Հրանտ Դինք հիմնարկի կողմից մշակված «KarDes» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցի բջջային հավելվածը նոր նյութ է ներկայացնում իր՝ Ստամբուլի թեմատիկ շրջայցերի շարքում։ Ստամբուլի ջրային ժառանգության շրջայցը հրավիրում է Ձեզ ականատես լինելու քաղաքի պատմական ջրային կառույցներին և պատմություններին՝ Զեյրեքի ցիստեռնայից մինչև Չինիլի համամ, Վաղեսի ջրանցույցից մինչև Այշե Սուլթանի շատրվան, Ստամբուլի ավանդական հրշեջ ծառայությունից մինչև ջրատարները։
Շրջայցի կանգառները ներառում են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ցիստեռնաներ, ջրանցույցեր, համամներ, շատրվաններ, սեբիլներ (ցայտաղբյուր), մզկիթներ և եկեղեցիներ, ինչպես նաև պատմություններ Ստամբուլի ավանդական հրշեջ ծառայության, ջրատարների, բաղնիքի սպասավորների և ձկնորսների մասին։ Իլքսեն Մավիթունայի և Ջենիֆեր Հաթթամի ձայները Ձեզ կուղեկցեն շրջայցի այս պատմական ջրային կառույցների և պատմությունների միջով, որոնք մինչ օրս ապրում են ժամանակակից քաղաքի ամեն անկյունում։
Շրջայցը մշակվել է Թուրքիայում Նիդեռլանդների ինստիտուտի և Ռադբաուդ համալսարանի հետ համագործակցությամբ, Ֆրեյե համալսարանի աջակցությամբ։
Ի՞նչ է «KarDes»-ը։
«KarDes»-ը հավաքագրում է անցյալի անհայտ բազմամշակութային պատմությունները՝ դրանք վերածելով շրջայցերի՝ թուրքերենով և անգլերենով։ Հավելվածից օգտվողները կարող են մասնակցել սովորաբար 2 ժամ տևող և 9-15 կանգառ ներառող «հիշողության շրջայցերի», որոնց ընթացքում հնարավոր է ուսումնասիրել թաղամասերի բազմաշերտ պատմությունները՝ բանավոր պատմությունների տեսանյութերի և լուսանկարների միջոցով։
Հավելվածի «Explore» (Բացահայտիր) բաժնում կարող ենք նաև բացահայտել ձեր շրջակայքում գտնվող մշակութային ժառանգության վայրերը։
«KarDes» բազմամշակութային հիշողության զբոսաշրջային ուղեցույցն անվճար կարելի է ներբեռնել App Store-ic և Play Store-ից։