Պատմաբան Աճեմյանը կիսվեց Եթովպիայում հայերի վերաբերյալ իր դոկտորական հետազոտությամբ, որը, որպես գիրք լույս է տեսել «La fanfare du négus: Les Arméniens en Éthiopie (XIXe-XXe siècles)» («Թագավորի Ֆանֆար նվագախումբը, Հայերը Եթովպիայում 19-20-րդ դդ․): Աճեմյանի ուսումնասիրությունը հիմնված է դաշտային աշխատանքի և եթովպահայերի հետ խորքային հարցազրույցների վրա։ Նա շեշտեց, որ այդ հարցազրույցներն ու բանավոր պատումները նույնպես կարևոր արխիվային աղբյուրներ են՝ չնայած թեմայի վերաբերյալ գրավոր աղբյուրների բացակայությանը: Նա «Հավաք» սրահում ներկա գտնվողներին ներկայացրեց, որ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը սկսել են Եթովպիա գաղթել 19-րդ դարի երկրորդ կեսին։ Գաղթի ծավալներն աճել են 20-րդ դարեսկզբին՝ կայսրությունում հայերի հանդեպ տարվող բռնաճնշումների ու հալածանքների արդյունքում։ Աճեմյանը նաև անվանեց մի քանի հայի, ովքեր սերտ կապեր են հաստատել Եթովպիայի ազնվականության հետ և առանցքային դեր ունեցել երկրի տնտեսական ու քաղաքական հարցերում։ Ելույթի երկրորդ մասում նա բացատրեց, որ Եթովպիայի թագավորը Երուսաղեմի որբանոցի 40 հայ որբերից կազմված նվագախումբ է հիմնել։ Այդ նվագախումբը գրել է Եթովպիայի առաջին ազգային օրհներգը։ Ելույթի ավարտին նա ասաց, որ 1974թ․ հեղափոխությունից հետո հայերի հանդեպ բռնաճնշումներ սկսվեցին, համայնքը հետզհետե նոսրացավ, հայկական թաղամասն ավերվեց տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքային վերականգնման քաղաքականության արդյունքում՝ տասնհինգ տարի առաջ։ Ստորև ներկայացնում ենք Աճեմյանի ելույթն ամբողջությամբ։