««Կուլիս». Հակոբ Այվազ՝ թատրոնի ժամանակագիր» ցուցահանդեսը կյանքի է կոչվել Հրանտ Դինք հիմնադրամի գլխավորությամբ՝ Թուրքիայի Թատրոնի հիմնադրամի և «Յափը Քրեդի» մշակույթի, արվեստի և գրահրատարակչության կորպորացիայի գործակցությամբ: Ցուցահանդեսը հանրության համար բացվել է դեկտեմբերի 15-ին՝ երեքշաբթի օրը: Հ. Այվազը կսպասի «Կուլիս» ցուցահանդեսի այցելուներին մինչև 2021թ. Հուլիսի 25-ը: Ցուցահանդեսը հիմնված է պոլսահայ թատրոնի դերասան և հրատարակիչ Հակոբ Այվազի՝ (1911‒2006) թատրոնի վերաբերյալ անձնական արխիվի վրա և լույս է սփռում Թուրքիայի թատրոնի պատմության վրա՝ հավաքական հիշողության, ինքնության և տարածության համատեքստում:

««Կուլիս». Հակոբ Այվազ՝ թատրոնի ժամանակագիր» ցուցահանդեսն առաջարկում է արխիվի լուսանկարների, ամսագրերի, ձեռագրերի և տպագիր տեքստերի ընտրանի, որը բաժանված է երեք հիմնական մասի: Առաջին մասը ներկայացնում է թատերական արտադրությունը և գործունեությունը Ստամբուլում հայոց լեզվով՝ Հակոբ Այվազի կյանքի ժամանակահատվածին զուգահեռ, ով պատանեկությունից սկսած, եղել է թատրոնի նվիրյալ՝ ճանապարհ անցնելով ստատիստից մինչև բեմադրիչ, սյունակագրից մինչև հրատարակիչ: Երկրորդ մասը վերաբերում է 1946-1996թթ. Հ. Այվազի հրատարակած «Կուլիս» ամսագրի ազդեցությանը Թուրքիայում և Թուրքիայի սահմաններից դուրս՝ ժամանակաշրջանի գեղարվեստական ​​և քաղաքական հիմնական զարգացումներին զուգընթաց։ Վերջին բաժինը կենտրոնանում է Օսմանյան կայսրության և Թուրքիայի թատրոնի պատմության հիմնաքարերը հանդիսացող տարբեր արվեստագետների, թատերախմբերի, պիեսների և վայրերի վրա՝ այցելուներին հրավիրելով ուսումնասիրել կապը այդ բոլորի միջև՝ վերաբացահայտելու թատրոնի պատմությունը Թուրքիայում:

Ցուցահանդեսի համանուն կատալոգը, որը պատրաստվել է անգլերենով և թուրքերենով՝ «Յափը Քրեդի» մշակույթի, արվեստի և գրահրատարակչության կորպորացիայի կողմից, ոչ միայն այցելուներին հրավիրում է Հակոբ Այվազի գործունեության «կուլիս», այլև հնարավորություն է տալիս վերաբացահայտել Թուրքիայի պատմության թատրոնը բազմակարծ դիտանկյունից: Հուսով ենք, որ այս ցուցահանդեսը կոգեշնչի նոր բազմակարծ, ներառական և մասնակցային թատերական գործունեություն մշակույթի և արվեստի ոլորտում:

Ցուցահանդեսին զուգահեռ «Արաս» հրատարակչությունը թուրքերեն և հայերեն հրատարակեց «Sahne Arkadaşlarım - Tiyatro tarihimizden simalar» («Բեմի ընկերներս։ Դէմքեր մեր թատրոնի պատմութենէն») գիրքը, որը կազմված է Հակոբ Այվազի հայերեն և թուրքերեն երկու հոդվածաշարից, որ նա տպագրել էր «Ակօս» թերթի հայերեն էջերում 1999‒2001թթ.։

Ցուցահանդես կարող եք այցելել ամեն աշխատանքային օր, ժամը 11.00‒19.00-ը՝ «Yapı Kredi Kültür Sanat»-ում։

Առցանց շրջայցի համար այցելեք https://bit.ly/3bsus1Y:

Մամուլի կոնտակտային անձ՝ Զեյնապ Սունգուր, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Ո՞վ է Հակոբ Այվազը

Հակոբ Այվազը ծնվել է 1911թ. Ստամբուլի Յենիքափը թաղամասում: Նա առաջին անգամ բեմ է ելել 1928թ. «Նարլըքափը Շաֆաք» (Narlıkapı Şafak) թատրոնում՝ որպես երկրորդական՝ անխոս դեր կատարող դերասան «Ջրաղացպանի աղջիկը» օպերետում։ Առաջին գլխավոր դերը կատարել է 1930թ. Բեյօղլուի Յենիշեհիր այգու թատրոնի «Օձի հետքը» ներկայացման մեջ։ 1935-1946թթ. Հ. Այվազը թատրոնի մասին գրել է այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են «Ժամանակ», «Թուրքիա», «Գավրոշ», «Նոր օր»: Զարեհ Արշագի և Նազարեթ Դոնիկեանի հետ միասին 1946թ. հիմնադրել է «Կուլիս» հանդեսը: 1947‒1950թթ. հատուկ երեկոներ էր կազմակերպում «Կուլիս»-ի համար, որտեղ հայ և թուրք արվեստագետները հանդես էին գալիս նույն բեմում։ 1948թ. հետո Հ. Այվազը ուղևորություններ է կատարել արտերկիր և ավելի մեծաքանակ ընթերցողներ ու թղթակիցներ ձեռք բերել «Կուլիս»-ի համար Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հայաստանում և Հունաստանում: 1954-1956թթ. Ստամբուլի Օպերետի ընկերակցության աջակցությամբ «Կուլիս»-ը հրապարակել է թուրքերենով: 1960թ. Հ. Այվազը ստանձնել է Եսայանի դպրոցի շրջանավարտների միության բեմական խմբի ղեկավարությունը, ռեժիսորական դեբյուտը կատարել Գալիփ Արջանի «Rica Ederim Kesmeyiniz» («Խնդրում եմ չընդհատել») ներկայացման մեջ և հիմնադրել Փոքր թատերախումբը։ Այվազն իր հիշարժան «Լուցիքա Տուտու» սյունակը սկսել է գրել 1968թ.։ 1996թ. հրատարակել է Թուրքիայում և արտերկրում անհամար մրցանակներ ստացած իր հիսնամյա «Կուլիս» հանդեսի վերջին համարը, 1997թ. սկսել է գրել «Ակօս»-ի համար մինչև 2006թ.: Արժանացել է Թուրքիայի Գրողների միության 1997թ. մրցանակին՝ «Մամուլին մատուցած ծառայութունների» համար, իսկ 2005թ.՝ Թատերական քննադատների ընկերակցության «Պատվավոր» մրցանակին: Հակոբ Այվազը մահացել է 2006թ. սեպտեմբերի 29-ին և թաղվել Շիշլիի հայկական գերեզմանատանը:
 

Ի՞նչ է իր մեջ ամփոփում Հակոբ Այվազի արխիվը

Հայ թատրոնի դերասան, բեմադրիչ, հեղինակ և հրատարակիչ, թատերասեր Հակոբ Այվազի արխիվն ընդգրկում է 150 տարվա ժամանակահատված՝ Օսմանյան Կայսրությունում թատրոնի առաջին տարիներից` 19-րդ դարի կեսերից մինչև 21-րդ դարի սկիզբը: Լույս սփռելով օսմանյան-թուրքական թատրոնի պատմության վրա՝ այս արխիվը նաև մեծապես նպաստում է հավաքական հիշողության պահպանմանը։ 2006թ. Հ. Այվազի մահից հետո «Ակօս» թերթին նվիրաբերված արխիվային հավաքածուն բաղկացած է օսմաներեն, հայերեն և թուրքերեն շուրջ 300 պիեսների ձեռագրերից, պիեսների 300-ից ավելի տպագիր տեքստերից՝ երեք լեզուներով, 500-ից ավելի պարբերականներից, ամսագրերից և գրքույկներից՝ հայերեն և թուրքերեն, շուրջ 12 000 լուսանկարներից, ազգագրերից, ծաղրանկարներից, թերթերի ու ամսագրերի կտրոններից, հրավերներից, գծանկարներից և բացիկներից: Արխիվի կառուցվածքն առավել կապակցված և ամբողջական դարձավ այն բանից հետո, երբ 2019թ. Հրանտ Դինք հիմնադրամին նվիրաբերվեցին Այվազի որոշ անձնական իրեր, պարգևներ, 1944-1996թթ. հայերենով անընդմեջ հրատարակված «Կուլիս» մշակութային-գեղարվեստական ամսագրի 1104 համարից կազմված ամբողջական հավաքածուն։ Տարիների ընթացքում Հրանտ Դինք հիմնադրամը ստեղծեց և թվայնացրեց արխիվի կատալոգը։ Այդ առցանց արխիվը հետազոտողների համար բացվեց ««Կուլիս». Հակոբ Այվազ՝ թատրոնի ժամանակագիր» ցուցահանդեսի հետ միաժամանակ՝ 2020թ. դեկտեմբերի 15-ին։
 
Սեղմեք այստեղ՝ Հակոբ Այվազի արխիվի մասին ավելին իմանալու համար։