2022 թվականի օգոստոսի 4-5-ին Հրանտ Դինք հիմնարկը երկխոսության ծրագիր էր կազմակերպել իրավագետների համար՝ համախմբելով 4 իրավաբանների (նրանցից մեկը առցանց մասնակցություն ունեցավ)՝ Թուրքիայից, և 29 իրավունքի ոլորտի փորձագետների, իրավապաշտպանների, ՀԿ, պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Հայաստանից։ Ծրագրի նպատակն էր փորձի փոխանակման ապահովումը և երկու երկրների միջև իրավունքի ոլորտում ինստիտուցիոնալ համագործակցության հաստատման քննարկումը։ Երևանում կայացած երկօրյա ծրագրի ընթացքում Թուրքիայի և Հայաստանի իրավագետները քննարկեցին իրենց երկրներում մարդու իրավունքների մասին ընկալումներն ու դրանց իրագործման տարբերություններն ու նմանությունները, ներկայացրին իրենց առջև ծառացած գործնական մարտահրավերները և ուսումնասիրեցին համագործակցության ու հաղորդակցության հնարավորությունները։
Առաջին օրը մեկնարկեց «Անցկացնելով զուգահեռներ. մարդու իրավունքների հիմնախնդիրները Հայաստանում և Թուրքիայում» խորագրով պանելային քննարկմամբ, որին հաջորդեց հարցուպատասխան։ Քննարկանը մասնակցում էին երեք բանախոսներ Թուրքիայից և երկուսը՝ Հայաստանից։ Ծրագրի երկրորդ օրը տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որի առանցքում երկու երկրներում միգրացիայի և ապաստանի հետ կապված առկա հարցերն էին: Հաշվի առնելով դիվանագիտական կապերի բացակայությունը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումները՝ երկուստեք կարևորվեց երկու երկրների իրավաբանների և իրավունքի փորձագետների միջև հաղորդակցության և հնարավոր աջակցության ուղիների հաստատումը։
Այս հանդիպումները հիմք դրեցին երկու երկրների իրավագետների հետագա համագործակցության համար, իսկ ծրագիրը Թուրքիայից ժամանած այցելուներին հնարավորություն ընձեռեց նաև զգալու և ավելի լավ հասկանալու Հայաստանը և նրա ժողովրդին: Այս թեմաների շուրջ նմանատիպ հանդիպումներ նախատեսվում են նաև հետագայում՝ հաղորդակցության և աջակցության հնարավոր ուղիներ հաստատելու նպատակով:
Երկխոսության ծրագիրն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 3-րդ փուլ» ծրագրի շրջանակում։