Ցուցահանդեսը նպաստում է մոռացված հայ ճարտարապետների վերհիշմանը, ովքեր մեծ դեր են ունեցել Ստամբուլի ձևավորման գործում:
Ցուցահանդեսն իրագործվել է «Ստամբուլ-2010. մշակույթի եվրոպական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում՝ «Ստամբուլ-2010. մշակույթի եվրոպական մայրաքաղաք» գործակալության, Հրանտ Դինք հիմնադրամի և «ՀայՃար» կազմակերպության համագործակցությամբ: Ցուցահանդես այցելելով՝ կարելի է ծանոթանալ ուշ 19-րդ և վաղ 20-րդ դարերում ապրած ավելի քան 40 հայ ճարտարապետների կյանքի պատմություններին: Բացի այդ, ցուցահանդեսին կարելի է տեսնել նաև այս ճարտարապետների նախագծած 100-ից ավելի կառույցների լուսանկարներն ու ծանոթանալ դրանց պատմությանը:
Հասան Քուրույազըջըի համադրած լուսանկարները, որոնք արվել են Քուրթուլուշ-Թաթավլա, Փանգալթը, Թաքսիմ, Ջիհանգիր, Թարլաբաշը, Թունել, Գալաթա, Էմինյոնյու և Մահմուտփաշա փողոցներում, ցույց են տալիս հայ ճարտարապետների ներդրումը Ստամբուլի արևմտականացման շրջանում:
Նմանատիպ ծրագիր անելով նաև Ստամբուլի հույների հետ՝ Հասան Քուրույազըջըն իր ուսումնասիրության շարժառիթը հետևյալ կերպ է բացատրում. «Այսօր ունենք 19-րդ դարով թվագրվող մեծ թվով կառույցներ: Թեև դրանցից շատերը վնասված են, սակայն սրանք պահպանվածներից են: Եվ ինձ այս հետազոտությունն անել ստիպեց «Ո՞վ է այս շենքերը կառուցել» հարցը»:
Էրքալ Յավիի կողմից նախագծված ցուցահանդեսի նպատակն է Ստամբուլի բնակիչներին ցույց տալ իրենց քաղաքի պատմությունը: Բացի այդ, այն նաև ճարտարապետների, ճարտարապետության ուսանողների, հնագետների, սոցիալական ոլորտն ուսումնասիրողների, արվեստի և ճարտարապետության պատմությունն ուսումնասիրողների և այլոց համար կարևոր աղբյուր է հանդիսանում:
Ցուցահանդեսին լինելու է նաև ցուցադրված ճարտարապետական շինությունները ներառող մասնագիտացված շրջայց, ինչպես նաև կազմակերպվելու է քննարկում՝ նվիրված Ստամբուլի հայ ճարտարապետներին: Այցելուները նաև հնարավորություն կունենան հայ ճարտարապետների աշխատանքների մասին տեղեկատվություն ստանալ աուդիո-շրջայցի և երկու կարճ ֆիլմերի միջոցով:
Հրանտ Դինք հիմնադրամի կողմից նաև հրատարակվել է ցուցահանդեսի անունը կրող՝ «Արևմտականացող Իսթամպուլի հայ ճարտարապետները» գիրքը: Այժմ հասանելի են գրքի երկու տարբերակները՝ թուրքերեն-անգլերենով և հայերեն-անգլերենով: Գիրքը բաղկացած է հայ ճարտարապետների աշխատանքների 100-ից ավել լուսանկարներից և վեց հոդվածից՝ գրված Էդհեմ Էլդեմի, Աֆիֆե Բաթուրի, Ահմեթ Էրսոյի, Էլիսոն Ուարթոնի, Էլմոն Հանչերի և Լորա Բայթարի կողմից:
Գրքում և ցուցահանդեսում առկա լուսանկարներն արվել են Գյոքհան Թանի, Քամիլ Յըլմազի, Գյորքեմ Քըզըլքայաքի, Գալաթա ֆոտոստուդիայից Սիբել Գյունաքի, Օզգյուր Բալիի, Բահար Գյոքթենի, Թանլա Օզուզունի, Բուրաք Քարայի, Բերիլ Գյուրի, Անըլ Ջիզմեջիի, Ումուր Չոլգարի, Թուբա Քըլըչի, Դամլա Յեդիսանի, Սեմրա Յեշիլի, Գրիդ կոլեկտիվից Բուրաք Գյոլգեի, Դույգու Թոզդումանի, Սերա Դինքի, Թեվֆիկ Ռըզա Գյոզլյուքչյուի կողմից:
Ումիթ Քըվանչ՝ «Հիշողություն» / Yâdigâr on («Vimeo»-ում)