Թուրքիա-Հայաստան սահմանը, որը փակվել է 1993 թ.-ին, լիովին անտեսում է երկու կողմերում գտնվող մարդկանց շահերն ու բարեկեցությունը, ինչպես նաև բացասական է ազդում սահմանային քաղաքների և տարածաշրջանի սոցիալական զարգացման, տնտեսության ու շրջակա միջավայրի վրա: Երկու տասնամյակի ընթացում սահմանի փակ լինելը չհանգեցրեց որևէ ցանկալի կարգավորման Լեռնային Ղարաբաղում, ինչը սահմանը փակելու արդարացումն էր եղել: Սակայն այն առաջացրեց զգալի մեկուսացում սահմանային քաղաքներում, որոնք շարունակում են Թուրքիայի ամենաթույլ զարգացած քաղաքները լինել՝ տնտեսական ու սոցիալական ցուցանիշներով: Չնայած նրան, որ օդային երթևեկությունը թույլատրված է Ստամբուլի ու Երևանի միջև, ցամաքային սահմանը մնում է փակ, իսկ Կարս-Գյումրի երկաթուղին, որը գործում էր 1993 թ.-ից առաջ, երկար ժամանակ է, ինչ չի աշխատում: Այս իրավիճակը խոչընդոտում է սահմանային քաղաքների անմիջական առևտուրը Հայաստանի հետ, ինչը զգալի ներուժ է պունակում իր մեջ այս քաղաքների համար: Այս իրավիճակը նաև արգելակում է տարատեսակ տարածաշրջանային ու միջսահմանային համագործակցության նախաձեռնությունները և երկխոսությունների հնարավորությունները: Տարածաշրջանում ապրող մարդիկ, ովքեր ներկայումս ունեն բավական սահմանափակ շարժունակություն, ցանկանում են ունենալ բաց սահմաններ՝ առևտրի, տուրիզմի, առողջության, ուսման և այլ նպատակների համար, ու նրանք բարձրաձայնում են իրենց պահանջները զանազան առիթներով: 2005 թ.-ին Կարսի 50,000 բնակիչներ ստորագրեցին խնդրագրեր բաց սահմանների համար և ներկայացրեցին իրենց ընդհանուր պահանջը կառավարությանը: Չնայած այս նախաձեռնությանն ու 2009 թ.-ին երկու պետությունների միջև ստորագրված արձանագրություններին, որը 1993 թ.-ից ի վեր ամենահստակ քայլն էր դեպի բաց սահմանները, և որը սակայն ձախողվեց մինչ վավերացումը, Թուրքիա-Հայաստան սահմանը մնում է փակ մինչ օրս:
Այս պատճառով Հրանտ Դինք հիմնադրամը կարիք տեսավ գիտական վերլուծության, որը նպատակ պետք է ունենար չափել տեղաբնակների վրա փակ սահմանի սոցիալ-տնտեսական ազդեցությունը, տեսանելի դարձնել տարածաշրջանում բաց թողնված հնարավորությունները և բացահայտել ներուժն ու հեռանկարները։
Արդյունքում, անկախ հետազոտողների հանձնարարվեց կատարել «Թուրքիա-Հայաստան սահմանի սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտություն», որը իրականացվեց 2012-2013թթ.-ների ընթացքում՝ հետազոտող խորհրդատու դոկտոր-պրոֆեսոր Ասաֆ Սավաշ Աքաթի ղեկավարությամբ և Թուրքիայի արդյունաբերության և բիզնեսի ասոցիացիայի (TÜSİAD) ու Ստամբուլում Սաբանջը համալսարանի քաղաքականության կենտրոնի աջակցությամբ:
Հետազոտությունը կազմված է էկոնոմետրիկ վերլուծություններից՝ ուր համեմատություններ են տարվել այլ սահմանային տարածաշրջանների հետ, ինչպես նաև դաշտային որակական ուսումնասիրություններից։ Բահչեշեհիր համալսարանի Տնտեսական և սոցիալական հետազոտությունների կենտրոնը (BETAM) իրականացրել է էկոնոմետրիկ ուսումնասիրություն, ուր վերլուծվել է տարածաշրջանի համար բաց սահմանի առևտրային և տնտեսական ներուժը։
Խորքային հարցազրույցների միջոցով Սոցիալական հետազոտությունների կենտրոնը (SAM) ստացել է տարածաշրջանի ներկայիս պատկերը, ուսումնասիրել է մարդկանց պահանջները իրենց ապագայի վերաբերյալ, բաց սահմանների ներուժը, ինչպես նաև առկա խոչընդոտները, որոնք պիտի հաղթահարվեն։ Դաշտային որակական հետազոտությունների համար կազմակերպվել են համատեղ այցեր դեպի Կարսի, Իգդիրի և Արդահանի տարածաշրջաններ, որոնք սահմանակից են Հայաստանին, խորքային հարցազրույցներ են իրականացվել մոտ 70 անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների, խորհուրդների անդամների, տարածաշրջանային զարգացման գործակալությունների ներկայացուցիչների, գիտնականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հետ՝ տեղեկատվություն հավաքագրելով գյուղատնտեսության-հողագործության, առողջապահության, երիտասարդության և կրթության ոլորտների վերաբերյալ։
Հույս ունենք, որ այս զեկույցը, ուր տեղ են գտել այս երկու հետազոտությունների արդյունքները, կօգնի բարձրաձայնելու տարածաշրջանի տեղաբնակների պահանջները, և կնպաստի հետագա նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն երկու հարևան երկրների զարգացմանը։
«Թուրքիա-Հայաստան սահմանի սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտությունը» իրականացվել է Թուրքիայի արդյունաբերության և բիզնեսի ասոցիացիայի և Ստամբուլում Սաբանջը համալսարանի քաղաքականության կենտրոնի աջակցությամբ:
Հետազոտության արդյունքները թարգմանվել և հրատարակվել են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Թուրքիայի գրասենյակի աջակցությամբ։
Զեկույցն անգլերենով կարող եք գտնել այստեղ:.
Hetq, 09.12.2014 Ո՞ւմ է պատժում Թուրքիան՝ սահմանը փակ պահելով
Hetq, 09.12.2014 Closed Border Hurting Eastern Turkey More than Armenia, Says New Hrant Dink Foundation Study
Agos, 28.11.2014 Karabağ'da gidişat kaygı uyandırıyor
Armenian Weekly, 24.11.2014 Conference on Turkey-Armenia Border Takes Place in Ankara
Habertürk, 22.12.2014 'Kars'ta Malakan Köyü kurulsun'