատման ձևաթուղթը` փոխանցելով այն Ձեր կոնտակտային անձին, որպեսզի վերջինս լրացնի այն: Լրացված և ստորագրված ձևաթուղթը, որպես դիմումի անբաժան մաս, պետք է վերբեռնել հետևյալ հղմամբ դիմումը լրացնելիս։
Խնդրում ենք դիմելուց առաջ մանրամասն ծանոթանալ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգին։
Հարցերի դեպքում կարող եք մեզ հետ կապ հաստատել հետևյալ էլ․ հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Ճանապարհորդական դրամաշնորհը 2026-2027 թթ․ իրականացվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում։

