2010թ. դեկտեմբերին բացված «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդեսը, որն իրականացվել էր Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանի, Հրանտ Դինք հիմնադրամի և «ՀայՃար» ճարտարապետների և ինժեներների ասոցիացիայի հետ համագործակցությամբ, այժմ վերաբացվել է Ճարտարապետության վիրտուալ թանգարանում: Ովքեր բաց էին թողել ցուցահանդեսը, հիմա կարող են այցելել այն հետևյալ հասցեով՝ www.archmuseum.org:
Հրանտ Դինք հիմնադրամի կողմից նաև հրատարակվել է ցուցահանդեսի անունը կրող «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» գիրքը՝ թուրքերեն-անգլերենով և հայերեն-անգլերենով: Գիրքը բաղկացած է հայ ճարտարապետների աշխատանքների 100-ից ավել լուսանկարներից և վեց հոդվածից՝ գրված Էդհեմ Էլդեմի, Աֆիֆե Բաթուրի, Ահմետ Էրսոյի, Էլիսոն Ուարթոնի, Էլմոն Հանչերի և Լորա Բայթարի կողմից: Հասան Քուրույազըջըի խմբագրած և Էրքալ Յավիի նախագծած գիրքն այժմ հասանելի է Հրանտ Դինք հիմնադրամում և գրախանութներում:
Հասան Քուրույազըջըի համադրած լուսանկարների նպատակն է բացահայտել մոռացված հայ ճարտարապետների ներդրումը Ստամբուլի ձևավորման գործում: Ցուցահանդեսի շենքերը տեսնելու համար Քուրույազըջըն ճամփորդել է Քուրթուլուշ-Թաթավլա, Փանգալթը, Թաքսիմ, Ջիհանգիր, Թարլաբաշը, Թունել, Գալաթա, Էմինյոնյու և Մահմուտփաշա փողոցներով՝ արդյունքում ցույց տալով հայ ճարտարապետների աշխատանքները և ներդրումը Ստամբուլի արևմտականացման գործում:
Նմանատիպ ծրագիր անելով նաև Ստամբուլի հույների հետ՝ Հասան Քուրույազըջըն իր ուսումնասիրության շարժառիթը հետևյալ կերպ է բացատրում. «Այսօր ունենք 19-րդ դարով թվագրվող մեծ թվով կառույցներ: Թեև դրանցից շատերը վնասված են, սակայն սրանք պահպանվածներից են: Եվ ինձ այս հետազոտությունն անել ստիպեց «Ո՞վ է այս շենքերը կառուցել» հարցը»:
Էրքալ Յավիի կողմից նախագծված ցուցահանդեսի նպատակն է Ստամբուլի բնակիչներին ցույց տալ իրենց քաղաքի պատմությունը: Բացի այդ, այն նաև ճարտարապետների, ճարտարապետության ուսանողների, հնագետների, սոցիալական ոլորտն ուսումնասիրողների, արվեստի և ճարտարապետության պատմությունն ուսումնասիրողների և այլոց համար կարևոր աղբյուր է հանդիսանում: