Իրավագիտության ոլորտի մի շարք հայաստանյան ՀԿ-ներ և փաստաբանական գրասենյակներ ներկայացնող հինգ փորձագետ ս.թ. նոյեմբերի 19-23-ին այցելեցին Ստամբուլ: Սույն այցը 2022 թ. Երևանում կայացած նմանատիպ երկխոսության ծրագրի տրամաբանական շարունակությունն էր:
Ծրագիրը համախմբել էր Հայաստանի և Թուրքիայի իրավագիտության ոլորտի փորձագետներին՝ նրանց միջև հնարավոր համագործակցության շրջանակը ընդլայնելու և զարգացնելու նպատակով: Առաջին օրը տեղի ունեցավ քննարկում՝ «Միջազգային քրեական իրավունքը և դրա իրացումը Թուրքիայում և Հայաստանում» թեմայով, որի ընթացքում ընդհանուր դիտարկումներ արվեցին և քննարկվեցին միջազգային հանցագործությունների նախադեպեր: Քննարկումը կայացավ Թուրքիայի Քրեական օրենսգրքի և Հռոմի ստատուտի, ինչպես նաև վերջինիս՝ Հայաստանի կողմից վավերացվելու և դրա հնարավոր ազդեցությունների շուրջ:
Ծրագրի երկրորդ օրը նվիրված էր կլոր-սեղան քննարկմանը՝ «Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիների մարտահրավերները և հակառակը» խորագրով: Քննարկմանը անդրադարձ կատարվեց Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիներին հանդիպող իրավական և վարչարարական մարտահրավերներին: Ծրագրի կարևոր բաղադրիչ էր երկու երկրների իրավագետների ոչ պաշտոնական ցանց ստեղծելը, որը կփորձի արձագանքել Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներին և հակառակը՝ Հայաստանում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին բնորոշ որոշ կարիքներին:
Այս ցանցը կծառայի նաև որպես հարթակ՝ իրավական համապատասխան նախադեպերին վերավերող տեղեկատվություն և փորձառություն փոխանակելու համար:
Հայաստանից ժամանած փորձագետները այցելեցին նաև Թուրքիայում գործող մարդու իրավունքներով զբաղվող մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամ, Մարդու իրավունքների ասոցիացիա, Քաղաքացիական ասամբլեա և «Հաֆըզա Մերքեզի» (Ճշմարտության, արդարադատության և հիշողության) կենտրոն: Այս բոլոր հանդիպումները նպաստեցին, որպեսզի փորձագետներն ավելի լավ հասկանան Թուրքիայում առկա մարդու իրավունքների խնդիրներն ու այդ ուղղությամբ քաղաքացիական հասարակության կողմից գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները: Այս հանդիպումները բոլոր մասնակիցներին նաև հնարավորություն տվեցին նոր կապեր ձեռք բերելու: Հայ փորձագետներն այցելեցին նաև Բեյօղլուի հայկական Սուրբ երրորդություն եկեղեցու հիմնադրամ, որտեղ նրանք հանդիպեցին հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով այն իրավական խնդիրները, որոնց բախվում է Թուրքիայում հայ համայնքը՝ որպես փոքրամասնություն:
Իրավագիտության ոլորտի փորձագետների երկխոսության ծրագիրը իրականացվել է Ուլոֆ Պալմե միջազգային կենտրոնի ֆինանսական աջակցությամբ: