Բողազիջի համալսարանի պատմության, սոցիոլոգիայի և քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների բաժինների կողմից կազմակերպված Խոսքի ազատությանն ու մարդու իրավունքներն նվիրված Հրանտ Դինքի հիշատակի դասախոսության առաջին տարում Արունդհատի Ռոյը ներկայացրեց «Լսելով մորեխներին. ցեղասպանություն, ժխտում և տոնակատարություն» խորագրով դասախոսություն:
Սյուզաննա Արունդհատի Ռոյը հնդիկ հեղինակ է, ով առավել հայտնի է իր «Մանրուքների աստվածը» (1997) վեպով, որը 1997թ. շահել է «Man Booker» մրցանակը գեղարվեստական գրականության անվանակարգում: 2002թ. նա շահել է Լաննան հիմնադրամի Մշակութային ազատության մրցանակը իր` «աշխարհի ամենահզոր կառավարությունների և կորպորացիաների կողմից բացասական ազդեցություն կրած քաղաքացիական հասարակությունների մասին» աշխատանքի համար, որով «գովաբանվում էր նրա կյանքն ու շարունակական աշխատանքը հանուն ազատության, արդարության և մշակութային բազմազանության տարած պայքարում»: 2004թ․ մայիսին Ա. Ռոյն արժանացել է Սիդնեյի Խաղաղության մրցանակին՝ սոցիալական արշավներում աշխատելու և ոչ-բռնի քարոզչության համար: Ա. Ռոյի անունն ընդգրկվել է «Թայմ»-ի՝ 2014թ․ աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: Նա հակագլոբալիզմի/ալտեր-գլոբալիզմի շարժման խոսնակ է և նեո-կայսերապաշտության ու ԱՄՆ արտաքին քաղաքականության բուռն քննադատ:
Ելույթ
Ես երբեք չեմ հանդիպել Հրանտ Դինքին. դժբախտություն, որն իմն է լինելու այսուհետ: Այն ամենից, ինչ գիտեմ նրա մասին, ինչ նա գրել է, ինչ նա ասել ու արել է, ինչպես որ ապրել է իր կյանքը, գիտեմ, որ եթե մեկ տարի առաջ այստեղ՝ Ստամբուլում, լինեի, ես կլինեի այն հարյուր հազար մարդկանց մեջ, ովքեր մեռյալ լռությամբ նրա դագաղի հետ քայլում էին այս քաղաքի ձմեռային փողոցներով՝ կրելով «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառները: Միգուցե ես կտանեի այն պաստառը, որն ուներ «Մեկ ու կես միլիոն գումարած մեկ» գրությունը:
Հետաքրքիր է՝ ի՞նչ մտքեր կանցնեին գլխովս, եթե քայլեի նրա դագաղի կողքով։ Միուցե լսեի իմ ընկեր Դեյվիդ Բարսամյանի մոր՝ Արաքսի Բարսամյանի ձայնը, որ կպատմեր իր և իր ընտանիքի հետ կատարվածի մասին: 1915թ. նա տասը տարեկան էր: Նա հիշում էր պատմական Տիգրանակերտի՝ այժմյան Դիարբեքիր քաղաքի հյուսիսում գտնվող իրենց Դուբնե գյուղում հայտնված մորեխների բազմությունը: Նա պատմում էր, որ գյուղի ավագներն անհանգստացել էին, որովհետև վստահ գիտեին, որ մորեխները վատ նախանշան էին: Նրանք ճիշտ էին. վերջը եկավ մի քանի ամսից, երբ դաշտերում ցորենը պատրաստ էր բերքահավաքի:
«Երբ հեռացանք, ընտանիքում 25 հոգի էինք, - հիշում է Արաքսի Բարսամյանը, - նրանք տարան բոլոր տղամարդկանց: Նրանք հորս հարցրեցին. «Որտե՞ղ է քո զենքը»: Նա պատասխանեց, որ վաճառել է: Նրանք էլ թե՝ «Գնա՛, հե´տ բեր»: Նա էլ գնաց քրդական քաղաք՝ այն հետ բերելու, բայց նրանք ծեծեցին հորս ու խլեցին նրա հագուստը: Երբ նա վերադարձավ այնտեղ (սա մայրս էր պատմում), երբ նա մերկ վերադարձավ այնտեղ, գնաց բանտ, նրա ձեռքերը կտրեցին... ու նա մահացավ բանտում:
Իսկ նրանք դաշտերից հավաքեցին բոլոր տղամարդկանց, կապեցին նրանց ձեռքերն ու կրակելով սպանեցին բոլորին»:
Արաքսին ու նրա ընտանիքի մյուս կանայք արտաքսվեցին: Նրանք բոլորը կոտորվեցին, բացի Արաքսիից: Նա միակ փրկվածն էր:
Սա, իհարկե, Թուրքիայի կառավարության, ինչպես նաև շատ թուրքերի կողմից ժխտվող պատմության մի վկայություն է։
Ես չեմ եկել այստեղ համաշխարհային մտավորական խաղալու, ձեզ դասախոսելու կամ լցնելու այն լռությունը, որ առկա է այս երկրում՝ 1915թ. Անատոլիայում տեղի ունեցած իրադարձություններին շրջապատող հիշողության (կամ մոռացության) շուրջ: Դա այն է, ինչ փորձում էր անել Հրանտ Դինքը և վճարեց իր կյանքով։
Ստամբուլ ժամանելուս օրը ժամեր շարունակ շրջում էի փողոցներով, և երբ շուրջս էի նայում, նախանձելով տեղացիներին գեղեցիկ, խորհրդավոր, հմայիչ քաղաքի համար, ընկերս մատնացույց արեց սպիտակ գլխարկներով երիտասարդ տղաների, որոնք, կարծես, ցանի պես հանկարծակի հայտնվեցին քաղաքում: Ընկերս բացատրեց, որ այդպիսով նրանք իրենց զորակցությունն էին հայտնում այն մանկահասակ մարդասպանին, ով Հրանտին սպանելու ժամանակ սպիտակ գլխարկով էր։
Ակնհայտ է, որ սպանությունը հանդիսանում էր և՛ որպես պատիժ Հրանտին, և՛ որպես նախազգուշացում այս երկրում գտնվող այլոց, ովքեր կարող էին ոգեշնչված լինել նրա քաջությամբ՝ ոչ միայն ասելու անասելին, այլև մտածելու աներևակայելին:
Սա Հրանտ Դինքին սպանած փամփուշտի վրա գրված ուղերձն էր: Սա Օրհան Փամուկի, Էլիֆ Շաֆակի և այլոց ուղղված մահվան սպառնալիքներում եղած ուղերձն է, ովքեր համարձակվել են տարբերվել Թուրքիայի կառավարության տեսակետից: Սպանությունից առաջ Հրանտ Դինքին երեք անգամ դատել են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, ըստ որի, «թուրքականության» հրապարակային անարգումը քրեական հանցագործություն է: Այս դատավարություններից յուրաքանչյուրը Թուրքիայի պետության կողմից ազդանշան էր՝ ուղղված Թուրքիայի ֆաշիստական աջակողմյան ուժերին առ այն, որ Հրանտ Դինքը հասանելի թիրախ է:
Ինչպե՞ս կարող է ճշմարտությունն ասելը նսեմացնել թուրքականությունը: Ո՞վ իրավունք ունի սահմանափակելու և սահմանելու, թե ինչ է թուրրքականությունը:
Հրանտ Դինքին լռեցրին: Բայց նրանք, ովքեր տոնում են նրա սպանությունը, պետք է իմանան, որ իրենց արարքը հակաարդյունավետ էր: Լռության փոխարեն այն մեծ աղմուկ բարձրացրեց: Հրանտի ձայնն այնպիսի աղաղակ դարձավ, որն այլևս երբեք չի կարող լռեցվել ո՛չ փամփուշտներով, ո՛չ ազատազրկմամբ, ո´չ էլ վիրավորանքներով: Այն աղաղակում է, շշնջում, երգում. այն կտրում է ահաբեկող լռությունը, որը քայքայված և վերախմբավորվող բանակի նման կրկին սկսել էր հավաքվել: Այն ստիպեց աշխարհին հետաքրքրվել ավելի քան 90 տարի առաջ Անատոլիայում տեղի ունեցածով: Այն, ինչը Հրանտի թշնամիներն ուզում էին թաղել: Մոռանալ։ Դե... եթե խոսեմ իմ մասին, ապա առաջին արձագանքս էր 1915թ. մասին հնարվորին ամեն բան պարզելը, պատմություն կարդալը, վկայություններ լսելը: Մի բան, որն այլապես չէի անի։
Հիմա ես այդ մասին կարծիք ունեմ, ձևավորված կարծիք, բայց, ինչպես նշեցի, այն ձեզ հասցնելու համար չէ, որ այստեղ եմ։
Ստամբուլի գլխարկակիրների դեմ պայքարն իմը չէ, ձերն է: Ես իմ կռիվն ունեմ՝ իմ երկրում այլ գլխարկակիրների ու ջահակիրների դեմ։ Ինչ-որ առումով կռիվներն այնքան էլ տարբեր չեն, բայց կա մեկ կարևոր տարբերություն: Մինչ Թուրքիայում լռություն է, Հնդկաստանում տոնախմբություն է, և ես իրոք չգիտեմ, թե որն է ավելի վատ: Կարծում եմ, որ լռությունն ամոթի զգացում է հուշում, իսկ ամոթը՝ խիղճ: Միգուցե սա շատ միամիտ ու մեծահոգի մի մեկնաբանությու՞ն է: Թերևս, բայց ինչու՞ չլինել միամիտ ու մեծահոգի: Ցավոք, տոնախմբությունը չի կարելի մեկնաբանել: Դա այն է, ինչ կա:
Ձեր անցյալի դասերն ինձ պատկերացում են տվել մեր ապագայի մասին: Իմ այսօրվա խոսքը ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին է: Ես ուզում եմ խոսել Հնդկաստանի ապագայի համար դրվող հիմքերի մասին, մի երկիր, որն ամբողջ աշխարհում գովաբանվում է որպես առաջընթացի և ժողովրդավարության օրինակ:
2002թ. Գուջարաթ նահանգում մահմեդական համայնքի դեմ ցեղասպանություն էր իրականացվել։ Ես մտածված կերպով եմ օգտագործում ցեղասպանություն բառը՝ համահունչ ՄԱԿ-ի՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»-ի 2-րդ հոդվածում տրված սահմանմանը։ Ցեղասպանությունը սկսվեց որպես հավաքական պատիժ չբացահայտված հանցագործության համար, երբ երկաթուղային վագոնում 53 հինդու ուխտավորներ էին հրկիզվելով մահացել: Ենթադրյալ վրեժխնդրության մանրակրկիտ պլանավորված արարողակարգը հանգեցրեց նրան, որ օրը ցերեկով 2000 մահմեդական մորթվեց զինված մարդասպանների ջոկատների կողմից, ինչը կազմակերպվել էր ֆաշիստական խմբավորումների և այդ ժամանակվա Գուջարաթի կառավարության ու վարչակազմի աջակցությամբ: Մահմեդական կանայք խմբակային բռնաբարության էին ենթարկվում և ողջ-ողջ այրվում: Մուսուլմանական խանութները, ձեռնարկությունները, սրբավայրերն ու մզկիթները համակարգային կերպով ոչնչացվում էին: Իրենց տներից վտարվել էր 150,000 մարդ։
Նրանցից շատերը նույնիսկ այսօր ապրում են գետտոներում, որոնցից որոշներն էլ աղբակույտերի վրա են կառուցված՝ առանց ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի, փողոցային լուսավորության և առողջապահության: Նրանք ապրում են որպես երկրորդ կարգի քաղաքացիներ՝ սոցիալապես և տնտեսապես բոյկոտված: Մինչդեռ մարդասպանները, ոստիկանությունը, ինչպես նաև քաղաքացիական անձինք գրկաբաց ընդունվել են, պարգևատրվել, քաջալերվել։ Իրերի այս վիճակն այժմ համարվում է «նորմալ»: «Նորմալությունը» հաստատելու համար 2004թ. Հնդկաստանի առաջատար արդյունաբերողներ Ռաթան Թաթան և Մուկեշ Ամբանին Գուջարաթը հրապարակավ հայտարարեցին որպես ֆինանսական կապիտալի երազանքի նպատակակետ:
Ազգային մամուլում սկզբնական աղմուկը հանդարտվել է: Գուջարաթում ցեղասպանությունը անպատկառորեն նշվում է որպես գուջարաթական հպարտության, հինդուականության, նույնիսկ հնդկականության մարմնացում: Այս թունավոր եփուկը երկու անգամ անընդմեջ օգտագործվել է, պետական ընտրություններում հաղթելու համար, այնպիսի արշավների միջոցով, որոնք խելացիորեն կիրառել են արդիականության ու ժողովրդավարության լեզուն ու ապարատը: Ղեկավարը՝ Նարենդրա Մոդին, դարձել է ժողովրդական հերոս, որին BJP (Հնդկաստանի ժողովրդական կուսակցություն) կուսակցությունը հրավիրել է՝ Հնդկաստանի այլ նահանգներում իր անունից քարոզչություն իրականացնելու:
Ինչ վերաբերում է ցեղասպանություններին, Գուջարաթի ցեղասպանությունը չի կարող համեմատվել Կոնգոյում, Ռուանդայում և Բոսնիայում սպանված մարդկանց հետ, որտեղ թվերը միլիոնների են հասնում, և ոչ էլ սա առաջինն էր, որ տեղի էր ունեցել Հնդկաստանում: (Օրինակ՝ 1984թ. նույն անպատժելիությամբ Դելիի փողոցներում 3000 սիկհեր են կոտորվել Կոնգրեսի կուսակցության կողմից վերահսկվող մարդասպանների կողմից:) Սակայն Գուջարաթի ցեղասպանությունը ավելի մեծ, ավելի մշակված և համակարգված տեսլականի մաս է: Այն մեզ ասում է, որ ցորենը հասունացել է և մորեխները հասել են Հնդկաստանի մայրցամաք:
Դա հին մարդկային սովորություն է՝ ցեղասպանություն: Այն փայլուն դեր է խաղացել քաղաքակրթության երթում: Ենթադրվում է, որ ամենավաղ արձանագրված ցեղասպանություններից է մ.թ.ա. 149թ. Երրորդ փյունիկյան պատերազմի ավարտին Կարթագենի ոչնչացումը: Բառն ինքնին՝ ցեղասպանություն, միայն սահմանվել է 1943թ. Ռաֆայել Լեմկինի կողմից, իսկ նացիստական հոլոքոստից հետո՝ 1948թ., ընդունվել է ՄԱԿ-ի կողմից: «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»-ի 2-րդ հոդվածն այն սահմանում է որպես.
«Հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ, որպես այդպիսին՝ այդ խմբի անդամների սպանությունը, այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը, որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, [կամ] երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին»:
Քանի որ իրական կամ մտացածին քաղաքական այլախոհների հետապնդումը դուրս է մնում այս սահմանումից, այն չի ներառում պատմության մեջ կատարված ամենամեծ զանգվածային սպանություններից որոշները: Անձամբ ես կարծում եմ, որ «Ցեղասպանության պատմություն և սոցիոլոգիա» գրքի հեղինակներ Ֆրենկ Չալկի և Քուրտ Ջոնասոնի սահմանումն ավելի տեղին է: Նրանք ասում են, որ ցեղասպանությունը «միակողմանի զանգվածային սպանության ձև է, որտեղ պետությունը կամ այլ իշխանություն մտադիր է ոչնչացնել մի խմբի, քանի որ այդ խումբը կամ այդ խմբի անդամակցությունը դատապարտված են ոճրագործի կողմից»: Այսպիսի սահմանումով ցեղասպանություն կհամարվեին այնպիսի զանգվածային հանցագործություններ, ինչպիսիք իրականացվել են Սուհարտոյի կողմից՝ Ինդոնեզիայում (1 միլիոն), Պոլ Պոտի կողմից՝ Կամբոջայում (1,5 միլիոն), Ստալինի կողմից Խորհրդային Միությունում (60 միլիոն), Մաոյի կողմից՝ Չինաստանում (70 միլիոն):
Ամենը հաշվի առնելով՝ բնաջնջում բառը վնասատուներին ու վարակներին վերաբերող իր կոպիտ վկայակոչմամբ, թերևս, ավելի ազնիվ ու համարժեք բառ է: Երբ ոճրագործների խումբն առերեսվում է իր զոհերի հետ, որպեսզի իր անիրավ գործը գլուխ բերի, նախ պետք է խզի ցանկացած մարդկային կապ: Ոճրագործը պետք է իր զոհին տեսնի որպես ենթամարդ, որպես մակաբույծ, որի ոչնչացումը նպաստ կլինի հասարակությանը: Ահա 1636թ. Քոնեքթիքութում Ջոն Մեյսոնի գլխավորությամբ անգլիացի պուրիտանների կողմից Պեկոտ հնդկացիների կոտորածի մասին հիշատակումը.
«Կրակից մազապուրծները սրով սպանվեցին. ոմանք մասերի բաժանվեցին, մյուսները փախան սվիններն իրենց ներսում այնպես, որ արագորեն ցրվեցին և շատ քչերը կարողացան փրկվել: Ենթադրվում է, որ նրանք այսպիսով ոչնչացրեցին մոտ 400 հոգու: Ահավոր էր տեսնել, թե ինչպես են նրանք տապակվում այն կրակի մեջ, որը հանգչում էր նրանց արյան հոսքերից, սարսափելի էր այդ ամենի գարշահոտությունը, բայց հաղթանակը, կարծես, քաղցր զոհաբերություն լիներ...»
Եվ ահա մոտավորապես չորս դար անց Բաբու Բաջրանջին՝ Գուջարաթի ցեղասպանության գլխավոր հեղինակներից մեկը, տեսագրվել է «Տեհելկա» թերթի կողմից մի քանի ամիս առաջ կազմակերպված ծուղակային օպերացիայի ժամանակ.
«Մենք չենք խնայել ոչ մի մահմեդական խանութ, մենք ամեն ինչ հրկիզել ենք... կոտրել, կրակի տվել... մենք ճիշտ ենք համարում հրկիզումը, քանի որ այս սրիկաները չեն ուզում դիակիզվել, նրանք վախենում են դրանից... Ես ընդամենը մի վերջին ցանկություն ունեմ... թող ես մահվան դատապարտվեմ... ինձ համար միևնույն է, թե կախաղան կհանվեմ... պարզապես կախաղանից առաջ ինձ երկու օր տվեք և ես կգնամ ու մի օր կանցկացնեմ Ջուհապուրայում, որտեղ յոթ կամ ութ հարյուր հազար այդ մարդկանցից է ապրում... Ես նրանց վերջը կտամ... թող էլի մեռնեն... առնվազն 25,000-ից 50,000 պետք է մեռնի»:
Դժվար թե կարիք կա ասելու, որ Բաբու Բաջրանջին ուներ Նարենդրա Մոդիի օրհնությունները, ոստիկանության պաշտպանությունը և իր ժողովրդի սերը: Նա շարունակում է աշխատել և բարգավաճել Գուջարաթում` որպես ազատ մարդ: Նա չի կարող մեղադրվել մի հանցագործության մեջ, որը Ցեղասպանության Ժխտումն է:
Ցեղասպանության ժխտումը հին, բացահայտ ռասիստ, արյունարբու հաղթականության թեմայի արմատական փոխարկում է: Հավանաբար այն զարգացել է՝ ի պատասխան 19-րդ դարում գլուխ բարձրացրած փոքր-ինչ անկայուն, երկակի բարոյականությանը, երբ Եվրոպան զարգացնում էր ժողովրդավարության և քաղաքացիների իրավունքների սահմանափակ, բայց նոր ձևեր՝ միաժամանակ իր գաղութներում ոչնչացնելով միլիոնավոր մարդկանց: Հանկարծ երկրներն ու կառավարությունները սկսեցին հերքել կամ փորձել թաքցնել իրենց կատարած ցեղասպանությունները: «Հիրոսիմա և Ամերիկա. ժխտողականության հիսուն տարի» գրքի հեղինակ, պրոֆեսոր Ռոբերտ Ջեյ Լիֆթոնը նշում է․ «Ըստ էության ժխտել նշանակում է ասել, որ մարդասպանները չեն սպանել: Զոհերը չեն սպանվել: Ժխտման ուղղակի հետևանքն այն է, որ այն խրախուսում է ապագա ցեղասպանություն»:
Իհարկե այսօր, երբ ցեղասպանության քաղաքականությունը հանդիպում է ազատ շուկային, հոլոքոստների և ցեղասպանությունների պաշտոնական ճանաչումը կամ ժխտումը բազմազգ բիզնես երևույթ է: Այն հազվադեպ է առնչվում պատմական փաստերի կամ դատաբժշկական ապացույցների հետ: Բարոյականությունն, իհարկե, հորիզոնում չկա: Այն բարձր մակարդակի սակարկությունների ագրեսիվ գործընթաց է, որն ավելի շատ պատկանում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, քան Միացյալ Ազգերին: Արժույթը աշխարհաքաղաքականությունն է, բնական պաշարների տատանվող շուկան, ապագաների վաճառք կոչվող այդ հետաքրքրաշարժ երևույթը և պարզ, հին տնտեսական ու ռազմական հզորությունը:
Այլ կերպ ասած՝ ցեղասպանությունները հաճախ մերժվում են նույն պատճառաբանությամբ, որոնցով հետապնդվում են: Տնտեսական դետերմինիզմ՝ ներծծված ռասայական/էթնիկական/կրոնական/ ազգային խտրականությամբ: Կոպիտ ասած՝ մեկ բարել նավթի (կամ մեկ տոննա ուրանի) գնի իջեցումը կամ բարձրացումը, ռազմաբազայի համար տրված թույլտվությունը կամ երկրի տնտեսության բացումը կարող է լինել որոշիչ գործոն, որպեսզի կառավարությունները որոշում կայացնեն արդյոք ցեղասպանություն տեղի է ունեցել, թե ոչ։ Կամ իհարկե, ցեղասպանություն տեղի կունենա, թե ոչ: Եվ եթե տեղի ունենա, արդյոք դրա մասին կհաղորդվի, թե ոչ, և եթե հաղորդվի, ապա ինչ ուղղվածություն կունենա այն: Օրինակ՝ Կոնգոյում երկու միլիոն մարդու մահվան մասին գործնականում չի հաղորդվում: Ինչո՞ւ։ Եվ արդյո՞ք նախքան ԱՄՆ-ի ներխուժումը, պատժամիջոցների ռեժիմի ներքո, մեկ միլիոն իրաքցիների մահը ցեղասպանություն էր (այդպես էր անվանում Իրաքի հարցով ՄԱԿ-ի մարդասիրական համակարգող Դենիս Հալիդեյը), թե՞ «տեղին էր», ինչպես ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մադլեն Օլբրայթն էր պնդում: Դա կախված է նրանից, թե ով է կանոններ որոշում: Բիլ Քլինթո՞նը, թե՞ իր երեխային կորցրած իրաքցի մայրը:
Քանի որ Միացյալ Նահանգները աշխարհի ամենահարուստ և ամենահզոր երկիրն է, այն ստանձնել է Աշխարհի Թիվ Մեկ Ցեղասպանության Ժխտողի արտոնությունը: ԱՄՆ-ն շարունակում է նշել Կոլումբոսի օրը՝ Քրիստոֆեր Կոլումբոսի՝ Ամերիկա ժամանման օրը, որն ազդարարում է միլիոնավոր հնդկացիների՝ բնիկների մոտ 90%-ի, բնաջնջման սկիզբը: (Լորդ Ամհերսթը, ով առաջարկել էր հնդիկներին ջրծաղիկի վիրուսով վարակված վերմակներ բաշխել, իր անունով համալսարանական քաղաք ունի Մասաչուսեթսում և հեղինակավոր լիբերալ արվեստների քոլեջ):
Ամերիկայի երկրորդ հոլոքոստի ժամանակ շուրջ 30 միլիոն աֆրիկացիներ առևանգվեցին և վաճառվեցին ստրկության: Նրանց կեսից ավելին մահացավ տեղափոխման ընթացքում: Բայց 2002թ․ ԱՄՆ պատվիրակությունը կարողացավ դուրս գալ Դուրբանում անցկացվող Ռասիզմի դեմ համաշխարհային կոնֆերանսից՝ հրաժարվելով ընդունել, որ ստրկությունը և ստրկավաճառությունը հանցագործություններ են: Նրանք պնդում էին, որ ստրկությունն այն ժամանակ օրինական էր: ԱՄՆ-ն նաև հրաժարվեց ընդունել, որ Տոկիոյի, Հիրոսիմայի, Նագասակիի, Դրեզդենի և Համբուրգի ռմբակոծությունները, որոնց արդյունքում հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ զոհվեցին, հանցագործություններ էին, առավել ևս` ցեղասպանական գործողություններ: (Այստեղ փաստարկն այն է, որ կառավարությունը մտադիր չէր սպանել քաղաքացիական անձանց: Սա «անուղղակի վնաս» հասկացության զարգացման առաջին փուլն էր:) Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր՝ ԱՄՆ կառավարությունն ավելի քան 400 անգամ 100 երկրներում բացահայտ ռազմական միջամտություն է իրականացրել, և ավելի քան 6000 անգամ՝ թաքնված: Այդ թվում է Վիետնամ ներխուժումը և իհարկե գերազանց մտադրություններով 3 միլիոն վիետնամցիների բնաջնջումը (երկրի բնակչության մոտ 10 տոկոսը):
Դրանցից ոչ մեկը չի ճանաչվել որպես ռազմական հանցագործություն կամ ցեղասպանական գործողություն: Ռոբերտ ՄակՆամարան, ում կարիերայի ուղենիշը 1945թ. Տոկիոյի ռմբակոծությունից հետո (100,000 մահ մեկ գիշերվա ընթացքում) նրան դարձրեց Վիետնամի պատերազմի ճարտարապետը, հետո Համաշխարհային բանկի նախագահ, ով այժմ նստում է իր հարմարավետ երկրի հարմարավետ տան հարմարավետ աթոռին, ասում է․ «Հարցն այն է, թե ինչքա՞ն չարիք պետք է գործես՝ բարիք գործելու համար»:
Մի՞թե կարող է ավելի կատարյալ օրինակ գտնել Ռոբերտ Ջեյ Լիֆթոնսի այն դիտարկման համար, ըստ որի՝ ցեղասպանության ժխտումը ավելի շատ ցեղասպանություն է խրախուսում:
Որպես բարեկամական ժեստ Թուրքիայի կառավարությանը, որը Մերձավոր Արևելքի անկայուն քաղաքականության մեջ իր դաշնակիցն է, ԱՄՆ կառավարությունը համակարծիք է Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հետ: Իսրայելի կառավարությունը նույնպես: Նույն պատճառներով: Նրանց համար հայ ժողովուրդը տառապում է կոլեկտիվ պատրանքով:
Իսկ ի՞նչ է լինում, երբ զոհերը դառնում են հանցագործ, ինչպես եղավ Կոնգոյում և Ռուանդայում: Ի՞նչ է մնում ասել Իսրայելի մասին, որը կերտվել է մարդկության պատմության ամենադաժան ցեղասպանություններից մեկի բեկորներից: Իսկ ի՞նչ կարող ենք ասել նրա՝ գրավյալ տարածքներում իրականացրած գործողություններից: Նրա ծավալվող բնակավայրերը, ջրի գաղութացումը, նոր «անվտանգության պատը», որը պաղեստինցիներին բաժանում է իրենց տնտեսություններից, աշխատանքից, հարազատներից, երեխաների դպրոցներից, հիվանդանոցներից և առողջապահությունից: Դա ցեղասպանություն է ձկների ջրամանում, դանդաղ ցեղասպանություն, որը հատկապես մատնանշում է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»-ի 2-րդ հոդվածի այն մասը, որում ասվում է, որ ցեղասպանությունը ցանկացած գործողություն է, որը որևէ խմբի համար «միտումնավոր ստեղծում է կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:
Թերևս, Ցեղասպանության Խաղի ամենատգեղ կողմն այն է, որ ցեղասպանությունները դասակարգվում են, ինչպես թենիսիստները միջազգային մրցաշարում: Նրանց զոհերը դասակարգվում են արժանիների կամ անարժանների: Օրինակ՝ մինչ այժմ ամենահայտնի, լավագույնս փաստագրված, ամենադատապարտված ցեղասպանությունը հրեական Հոլոքոստն է, որը խլեց վեց միլիոն հրեաների կյանք: (Գրքերում, կինոնկարներում և Հոլոքոստի մասին գրականության մեջ քիչ է տարածված այն փաստը, որ նացիստները ոչնչացրել են նաև հազարավոր գնչուների, կոմունիստների, համասեռամոլների և 3,3 միլիոն ռուս ռազմագերիների, որոնցից բոլորը չէ որ հրեա էին)։ Հրեաների նացիստական ցեղասպանությունը համընդհանուր կերպով ընդունվել է որպես քսաներորդ դարի ամենասարսափելի իրադարձություն: Ի դեմս այս փաստի՝ որոշ պատմաբաններ Հայոց ցեղասպանությունն անվանում են Մոռացված ցեղասպանություն, և դրա մասին աշխարհին հիշեցնելու իրենց պայքարում հաճախ նշում են, որ այն քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Պրոֆեսոր Փիթեր Բալաքյանը՝ Հայոց ցեղասպանության մասին ամենաբանիմաց գիտնականներից մեկը և «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունն ու Ամերիկայի արձագանքը» գրքի հեղինակը, ասում է. «Հայոց ցեղասպանությունը նշանվոր իրադարձություն է: Այն փոխեց պատմությունը: Այն աննախադեպ էր: Այն մեկնարկեց ցեղասպանության դարաշրջանը, որը պետք է ընդունենք, որ իսկապես եղել է քսաներորդ դարը»:
Պրոֆեսորը սխալվում է: «Ցեղասպանության դարաշրջանը» սկսվել էր շատ վաղուց: Օրինակ, 20-րդ դարի առաջին տարիներին Աֆրիկայի հարավ-արևմուտքում գերմանացիների կողմից բնաջնջվեց հերերո ժողովուրդը: 1904թ. հոկտեմբերին գեներալ Ադոլֆ Լեբրեխտ Ֆոն Տրոտան հրամայեց բնաջնջել հերերոներին: Նրանց քշեցին դեպի անապատ, զրկեցին սննդից ու ջրից և այս կերպ ոչնչացրեցին: Մինչդեռ Աֆրիկա մայրցամաքի մյուս մասերում ցեղասպանությունները սրընթաց էին զարգանում: Ֆրանսիացիները, անգլիացիները, բելգիացիները, բոլորը զբաղված էին: Բելգիայի թագավոր Լեոպոլդը լավ էր անցկացնում իր «առևտրային ընդլայնման փորձը»՝ Կոնգոյում փնտրելով ստրուկներ, կաուչուկ և փղոսկր: Նրա փորձի գինը տասը միլիոն մարդու կյանք էր: Դա բոլոր ժամանակների ամենադաժան ցեղասպանություններից մեկն էր: (Աֆրիկայի հանքային հարստությունը վերահսկելու համար պայքարը սաստկանում է. քերե´ք ժամանակակից սարսափների մակերեսը Աֆրիկայում, Ռուանդայում, Կոնգոյում, Նիգերիայում, ընտրե´ք ձեր երկիրը և հավանականությունը մեծ է, որ դուք կկարողանաք հետևել Եվրոպայի հին գաղութային շահերի և Ամերիկայի նոր գաղութային շահերի պատմությանը):
Ասիայում 19-րդ դարի վերջին քառորդին բրիտանացիներն ավարտել էին Թասմանիայում և Ավստրալիայի մեծ մասում բնիկների բնաջնջումը՝ սովի մատնելով և որսալով նրանց։ Յուրաքանչյուր բնիկի համար բրիտանացի դատապարտյալներին տրվում էր հինգ ֆունտ։ Թասմանացի վերջին կինը՝ Տրուգանինան, մահացավ 1876թ.: Նրա կմախքը գտնվում է Հոբարտի թանգարանում: Գտե´ք նրան, երբ հաջորդ անգամ այցելեք: Իսպանացիները, ֆրանսիացիները և բրիտանացիները, իհարկե, մինչ այդ գրեթե ավարտել էին Աստծո Գործն Ամերիկայում:
Ցեղասպանության խաղարկություններում մի ժողովրդի համար արդարություն հայցելիս չափազանց հեշտ է անզգուշորեն ոտնահարել մյուսների տառապանքները: Սա ցեղասպանության միջազգային քաղաքականության սայթաքուն բարոյականությունն է: Ցեղասպանություն ցեղասպանության մեջ, ժխտողականություն ժխտողականության մեջ, նորից ու նորից, ինչպես մատրյոշկա տիկնիկները:
Ցեղասպանության պատմությունը մեզ ցույց է տալիս, որ այն շեղում, անոմալիա, մարդկային համակարգային սխալ չէ: Այն այնքան հին և տոկուն, մարդկային վիճակի մաս կազմող սովորություն է, որքան սերը, արվեստն ու գյուղատնտեսությունը:
15-րդ դարից ի վեր՝ ցեղասպանություններից շատերն անբաժան մաս են կազմել Եվրոպայի այն բանի որոնումներին, ինչը գերմանացիներն անվանում էին «Lebensraum»՝ բնակելի տարածք: Լեբենսրաումը գերմանացի աշխարհագրագետ և կենդանաբան Ֆրիդրիխ Ռատցելի կողմից առաջ քաշած բառ էր՝ նկարագրելու այն, ինչ նրա կարծիքով գերիշխող մարդկային տեսակի բնական մղում է՝ ընդլայնելու իր տարածքը, որոնելով ոչ միայն տարածություն, այլև գոյության միջոցներ: Ընդարձակման այս ազդակը, բնականաբար, ավելի քիչ գերակշռող տեսակների, ավելի թույլ տեսակների հաշվին էր գործում, որոնք ըստ նացիստական գաղափարախոսության, պետք է զիջեին կամ ստիպողաբար զիջեին ավելի ուժեղներին:
Լեբենսրաումի գաղափարը ձևավորվել է 1901թ., սակայն Եվրոպան չորս հարյուր տարի առաջ արդեն սկսել էր լեբենսրաումի իր որոնումը, երբ Կոլումբոսը ոտք դրեց Ամերիկա: Լեբենսրաումի որոնումը եվրոպացիներին տարավ նաև Աֆրիկա՝ ծավալելու հոլոքոստ հոլոքոստի ետևից: Գերմանացիները գրեթե ամբողջությամբ ոչնչացրին հարավ-արևմտյան Աֆրիկայի հերերոների բնակչությունը, մինչդեռ Կոնգոյում բելգիացիների «առևտրային ընդլայնման փորձն» արժեցավ 10 միլիոն մարդու կյանք: 19-րդ դարի վերջին քառորդին բրիտանացիները բնաջնջել էին Թասմանիայի և Ավստրալիայի մեծ մասի բնիկ ժողովրդին:
«Ոչնչացնել բիրտերին» գրքի հեղինակ Սվեն Լինդկվիստը պնդում է, որ Հիտլերի լեբենսրաումի որոնումը մի աշխարհում, որն արդեն ձևված էր եվրոպական այլ երկրների կողմից, դրդեց նացիստներին շարժվել դեպի Արևելյան Եվրոպա և Ռուսաստան: Արևելյան Եվրոպայի և արևմտյան Ռուսաստանի հրեաները կանգնած էին Հիտլերի գաղութային հավակնությունների ճանապարհին: Հետևաբար, ինչպես Աֆրիկայի, Ամերիկայի և Ասիայի բնիկ ժողովուրդները, նրանք նույնպես պետք է ստրկացվեին կամ ոչնչացվեին: Ուստի, ըստ Լինդկվիստի, հրեաների ռասիստ անմարդկայնացումը նացիստների կողմից չի կարելի համարել խելագար չարիքի նոպա: Այն արդեն ծանոթ խառնուրդի արդյունք էր․ տնտեսական դետերմինիզմ՝ ներծծված դարավոր ռասիզմով, շատ համապատասխան ժամանակի եվրոպական ավանդույթներին:
«Միությունը» (ռասայական/էթնիկական/կրոնական/ազգային) և «Առաջընթացը» (տնտեսական դետերմինիզմ) վաղուց եղել են ցեղասպանության զույգ կոորդինատները:
Պատմության այս մեկնությամբ զինված՝ արժե մտահոգվել, թե արդյո՞ք «առաջընթացի» շեմին կանգնած երկիրը նաև ցեղասպանության շեմին է կանգնած: Հնարավո՞ր է, որ ամբողջ աշխարհում որպես առաջընթացի և ժողովրդավարության հրաշք գովաբանվող Հնդկաստանը կանգնած լինի ցեղասպանություն գործելու շեմին: Հենց միայն այս միտքը կարող է տարօրինակ թվալ և այս պահի դրությամբ ցեղասպանություն բառի օգտագործումն, անկասկած, անհիմն է: Սակայն եթե նայենք ապագային, եթե Զարգացման Կայսրերը հավատան իրենց սեփական քարոզչությանը, եթե հավատան, որ Առաջընթացի համար իրենց ընտրած մոդելին Այլընտրանք Չկա, ապա նրանք անխուսափելիորեն ստիպված կլինեն սպանել և սպանել մեծ թվով մարդկանց, որպեսզի հարթեն իրենց ճանապարհը:
Մաս առ մաս, լուրերի տարածվելուն հետ մեկտեղ, պարզ է դառնում, որ սպանությունն ու մահն արդեն սկսվել են:
1989թ. էր՝ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, երբ Հնդկաստանի կառավարությունը հրժարվեց Չմիավորման Շարժումից՝ անդամակցելով Ամբողջովին միավորվածին՝ հաճախ ինքն իրեն անվանելով որպես Իսրայելի ու Միացյալ Նահանգների «բնական դաշնակից»: (Նրանք առնվազն մեկ ընդհանրություն ունեն՝ երեքն էլ զբաղվում են բացահայտ, նեո-գաղութատիրական ռազմական օկուպացիաներով, Հնդկաստանը՝ Քաշմիրում, Իսրայելը՝ Պաղեստինում, ԱՄՆ-ն՝ Իրաքում):
Ժամացույցի մեխանիզմի նման երկու խոշոր ազգային քաղաքական կուսակցությունները՝ BJP-ն և Կոնգրեսը, համատեղ ծրագիր սկսեցին՝ առաջ տանելու «Միություն և առաջընթաց»-ի՝ Հնդկաստանի տարբերակը, որի ժամանակակից մեղմասացություններն են «Ազգայնականություն և զարգացում»-ը: Ժամանակ առ ժամանակ, հատկապես ընտրությունների ընթացքում, նրանք աղմկոտ ընտանեկան ծեծկռտուք են կազմակերպում, սակայն հասցրել են իրենց ծոցում հավաքել նույնիսկ փնթփնթան հարազատներին, ինչպիսիք են Հնդկաստանի Կոմունիստական կուսակցությունը (մարքսիստ):
Միություն նախագիծն առաջարկում է հինդուական ազգայնականություն (որը ձգտում է միավորել հինդուների քվեները, ինչը կարևոր է Հնդկաստանի նման մեծ ժողովրդավարության համար): Առաջընթաց նախագիծը նպատակադրել է հասնել տարեկան 10 տոկոս աճի ցուցանիշի: Այս երկու նախագծերն էլ կոդավորված են ցեղասպանական ներուժով:
Միություն նախագիծը հիմնականում վստահվել է RSS-ին (Ազգային կամավորական կազմակերպություն), որը BJP-ի և նրա զինված խմբերի՝ «Vishwa Hindu Parishad»-ի և «Bajrang Dal»-ի հոլդինգային ընկերությունն ու գաղափարական սիրտն են: RSS-ը հիմնադրվել է 1925թ.: 1930-ականներին նրա հիմնադիր դոկտոր Հեդջեվարը՝ Բենիտո Մուսոլինիի երկրպագուն, սկսեց RSS-ն անթաքույց ձևավորել իտալական ֆաշիզմի ուղով: Հիտլերը նույնպես ոգեշնչող կերպար էր և կա: Ահա որոշ հատվածներ RSS-ի աստվածաշնչից՝ «Մենք կամ մեր ազգության սահմանումը» գրքից, հեղինակված Մ.Ս. Գոլվոքերի կողմից, ով 1940թ. փոխարինեց դոկտոր Հեդջեվարին RSS-ի ղեկավարի պաշտոնում.
«Այդ չար օրվանից ի վեր, երբ մուսուլմաններն առաջին անգամ ոտք դրեցին Հինդուստան, մինչ այդ պահը Հինդու Ազգը հպարտորեն պայքարում էր այդ աղետը վերացնելու համար: Ցեղի Ոգին արթնանում էր:
Հետո.
Հինդուստանում՝ հինդուների երկրում, ապրում է և պետք է ապրի հինդու ազգը ...
Մյուս բոլորը դավաճան են և Ազգային Գործի թշնամիներ, կամ բարի տեսակետով դիտարկելիս՝ հիմարներ...
Հինդուստանի օտար ցեղերը... կարող են մնալ երկրում՝ ամբողջովին ենթարկվելով Հինդու Ազգին՝ չպահանջելով ոչինչ, չարժանանալով արտոնությունների, առավել ևս՝ արտոնյալ վերաբերմունքի, նույնիսկ քաղաքացու իրավունքների:
Եվ կրկին․
Իր ցեղի և մշակույթի մաքրությունը պահպանելու համար Գերմանիան ցնցեց աշխարհը՝ իր երկիրը մաքրելով սեմական ցեղերից՝ հրեաներից: Այստեղ ամենաբարձր մակարդակում դրսևորվել է Ցեղի հպարտությունը... դա լավ դաս է մեզ համար Հինդուստանում՝ սովորելու և օգտվելու»:
(Ինչպե՞ս եք պայքարում այսպիսի կազմակերպված ատելության դեմ: Վստահաբար՝ ոչ աշխարհիկ սիրո հիմար քարոզներով):
Մինչ 2000թ. RSS-ն ուներ ավելի քան 45,000 շախա և սվայամսևակների 7 միլիոնանոց բանակ` իր գաղափարախոսությունը Հնդկաստանում տարածելու համար: Նրանց թվում են Հնդկաստանի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջպային, նախկին Ներքին գործերի նախարար և ընդդիմության ներկայիս առաջնորդ Լ.Կ. Ադվանին, և իհարկե, երեք անգամ Գուջարաթի գլխավոր նախարար եղած Նարենդրա Մոդին: Նրանց թվում են նաև լրատվամիջոցների, ոստիկանության, բանակի, հետախուզական գործակալությունների, դատական համակարգի և վարչական ծառայությունների պաշտոնյաներ, ովքեր Հինդուտվայի՝ RSS-ի գաղափարախոսության ոչ պաշտոնական նվիրյալներ են։ Այս մարդիկ, ի տարբերություն եկող-գնացող քաղաքական գործիչների, պետական ապարատի մշտական անդամներ են:
Սակայն RSS-ի իրական ուժը կայանում է նրանում, որ այն տասնամյակների քրտնաջան աշխատանք է տարել և ստեղծել է կազմակերպությունների ցանց հասարակության բոլոր մակարդակներում, մի բան, որը ոչ մի այլ կազմակերպություն չի արել:
BJP-ն իր քաղաքական ճակատն է: Այն ունի արհմիութենական թև (Bharatiya Mazdoor Sangh), կանանց թև (Rashtriya Sevika Samiti), ուսանողական թև (Akhil Bharatiya Vidyarthi Parishad) և տնտեսական թև (Swadeshi Jagran Manch):
Իր առաջատար կազմակերպությունը՝ «Vidya Bharati»-ը, ոչ-կառավարական սեկտորի ամենամեծ կրթական կազմակերպությունն է: Այն ունի 13,000 կրթական ինստիտուտներ, ներառյալ «Saraswati Vidya Mandir»-ի դպրոցները՝ 70,000 ուսուցչով և ավելի քան 1,7 միլիոն աշակերտով: Այն ունի ցեղախմբերի հետ աշխատող կազմակերպություններ (Vanavasi Kalyan Ashram), գրականության (Akhil Bharatiya Sahitya Parishad), մտավորականների (Pragya Bharati, Deendayal Research Institute), պատմաբանների (Bharatiya Itihaas Sankalan Yojanalaya), լեզվի (Sanskrit Bharti), աղքատ թաղամասերի (Seva Bharati, Hindu Seva Prathishtan), առողջապահության (Swami Vivekanand Medical Mission, National Medicos Organization), բորոտությամբ տառապող հիվանդների (Bharatiya Kushta Nivarak Sangh), կոոպերատիվների (Sahkar Bharati), թերթերի և այլ քարոզչական նյութերի հրատարակման (Bharat Prakashan, Suruchi Prakashan, Lokhit Prakashan, Gyanganga Prakashan, Archana Prakashan, Bharatiya Vichar Sadhana, Sadhana Pustak and Akashvani Sadhana), կաստայի ինտեգրման (Samajik Samrasta Manch), կրոնի և դավանափոխության (Vivekananda Kendra, Vishwa Hindu Parishad, Hindu Jagran Manch, Bajrang Dal) կազմակերպություններ: Ցուցակն անվերջ է...
1989թ․ հունիսի 11-ին վարչապետ Ռաջիվ Գանդին RSS-ին նվեր մատուցեց: Նա պարտավորված էր բացել Այոդյայի վիճահարույց Բաբրի մզկիթի կողպեքները, որը, RSS-ի պնդմամբ, Ռամ Տիրոջ ծննդավայրն էր: BJP-ի Ազգային գործադիր վարչությունում կուսակցությունը որոշում կայացրեց մզկիթը քանդելու և տաճար կառուցելու մասին: «Համոզված եմ, որ բանաձևը կվերածվի քվեների», - նշեց Ադվանին։ 1990թ․ նա չափչփում էր երկիրը իր «Rath Yatra»-ով` Հրե կառքով՝ պահանջելով քանդել Բաբրիի մզկիթը, դրա հետևանքով թողնելով անկարգություններ և արյունահեղություն: 1991թ. կուսակցությունը ստացավ 120 տեղ խորհրդարանում: (1984թ․ ստացել էր 2 տեղ): Ադվանիի հիստերիայի գագաթնակետը 1992թ. էր, երբ մզկիթը քանդվեց կողոպտող ամբոխի կողմից: Մինչ 1998թ., BJP-ն կենտրոնական իշխանություն էր: Իր պաշտոնավարման առաջին գործողություններից էր միջուկային մի շարք փորձարկումների անցկացումը: Ողջ երկրում ֆաշիստներն ու բիզնեսմենները, իշխաններն ու աղքատները տոնում էին Հնդկաստանի «Hindu Bomb»-ը: Հինդուտվան դարձել էր մանր կուսակցական քաղաքականություն:
2002թ. Նարենդրա Մոդիի կառավարությունը պլանավորել և իրականացրել է Գուջարաթի ցեղասպանությունը: Ցեղասպանությունից մի քանի ամիս անց տեղի ունեցած ընտրություններում նա ճնշող մեծամասնության ձայներով վերադարձավ իշխանության: Նա ապահովում էր լիակատար անպատժելիություն նրանց համար, ովքեր մասնակցել էին սպանություններին: Հազվագյուտ դեպքում, երբ դատապարտում էր լինում, դրանք իհարկե ցածր կարգերի զինվորներն էին, այլ ոչ թե տախտակամածին կանգնած հեղինակները:
Անպատժելիությունը էական նախապայման է ցեղասպանության համար: Հնդկաստանը զանգվածային մարդասպաններին անպատժելիություն շնորհելու մեծ ավանդույթ ունի: Դրանց մանրամասներով կարող էի հատորներ լրացնել:
Ժողովրդավարության պայմաններում ցեղասպանությունից հետո անպատժելիություն ունենալու համար պետք է «համապատասխան ուղիով դիմել»: Ընթացակարգը որոշում է ամեն ինչ: Մի քանի կոտորածների դեպքում, փաստաբանները, որոնց Գուջարաթի կառավարությունը նշանակել էր որպես հանրային դատախազ, իրականում արդեն ներկայացել էին մեղադրյալների համար: Նրանցից ոմանք RSS-ին կամ VHP-ին էին հարում և բացահայտ թշնամական վերաբերմունք ունեին նրանց հանդեպ, ում ենթադրաբար ներկայացնում էին: Վերապրած վկաները պարզել էին, որ երբ նրանք ոստիկանություն էին դիմում, հաղորդում ներկայացնելով, ոստիկանությունը նրանց հայտարարություններն անճշտորն էր արձանագրում կամ հրաժարվում էր արձանագրել ոճրագործների անունները: Որոշ դեպքերում, երբ վերապրողները ականատես էին իրենց ընտանիքի անդամները սպանությանը (և ողջ-ողջ հրկիզմանը, որպեսզի նրանց մարմինները չհայտնաբերվեին), ոստիկանությունը հրաժարվում էր գրանցել սպանության դեպքերը:
Կոնգրեսի քաղաքական գործիչ և բանաստեղծ Էհսան Ջաֆրին, ով Ռաջկոտի ընտրություններում սխալմամբ Մոդիի դեմ քարոզչություն էր իրականացրել, հրապարակավ մորթվեց (գործընկեր Կոնգրեսականի կողմից գլխավորած ամբոխի միջոցով): Դաժանությանը մասնակցածներից մեկի խոսքերով՝ «Հինգ հոգի բռնեցին նրան, հետո մեկը սրով հարվածեց... կտրեց ձեռքը, ապա ոտքերը ... հետո մնացածը... նրան կտոր-կտոր անելուց հետո դրեցին դիզած փայտի վրա և հրկիզեցին: Ողջ-ողջ այրեցին նրան»:
Ահմեդաբադի ոստիկանության հանձնակատար Պանդին այնքան բարի գտնվեց, որ այցելեց հարևանության բնակատեղիներ, մինչ ամբոխը դատաստանի էր ենթարկում Ջաֆրիին, սպանում 70 մարդու և խմբակային բռնաբարության ենթարկում 12 կանանց նախքան նրանց ողջ-ողջ այրելը: Մոդիի վերընտրվելուց հետո Պանդին առաջխաղացում ստացավ և դարձավ Գուջարաթի ոստիկանության գլխավոր տնօրեն: Սպանություններ կատարող ողջ ապարատը մնում է տեղում:
Դելիի Գերագույն դատարանը մի քանի սպառնալիքներ արձակեց, բայց ի վերջո հարցը սառը պահեստ դրեց: Կոնգրես և կոմունիստական կուսակցությունները մեծ աղմուկ բարձրացրին, բայց ոչինչ չձեռնարկեցին:
Լրատվական հեռուստաալիքով ամենադիտվող ժամին վերջերս հեռարձակված «Տեհելկա»-ի ծուղակային օպերացիայի մեջ բացի Բաբու Բաջանջիից, մարդասպանը մարդասպանի հետևից պատմում էին, թե ինչպես է ծրագրվել և իրագործվել ցեղասպանությունը, ինչպես են Մոդին, բարձրաստիճան քաղաքական գործիչներ և ոստիկաններ անձամբ ներգրավվել դրա մեջ: Այս տեղեկություններից ոչ մեկը նոր չէր, սակայն նրանք՝ այդ դահիճները, այնտեղ էին, լրատվական ցանցերում՝ ոչ միայն ընդունելով, այլև պարծենալով իրենց հանցագործություններով: Օպերացիայի նկատմամբ հասարակության ճնշող արձագանքը ոչ թե վրդովմունքն էր, այլ կասկածը դրա ժամկետի վերաբերյալ: Շատերը հավատում էին, որ բացահայտումը կօգնի Մոդիին կրկին հաղթել ընտրություններում: Ոմանք նույնիսկ տարօրինակ կերպով հավատում էին, որ նա էր թակարդը սարքել: Մոդին իսկապես հաղթեց ընտրություններում: Եվ այս անգամ Միության ու Առաջընթացի՝ իրեն ուղղված մի ամբողջ կոմիտեի տոմսով: BJP-ի հանրահավաքներում հազարավոր սատարողներ այժմ կրում են Մոդիի պլաստիկ դիմակներ՝ վանկարկելով մահվան կարգախոսներ: Ֆաշիստ դեմոկրատը ֆիզիկապես վերափոխվել է միլիոնավոր ֆաշիստների: Նրանք ժողովրդավարության ուրախություններն են: Նացիստական Գերմանիայում ո՞վ կհամարձակվեր Հիտլերի դիմակ դնել:
«Գուջարաթի ճարտարապետական նախագիծը» վերստեղծելու նախապատրաստական աշխատանքները ներկայումս BJP-ի կողմից ղեկավարվող Օրիսա, Չատիսգար, Ջարխանդ, Ռաջաստան, Մադհյա Պրադեշ և Կառնատակա նահանգներում տարբեր փուլերում են գտնվում:
Հայոց ցեղասպանության ուսումնասիրող Փիթեր Բալքյանն ասում է, որ ցեղասպանություն իրագործելու համար ենթախմբին պետք է երկար ժամանակով մարգինալացնել: Այս չափանիշը լավ է բավարարվել Հնդկաստանում: Հնդկաստանի մուսուլմանները համակարգված կերպով մարգինալացվել են և այժմ միացել են ադիվասիներին և դալիթներին, որոնք ոչ միայն մարգինալացվել են, այլև տարիներ, դարեր շարունակ անմարդկային վերաբերմունքի են արժանացել կաստային Հինդու հասարակության և նրա սուրբ գրությունների կողմից: (Կար ժամանակ, երբ նրանք անմարդկային վերաբերմունքի էին արժանանում, որպեսզի գործի դրվեին այնպիսի աշխատանքներ, որոնք Հինդու կաստան չէր անի: Հիմա տեխնոլոգիայի շնորհիվ՝ նույնիսկ այդ աշխատանքն է ավելորդ դառնում:) Որպես իր մեծ ծրագրի մի մաս՝ RSS-ը նաև դալիթներին է դեմ հանում մուսուլմանների դեմ, իսկ ադիվասիներին՝ դալիթների դեմ։
Մինչ «ժողովուրդը» զբաղված էր Միության նախագծով և դրա ատելության գաղափարախոսությամբ, Հնդկաստանի Առաջընթաց նախագիծը սրընթաց շարժվում էր։ Մասնավորեցման և ազատականացման նոր ռեժիմը հանգեցրեց երկրի բնական ռեսուրսների վաճառքին և հանրային ենթակառուցվածքները մասնավոր կորպորացիաներով փոխարկմանը: Այն ստեղծեց աներևակայելի հարուստ բարձր խավ և աճող միջին խավեր, որոնք, բնականաբար, այս նոր բաժանման համար դարձել էին ռազմատենչ ավետարանիչներ։
Առաջընթացի նախագիծն ունի անպատժելիության և խաբեության իր ավանդույթը՝ ոչ պակաս սարսափելի, քան Միության նախագծի զարգացած գործիքները: Դրա հիմքում ընկած է Հնդկաստանի ամենահզոր հաստատությունը՝ Գերագույն դատարանը, որն արագորեն դառնում է Կորպորատիվ Իշխանության հենասյունը՝ հրամանը հրամանի հետևից թույլատրելով ջրամբարների կառուցում, գետերի փոխկապակցում, անխնա հանքարդյունաբերություն, անտառների և ջրային համակարգերի ոչնչացում: Այս ամենը կարելի է որակել որպես էկոցիդ՝ գուցե ցեղասպանության նախերգանք: (Իսկ դատարանին քննադատելը քրեական հանցագործություն է, որը պատժվում է ազատազրկմամբ):
Ճակատագրի հեգնանքով ազատ շուկայի դարաշրջանը հանգեցրել է Հնդկաստանում երբևէ ծավալված ամենահաջող անջատողական պայքարին. միջին և բարձր խավերի անջատումը սեփական երկրից դեպի ինչ-որ տեղ ստրատոսֆերայում, որտեղ նրանք միաձուլվում են աշխարհի մյուս էլիտաների հետ։ Երկնքում գտնվող այս Թագավորությունն ինքնին ամբողջական տիեզերք է՝ հերմետիկորեն փակված Հնդկաստանի մնացած մասերից: Այն ունի իր սեփական թերթերը, ֆիլմերը, հեռուստածրագրերը, բարոյականության խաղերը, տրանսպորտային համակարգերը, առևտրի կենտրոններն ու մտավորականությունը: Եվ եթե կարծում եք, թե այնտեղ միայն ուրախություն է տիրում, սխալվում եք։ Այն նաև ունի իր սեփական ողբերգությունները, իր բնապահպանական խնդիրները (կայանման խնդիրներ, քաղաքային օդի աղտոտում), իր սեփական դասակարգային պայքարները: Օրինակ` «Երիտասարդությունը հանուն հավասարության» անունով մի կազմակերպություն զբաղվում է վերապահումների խնդրով, քանի որ Վերին Կաստաները խտրականության են ենթարկվում Հնդկաստանի փոշիացված Ստորին Կաստաների կողմից: Այն ունի իր սեփական ժողովրդական շարժումները և մոմավառությունը (Արդարություն Ջեսիկայի՝ բարում գնդակահարված մոդելի համար) և նույնիսկ իր սեփական ժողովրդական մեքենան (Թաթա Գրուպի կողմից վերջերս մեկնարկած «Wagon for the Volks»-ը): Այն նույնիսկ իր երազանքներն ունի, որոնք հեռուստատեսային գովազդի ձև են ստանում, որոնցում հնդիկ գործադիր տնօրենները (պատված «Fair&Lovely» տղամարդկանց դեմքի կրեմով) միջազգային կորպորացիաներ են գնում, այդ թվում՝ մտացածին «East India Company»-ն: Նրանց իրենց շքեղ նոր գրասենյակներ են ուղեկցում սպիտակամորթ կանայք (որոնք, որպես վերջնական նվաճման մրցանակ, սեռական հարաբերություն ունենալու ցանկություն արտահայտող տեսք ունեն) և ծափահարող սպիտակամորթ տղամարդիկ, որոնք պատրաստ են ճանապարհ բացել նոր արքաների համար: Այդ ընթացքում ամբոխը մարզադաշտում (գրպաններում կրեդիտային քարտերով) հոտնկայս վանկարկում է․ «Հնդկաստա´ն, Հնդկաստա´ն»։
Սակայն խնդիր կա և այն լեբենսրաումն է: Թագավորությունն իր լեբենսրումի կարիքն ունի: Որտե՞ղ պետք է երկնքում գտնվող թագավորությունը գտնի իր լեբենսրաումը: Երկնքի Քաղաքացիները նայում են դեպի Հին Ազգը: Նրանք տեսնում են ադիվասիսներին՝ նստած Օրիսսայի բոքսիտե լեռներին, Ջարխանդի ու Չատտիսգարի երկաթի հանքաքարի վրա: Նրանք տեսնում են, թե ինչպես են Նանդիգրամի բնակիչները (մահմեդականներ, դալիթներ) ապրում բարձրակարգ հողի վրա, որը պետք է քիմիական կենտրոն լինի: Նրանք տեսնում են հազարավոր ակր գյուղատնտեսական հողեր և կարծում են, որ դրանք պետք է մեր արդյունաբերության համար լինեն Հատուկ տնտեսական գոտիներ, նրանք տեսնում են Սինգուրի հարուստ դաշտերը և կարծում են, որ այնտեղ պետք է մեքենայի գործարան լինի։ Նրանք կարծում են, որ դա իրենց բոքսիտն է, իրենց երկաթի հանքաքարը, իրենց ուրանը: Ի՞նչ են անում այս մարդիկ մեր հողի վրա: Ի՞նչ է անում մեր ջուրը նրանց գետերում: Ի՞նչ է անում մեր փայտը նրանց ծառերին:
Եթե նայեք Հնդկաստանի անտառների, նրա հանքային հարստության և ադիվասի ժողովրդի բնօրրանի քարտեզին, կտեսնեք, որ դրանք մեկտեղված են: Այսպիսով, նրանք, ում մենք աղքատ ենք համարում, իրականում հարուստ են: Բայց երբ Երկնքի Քաղաքացիները հայացքը գցում են երկրի վրա, տեսնում են, թե ինչպես են անպետք մարդիկ նստած թանկարժեք ռեսուրսների վրա: Նացիստները նրանց համար մի արտահայտություն ունեին` «Uberzahligen Essern», այն է` ավելորդ ուտողներ:
Հյուսիսային Ամերիկայում բնիկ հնդկացիների և նրանց եվրոպական գաղութարարների միջև պայքարն ուշադիր դիտարկելուց հետո Ֆրիդրիխ Ռացելը նշում է, որ լեբենսրաումի համար պայքարը բնաջնջող պայքար է: Բնաջնջումը պարտադիր չէ, որ նշանակի մարդկանց ֆիզիկական ոչնչացում՝ նրանց մեղադրելով, ծեծելով, այրելով, սվինահարելով, գազախեղդ անելով, ռմբակոծելով կամ գնդակահարելով: (Բացառությամբ, երբ նրանք փորձում են պայքար մղել, քանի որ այդ ժամանակ նրանք Ահաբեկիչներ են դառնում): Պատմականորեն ցեղասպանության ամենաարդյունավետ ձևը եղել է մարդկանց իրենց տներից տեղահանումը, նրանց միասին ժողովելը և սննդի ու ջրի հասանելիության արգելափակումը: Այս պայմաններում նրանք մահանում են առանց ակնհայտ բռնության և հաճախ շատ ավելի մեծ թվով: «Նացիստները հրեաների վերարկուներին աստղ էին փակցնում և նրանց ժողովում «արգելոցների» մեջ, - գրում է Սվեն Լինդկվիստը, - այնպես, ինչպես հնդկացիները, հերերոսները, բուշմենները, ամանդաբելեները և աստղերի բոլոր զավակները, ում ժողովել էին միասին։ Նրանք իրենք իրենց մահացան, երբ արգելոցներին դադարեցվեց սննդի մատակարարումը»:
Պատմաբան Մայք Դեվիսն ասում է, որ Հնդկաստանում 1876-1892թթ. սովի ժամանակ 12-ից 29 միլիոն մարդ է մահացել, մինչ Բրիտանիան շարունակում էր Հնդկաստանից սննդամթերք և հումք արտահանել: Ինչպես Ամարտյա Սենն է ասում. «Ժովրդավարության պայմաններում դժվար թե սով ունենանք»: Ուստի Չինաստանի մեծ սովի փոխարեն մենք ունենք Հնդկաստանի մեծ թերսնուցում: (Հնդկաստանն ունի 57 միլիոն թերսնված երեխա՝ աշխարհի ավելի քան մեկ երրորդը):
Չինաստանի հնարավոր բացառմամբ՝ աշխարում ներքին տեղահանվածների ամենամեծ բնակչությունն այսօր Հնդկաստանն ունի: Միայն ջրամբարների պատճառով տեղահանվել են ավելի քան երեսուն միլիոն մարդ: Տեղահանությունն իրականացվում է դատարանի հրամանագրերով կամ ոստիկանական զենքի սպառնալիքով, կառավարության կողմից վերահսկվող խմբերի կամ կորպորատիվ հրոսակների կողմից: (Նանդիգրամում նույնիսկ կոմունիստական կուսակցությունն ուներ իր զինված խմբերը): Տեղահանվածներին զանգվածաբար տեղափոխում են ընդհանուր տներ, ճամբարներ և վերաբնակեցման գաղութներ, որտեղ, ապրուստ վաստակելու միջոցներից զրկված, նրանք սահում են դեպի աղքատություն:
Չաթիսգար նահանգում, որը թիրախում է հայտնվել երկաթի հանքաքարի հարստության համար, ուրիշ մեթոդ է կիրառվում: Մաոիստ ապստամբների դեմ պայքարի անվան տակ հարյուրավոր գյուղեր բռնի կերպով տարհանվել են և գրեթե 40,000 մարդ տեղափոխվել է ոստիկանական ճամբարներ: Նրանցից ոմանց կառավարությունը զինում է և ստեղծել է «Salwa Judum»-ը` ժողովրդական միլիցիան։ Մինչ քաղաքացիական պատերազմին նմանվող պայմաններում ամենաաղքատները պայքարում էին ամենաաղքատների դեմ, Թաթա և Էսսար ընկերությունները գաղտնի բանակցում էին Չաթիսգարի երկաթի հանքաքարի արդյունահանման իրավունքի համար: Կարո՞ղ ենք կապ հաստատել: Չէինք էլ երազի դրա մասին, նույնիսկ եթե «Salwa Judum»-ը հայտարարվեր Թաթա Գրուպի և Կառավարության միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից մեկ օր անց:
Զարմանալի չէ, որ այս իրադարձություններից շատ քչերն են արտացոլվում ներկայումս շուկա հանված Նոր Հնդկաստանի տարբերակում։ Պատճառն այն է, որ այն, ինչ վաճառքի է հանված մերժման մեկ այլ ձև է. ինչպես Ռոբերտ Ջեյ Լիֆթոնն է անվանում՝ «կեղծ տիեզերքի» ստեղծում: Այս տիեզերքում համակարգային սարսափները վերածվում են ժամանակավոր բացթողումների, որոնք վերագրվում են արատավոր անհատներին և իրականի փոխարեն ներկայացվում է ավելի «հավասարակշռված» երջանիկ աշխարհ: Հավասարակշռությունը կեղծ է. հաճախ «Միությունը» և «Առաջընթացը» միմյանց դեմ են դուրս գալիս, երբ «Միություն» նախագծի լիբերալ-աշխարհիկ քննադատությունն օգտագործվում է՝ «Առաջընթաց» նախագծի վարկաբեկումը հիմնավորելու համար: Սննդի շղթայի վերևում գտնվողները՝ նրանք, ովքեր որևէ հիմք չունեն ստատուս-քվոն փոխելու, «կեղծ տիեզերքի» ամենահավանական արտադրողներն են: Նրանց գործը սահմանը հսկելն է, ցասումը ցրելը, արդարացումից զրկելը և հրադադարի շուրջ բանակցություններ վարելը:
Դիտարկե´ք Շահրուխ Խանի պատասխանը Նարենդրա Մոդիի մասին հարցին: «Ես նրան անձամբ չեմ ճանաչում... ես ոչ մի կարծիք չունեմ...», - ասում է նա, «նրանք անձամբ իմ հանդեպ երբեք անբարեհաճ չեն եղել»: Լիբերալ պատմաբան և մասնավոր ֆինանսավորում ստացող Նոր Հնդկաստան հիմնադրամի հիմնադիր անդամ Ռամաչանդրա Գուհան իր գրքում, ինչպես նաև լայնորեն հրապարակված հարցազրույցներում պարզաբանում է, որ Գուջարաթի կառավարությունն իրականում ֆաշիստական չէ և ցեղասպանությունը պարզապես շեղում էր, որը շտկվել է ընտրություններից հետո։
«Աշխարհիկ» ազգային մամուլի խմբագիրներն ու մեկնաբանները Գուջարաթի ցեղասպանության վրդովմունքը հաղթահարելուց հետո այժմ գնահատում են Մոդիի վարչական հմտությունները, որոնցից մեծամասնությամբ նրանք հավասարապես տպավորված են: «Hindustan Times»-ի խմբագիրն ասում է. «Մոդին կարող է զանգվածային մարդասպան լինել, բայց նա մեր զանգվածային մարդասպանն է» և շարունակում է ներկայացնել իր երկընտրանքներն այն մասին, թե ինչպես վարվել զանգվածային մարդասպանի հետ, որը նաև «լավ» գլխավոր նախարար է:
Հնդկաստանի այս «կեղծ» տարբերակում՝ մշակույթի ոլորտում, Բոլիվուդյան նոր ֆիլմերում, հնդո-անգլիական գրականության բուռն աճի մեջ աղքատներ հիմնականում չկան: Նրանք նախապես ջնջվել են: (Նրանք միայն հայտնվում են որպես ՀԿ-ների կողմից ի ցույց դրվող միկրովարկերի, զարգացման նախագծերի և բարեգործության ժպտացող շահառուներ։)
Այդ երեկո ես հեռուստացույցով դիտեցի Ամիթաբ Բաչչանին, ով նկարահանվել էր «Times of India»-ի «Հնդկաստան պատրաստ» արշավի գովազդային հոլովակում: Ներկայացնելով արշավը՝ հաղորդավարը ասաց, որ այն կոչված է ոգեշնչելու մարդկանց՝ իրենց ետևում թողնելու «անցյալի կաշկանդող ուրվականներին»: Ընտրել լավատեսությունը հոռետեսության փոխարեն:
«Այս երկրում կա երկու Հնդկաստան», - ասում էր Ամիթաբ Բաչչանն՝ իր հայտնի բարիտոնով:
Հնդկաստանից մեկը փորձում է կապանքներից պոկվել՝ ցանկանալով առաջ մղվել և ապրել այն բոլոր ածականներով, որոնք վերջին ժամանակներս մեզ է վերագրում աշխարհը: Մյուս Հնդկաստանը կապանքն է:
Մի Հնդկաստանն ասում է. «Հնարավորություն տու´ր, և ես կապացուցեմ ինքս ինձ»:
Մյուս Հնդկաստանն ասում է. «Նախ ապացուցի´ր ինքդ քեզ և միգուցե հետո դու հնարավորություն կունենաս»: Մի Հնդկաստանն ապրում է մեր սրտերի լավատեսության մեջ, մյուս Հնդկաստանը թաքնված է մեր մտքերի թերահավատության մեջ:
Մի Հնդկաստանը ցանկանում է, մյուսը՝ հույս է տածում... Մի Հնդկաստանը գլխավորում է, մյուսը՝ հետևում: Այս վերափոխումներն աճում են:
Ամեն անցնող օրվա հետ Մյուս Հնդկաստանից ավելի ու ավելի շատ մարդիկ են գալիս այս կողմ...
Եվ լուռ կերպով, մինչ աշխարհը չի նայում, բաբախող, դինամիկ, նոր Հնդկաստան է հայտնվում:
Եվ, վերջապես․
Հիմա, որպես 60 տարի ազատ եղած ազգ, ուղին մեզ հասցրել է ժամանակի մեծ անդունդի եզրին...
Եվ մի Հնդկաստանը, գլխում գտնվող բարակ ձայնով, վերևից նայում է անդունդին ու տատանվում: Մյուս Հնդկաստանը նայում է երկնքին և ասում, որ թռչելու ժամանակն է:
Ահա մերկացված կեղծ տիեզերքը: Այն մեզ ասում է, որ հարուստներն ընտրություն չունեն (Այլընտրանք Չկա), բայց աղքատներն ունեն: Նրանք կարող են ընտրել դառնալ հարուստ: Եթե նրանք դա չանեն, ուրեմն նախընտրում են հոռետեսությունը լավատեսությունից, երկմտանքը վստահությունից, ցանկությունը հույսից։ Այլ կերպ ասած, նրանք ընտրում են աղքատ լինել: Դա նրանց մեղքն է: Նրանք թույլ են: (Եվ մենք գիտենք, թե ինչ են մտածում լեբենսրաում փնտրողները թույլերի մասին): Նրանք «անցյալի կաշկանդող ուրվականն» են: Նրանք արդեն ուրվական են:
«Շարունակվող կեղծ տիեզերքում», - ասում է Ռոբերտ Ջեյ Լիֆթոնը, - «ցեղասպանությունը հեշտանում է, դառնում համարյա բնական»:
Աղքատները, այսպես կոչված աղքատները, միայն մեկ ընտրություն ունեն՝ դիմադրել կամ ենթարկվել: Բաչչանն իրավացի է. նրանք անցնում են անաղմուկ, մինչ աշխարհը չի նայում: Բայց անցնում են ոչ թե այնտեղ, ուր նա կարծում է, այլ մեկ այլ կիրճից անդին՝ դեպի մյուս կողմը: Զինված պայքարի կողմը: Այնտեղից նրանք հետ են նայում Զարգացման Կայսրերին և ընդօրինակում նրանց ցավալի կարգախոսը՝ «Այլընտրանք Չկա»:
Նրանք տեսել են, թե ինչպես են հզոր Գանդիայի ժողովուրդների շարժումները նվազեցվել ու նվաստացվել, խեղդվել դատական գործերի ճահճում, հացադուլներում և հակահացադուլային գործողություններում: Միգուցե անցյալի այս միլիոնավոր կաշկանդող ուրվականները կցանկանային իմանալ, թե Գանդին ի՞նչ խորհուրդ կտար Ամերիկայի հնդիկներին, Աֆրիկայի ստրուկներին, թասմանացիներին, հերերներին, հոթենթոտներին, հայերին, Գերմանիայի հրեաներին, Գուջարաթի մահմեդականներին: Միգուցե նրանք զարմանում են, թե ինչպե՞ս կարող են հացադուլ անել, երբ արդեն իսկ սովամահ են լինում: Ինչպե՞ս կարող են բոյկոտել օտարերկրյա ապրանքները, երբ փող չունեն որևէ ապրանք գնելու: Ինչպե՞ս կարող են հրաժարվել հարկեր վճարելուց, երբ եկամուտ չունեն։
Մարդիկ, ովքեր զենք են վերցրել, դա արել են՝ լիովին գիտակցելով այդ որոշման հետևանքները: Նրանք դա արել են՝ իմանալով, որ մենակ են: Նրանք գիտեն, որ նոր օրենքները քրեականացնում են աղքատներին և նրանց դիմադրությունը կապում ահաբեկչության հետ: Նրանք գիտեն, որ խղճին, ազատական բարոյականությանը և կարեկից մամուլի լուսաբանմանը դիմելն այժմ իրենց չի օգնի: Նրանք գիտեն, որ ոչ մի միջազգային երթ, ոչ մի համաշխարհայնացված այլախոհություն, ոչ մի հայտնի գրող իրենց կողքին չի լինի, երբ փամփուշտները կրակեն։
Հնդկաստանի ժողովրդավարության ինստիտուտների նկատմամբ հարյուր հազարավոր մարդկանց հավատ է կոտրվել: Երկրի մեծ մասը դուրս է եկել կառավարության վերահսկողությունից: (Վերջին հաշվարկով այն 25% էր): Պայքարից մահվան հոտ է գալիս, դա ոչ մի կերպ գեղեցիկ չէ: Ինչպե՞ս կարող է լինել, երբ Կաշկանդող Ուրվականների բանակի ղեկավարը հենց նախագահ Մաոյի ուրվականն է: (Հույսի շողն այն է, որ հասարակ զինվորների մեծամասնությունը չգիտի, թե ով է նա, կամ ինչ է արել: Ցեղասպանության է´լ ավելի խորը հերքու՞մ: Միգուցե): Արդյոք նրանք ավելի լավ աշխարհի համար պայքարող իդեալիստնե՞ր են: Դե... ցանկացած բան բնաջնջումից լավ է։
Վարչապետը հայտարարել է, որ մաոիստական դիմադրությունը հանդիսանում է «Ներքին անվտանգության միակ ամենամեծ սպառնալիքը»: Եղել են անգամ բանակին մոբիլիզացնելու կոչեր: Լրատվամիջոցները ոգևորված են շնչահեղձ դատապարտումներով:
Ահա տիպիկ թերթային անդրադարձ։ Ոչ մի արտառոց բան: Այն կոչվում է «Վերացրե´ք նաքսալներին»։
«Այս կառավարությունը վերջապես որոշակի զգայունություն է ցույց տալիս նաքսալիզմի դեմ պայքարում: Մեկ ամիս առաջ վարչապետ Մանմոհան Սինքը խնդրում էր պետական կառավարություններին «խեղդել» նաքսալային ենթակառուցվածքը և «կտրել» դրանց գործողությունները՝ «վիրուսը» վերացնելու համար հատուկ ուժի կիրառման միջոցով: Սա ազդարարում է այն գիտակցումը, որ նաքսալիզմին պետք է անդրադառնալ օրենքի կիրարկման, այլ ոչ թե զարգացման անիմաստ ծախսերի միջոցով»:
«Խեղդել»: «Կտրել»: «Վիրուս»: «Վարակված»: «Վերացնել»: «Ոչնչացնել»։
Այո։ Բնաջնջման գաղափարն օդում է: Եվ մարդիկ հավատում են, որ ոչնչացման վտանգին առերեսվելով՝ իրենք հակահարված տալու իրավունք ունեն: Անհրաժեշտ ցանկացած միջոցով: Միգուցե նրանք լսել են մորեխներին։