«Անատոլիայի մշակութային ժառանգության բացահայտում և խթանում» ծրագրից ներկայիս ծրագիր սահուն անցումը կազմակերպելու համար, որպես առաջին տեղանք, ընտրվել էր Կայսերին: Կայսերին իր Դեվելի շրջանով, ուր հայկական համայնքն ապրել է ընդհուպ մինչ 1960-ականները, հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման կարևոր վայր է:

Դեվելին այս ծրագրում հիշողության երեք վայրերից մեկն է, ուր աշխատանքներ են իրականացվելու: Դեվելին կամ Էվերեկ-Ֆենեսեն՝ Դեվելիի թաղամաս կազմող զույգ քաղաքները, հայկական աշխույժ համայնքի բնակատեղին էր և ուներ երկու եկեղեցի, բազմաթիվ դպրոցներ, արհեստներ ու արվեստներ, առևտուր, փառատոններ, ծեսեր, մի խոսքով՝ մեծ ժառանգություն: Ծրագրի նպատակն է հավաքագրել այն ամենն, ինչ մնացել է հայերի մասին հուշերում և տարածել այն Դեվելիի բնակիչների շրջանում, ինչպես նաև նրանց հետ աշխատել մնացյալ կառույցների, իրերի և հուշերի կենսակայուն վերօգտագործման շուրջ:

Քանի որ ներկա ծրագիրը տարբերվում է նախորդից նրանով, որ կենտրոնանում է հիշողության օբյեկտների վերօգտագործման, ոչ թե դրանց քարտեզագրման վրա, ծրագրին անհրաժեշտ էին տեղական կապեր և գործընկերներ այս նպատակներն իրականացնելու համար: Ուստի ծրագրային թիմն առաջին դաշտային աշխատանքն ամբողջությամբ նվիրեց կապերի հաստատմանը և համագործակցության հնարավորությունների քննարկմանը:

Հաչ Դաղը՝ Խաչի լեռը Յուքարը Դեվելիից կամ, ինչպես հայերն էին այն անվանում, Թյուրք Դեվելիից: Բլուրն այսօր կոչվում է Բայրաքթեփե:

Ծրագրային թիմին միացել էր հայկական մշակութային ժառանգության հայտնի փորձագետ և Հրանտ ԴԻնք հիմնադրամի վաղեմի ընկեր, ճարտարապետ պրն. Զաքարյա Միլդանօղլուն: Ավելի քան 30 հանդիպում կազմակերպվեց քաղհասարակության ներկայացուցիչների, տեղական իշխանության, համալսարանների, մասնագիտացված խմբերի և անհատների հետ, ովքեր աշխատում և ապրում են Կայսերիի կենտրոնում կամ Դեվելի շրջանում: Ծրագրային թիմը ջերմ հյուրընկալության արժանացավ և աշխատանքային հարաբերություններ ստեղծեց քաղհասարակության և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ծրագրային թիմն այժմ աշխատում է դաշտային աշխատանքների հաջորդ այցի ժամանակ իրականացվելիք աշխատաժողովի բովանդակության վրա: