Բողազիջի համալսարանի պատմության, սոցիոլոգիայի և քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների բաժինների կողմից կազմակերպված Խոսքի ազատությանն ու մարդու իրավունքներն նվիրված Հրանտ Դինքի հիշատակի դասախոսության 4-րդ տարում Մայքլ Քեշմենը ներկայացրեց «Պատկերացրե´ք, որ դուք եք օտարը. պաշտպանելով կին և տղամարդ նույնասեռականների, երկսեռական և գենդերափոխ անձանց իրավունքները» խորագրով դասախոսություն:

Մայքլ Քեշմենը բրիտանացի նախկին դերասան է, իրավապաշտպան և Եվրախորհրդարանի անդամ՝ որպես Բրիտանիայի Լեյբորիստական ​​կուսակցության ներկայացուցիչ: Եվրախորհրդարանում նա մարդու իրավունքների հարցերով խոսնակ է և Եվրամիությունում փոքրամասնությունների նկատմամբ խտրականության խիստ քննադատ: Ստոունվոլլի՝ Մեծ Բրիտանիայի նույնասեռականների հավասարության կազմակերպության հիմնադիրն է, 2006թ․ աջակցել է Վարշավայում անցկացված նույնասեռականների շքերթին՝ ընդդիմանալով լեհ բարձրաստիճան քաղաքական գործիչների աճող ատելության խոսքին, իսկ 2009թ․ մասնակցել է Հյուսիսային Կիպրոսի հոմոֆոբիայի դեմ նախաձեռնությանը` փորձելով վերջ դնել ԼԳԲՏ անձանց հանդեպ խտրական օրենքներին: Նա «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինք» խմբի անդամ է, Եվրախորհրդարանում Հարավային Աֆրիկայի հետ կապերի պատվիրակության նախագահը: Այժմ նա Լեյբորիստական ​​կուսակցության Ազգային գործադիր կոմիտեի փոխնախագահն է: 1998թ․ նա հատուկ ծառայության մրցանակ է ստացել Մարդու իրավունքների համար Բժիշկների ամերիկյան ասոցիացիայի կողմից, իսկ 2007թ․ Ստաֆորդշիրի համալսարանի կողմից ստացել է պատվավոր դոկտորի կոչում՝ մարդու իրավունքների ոլորտում կատարած իր աշխատանքի համար։

Ելույթ

Տիկնա´յք, պարոնա´յք և ուրիշնե´ր, սիրելի´ ընկերներ, պատվավո´ր հյուրեր։ Շատ ուրախ եմ այսօր այստեղ լինելուս համար և ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված այս դասախոսությանը։

Թուրքիան հատուկ տեղ ունի իմ սրտում. ես վաղուց եմ ճանաչում այս երկիրը։ Այստեղ ես շատ ընկերներ ունեմ։ Ես նաև հետևողականորեն աջակցել եմ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտին: Բայց դա, հավանաբար, մեկ այլ առիթի և վայրի քննարկում է:

Մինչ այստեղ հայտնվելս հետաքրքիր կյանքի ուղի եմ ունեցել: Ես օրհնված եմ եղել մորս, հորս և քսանյոթ տարվա զուգընկերոջս` Պոլ Քոթինգհեմի սիրով, ում հետ ես հինգ տարի առաջ միավորվել եմ քաղաքացիական ամուսնությամբ:

Ծնվել եմ Լոնդոնի արևելյան հատվածում գտնվող աշխատավոր դասի թաղամասի մի աղքատ ընտանիքում, ուր ակնկալվում էր, որ ես պետք է հետևեի հորս և դառնայի նավահանգստի աշխատող: Սակայն ճակատագիրը միջամտեց և 11 տարեկանում դպրոցում ինձ հայտնաբերեց մի թատերական գործակալ, երբ մարմնավորում էի սևամորթ բլյուզ երգչուհի Էարթա Քիթին: Մի քանի շաբաթից ես Օլիվեր էի խաղում լոնդոնյան «Օլիվեր» ներկայացման մեջ: Այդպիսով սկսվեց 37 տարի տևած իմ կարիերան: 37 տարի՝ ներառյալ թատրոնը, հեռուստատեսությունը և կինոնկարները, որոնց ընթացքում ես հայտնվեցի BBC հեռուստաընկերության ամենշաբաթյա ծրագրերից ամենահայտնիում` «EastEnders»-ում՝ խաղալով առաջին ոչ կարծրատիպային նույնասեռական տղամարդու դերը և սենսացիոն կերպով տարածելով բրիտանական «օճառային օպերայի» առաջին նույնասեռական համբույրը։ Մեդիա և քաղաքական դաշտում դա հակասություններ առաջացրեց: Հատկապես երբ բացահայտվեց, որ ես իրական կյանքում նույնպես նույնասեռական եմ:

Ժողովրդականություն վայելող տպագիր մամուլը վրդովված էր, իսկ քաղաքական գործիչները կոչ էին անում իմ կերպարը շոուից հանել, քանի որ, նրանց խոսքերով, այն դիտում էին ընտանիքները: Մամուլում բացահայտվեց իմ անձնական հարաբերությունը, մեր բնակության հասցեն հրապարակվեց և մեր պատուհանից ներս աղյուսներ սկսեցին ընկնել: Իմ անունը աջ ծայրահեղականների հիթ-շքերթում էր հայտնվել. ես մահվան սպառնալիքներ էի ստանում:

BBC-ն ամուր կանգնած էր, ես էլ, այսպիսով՝ երեք տարի շարունակեցի մնալ շոուի մեջ՝ համբուրելու ու նորից համբուրելու համար: Մինչդեռ այդ ընթացքում էր, որ Բրիտանիայի պահպանողական կառավարությունն ընդունեց օրենք, որն արգելում էր նույնասեռականության «քարոզը»: Վտանգավոր և արատավոր օրենք, որն այդպես էլ չսահմանեց, թե ինչ ասել է «քարոզ», բայց որը հանգեցրեց անհատական և հանրային քննադատության:

Այն փաստը, որ կառավարությունը սա արեց այն ժամանակաշրջանում, երբ ՁԻԱՀ-ն ու ՄԻԱՎ-ը Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցներում ներկայացված էին որպես «նույնասեռական ժանտախտ», ցույց է տալիս, թե հանդուրժողականությունն առանց իրավական պաշտպանության որքան արագ կարող է վերածվել բացասական գործողությունների՝ այսպես կոչված հանրային կամ անհատական «բարոյականության» հիմքի վրա:

Այս նույն օրենքը փորձում էր ամրապնդել ընտանիքի հասկացությունը՝ որպես բացառապես տղամարդու և կնոջ միություն:

Եթե անկեղծ լինեմ, որպես երիտասարդ նույնասեռական տղամարդ էր, որ ձեռք բերեցի աշխարհի՝ իմ իրական փորձառությունը և գիտակցությունը, թե ինչպես էին մարդիկ ինձ կամ ինձ նման մարդկանց տեսնում։ Ես գիտեի, որ տարբեր եմ և գիտեի, որ պետք է ընտրություն կատարեմ, թե ով կարող էր ճանաչել իմ «իրական» անձը: Սա տարբեր պատճառներ ուներ, թեկուզ հենց միայն այն, որ մինչև 18 տարեկանս նույնասեռական լինելը բացառապես անօրինական էր: Քեզ կարող էին մատնացույց անել, դու կարող էի ենթարկվել հասարակության ծաղրի, շանտաժի, շորթության, բանտարկման և «հոգեկան հիվանդության» համար բուժման՝ ներառյալ էլեկտրաշոկի: Ես նաև տեղյակ էի, որ պետք է թաքնվեի իմ հայրենի համայնքում: Բայց ես բախտավոր էի նրանով, որ գիտեի իմ նույնասեռական լինելու մասին, և իմ մեջ երբեք չեմ հերքել դա: Մի քանի տարի անց ես որոշեցի նաև երբեք չհերքել դա ուրիշների մոտ և հպարտանալ իմ ինքնությամբ:

Ես քաղաքականություն եմ մտել կյանքի ուշ շրջանում, և այդ քայլին ինձ դրդել են Միացյալ Թագավորությունում նույնասեռականության դեմ առկա օրենքները և Թետչերի պահպանողական կառավարության կողմից նույնասեռականության դեմ նոր օրենքի ընդունումը:

Ես Եվրոպական խորհրդարանի անդամ են ընտրվել 1999թ., և խորհրդարանում աշխատելու տարիներին իմ քայլերն ուղղված են եղել հավասարության հաստատմանը ինչպես ԵՄ քսանյոթ երկրների, այնպես էլ աշխարհի այլ երկրների քաղաքացիների համար:

Այլ երկրների հետ Եվրամիությունն ունի իրավական համաձայնագրեր, ինչպիսիք են առևտրի և զարգացման համաձայնագրերը, որոնցում ամրագրված են մարդու իրավունքների հանդեպ հարգանքը: Ուստի ես, որպես Զարգացման հանձնաժողովի անդամ և որպես Աֆրիկայի, Կարիբյան և Խաղաղ օվկիանոսի Միացյալ խորհրդարանական վեհաժողովի անդամ, իմ դերը, պարտավորությունն ու պատասխանատվությունն եմ համարում բարձրաձայնել նրանց մասին, ովքեր լսելի չեն, ձայն տալ նրանց, ովքեր ձայնազուրկ են։

Միշտ չէ, որ դա ինձ սիրված է դարձնում: Բացի այդ էլ, եթե դու քաղաքականություն ես մտնում՝ ժողովրդականություն վայելելու համար, ապա խելագար ես հենց ամենասկզբից, ոչ թե վերջոմ։

Ուստի այս և շատ այլ պատճառներով ես խորապես հպարտ և առանձնաշնորհյալ եմ զգում այս դասախոսությունը կարդալիս՝ ի հիշատակ Հրանտ Դինքի քաջության և կյանքի: Ես կասեմ միայն սա․ «Ուշացած արդարությունը մերժված արդարություն է»: Սկզբում քչերի համար, բայց հետո շատերի:

Անդրադառնամ իմ ելույթին: Մտածեցի առիթն օգտագործել փոքրամասնությունների իրավունքներին, մասնավորապես կին և տղամարդ նույնասեռականների, երկսեռական և գենդերափոխ անձանց իրավունքներին անդրադառնալու համար: Իմ ուշադրության կենտրոնում մասնավորապես Թուրքիան չէ, բայց իհարկե ներառում է այն:

Իսկ ԼԳԲՏ անձանց իրավունքներին անդրադառնալով՝ ես, ի վերջո, կհանգեմ բոլոր փոքրամասնություններին և նրան, թե ինչքան անխուսափելիորեն ենք մենք բոլորս կապակցված:

Ինչպես որ ոչ մի անհատ նման չէ մյուսին (նույնիսկ ընտանիքներում, կամ հատկապես ընտանիքներում), այնպես էլ փոքրամասնություններին պատկանող մարդիկ տարբերվում են միմյանցից: Նրանք ընդամենը որոշակի ընդհանուր բնութագրեր ունեն, լինեն դրանք իրական, պարտադրված կամ մտացածին:

Եթե իմ դասախոսությամբ որևէ վիրավորանք հարուցեմ, այն մտադրված չէ։ Եթե հուզեմ, միգուցե մտադրված է։ Բայց իմ նպատակն է, ինչպես Շեքսպիրն է ասում Լիր արքայի ավարտին, «Ասել այն, ինչ մենք զգում ենք, ոչ թե այն, ինչ պարտավորված ենք»: Թերևս սա ամենակարևոր սպասելիքն է քաղաքական գործչից, իսկ մարդու իրավունքների քարոզչի համար այն առաջնային կարևորության է:

Իհարկե իմ տեսակետներն իմ սեփականն են: Մենք աշխարհը կարող ենք իրապես տեսնել միայն մեր սեփական աչքերով: Եվ նույնիսկ այդ դեպքում մենք իրերը տեսնում ենք՝ համաձայն ՄԵՐ ճշմարտության: Այնպես որ, եթե ես վիրավորեմ կամ ձեր տեսակետից տարբերվող տեսակետ հայտնեմ, ապա հայցում եմ ձեր ըմբռնումն ու համբերությունը: Մեր ճանապարհները կարող են տարբեր լինել, բայց հուսով եմ, որ մեր նպատակակետն ընդհանուր է՝ ավելի լավ, ավելի շիտակ, ավելի արդար աշխարհ ունենալը:

2011թ. շատ բան է խոստանում և տարվա հետ շատ հույսեր են կապվում: Ճգնաժամերը եկել-գնացել ու նորից են եկել: Պատերազմի, բռնատիրությունների, սովի, աղքատության և անտարբերության բազմամյա խնդիրները մնում են: Անտարբերություն մեզ շրջապատող մարդկային տառապանքի հանդեպ և անտարբերություն իրենց յուրօրինակ ներուժին հասնելու համար կանանց ու տղամարդկանց անսահման հնարավորությունների հանդեպ։

Բայց ի՞նչն է ստեղծում այս անտարբերությունը: Ինչո՞ւ մենք այդպես էլ չհասկացանք, որ մենք մեր իսկ բանտապաններն ու փրկիչներն ենք։ Ինչու՞ ենք մենք կրկին ու կրկին ճնշման հիերարխիա վերստեղծում: Ես իրո՞ք տարբերվում եմ քեզանից և դու՝ ինձնից: Ուրիշներին ստորադասելով՝ մենք վստահություն ենք ձեռք բերում, որպեսզի ազատ ժամանակ կարողանանք դատապարտել նրանց:

Հետևաբար ես ուզում եմ պաշտպանել հավասարության գաղափարը: Ոչ թե ոմանց համար, ոչ թե մեկի համար, այլ բոլորի համար: Սկզբունքն այն է, որ մենք բոլորս ծնվում ենք հավասար: Ծննդյան և մահվան պահին մենք բոլորս հավասար ենք, բայց միջանկյալ ժամանակահատվածն է, որ տարբերություն է ստեղծում:

Ես հատկապես ուզում եմ բարձրացնել կին և տղամարդ նույնասեռականների, երկսեռական և գենդերափոխ անձանց իրավունքների պաշտպանության գաղափարը: Հասարակության այն խմբի իրավունքները, որի հանդեպ շատ ավելի մեղք է գործվել, քան թե այդ խմբի մեղսավորությունն է։ Ես ուզում եմ առաջ քաշել ներառականության գաղափարը նրանց իրավունքների համար (և անձնական մակարդակում նաև իմ իրավունքի՝ որպես նույնասեռական), որպեսզի վայելեն օրենքի անկողմնակալությունը, հավասարությունը և օրենքի հավասար պաշտպանությունը: Ոչ թե վերադաս իրավունքներ, այլ հավասար իրավունքներ: Իրավունքներ, որոնք այնքան հաճախ են աշխարհի երկրներում և Եվրոպայի երկրներում մերժվում ԼԳԲՏ անձանց: Ես հատուկ եմ նշում Եվրոպան, քանի որ բոլորի իրավունքները քննելու և պաշտպանելու համար մենք պետք է համարձակություն ունենանք նույն հայելու մեջ ինքերս մեզ նայելու, քննելու մեր սեփական հետագիծն ու մեր սեփական պատմությունը: Միայն այդ կերպ, կիրառելով նույն չափանիշներն ու սկզբունքները, մենք իսկապես կարող ենք ամրապնդել մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը:

Մարդու համընդհանուր իրավունքներ, որոնք պատնեշներ ու ազգային սահմաններ չունեն: Իրավունքներ, որոնք պետք է տրված լինեն յուրաքանչյուր մարդու: Պետք է, բայց տրված չեն: Իրավունքները մերժվում են բացառապես տարբերության հիմքով և հաճախ այդ մերժումը վավերացվում ու ամրապնդվում է ապատեղեկատվությամբ ու թյուրըմբռնմամբ:

Հավասարության հասնելու համար մենք պետք է ողջունենք այն, ինչը մեզ բաժանում ու տարանջատում է: Ես իրապես հավատում եմ, որ միայն «օտարի» իրավունքները պաշտպանելով՝ կարող են պաշտպանվել իմ իրավունքները: Նույնիսկ եթե «օտարը» իմ ունեցած հավասարության տրամագծորեն հակառակ կողմում է:

Որպես նույնասեռական տղամարդ ստիպված եմ եղել դրա հետ անընդհատ բախվել կամ էլ ստիպված եմ եղել անտեսել խտրականությունը: Որպես քաղաքական գործիչ՝ ես կպաշտպանեմ ուրիշների իրավունքները: Եվ որպես մարդ, շնչող, կենդանի էակ՝ ես պետք է պաշտպանեմ նրանց իրավունքները, ովքեր հարձակման են ենթարկվում: Անկախ տարբերություններից՝ միասին ապրելու միակ ճանապարհը, որպես հավասար քաղաքացիներ, հավասար իրավունքներ վայելելն է, ներառյալ՝ խտրականությունից զերծ ապրելու իրավունքը:

Այս ոլորտում պետությունն էական դեր ունի որպես հավասարություն խթանող ու պաշտպանող: Հարկավ, մարդու համընդհանուր, ինչպես նաև քաղաքացիական և քաղաքական իրավունքներից օգտվելը պետք է իրական ժողովրդավարության հիմքը լինի։ Իրապես, ես նույնիսկ կասեի, որ ցանկացած քաղաքակիրթ հասարակության լակմուսի թուղթը նրա փոքրամասնություններին ցուցաբերած վերաբերմունքն է: Փոքրամասնություններ, որոնք հաճախ միավորվում են մեծամասնություն կազմելու համար: Բայց, իհարկե, խտրականության դեմ պայքարի մասին օրենքների ընդունման հարցում բազմաթիվ հակասություններ կան։

Սա մեզ հանգեցնում է իրավունքների հավասարակշռման հաճախ դժվարին խնդրին: Հակասություն, որն առաջանում է կրոնի կամ հավատքի հետ գործ ունենալիս: Բայց եկեք չշփոթենք կրոնը կամ հավատքը կազմակերպված կրոնի ուժային բազայի հետ: Կազմակերպված կրոնները ուժային կազմակերպություններ են, որոնք անձնականն ու մասնավորը դնում են հանրային տիրույթում, և իմ կարծիքով, ինչն ավելի վտանգավոր է, քաղաքական տիրույթում:

Կրոնը կամ հավատքը հաճախ օգտագործվում են որպես հիմք, որով մերժվում են ԼԳԲՏ անձանց հավասար իրավունքներն ու հավասարությունը: Պատճառաբանվում է, թե ԼԳԲՏ լինելը դեմ է կրոնին ու Աստծո կամքին: Այն բնական չէ: Այն դեմ է ընտանիքին: Այն դեմ է կրոնական հատորներին: Ու մինչդեռ սա ընդամենը կարծիք է, այն երբեմն, բայց ոչ միշտ, կիսում են նույն կրոնին կամ դավանանքին հետևողները:

Այն նույն կրոնական հատորները, որոնք միջռասայական և միջկրոնական ամուսնությունները Աստծո կամքին դեմ են հռչակում։

Կրոնը հանդիսանում է և կարող է լինել բարիքի ուժ, բայց ինչպե՞ս է որ այն շահարկվում է՝ պառակտում մտցնելու և արդարությունը մերժելու համար: Արդյո՞ք կազմակերպված կրոնը հեռացել է իր հետևորդներից և մոտեցել նրանց, ովքեր այն շահարկում են՝ ուրիշներին իշխելու համար: Հարցը կախված է օդում:

Բայց ինձ համար կարևորագույնն այն է, որ կրոնը կամ հավատքը չպետք է պարտադրվի մեկ ուրիշին: Եվ սա ինձ համար մարդու իրավունքների հավասարակշռման փորձաքննություն է: Հավատալու իրավունքը, այլ ոչ թե այդ հավատքը ուրիշին պարտադրելը, այն դեպքում, երբ պարտադրողի համեմատությամբ, մյուսների իրավունքները սահմանափակվում են:

Որոշ կրոնական հավատացյալներ պնդում են, որ համեմատության մեջ իրենց իրավունքները նվազում են: Բայց դա ճիշտ չէ: Նրանք դեռևս կարող են հավատալ, դավանել, գտնել ճիշտ ուղին, ճիշտ կյանքը և խղճի զրույց վարել Աստծո հետ: Մարդու իրավունքների կամ քաղաքացիական ազատությունների առումով ոչ մի բան չի փոխվում, բացառությամբ հավասարության սկզբունքի կիրառմանը։

Կարելի է ասել, որ կրոնն ու հավատը անձնական և մասնավոր ամենախուռն փորձառությունն են, որ կարելի է ապրել: Մասնավոր և անձնական, և ես կրկնում եմ, որ դրանք երբեք չպետք է պարտադրվեն մեկ ուրիշին:

Կրոնական համոզմունքի ընտրությունը միշտ պետք է հարգվի, բայց երբեք չպետք է գերադասվի Մարդու Իրավունքների Համընդհանրությանից: Բոլոր իրավունքները հավասար են և տրված են բոլորին:

Ընտրություն։ Իրավունքի կիրառում: Իրավունքի պաշտպանություն: Եվ խոսքի ազատություն՝ այդ ամենի հիմքում: Առանց խտրականության կամ հետապնդումների վախի կյանքն արտահայտելու ու ապրելու ազատություն: Ապրելով յուրաքանչյուր մարդ ընտրություն է կարարում և այդ ընտրությունը պետք է հարգվի օրենքի հասկացությունների շրջանակում:

Կրոն և հավատք՝ մասնավոր ու անձնական, անջատ քաղաքականությունից: Պետություն, որը պաշտպանում է բոլոր կրոններն ու դրանցից ոչ մեկը՝ մնալով աշխարհիկ:

Ինչու՞։ Քանի որ կրոնն ու քաղաքականությունը կարող են հնարավոր ամենաթունավոր խառնուրդներից մեկը լինել։ Հայա´ցք նետեք աշխարհին և տեսե´ք, թե ինչպես է օգտագործվում այս թունավոր խառնուրդը՝ սովորական տղամարդկանց և կանանց կյանքերն ու երազները փշրելու համար: Տեսե´ք, թե ինչպես կարող է կրոնը չարաշահվել ու օգտագործվել ծայրահեղականների կողմից՝ իրենց ուժին հասնելու համար: Եվ թե ինչպես են զոհ դառնում նրանք, ովքեր այլ ընտրություն չունեն: Դա է պատճառը, որ Հռոմի պապը սխալվում է: Խնդիրը ոչ թե կրոնի հանդեպ անհանդուրժողականությունն է, այլ որոշ կազմակերպված կրոնների կողմից դրսևորված անհանդուրժողականությունն է ուրիշների հանդեպ: Դա է խնդիրը: Կրոնն ու հավատքը պետք է օգտագործվեն՝ հանդուրժողականություն և ըմբռնում խրախուսելու համար: Դրանք պետք է օգտագործվեն՝ մարդկային բազմազանությունը, ինչպես նաև սիրելու ու սիրվելու մեր կարողությունը վայելելու համար: Մեր տարբերությունը չպետք է մեր դեմ օգտագործվի, այլ պետք է ճանաչվի որպես գոյակցող աշխարհի մի մաս։

Պետությունը երբեք չպետք է գործադրի տեսակետների կամ համոզմունքների նեղ համակարգ՝  բացառապես հիմնվելով կրոնի վրա: Դա կնշանակի խարխլել ժողովրդավարական գործընթացն, ու ի վերջո, պետությունը դնել չընտրվածների ղեկավարության և վերահսկողության տակ:

Կցանկանայի ձեզ հետ մի պատմություն կիսել: Ինչպես գիտեք, վերջերս ղպտի (քրիստոնյա) եգիպտացիները զոհ դարձան Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններին, որոնք ամանորի գիշերը խլեցին եկեղեցու 21 այցելուի կյանք: Ինչպիսի՞ն էր մահմեդական մեծամասնության համայնքի արձագանքը: Մեկ շաբաթ անց հազարավոր մահմեդական եղբայրներ ու քույրեր միասնաբար ներկա գտնվեցին ղպտիական եկեղեցիներում՝ մասնակցելով ղպտիական Ծննդյան տոնի երկոյի աղոթքներին և հանդես գալով որպես ահաբեկիչներից պաշտպանող մարդկային վահան: «Մենք կա՛մ միասին ենք ապրում, կա՛մ միասին ենք մեռնում», - ասաց Մոհամեդ Էլ-Սավվին: Սա՛ է բարիքի ուժը, որը կարող է բերել կրոնը:

Ինչպե՞ս կարող է ԼԳԲՏ անձը լիարժեք իր կյանքով ապրել և իրագործել իր յուրահատուկ ներուժը, եթե չի կարող արտահայտել իր ով լինելը՝ ապրելով իր սեփական կյանքը, ընտրելով իր զուգընկերոջը, կազմելով իր ընտանիքը, արտահայտելով իր տեսակետներն ու կարծիքը: Ինչպե՞ս կարող է անձը հասնել իր իրական ներուժին, երբ ստիպված է ստով ապրել, որպեսզի խուսափի հետապնդումներից կամ խտրականությունից: Երկակի կյանքը երկակի չափանիշներ է ամրապնդում և ստեղծում կրկնակի թշվառություն:

Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ կամ պետությունը տարվում հասարակ կանանց ու տղամարդկանց անձնական կյանքով: Գաղտնիության իրավունքը։ Ընտանեկան կյանքի իրավունքը: Միավորման ազատության իրավունքը: Սրանք նույնպես մարդու իրավունքներ են:

2010թ․ ավարտից անմիջապես առաջ մի բավական հայտնի դերասան հայտարարեց, որ Հոլիվուդը հոմոֆոբ է, և որպես նույնասեռական դերասան, նա խորհուրդ էր տալիս հաջողակ կարիերայի ձգտող ցանկացած նույնասեռականի փակված մնալ պահարանում: Այլ կերպ ասած` երկակի կյանք վարել և ձևանալ, թե ինչ-որ մեկ ուրիշն է: Ստանձնել ուրիշի ինքնությունը:

Բայց այդպես վարվելով՝ նույնասեռական, երկսեռական և գենդերափոխ լինելը հաստատվում է որպես բացասական երևույթ: Սերը վախենում է իր անունից խոսել: Մենք ջնջվում ենք պատմությունից և իրավունք չունենք հավասարը հավասարի պես հանդես գալու մեր հասարակություններում. մենք երբեք չենք կարող հայտնի լինել, գովաբանվել կամ հաջողակ համարվել: Նվաճում ունենալու համար մենք պետք է խաբենք նախ ուրիշներին, ապա՝ ինքներս մեզ: Եվ երիտասարդ ԼԳԲՏ անձանց ուղարկվող այդ ահազանգը սարսափելի է: Դա նշանակում է, որ նրանց կյանքը երկրորդ կարգի է․ նրանց սերը աղտոտված է և անարժան, նրանց փորձառությունը՝ այլասերված: Եվ սկսվում է ցածր ինքնագնահատականի, ահաբեկման, տրանսֆոբիայի, հոմոֆոբիայի պարույրը, որին հաջորդ վայրկյանին կուլ են գնում երիտասարդ կյանքերը:

Հոլիվուդի հավակնոտ դերասանն այս խոսքերն ասել էր ինձ, երբ ես դերասան էի. «Մտածի´ր քո կարիերայի մասին, մտածի´ր քո ապագայի մասին»: Բայց ինչու՞: Եթե ​​դու ժխտես քո ինքնությունը, ապա այն, ինչին հասել ես, արժեք չունի. ի՞նչ օգուտ կլինի մարդուն, եթե նա շահի ամբողջ աշխարհը, և այնուամենայնիվ, վաճառի իր հոգին: Մինչդեռ սա այն է, ինչ մարդիկ, կառավարություններն ու իրավապահներն ամեն օր պահանջում են ԼԳԲՏ անձանցից:

Երիտասարդ նույնասեռական իրանցուն, ով Իրան վերադառնալուն պես կախաղան կհանվեր, խորհուրդ էին տվել լռել իր ով լինելու մասին, որպեսզի ապահով մնար: Ինչպիսի՞ կյանք է դա, որը չի կարող օրենքի հավասար պաշտպանության արժանանալ։ Իսկ Իրաքում, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի հատվածներում, Միացյալ Նահանգների, Ասիայի, Եվրոպայի որոշ մասերում տիրող անհանդուրժողականությու՞նը: Օրենքներ, որ քրեական պատասխանատվության են ենթարկում ԼԳԲՏ անձանց միայն այն բանի համար, թե ով են նրանք և ում են սիրում: Կին և տղամարդ նույնասեռականների, երկսեռական և գենդերափոխ անձանց կյանքը արատավորվում, զրպարտվում և արժեզրկվում է այն մարդկանց և կազմակերպությունների կողմից, որոնք օգտագործում են բարոյականության պատճառաբանությունը:

Որտե՞ղ է բարոյականությունը Ուգանդայում, ուր քննարկվում է նույնասեռականության համար մահապատժի սահմանումը: Եվ այդպիսի միջոցին դեմ արտահայտվելու փոխարեն, աֆրիկյան եկեղեցականների մեծ մասը կողմ է արտահայտվում:

Սխալ է, և Աստծո կամ կրոնի մասին որևէ հիշատակում երբևէ չի կարող այն արդարացնել:

Ուրեմն եկե´ք հարցնենք ինքներս մեզ՝ ինչից են վախենում այս մարդիկ: Արդյո՞ք նրանք կարծում են, որ տարասեռականությունն այնքան փխրուն է, որ այն պաշտպանելու համար կարիք կա օրենքի այնպիսի ուժի, որը կվերացնի կամ կարգելի տարբերվողը։ Արդյոք նրանք հավատո՞ւմ են, թե հենց միայն ոչնչացման սպառնալիքը միաբանություն կառաջացնի: Նրանք իսկապես հավատո՞ւմ են, որ իրենց ստեղծած և խթանած տառապանքը բարիքի ուժ է: Ինչի՞ց են նրանք վախենում: Ընտրությունի՞ց, թե՞ տարբերությունից։

Սակայն նրանք դեռևս չեն կարող տեսնել, որ ԼԳԲՏ անձինք սովորական տղամարդկանց ու կանանց որդիներ ու դուստրեր են, որոնք արտասովոր են դարձել մեր սեռական կյանքով հասարակության տարված լինելու պատճառով, այնպես չէ՞:

Եվ հավատացե´ք ինձ, մեր կյանքում շատ ավելի բան կա, քան սեքսը: Սեր։ Հարաբերություններ։ Ընտանիք։ Աշխատանք։ Ընկերներ։ Նաև կրոն: Այն ամենն, ինչ բոլորը վայելում կամ ատում են, մենք՝ նույնպես: Մենք միս ու արյուն ենք, հույսեր ու վախեր, երազանքներ ու հուսահատություն ունենք:

Մենք ընտանիք ենք: Մենք եղբայրներ, քույրեր, քեռիներ, մորաքույրներ, զարմիկներ, զարմուհիներ ենք, և մենք նույնպես մայրեր ու հայրեր ենք: Մենք միջուկային ընտանիքի բաղկացուցիչ, սիրող, ներառական մասն ենք:

Պարզ իրողությունն այն է, որ քանի դեռ կինն ու տղամարդը սերունդ են տալիս, ուրեմն ԼԳԲՏ անձինք գոյություն ունեն: Մենք ընտանիք ենք։ Մենք սիրում կամ փնտրում ենք համաձայնեցված հարաբերություններ, ինչպես նաև կայուն հարաբերություններ կառուցելու և պահպանելու հնարավորություններ` մեր դերն ունենալով հասարակության կառուցման մեջ:

Մինչդեռ մարդիկ մեզ դեմ են, իսկ որոշ երկրներում մեզ քրեականացնում են: Որոշ երկրներում նույնասեռական և գենդերափոխ անձանց  սպանում են, մինչ պետությունը հայացքն այլ կողմ է դարձնում: Բազմաթիվ գենդերափոխ անձինք են սպանվել և շարունակում են սպանվել այստեղ՝ Թուրքիայում: Իսկ որոշ երկրներում մենք դատապարտվում ենք մահվան: Դատապարտվել մահվան այն պարզ հանգամանքի համար, թե ում ենք մենք նախընտրում սիրել և ում հետ ենք կառուցում համաձայնեցված հարաբերություններ: Դա ազատության կամ աստվածաբանության մոտեցումը չէ, որը պետք է բարձրացներ և սատարեր մարդկային ոգին: Դա կեղեքիչի ջախջախիչ ծանրությունն է: Անմարդկային է:

Ես երբեք չեմ մոռանա հանրայնորեն կախաղան հանված երկու իրանցի դեռահասների պատկերը։ Նրանց հանցանքը միմյանց սիրելն էր: Իսկ ինչի՞ հասան իշխանությունները՝ այդ երիտասարդ կյանքերը ոչնչացնելով: Բացարձակապես ոչնչի: Այսօր կրկին 17-ամյա երիտասարդ իրանցին մահապատժի է դատապարտված չկատարած հանցանքի համար։ Սա անարդարություն է թույլ տրված այն ռեժիմի կողմից, որը թելադրում է, թե ով կարող է ապրել, ով՝ ոչ:

Այսօր էլ մեր բարերը կամ ակումբները փակվում են: Մեզ աշխատանքից ազատում են ՝ Լ, Գ, Բ կամ Տ լինելու համար: Մեզ կարող են մերժել բնակարանների, հյուրանոցների, ապրանքների և ծառայությունների մատուցումը: Որոշ դեպքերում կրոնավոր ԼԳԲՏ անձինք հալածվում ու մերժվում են իրենց կրոնական համայնքների կողմից:

Մեր հասարակական կազմակերպությունների կայքերը արգելվում կամ փակվում են: Ճշգրիտ տեղեկատվությունը կասեցվում կամ ճնշվում է: Մեր կյանքը լուսաբանվում է ապատեղեկատվությամբ կամ զրպարտությամբ: Կրթության մեջ մենք բանական բանավեճի մաս չենք կազմում: Եվ չնայած այս ճնշմանը, որը դարերով շարունակվում է ամբողջ աշխարհում, մենք դեռ գոյատևում ենք՝ պահանջելու մեր կյանքն ապրելու իրավունքը, լինելով հավատարիմ ինքներս մեզ և դրանով իսկ մեր նախնիներին: Հավատարիմ մեր մայրերին, հայրերին, պապիկներին ու տատիկներին: Հավատարիմ մեզ կյանք տված մարդկանց:

Քանզի եթե մենք ապրենք ուրիշների կյանքով, մենք երբեք չենք կարող լինել այն, ինչ մեզ դարձրին մեր նախնիները: Մենք մերժում ենք մեր գենետիկան, մեր մշակույթը, մեր ժառանգությունը։ Եթե չենք լինում այն, ինչ իրականում կանք, ապա մեզ կյանք տված սերունդները վատնված են, դեն նետված:

Մյուսները պնդում են, թե մենք պետք է հարմարվենք կամ առերեսվենք հետևանքներին: Նրանք պնդում են, թե մենք ընտրել ենք ԼԳԲՏ լինելը և հետևաբար կարող ենք նաև ընտրել այդպիսին չլինելը: Բնությո՞ւն, թե՞ դաստիարակություն: Բանավեճը կարող է մի ամբողջ գիշեր տևել: Բայց մի պահ պատկերացրե´ք, թե սեռական կողմնորոշումը հնարավոր է ընտրել: Կարելի է ընտրել նույնասեռական, երկսեռական, գենդերափոխ կամ տարասեռական լինելը: Միայն պատկերացրե´ք:

Ես չգիտեմ որևէ տարասեռական անձի, ով ընտրել է այդպիսին լինել: Ես չգիտեմ որևէ ԼԳԲՏ անձի, ով մի օր արթնացել է և ասել «այո»: Ես կընտրեմ և դրանով հնարավոր է կորցնեմ աշխատանքս, տունս, ընտանիքս, օրենքի պաշտպանությունը և այո, ես նույնիսկ հնարավոր է կորցնեմ կյանքս:

Եկե´ք չձևացնենք: Ով է նման ընտրություն կատարում, երբ հարմարվելու ընտրություն կատարելով, շատ ավելին է ի հայտ գալիս:

Բայց ճգնաժամի պայմաններում ծայրահեղականությունն իր ձեռքն է առնում պահը և պահում այն:

Եվրոպայում մենք ականատես եղանք անհանդուրժողականության և խտրականության աճին, որը պատճառաբանվում էր տնտեսական անկմամբ, սակայն ես կարծում եմ, որ ատելութան խուճապարարներն ու քարոզողները երբեք էլ չեն հեռացել: Նրանք լուռ սպասել են իրենց ժամին, ինչպես որ միշտ արել են պատմության ընթացքում: Իրապես, պատմությունը ապագայի մեր հիմնական ուսուցիչն է: Դրանով մենք կա´մ վճռում ենք երբեք չկրկնել մեր պատմությունը, կա´մ էլ կրկնել այն ու բանտարկվել դրանով:

Հիմա երբ Եվրոպայում այնքան բան կա, որ ճիշտ չի աշխատում, մեզ ավելի շատ, այլ ոչ թե պակաս Միասնություն է պետք: Տնտեսական և սոցիալական մարտահրավերները երբեք հաջողությամբ չեն լուծվի, եթե մենք նահանջենք դեպի հայրենասիրության քողի տակ հանդես եկող նեղ ազգայնականությունը: Միայն ուժերը միավորելով, ընդհանուր սպառնալիքներն ու օգուտները ճանաչելով՝ մենք կդիմադրենք մեր շուրջը բարձրացող փոթորիկներին:

Տնտեսական ճգնաժամը և եվրագոտու որոշ երկրների առջև ծառացած մարտահրավերները, ինչպիսիք են Հունաստանը և Իռլանդիան, նույն մարտահրավերներն ու հարձակումներն են, որոնք կպատուհասեն յուրաքանչյուր պետությանը՝ անկախ նրանից, թե այն Եվրագոտում է գտնվում, թե ոչ: Խելագարություն է հավատալ, որ մեկուսացումը կպաշտպանի մեզ:

Մեր խնդիրները նրանում չեն, թե չափից շատ կանոններ ու կանոնակարգեր կան, ինչպես եվրահոռետեսներն են  հավատացնում մեզ, այլ այն, որ կանոններն ու կանոնակարգերը հաճախ անտեսվել կամ չեն կիրառվել:

Ներկայումս Եվրամիությունում միմյանցից երես դարձնելը նշանակում է կրկնել մեր պատմությունը: Երևակայել, թե մեկ այլ երկրի հետ կատարվողը մեզ չի վերաբերում, նշանակում է արհամարհել տրամաբանությունը: Դա նման է տների շարքում ապրելուն, երբ շարքի վերջում մի տուն այրվում է: Ասում ենք՝ անհագստանալու կարիք չկա, շարունակեք առաջվա պես, դա մեզ չի վերաբերում, մեկ ուրիշը կրակը կմարի: Իսկ քամին հարվածում է ու կրակը տարածում, ու հանկարծ ինչ-որ բան անելն արդեն շատ ուշ է: Մյուսները, որոնց մենք կարող էինք օգնել և ովքեր կարող էին մեզ օգնել, արդեն չկան: Սա է մեզ սովորեցնում ԵՄ պատմությունը, իսկ հիմա վտանգի շեմին մենք այն անտեսում ենք:

Քանզի ԵՄ-ն ծնունդ է առել Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից: Այն կառուցվել է մարդկանց հույսերի ու երազանքների, ավերածության ու վնասի, դիակիզարանների ու աշխատանքային ճամբարների մոխիրներից, որոնք տարածված էին Եվրոպական մայրցամաքով: Եվրամիության երազանքը կառուցելիս մենք որոշեցինք, որ այլևս երբեք պետությունը չի կռվի պետության դեմ հողի, էներգիայի, ածխի, պողպատի կամ տնտեսական գերազանցության համար: Նաև որոշեցինք, որ մենք կունենանք Եվրոպա՝ խարսխված հիմնարար արժեքների և մարդու հիմնարար իրավունքների վրա: Եվրոպա, որտեղ մենք այլևս երբեք հայացքներս չէինք թեքելու, երբ որևէ երկիր կամ անհատ թիրախավորվեր կամ քավության նոխազ դառնար:

Մեզ համար «այլևս երբեք» արտահայտությունը ձևավորվեց միլիոնավոր մարդկանց կոտորածների արդյունքում: Մարդիկ, ովքեր սպանվեցին, քանի որ տարբեր էին: Նրանք պատկերվում էին տարբեր կերպ՝ ստորադաս կամ վերադաս: Ենթադրաբար տարբեր ռասաների, տարբեր կրոնների, տարբեր մշակույթների, տարբեր կենսակերպերի, տարբեր սեռականության և երբեմն պարզապես կին լինելու, ֆիզիկապես անկարող լինելու, տարբեր, տարբեր, տարբեր լինելու պատճառով։

Այդ պատճառով է, որ ԵՄ պայմանագրերն ամրապնդում են օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Այդ պատճառով է ստեղծվել ԵՄ Հիմնարար իրավունքների խարտիան: Եվ այդ պատճառով է, որ յուրաքանչյուր պայմանագրի վերանայման ժամանակ նորից ու նորից ամրապնդվում են մարդու իրավունքների պաշտպանությունն ու հակախտրականությունը:

Ահավասիկ, ինձ համար սա է ԵՄ-ի՝ որպես բարիքի ուժի և վերարտադրման արժանի սոցիալական մոդելի կարևորությունը:

Մեզ ավելի շատ, այլ ոչ թե պակաս Եվրոպա է պետք: 1930-ականների և ներկա ժամանակների նմանությունները խորապես մտահոգիչ են: Երբ տնտեսական ցնցումն ու սաստկությունը հարվածեցին տներին ու թաղամասերին, սկսվեց քավության նոխազի որոնումը․ «մեր» տունը, «մեր» գործը, հիվանդանոցում «մեր» տեղը գրաված, «մեր» հանրային ծառայություններից օգտվող «օտար» անձի որոնումը: Այն «օտարները», ովքեր ապրում էին իրենց տեսակի շրջապատում և նույնիսկ նախընտրում էին պահպանել իրենց սեփական մշակույթը:

Որքա՜ն ծանոթ է այս ամենը:

Եվ այսպես են ցանվում սոցիալական հուզումների ու դժգոհությունների սերմերը: Հավատալով, որ մենք կարող ենք զրկանքներ կրել, մենք զրկանքների ենք մատնում այլոց, որպեսզի ամրապնդենք մեր անվտանգության զգացումը: Մենք պետք է և՛ զոհ լինենք, և՛ հաղթող: Իսկ արանքում գտնվող թշնամին հաղթում է:

Իտալիայում 2007թ․ տնտեսական անկումից առաջ ականատես եղանք գնչուական համայնքի թիրախավորմանը, քավության նոխազ դարձնելուն և իհարկե արտաքսմանը: Այն ժամանակ այս համայնքի պաշտպանության համար բավարար բան չասվեց ու չարվեց: 2010թ․ այն պետք է կրկնվեր Ֆրանսիայում՝ ԶԼՄ-ների լույսի ներքո, ու մինչ օրս շարունակվում է Իտալիայում: Եվրամիության հիմնադիր անդամ երկրից փոքրամասնության համայնքի արտաքսում, որի պատճառաբանությունը կամ արդարացումն այն էր, թե նրանք սպառնալիք էին երկրի ներքին կարգի համար: Սակայն այս առիթով բողոք և պահանջ բարձրացվեց՝ հարգելու Եվրամիոթյան հիմքում ընկած հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Հիմնարար իրավունքների հանձնակատարը դատապարտեց արտաքսումները և դրանք համեմատեց Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած փոքրամասնությունների հանդեպ կատարված հարձակումների հետ: Հանձնակատարն ինքը ենթարկվեց Ֆրանսիայի կառավարության հարձակմանը, որը մեղադրեց նրան ԵՄ անդամ պետության ներքին գործերին խառնվելու մեջ, որի իրավունքը նա չուներ:

Եվրահանձնաժողովը խոստացավ որոշ քայլեր ձեռնարկել: Ի վերջո, իրավական շատ քաշքշուկներից հետո այդ քայլերը ոչ մի բանի էլ չհանգեցին: Հայտարարվեց, որ Ֆրանսիան չէր խախտել ԵՄ պայմանագրերը կամ ԵՄ հատուկ օրենքները: Դատավճիռը խիստ կասկածելի էր և քաղաքականապես դրդված։

Մինչդեռ Եվրախորհրդարանում մեզանից ոմանց համար այս ամենը զարմանալի չէր։ Իրականում այս անհանդուրժողականության աճը ծագել էր մի քանի տարի առաջ՝ Եվրամիության 15 անդամ պետություններից 27-ի ընդլայնումից հետո:

Սա չի նշանակում, որ ռասիզմի, հակասեմականության, իսլամաֆոբիայի, հոմոֆոբիայի և ցանկացած այլ ֆոբիայի աճի մեղավորը ընդլայնման գարծընթացն է:

Սակայն ընդլայնման գործընթացն ու փոփոխությունները, որոնք անհրաժեշտ էին ԵՄ-ին նոր երկրների անդամակցման համար, ագրեսիվ արձագանք առաջացրին ինչպես ԵՄ-ի կազմում ընդգրկված կառավարությունների, այնպես էլ հենց ԵՄ ինստիտուտների մոտ: Բայց ընդլայնման գործընթացն իր երբեմն անհրաժեշտ ծանր փոփոխություններով, որոշ փոքրամասնություններին պաշտպանող օրենքներով, պատրվակ և հնարավորություն տվեց նեղ ազգայնականության և մոլեռանդության մութ ուժերին՝ ներկայանալու ընտանիքի, մշակույթի, կրոնի, հավատքի ու ազգ-պետության դրոշների ներքո:

ԵՄ-ի վրա հարձակումը հիմնավորվում էր նրանով, թե վտանգված էր այն ​​ամենն, ինչը թանկ էր, նվիրական ու բնական: Ցանկացած նման մեղադրանք լրջորեն ընդունելու համար ապացույցներ պետք է լինեին ընտանիքի, կրոնի, հավատքի և մշակույթի դեմ այս հարձակման վերաբերյալ: Այս ապացույցների ֆիզիկական դրսևորումը ներկայացվում էր որպես փոքրամասնությունների իրավունքներ, «օտարերկրացիների», կանանց և ԼԳԲՏ անձանց պաշտպանություն և նրանց` որպես հավասար քաղաքացիներ ապրելու իրավունք, հավասար վերաբերմունք և օրենքի հավասար պաշտպանություն: Այն նաև ներկայացվում էր որպես «դրսի» ուժերի կողմից օրենքների պարտադրում:

Որոշ քաղաքական գործիչների և կազմակերպված կրոնների համար այս հիմնարար իրավունքները ծայրահեղություն էին։ Դա նրանց համար նշանակում էր, որ իրենց ուժայի հիմքերը սպառնալիքի տակ էին: Ուստի Եվրախորհրդարանում կանանց իրավունքների և տրանսֆոբիայի ու հոմոֆոբիայի աճի շուրջ բանավեճերում մենք կրկին ականատես եղանք կրոնի և քաղաքականության պայթյունավտանգ խառնուրդին:

Իհարկե, մարդու իրավունքների համար լիարժեք ճակատային պատերազմ երբեք չի տարվել։ Հավասարության թշնամիները գիտեն, որ նման մարտավարությունը դատապարտված է ձախողման:

Ոչ, հարձակումը քայքայիչ, կործանարար ու նենգ է: Հարձակումը պետք է հասարակությանը արդեն իսկ հայտնի և ընդունված միֆեր, կարծրատիպեր և սպառնալիքներ օգտագործի։

Կրոն։ Հավատք։ Մշակույթ։ Ընտանիք։ Ամենը առանձին-առանձին հարձակման տակ են:

Բայց իմ խոսքերը հենց այնպես մի´ ընդունեք․ թու´յլ տվեք ձեզ մի քանի օրինակ բերել ԵՄ-ից, ապա նաև իմ երկրից՝ Մեծ Բրիտանիայից, քանի որ այն, ինչ տեղի է ունենում մի երկրում, կարող է հեշտորեն ու արագորեն արտացոլվել ու կրկնվել մեկ ուրիշում՝ ճշմարտություն հաղորդելով շեքսպիրյան խոսքերին․ «Չարիքը, որը մարդիկ գործում են, ապրում է նրանցից հետո, իսկ բարին հաճախ խառնվում է նրանց ոսկորներին»:

Գնչուների համայնքի օրինակը, որպես մարդկանց խումբ ում իրավունքները չպետք է հարգվեն, ի հայտ եկավ Իտալիայում և Ֆրանսիայում։

Լիտվայում նվազեցվեց հակախտրականության մասին օրենքների ազդեցությունը, որպեսզի բացառվի սեռական կողմնորոշման հիմքերով անխտրականությունը։ Լեհաստանում ԼԳԲՏ անձինք զրպարտանքի ենթարկվեցին Օրենք և Արդարւթյան կառավարության կողմից, ինչպես նաև փորձեր եղան արգելել նույնասեռականների շքերթները:

Լիտվայում ու Լեհաստանում կրկնօրինակվեցին Թետչերի կառավարության 1987թ․ նույնասեռականության դեմ մշակված օրենքը, այսպես կոչված «նույնաեռականության խթանման արգելքը»:

Իռլանդիայում, Լեհաստանում ու Մալթայում մերժվեց աբորտ անելու կանանց իրավունքը: Պորտուգալիայում, Իռլանդիայում, Լեհաստանում, Մալթայում և այլուր մերժվեց նման հարցերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:

Իսպանիայում եպիսկոպոսները փորձեցին ԼԳԲՏ անձանց համար արգելափակել հավասարության ձեռնարկները։  

Իսկ 2007թ.՝ եվրոպական հավասարության տարում, ԵՄ-ի ավտոբուսին, որը հավասարություն էր քարոզում (ներառյալ՝ ԼԳԲՏ անձանց հավասարություն), արգելվեց մուտք գործել Լիտվայի մայրաքաղաք:

Պայքար է մղվում նույնասեռ ամուսնությունների և հարաբերությունների մեջ գտնվող անձանց տեղաշարժի ազատության համար, ինչպես նաև Եվրոպական միությունում այդպիսի ամուսնությունների և հարաբերությունների փոխադարձ ճանաչման համար:

Իսկ Միացյալ Թագավորությունում, ինչպես նաև այլուր, ժողովրդականություն վայելող մամուլը Լեհաստանից, Լիտվայից և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի այլ մասերից եկած աշխատավոր կանանց և տղամարդկանց ներկայացնում է որպես բրիտանական աշխատատեղեր ու բրիտանական տներ զավթողներ և իրենց երեխաներին բրիտանական դպրոցներ ուղարկողներ: Մինչդեռ այս մոտեցումն անտեսում է, որ այս մարդիկ օրինական և վավեր իրավունք ունեն գտնվել Մեծ Բրիտանիայում ու մյուսների պես վճարել իրենց հարկերն ու գանձումները: Իրականում, որպես Եվրամիության քաղաքացիներ, նրանք ներգրավվում և օգտվում են իրենց հասանելի իրավունքներից՝ տեղաշարժի ազատության իրավունքից և ԵՄ 27 երկրներից որևէ մեկում ապրելու, աշխատելու և սովորելու իրավունքից: Բայց ինչպես հաճախ լինում է «օտարի» պատկերման մեջ, փաստերը բաց են թողնվում, հեշտորեն մոռացության մատնվում և հորինվածքը դառնում է իրականություն:

Օտարը դառնում է սպառնալիքը, վախը, այն անոթը, որի մեջ մենք կարող ենք դատարկել մեր զայրույթը, հիասթափությունն ու անզորությունը:

Իսկ որոշ քաղաքական գործիչների համար այն դառնում է հարմար շեղում՝ թաքնված և երբեմն ոչ այնքան թաքնված օրակարգերից:

Եվրոպական հանձնաժողովը, որը հանդիսանում է ԵՄ պայմանագրերի և օրենքների պահապանը, ԵՄ մակարդակում հիմնականում սահմանափակ գործողություններ կարող է ձեռնարկել, քանի դեռ չկա ԵՄ հատուկ օրենք կամ պայմանագրի պարտավորություն: Բանն այն է, որ այս հարցերի մեծ մասում օրենքի իրավասությունը հաճախ պատկանում է ԵՄ ինքնիշխան երկրին, կամ էլ հարցը լուծվում է երկարաձիգ գործընթացով, որը հաճախ ինքնին հանգեցնում է դռնփակ գործարքների:

Ահա թե ինչու եմ ասում, որ այժմ ավելի քան երբևէ մեզ պետք է ավելի ուժեղ ԵՄ: Հիմա ավելի քան երբևէ պետք են վճռական գործողություններ՝ դժվարորեն շահած իրավունքները պաշտպանելու համար, և ամենից առաջ անհրաժեշտ է իրավական որոշակիություն: Հատկապես երբ այսքան շատ բան է վտանգված:

Հարկ է նշել, որ մինչև 1997թ. Եվրամիությունը իրավական հիմքեր չուներ գործողություններ ձեռնարկելու կրոնի կամ հավատքի, տարիքի, հաշմանդամության կամ սեռական կողմնորոշման հիմքերով խտրականության դեմ: Գենդերային հիմքերով պայմանավորված խտրականության դեմ պայքարի գործողությունը ներառվել էր ավելի վաղ պայմանագրում, սակայն այն չի ընդլայնվել և չի ընդունվել որպես գենդերափոխների խտրականության դեմ պայքարի հիմք: Ամստերդամի պայմանագրի 13-րդ հոդվածը ներկայացրել էր խտրականության դեմ պայքարի լրացուցիչ հիմքեր, սակայն բոլոր այդպիսի հարցերի շուրջ անդամ պետությունները պետք է միաձայն համաձայնության գային: Այնպես որ, եթե միայն մեկ երկիր չհամաձայներ, ապա անկախ եվրոպական խորհրդարանների որոշումներից․ իրավական առաջարկը դուրս կմնար:

Ամստերդամի պայմանագիրը համաձայնեցվեց և վավերացվեց ԵՄ այն ժամանակվա 15 անդամ պետությունների կողմից, իսկ երեք տարվա ընթացքում համաձայնեցվեցին նաև երկու նոր օրենքներ՝ Ռասայական դիրեկտիվն ու Զբաղվածության դիրեկտիվը: Բայց նույնիսկ այս բարի նպատակներով և բարի նշանակությամբ քայլերում Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների մոտեցումն ամրապնդում էր իրավունքների հիերարխիան:

Ռասայական դիրեկտիվն արգելում էր ռասայի ու էթնիկ պատկանելիության հիմքերով պայմանավորված խտրականությունը աշխատանքի և մասնագիտական ուսուցման վայրերում, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների հասանելիության մեջ: Զբաղվածության մասին դիրեկտիվն արգելում էր տարիքի, հաշմանդամության, կրոնի կամ հավատքի և սեռական կողմնորոշման հիմքերով պայմանավորված խտրականությունը,  բայց միայն աշխատավայրում և մասնագիտական ուսուցման մեջ: Ապրանքների ու ծառայությունների ոլորտները դուրս են մնացել: Կրոնական կազմակերպությունները լոբբինգ էին անում և քրտնաջան աշխատանք տանում, որպեսզի մասնակիորեն բացառվի նույնասեռական կամ երկսեռ անձանց աշխատանքի ընդունելը: Նրանց փաստարկն այն էր, որ դա դեմ էր իրենց գաղափարխոսությանը: Բացառումը բավարարվեց և որոշ դեպքերում անդամ պետություններն ազատորեն մեկնաբանում էին ԵՄ օրենքն իրենց ազգային օրենսդրություն տեղափոխելիս: Ամոթալի է, որ որոշ անդամ պետություններ դեռ պետք է պատշաճորեն իրականացնեն աշխատավայրում խտրականության արգելքի մասին օրենքը:

Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանում պատգամավորների մեծամասնությունն անընդհատ ճնշման տակ է պահում և պաշտպանում մարդու իրավունքների հարցը՝ ներառյալ ԼԳԲՏ անձանց իրավունքները: Մարդու իրավունքների այս պաշտպանությունը նաև ներառում է ԵՄ-ից դուրս գտնվող երկրներում մարդկանց պաշտպանությունը: Բայց չնայած պայմանագրի լրացուցիչ միջոցներին և Հիմնարար իրավունքների խարտիային՝ խտրականության դեմ պայքարի օրենքների համար ախորժակը փոքրացել է:

2004թ. և դրանից հետո չորս տարի շարունակ Եվրախորհրդարանը հետևողականորեն կոչ էր անում ԵՄ օրենսդրությանը՝ անդրադառնալու Զբաղվածության դիրեկտիվի բացթողմանը, այն է, որ իրավական միջոցներ պետք է ձեռնարկվեն կանխելու կրոնի կամ հավատքի, տարիքի, հաշմանդամության, սեռական կողմնորոշման հիմքերով պայմանավորված խտրականությունը ապրանքների և ծառայությունների հասանելիության մեջ: Չնայած նման օրենքի վրա քաղաքացիական ծառայողների կողմից ձեռնարկված ներքին աշխատանքներին՝ Եվրահանձնաժողովը պնդում էր, որ այդպիսի օրենք չի ստեղծվի, քանի որ անդամ պետությունների կողմից աջակցություն չկա, թեև Եվրահանձնաժողովի նախագահը 2004թ․ իր պաշտոնավարման սկզբում խոստացել էր նման օրենք:

Այնուամենայնիվ, Խորհրդարանը միավորեց ջանքերը աջակից ոչ-կառավարական կազմակերպությունների հետ (ռասայական և էթնիկ պատկանելիության, կանանց իրավունքների, հաշմանդամության իրավունքների, նույնասեռական և գենդերափոխ անձանց իրավունքների հարցերով զբաղվող)՝ այս պահանջի ճնշումը պահելու համար: Ի վերջո, հիմնականում ձախամետ և կենտրոնական ձախամետ խոշոր քաղաքական խմբերի ներկայացուցչություններից հետո Հանձնաժողովի նախագահը համաձայնեց և մշակեց Հավասարությունների ներառական դիրեկտիվը:

Դրա քաղաքական նշանակությունն անհավանական էր: Նոր օրենքի այս առաջարկը ներկայացնելով` Հանձնաժողովը հայտնեց իրավունքների հիերարխիայի ավարտի մասին: Դա ազդանշան էր այն բանի, որ բոլոր խտրականություններին վերաբերվելու էին նույնքան լուրջ, որքան մյուսներին: Այն ճանաչում էր խտրականության բազմազանությունը և այն, որ ոմանց հանդեպ բարիք անելն ու ոմանց հանդեպ էլ ոչինչ չանելը նշանակում էր խարխլել ողջ ցուցաբերած բարիքը:

Մի հարվածով մարդու իրավունքների դաշտը վերափոխվեց և վերափոխվեց դեպի լավը: Հավասարությունների դիրեկտիվն անցավ իր խորհրդարանական ընթացակարգով և որոշ կրոնների ցասման միջով, իսկ մարդիկ, ովքեր պատշաճ ընտանիքներ ներկայացնելու հավակնություն ունեին, ամեն կերպ փորձեցին ընդդիմանալ այս օրենքի ընդունմանը, սակայն այն ընդունվեց Խորհրդարանի զգալի մեծամասնության քվեով: Չնայած սրան՝ ավարտը դեռևս բարի չէ և ցավալիորեն ամրապնդում է իրավունքների պաշտպանության համար եղած իմ վախերը:

Ներկայումս Հավասարությունների դիրեկտիվը քննարկման է մնացել անդամ պետություններում։ Դիրեկտիվին ընդդիմացողներին հիմնականում գլխավորում է Գերմանիան՝ զարմանալիորեն վկայկոչելով ծախսերը։ Բայց Գերմանիան սոսկ պատյան է այլ ընդդիմացող երկրների համար:

Վճռականություն ցուցաբերելով մենք կարող ենք ընդլայնել այս իրավունքներն ու պաշտպանել դրանք նույնքան վճռականորեն, որքան մինչ այժմ էինք արել: Բայց դրա համար քաջություն ու վճռականություն է պետք հատկապես մեր օրենսդիրներից: Հասարակական կարծիքն ուղղորդելու, այլ ոչ թե դրան հետևելու քաջություն: Կարճաժամկետ հեռանկարում համակրանք չվայելելու համարձակություն, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում արվի այն ինչ ճիշտ է ու արդար: Եվ համարձակություն՝ ընդդիմանալու նրանց, ովքեր ցանկացած փաստարկ կօգտագործեն ուրիշների իրավունքները մերժելու համար։

Ես հիմնականում ունեմ այս փաստարկներին գալու իմ անձնական պատճառները, որովհետև որպես նույնասեռական տղամարդ, որպես մարդ, իմաստ չեմ գտնում զրկել մեկին այն իրավունքներից, որոնք ես ինքս էլ ցանկանում եմ ունենալ: Ես նաև գիտեմ, որ ճանապարհը կարող է դժվար լինել, և փաստարկները պետք է բերվեն այն լեզվով, որը հասկանալի կլինի շատերի, այլ ոչ թե ոմանց համար, որքան էլ որոշիչ և կարևոր նրանք չլինեն:

Ես սա գիտեմ Միացյալ Թագավորությունում իմ փորձից, երբ որպես դերասան ու հեռուստատեսային արտիստ լքեցի հարմարավետության իմ գոտին և մարտահրավեր նետեցի Թետչերի կառավարությանը, երբ վերջինս ներկայացրեց նույնասեռականության դեմ իր օրենքները: Մենք պարտվեցինք կոնկրետ այդ օրենքի դեմ պայքարում, բայց հիմնեցինք հավասարության հարցեր բարձրացնող մի կազմակերպություն և հասանք դրան:

Համախոհներ էին միասին աշխատում՝ անկախ տարբերությունից, անկախ նույնասեռական կամ տարասեռական լինելուց, անկախ ռասայից կամ էթնիկ պատկանելությունից: Հավասարության համար պայքարում մեզ միացան հիմնականում ձախամետ և կենտրոնական ձախամետ քաղաքական գործիչներ, նաև որոշները Պահպանողական կուսակցությունից։

Հատկանշական է, որ մինչև 1997թ. Միացյալ Թագավորությունում նույնասեռական լինելը բոլորովին անօրինական էր: Մեզ կարող էին ձերբակալել մեր բարերից կամ ակումբներից դուրս և մեղադրել անբարոյական պահվածքի մեջ, մեզ կարող էին բնակարան չտրամադրել, մենք կարող էինք կորցնել մեր աշխատանքը, իրականում մենք ոչ մի իրավունք ու պաշտպանություն չունեինք որևէ խտրականությունից: Տղամարդկանց նույնասեռականությունը թույլատրվում էր միայն երկու տղամարդու միջև մասնավոր մակարդակում, և նույնիսկ այդ ժամանակ էլ գաղտնիության սահմանումն արգելող էր, իսկ համաձայնության տարիքն ավելի բարձր, քան տարասեռականների համար: Սակայն 1997թ․ նոր կառավարության իշխանության գալով՝ քաղաքական գործիչները քաջություն ցուցաբերեցին ու չեղարկեցին հակա-ԼԳԲՏ օրենքները, առաջադրեցին խտրականության դեմ պայքարի օրենքներ և ապահովեցին այն, ինչ այսքան երկար ժամանակ դաժանորեն մերժվել էր․ նրանք ապահովեցին հավասարություն: Հավասարություն։

Իհարկե, շատ բան կա անելու, անհրաժեշտ են որոշ բարեփոխումներ, ինչպիսիք են ամուսնության ու քաղաքացիական հարաբերությունների հասանելիությունը:

Տասը տարի առաջ՝ 2010թ. հունվարի 8-ին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ուժի մեջ դրեց համաձայնեցմամբ սեռական հարաբերության հավասար տարիքը` անկախ տարասեռական կամ  նույնասեռական լինելուն: Դրան հաջորդեց երկարատև պայքար խորհրդարանում: Չափազանց կարևոր պահ էր, որովհետև այն նախապայման ստեղծեց հավասարության համար: Իրավական հավասարության համար:

Անցյալ շաբաթ Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը հետևյալն ասաց. «Զարմանալի է, որ դեռևս մի քանի տարի առաջ հոմոֆոբիան ու նախապաշարմունքը համատարած երևույթներ էին խորհրդարանում ու հասարակությունում: Բայց մենք առաջ ենք գնում և հասարակությունը վերջին տասնամյակում փոխվել է դեպի լավը: Այս երկրոմ (Մեծ Բրիտանիա) մենք միասնական կոնսենսուսով հեռացել ենք նախապաշարմունքներից և շրջվել դեպի հավասարության ու արդարության կողմը»: Հետո նա հիշեցրեց մեզ դեռևս տեղի ունեցող ողբերգական սպանությունների, Լոնդոնի Տրաֆալգարի հրապարակում ծեծի ենթարկված նույնասեռական տղամարդու և մեր դպրոցներում տիրող անհասկանալի հոմոֆոբիայի մասին:

Այնքան բան է արված, բայց և այնքան շատ ավելին կա անելու, որպեսզի մեր աշխարհը հարմար տեղ դառնա մեր բոլոր երեխաների համար:

Եվ քանի դեռ կառավարությունները փոխվում են և քաղաքական կուսակցությունները գալիս ու գնում են, մեզ պետք են կազմակերպություններ, որոնք կվերահսկեն և կերաշխավորեն, որ մենք չընկրկենք՝ հետ գնալով այնտեղ, որտեղից եկել ենք։ Այս առումով ես ուզում եմ առանձնահատուկ հարգանքս հայտնել Թուրքիայում ԼԳԲՏ կազմակերպությունների քաջությանն ու խիզախությանը, որոնք այնքան շատ բան են արել հավասարության գաղափաի համար և մարտահրավեր նետել ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնությանը, որտեղից էլ որ այն ծագի: ԼԳԲՏ կազմակերպությունները, ինչպիսիք են «Lambda Istanbul»-ը, «Pembe Hayat»-ը (Վարդագույն Եռանկյունի), «Rainbow»-ն և «Kaos GL»-ն: Գործունեության համար երկամյա իրավական պայքարից հետո «Rainbow»-ն այժմ, ցավոք, փակվեց, բայց նրա ղեկավարները կշարունակեն և մի նոր կազմակերպություն կբացեն, ինչը լիովին օրինական է թուրքական օրենսդրության համաձայն, թեպետ կրկին կկանգնեն անարդար հետապնդման վտանգի առջև: Նույնը վերաբերում է այն դեպքին, երբ հինգ գենդերափոխ քաղաքացի Անկարայում հետապնդվեցին, ձերբակալվեցին, կալանավորվեցին ու մեղադրվեցին  ոստիկանության կողմից` պարզապես իրենց ինքնության համար: Նրանց դատավարությունը շարունակվում է և ոստիկանությունը նրանց մեղադրանք է առաջադրել՝ անհնազանդ պահվածքի, ոստիկանության ձերբակալմանը դիմադրության և այլասերվածության համար: Մինչդեռ նրանք պարզապես իրենց մեքենան էին վարում: Նրանց իրավական պայքարը շարունակվում է, և ես հուսով եմ, որ մեղադրող կողմը կտեսնի այս գործի հիմքը: Խտրականությանը առերեսվելու այս կազմակերպությունների և անհատների խիզախությունն ու քաջությունը հենց այնպես չի մնա: Հավասարության համար նրանց պայքարը մեր պայքարն է: Եվ պատմությունն ասում է՝ ոչ, պատմությունը մեզ երաշխավորում է, որ այդ ճակատամարտում նրանք կհաղթեն:

Իհարկե ազնվության ու մարդու իրավունքների համար այս պայքարը շարունակվել է սերունդներով:

Շեքսպիրի համահեղինակած պիեսի հզոր խոսքերում մեզ հիշեցվում է «օտարի» նկատմամբ վերաբերմունքի մասին: Թոմաս Մորին կանչում են Լոնդոնի աշտարակ, որտեղ Լոնդոնի քաղաքացիներն ապստամբում են, քանի որ «օտարները» Ֆրանսիայի Կալեից Դովեր են հասել և այժմ շարժվում են դեպի Լոնդոն:

Թու´յլ տվեք իմ խոսքերով ներկայացնել.

«Դուք պահանջում եք, որ նրանք հեռանա՞ն: Օտարը՝ երեխան մեջքին, իրերը ոտքերի մոտ, ընտանիքը կողքին: Դուք պահանջում եք, որ նրանք «հեռանան»: Պատկերացրե´ք, որ դուք եք «օտարը», ձեր երեխաները՝ ձեր մեջքին, ձեր իրերը՝ ոտքերի տակ, ձեր ընտանիքը՝ կողքին: Պատկերացրե´ք, որ դուք եք օտարը, ապա պահանջե´ք, որ նրանք հեռանան․ ցու´յց տվեք ձեր ահռելի անմարդկայնությունը»:

Սա այն է, ինչ պետք է անենք «օտարի» իրավունքները պաշտպանելիս: Պետք է պատկերացնենք... իսկ եթե ես լինեի, եղբայրս, քույրս, հայրս, մայրս: Իսկ եթե ե՞ս լինեի։ Պատկերացնելու այդ զորությունը մեզ օժտում է մեր և ուրիշների կյանքը փոխելու զորությամբ՝ այդպիսով աշխարհը, որում ծնվել և մահանալու ենք, դեպի լավը փոխելով: Բայց ամենակարևորը՝ այն աշխարհը, որը մենք ժառանգելու ենք մեր երեխաներին և մեր երեխաների երեխաներին:

Չնայած հավասար իրավունքներին ուժեղ ընդդիմությանը՝ աշխարհը դեպի լավն է գնում և լավատես, բայց ոչ ինքնագոհ լինելու բազմաթիվ պատճառներ կան․

Վարշավայում, որտեղ մի քանի տարի առաջ կառավարությունը փորձեց արգելել շքերթները, անցյալ տարի քաղաքի փողոցներում նշվեց «Եվրո շքերթը»: Սա ինձ հույս է տալիս: Այնպիսի վայրերում, ինչպիսիք են Բուխարեստը՝ Ռումինիայում, և Սոֆիան՝ Բուլղարիայում, ԼԳԲՏ շքերթները շարունակում են տեղի ունենալ՝ չնայած ծայրահեղ աջակողմյան թևերի բողոքներին: Ինձ հետ երթին մասնակցող երիտասարդ աղջիկը, ով  երկու տարի առաջ դիմակ էր կրում՝ վախենալով, որ իրեն կճանաչեն, անցյալ տարի ինձ ու իր ծնողների հետ քայլում էր առանց քողարկվելու: Նա և նրա ծնողները հպարտ քայլում էին: Սա ինձ հույս է տալիս:

Ինչ վերաբերում է Լիտվայում բացասական օրենքներին, ապա ինչպես Լիտվայի նախագահը, այնպես էլ Եվրախորհրդարանը, կոչ են անում գործողություններ ձեռնարկել՝ ԵՄ հիմնարար իրավունքներին և անխտրականության ու հավասարության սկզբունքին համապատասխանությունը ապահովելու համար: Սա ինձ հույս է տալիս: Իսկ Աֆրիկայում, որտեղ հարուստ և հզոր ամերիկյան քրիստոնյա ավետարանական աջակողմյան թևը որոշել է պայքարել նույնասեռականության դեմ, աֆրիկացի ԼԳԲՏ անձինք հակահարված են տալիս: Այս տարվա սկզբին Ուգանդայի Սահմանադրական դատարանը վճիռ կայացրեց ի պաշտպանություն ԼԳԲՏ անձանց իրավունքների, փաստելով, որ ԼԳԲՏ անձանց արժանապատվությունը նույնքան կարևոր է, որքան մյուսներինը: Այս ամենը աշխարհի ամենահոմոֆոբ երկրներից մեկի սահմանադրական դատավորի կողմից: Սա ինձ հույս է տալիս:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում երկրների մի փոքր խումբ «սեռական կողմնորոշումը» ջնջեցին արտադատական սպանությունների ռիսկի տակ գտնվող մարդկանց ցուցակից: Մեզ դարձյալ անտեսանելի դարձրին: Բայց սա հաջողությամբ շտկվեց, երբ աշխարհի պետությունների ճնշող մեծամասնությունը հաստատեց, որ ոչ, ԼԳԲՏ անձանց սպանելն ընդունելի չէ: Սա նույնպես ինձ հույս է տալիս:

Բայց շատ ավելին պետք է արվի և արագ պետք է արվի:

Այսպիսով թույլ տվեք ավարտել` նշելով մարդու իրավունքների համար պայքարի ամենահզոր ձայնը: Մի ձայն, որը սարսափեցնում է բռնակալին, սասանում է բռնապետին և բռնարարին ստիպում կանգ առնել մտածելու․ դա նոր ծնված երեխայի լույս աշխարհ գալու լացի ձայնն է: Այդ ճիչը նրանց հիշեցնում է, որ նոր սերունդ է գալիս և որ պայքարը հանուն մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների և այն ամենի, ինչը բարի է ու լավ, պիտի շարունակվի: Սերունդ սերնդի հետևից:

Հավասարությունը կնվաճվի, քանզի ես հավատում եմ, որ բարությունն ու պարկեշտությունը վերջում միշտ հաղթում են: Ես դրան հավատում եմ՝ մարդկային ոգի, որը մեզ վեր է հանում և ստիպում պայքարել, մինչ մյուսները վարանում են: Այն նույն մարդկային ոգին, որը մեզ ստիպում է գիտակցել, որ մենք բոլորս նույն ենք: Եվ որ ամենակարևորն է, որ մենք բոլորս այդքան տարբեր ենք և այդքան եզակի:

Այդ սկզբունքի հիման վրա է, որ մենք միշտ պետք է պաշտպանենք «օտարին» և ընդունենք, որ օրենքի առջև հավասարությունը ու մարդու համընդհանուր իրավունքներից օգտվելը ժխտելու համար որևէ հիմք չկա: Սա իրականություն դարձնելու համար մենք պետք է ապահովենք, որ բոլոր քաղաքական կուսակցությունները այն ներառեն իրենց քաղաքական օրակարգում, և որ բոլոր կուսակցությունների քաղաքական գործիչները համարձակություն ունենան ձայն տալու ձայնազուրկներին:

Այնպես, ինչպես Հրանտ Դինքն իր ձայնը տվեց շատերին: Եվ շարունակում է տալ: Շնորհակալություն.