2021 թվականի հունիսի 17-ին Հրանտ Դինք հիմնադրամն անցկացրեց հանրային քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում» խորագրի ներքո՝ քաղաքացիական հասարակության հայտնի անունների մասնակցությամբ՝ Թուրքիայից, Հայաստանից և Միացյալ Թագավորությունից: Հանրային քննարկումը վարում էր Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի հասարակական քաղաքականության բաժնի դոցենտ և նույն դպրոցի Միջազգային անհավասարությունների ինստիտուտի «Հասարակական և տնտեսական հավասարության ատլանտյան փորձի փոխանակման» ծրագրի գործադիր տնօրեն Արմինե Իշխանյանը: Խոսնակներն էին Ասենա Գյունալը՝ Անադոլու Քյուլթյուրից, Լևենթ Քորքութը՝ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնից, և Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամից:
Արմինե Իշխանյանի ներածական ելույթից հետո բանախոսները կիսվեցին իրենց հայացքներով: Հարցին, թե որն է եղել քաղաքացիական հասարակության դերը հայ-թուրքական հարաբերություններում վերջին պատերազմից առաջ և ինչ առաջընթաց էր գրանցել մինչ այդ պահը, Ասենա Գյունալն անդրադարձավ հաշտեցման գործընթացում քաղաքացիական հասարակության դերին, որը տեղի էր ունենում քաղաքականապես հանդարտ ժամանակաշրջանում: Նա նաև բերեց երկու հարևան երկրների ժողովուրդների երկխոսության և համագործակցության նախագծերի օրինակներ: Գևորգ Տեր-Գաբրիելյանը բարձրաձայնեց քաղաքացիական հասարակությունից ունեցած չափազանցված սպասելիքները, թեև այս դերակատարներիի թիվն ավելին է, քան քաղաքական դերակատարներինը: Լեւենտ Քորքութը շեշտեց, որ քաղաքացիական հասարակության ստեղծածն արդյունք էր համբերատար ջանքերի և երկարատև պայքարի: Մերձեցումը և երկխոսությունը շատ դռներ են բացել, և հարևան երկու երկրների ժողովուրդների միջև գոյաբանական անհանդուրժողականությունը վերացնելը քաղաքացիական հասարակության ամենամեծ մարտահրավերն է:
Ապա բանախոսները շոշափեցին խաղաղության թեման` արդյո՞ք այն ռազմական գործողությունների բացակայությունն է, թե ավելի դրական ենք այն պատկերացնում: Գևորգ Տեր-Գաբրիելյանը կարևորեց ժողովրդավարացման գաղափարը՝ ձևակերպելով այն որպես ժողովրդի մասնակցություն կառավարման գործընթացում, իսկ դրա բացակայությունը՝ տարածաշրջանային մի շարք խնդիրների հիմքում ընկած հարց, անցյալից մինչ օրս: Ըստ Լևենթ Քորքութի՝ խաղաղությունը պարզապես հրադադարի կամ կոնֆլիկտային վիճակի բացակայությունը չէ: Քաղաքացիական հասարակության հիմնական դերը երկխոսությունն է և միջմշակութային հաղորդակցության հաստատումը, և չնայած պետությունները կարող են օժանդակ դեր ունենալ, հասարակական գործիչների դերը նույնպես շատ կարևոր է: Տարբերակվում է բացասական խաղաղությունը, ինչը նշանակում է բռնության կամ հակամարտության բացակայություն և դրական խաղաղություն, որն իր մեջ ներառում է այլ տարրեր, ինչպիսիք են արդարության հաստատումը: Ինչպես ընդգծեց Ասենա Գյունալը, խաղաղությունը ակտիվ, կենդանի գործընթաց է, որը պահանջում է համագործակցություն և փոխանակում:
Այնուհետև մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղելու բանախոսներին, որոնք վերաբերում էին երկու երկրներում քաղաքացիական հասարակության իրավիճակին, ինչպես են նրանց նկատմամբ ներքին ճնշումները ազդում նրանց գործունեության վրա, որտեղ և ինչպես կարող է վերսկսվել երկխոսությունը Թուրքիայի և Հայաստանի միջև և ինչպես կարող են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հաղթահարել 2020 թվականից հետո առաջացած տրավման և հիասթափությունը:
Անդրադառնալով ապագային՝ բանախոսները եզրափակեցին իրենց ելույթները՝ խոսելով այն մասին, թե ինչն է իրենց հույս ներշնչում: Ասենա Գյունալը խոսեց այն հույսի մասին, որը գալիս է երիտասարդներից, արվեստագետներից, մտավորականներից, ովքեր հավատում են ընդհանուր գիտակցությանն ու մարդկության խղճին՝ որպես խաղաղության և հավասարության ջատագովներ: Լևենթ Քորքութը հայտնեց այն համոզմունքը, որ այս հասարակություններում ամեն ինչ կարող է փոխվել , եթե կան ամուր ցանցեր և կիսում են նույն աշխարհագրությունը, իսկ այդպիսի արմատավորված կապերը կարևոր հենարաններ են: Գևորգ Տեր-Գեբրիելյանը կարևորեց այնպիսի միջոցառումները, ինչպիսին այս հանրային քննարկումն է, որը մարդկանց ստիպում է խորհել և մտածել այն մասին, թե ինչ են սովորում, և ինչպես է այն ամրանում մտքի հիշողության վառ հատվածում՝ դառնալով մարդկանց համար երկարաժամկետ գործիք, որն օգտագործում են առօրյա կյանքում:
Գևորգ Տեր-Գաբրիելյան Գևորգ Տեր-Գաբրիելյանը ներկայումս Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Գլխավոր տնօրենն է: Նա միջազգային զարգացման հանրագետ է և արձակագիր: Ունի երեսունհինգ տարվա աշխատանքային փորձ մասնավոր, պետական և հասարակական ոլորտներում՝ Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա` կենտրոնում միշտ ունենալով Հայաստանը: Իր գործունեության ընթացքում անդրադարձել է քաղաքացիական հասարակության, երիտասարդության, մեդիայի, տարածաշրջանային ուսումնասիրությունների, ԵՄ-ի հետ հարաբերությունների և խաղաղարարական գործընթացներին: Նախկինում աշխատել է որպես «Եվրասիա» ծրագրի ղեկավար, ապա ավագ խորհրդատու Լոնդոնի «International Alert» կազմակերպությունում, որը աշխատանքներ է տանում կոնֆլիկների փոխակերպման և խաղաղարարության գործընթացների շուրջ: Հեղինակ է բազում հրապարակախոսական և քաղաքագիտական հոդվածների և էսսեների` հայերենով, անգլերենով և ռուսերենով, որոնք անդրադառնում են միջազգային հարաբերություններին, կոնֆլիկների տրանսֆորմացիային, խաղաղարարությանը, ԵՄ ինտեգրմանը, Հայաստանի զարգացման հետ կապված խնդիրներին և այլն: Հեղինակ, համահեղինակ և խմբագիր է ուսումնական ձեռնարկների և ժողովածուների՝ հակակոռուպցիայի, ծրագրերի կառավարման և կոնֆլիկտային խնդիրների նրբանկատ հաշվետվության ներկայացման շուրջ: Գ. Տեր-Գաբրիելյանն ունի դասավանդման, հետազոտական և խմբագրական հարուստ փորձ: |
Ասենա Գյունալ Ասենա Գյունալն իր բակալավրի աստիճանը ստացել է Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների, իսկ մագիստրոսի աստիճանը՝ նույն համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետից: Ասպիրանտական կրթությունը ստացել է 2008 թ. Բողազիչի համալսարանում՝ ուսումնասիրության կենտրոնում ունենալով հանրապետական Թուրքիայում պետություն-քաղաքացի փոխհարաբերությունները՝ առողջապահական քաղաքականության տեսանկյունից: 1998-2005 թթ. նա աշխատել է «İletişim» տպագրատանը՝ որպես խմբագիր: 2008 թ. ի վեր նա որպես Ծրագրերի համակարգող է աշխատում «Depo»-ում՝ Ստամբուլի Թոփհանե թաղամասում գտնվող արվեստի և մշակույթի կենտրոնում: Ա. Գյունալը Թուրքիայում արվեստի ոլորտի գրաքննության դեպքերի փաստագրման «Siyah Bant» հետազոտական հարթակի համահիմնադիրն է: 2014 թ. նա մասնակցել է Կոլումբիայի համալսարանի փորձի փոխանակման «AHDA» ծրագրին: 2018 թ. ի վեր աշխատում է Անադոլու Քյուլթյուրում՝ որպես Գործադիր տնօրեն: Նա համահեղինակել է «Քաղաք, որն հիշում է. տեղանքն ու հիշողությունը՝ Թաքսիմից մինչև Սուլթանահմեթ» (Memory Center, 2019): Համախմբագրել է «90’larda Türkiye’de Feminizm» («Ֆեմինիզմը 90-ականների Թուրքիայում», İletişim, 2002) և «Bir Daha Asla!: Geçmişle Yüzleşme ve Özür» («Այլևս երբեք. ներման հայցում և անցյալի հետ առերեսում», İletişim, 2013) գրքերը: Ա. Գյունալը 2019 թ. «Մարդու իրավունքներ և օրենքի իշխանության» գերմանաֆրանսիական մրցանակի դափնեկիր է: |
Լևենթ Քորքութ Լևենթ Քորքութը 1986 թ. ավարտել է Անկարայի համալսարանի Իրավագիտության դպրոցը: Նա իր մագիստրոսական և ասպիրանտուրական կրթությունը ստացել է նույն համալսարանում: 1990-1992 թթ. Լ. Քորքութն իր գիտական ուսումնասիրությունը շարունակել է Չիկագոյի համալսարանում՝ որպես հրավիրյալ ուսանող-հետազոտող: 1990-2011 թթ. նա աշխատել է Հաջեթթեփե համալսարանի քաղաքագիտության բաժնում՝ որպես օգնական, այնուհետև ասիստենտ-դասախոս: 2011 թ. հունիսից ի վեր նա Ստամբուլի Մեդիփոլ համալսարանի Իրավագիտության դպրոցի գիտնական է: Նա հանդիսանում է սահմանադրական իրավունքի, մարդու իրավունքների, խաղաղարարական գործընթացների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման փորձագետ: Լ. Քորքութը «Amnesty International»-ի Թուրքիայի մասնաճյուղի հիմնադիրներից է: 2007-2009 թթ. նա ընտրվել է որպես «Amnesty International»-ի միջազգային խորհրդի անդամ: 2012 թ. սեպտեմբերին Լ. Քորքութը ընտրվեց նույն թվականին հիմնադրված մարդու իրավունքների ազգային խորհրդի՝ Մարդու իրավունքների ինստիտուտի խորհրդի անդամ: Նա մի շարք հոդվածներ, զեկույցներ և գրքեր է գրել սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների թեմաների շուրջ: Ներկայումս Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի գործադիր խորհրդի նախագահն է: Կենտրոնը քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմամբ զբաղվող առաջատար ՀԿ է, որը համագործակցում է ԵՄ-ի և Եվրոպական Միության նախարարության, ինչպես նաև Խաղաղության հիմնադրամի հետ: |
Արմինե Իշխանյան Արմինե Իշխանյանը Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի հասարակական քաղաքականության բաժնի դոցենտ է և նույն դպրոցի Միջազգային անհավասարությունների ինստիտուտի «Հասարակական և տնտեսական հավասարության ատլանտյան փորձի փոխանակման» ծրագրի Գործադիր տնօրենը: նա իր հետազոտական աշխատություններում անդրադառնում է քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության, զարգացման և սոցիալական փոխակերպումների միջև եղած փոխհարաբերություններին: Նա լայնածավալ հետազոտություններ է իրականացրել և աշխատություններ հրատարակել նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության և հասարակական շարժումների թեմայով: Համագործակցելով հայաստանյան գործընկերների հետ՝ նա ներկայումս աշխատում է մի ծրագրի վրա, որի շրջանակներում քննդատական մոտեցմամբ ուսումնասիրվում է, թե ինչ ներգրավվածություն են ունեցել քաղաքացիական հասարակության տեղական և միջազգային դերակատարները խաղաղարարական և կոնֆլիկտների փոխակերպման գործընթացների մեջ: Սույն ծրագիրը դիտարկում է տարածաշրջանում խաղաղության հաստատման մարտահրավերներն ու կոնֆլիկտի և անհավասարությունների միջև փոխհարաբերությունները: |
Այս ծրագիրը իրականացվել է Քրեստ հիմնադրամի, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային վարչության, Սիդա և Օլոֆ Փալմե միջազգային կենտրոնի աջակցությամբ: