Հայ դերասան, բեմադրիչ, գրող և հրատարակիչ Հակոբ Այվազի անձնական արխիվն ընդգրկում է մի ժամանակահատված, որն սկսվում է 19-րդ դարի կեսերից, երբ արվում էին թատերական արտադրության առաջին փորձերը, և ավարտվում 21-րդ դարի սկզբին։ Լույս սփռելով օսմանյան-թուրքական թատրոնի պատմության վրա՝ այս արխիվը նաև մեծապես նպաստում է հավաքական հիշողության պահպանմանը։
2006թ. Հ․ Այվազի մահից հետո «Ակօս» թերթին նվիրաբերված արխիվային հավաքածուն բաղկացած է օսմաներեն, հայերեն և թուրքերեն շուրջ 300 պիեսների ձեռագրերից, պիեսների 300-ից ավելի տպագիր տեքստերից՝ երեք լեզուներով, 500-ից ավելի պարբերականներից, ամսագրերից և գրքույկներից՝ հայերեն և թուրքերեն, շուրջ 12 000 լուսանկարներից, ազգագրերից, ծաղրանկարներից, թերթերի ու ամսագրերի կտրոններից, հրավերներից, գծանկարներից և բացիկներից: Արխիվի կառուցվածքն առավել կապակցված և ամբողջական դարձավ այն բանից հետո, երբ 2019թ. Հրանտ Դինք հիմնադրամին նվիրաբերվեցին Հ․ Այվազի որոշ անձնական իրեր, պարգևներ, 1944-1996թթ. հայերենով անընդմեջ հրատարակված «Կուլիս» մշակութային-գեղարվեստական ամսագրի 1104 համարից կազմված ամբողջական հավաքածուն։
Այս բազմալեզու և բազմաշերտ արխիվը, որն ամբողջովին թվայնացվել է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից և հասանելի է որպես այս ցուցահանդեսի մաս, յուրահատուկ և անգնահատելի աղբյուր է օսմանյան շրջանի և Թուրքիայի կատարողական արվեստների ոլորտի և ժողովրդական մշակույթի հետազոտողների համար: