Նկարները՝ Քէնան Էօզճան
Հրանտ Դինքի հիշատակման արարողությունը տեղի ունեցավ հունվարի 19-ին, հինգշաբթի օրը, ժամը 15.00-ին, 16 տարի առաջ տեղի ունեցած նրա սպանության վայրում՝ «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագրատունը հյուրընկալող «Սեբաթ» Ափարթմանի դիմաց: Բացի «Սեբաթ»-ի դիմաց հավաքվածներից, Ստամբուլից դուրս գտնվող հազարավոր մարդիկ հնարավորություն ունեցան առցանց ներկա գտնվել ոգեկոչմանը՝ անգլերեն և թուրքերեն ուղիղ եթերի միջոցով:
2022 թվականի Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի դափնեկիր Շահարզադ Աքբարն իր ուղերձում ուշադրություն հրավիրեց Աֆղանստանում և Իրանում կանանց բռնության, անարդարության և կնատյացության դեմ մղվող դժվար պայքարին։
Երկու տարի անարդարացիորեն ազատազրկված և նոյեմբերին ազատ արձակված Բիրջան Յորուլմազը, ողջունելով Հրանտ Դինքի բոլոր այն ընկերներին, ովքեր կալանավորված են հավասար, ազատ, արդար, ժողովրդավար և խաղաղ աշխարհ ու հայրենիք ցանկանալու համար, ընթերցեց Բաքըրքյոյի բանտից ուղարկված Չիդեմ Մաթերի ուղերձը, ով 2022 թվականի ապրիլից ի վեր Գեզիի պատճառով անազատության մեջ է: Իր ուղերձում Չիդեմ Մաթերը նշում է. «Մենք այստեղ ենք՝ հույսով, որ մի օր կկարողանանք առերեսվել անցյալի հետ ու բոլորին տալ իրենց արժանվույնը»:
Հիշատակման միջոցառմանը, որտեղ ամեն տարի հնչում են արդարության անպատասխան պահանջներ, այս տարի ելույթով հանդես եկավ ռեժիսոր Էմին Ալփերը։ Նա իր ելույթում գծագրեց Թուրքիայում փոքրամասնություն լինելու պատկերը: Ալփերը կարծում է, որ մարդկության պատմությունը, որտեղ ուժեղը հալածում է թույլին և ոտնահարվում են իրավունքները, պետք է փոխվի և այդ փոփոխությանը հնարավոր է հասնել համերաշխությամբ ու մեծամասնության հետ խոսելու միջոցով:
Էմին Ալփերի ելույթը ոգեկոչման ժամանակ.
«Բարև սիրելի ընկերներ,
Ուղիղ 16 տարի եղավ: Կրկին տխուր ենք, կրկին հավաքվել ենք այս մայթին, որտեղ հավերժ պառկած է նրա լուռ մարմինը, կրկին գիտակցում ենք, որ արդառությունը լիովին չի հաստատվել, որ մարդասպաններին ծնած խավարը երբեք չի ցրվել, գուցե և ավելի է մթնել:
Հրանտ Դինքի սպանությունից անցել է ուղիղ 16 տարի: Օսմանբեյի մայթին ընկած մեր ընկերոջ վերքից դեռ արյուն է հոսում։ Նրա ներս թեքված ոտքերի արանքից արյան բարակ հոսքն իր ճանապարհն է փնտրում: Արյան բարակ առուն առօրյա եռուզեռի մեջ վազվզող մարդկանց ամբոխի միջով, զայրույթից լացող ընկերների կողքով, արդարության փնտրտուքի առջև պատ դարձած դատարանի դռների տակով, երեկոյան խաղաղությամբ իրենց տուն վերադարձող ատելությամբ ու զայրույթով լի սադրիչների տների առջևով, «Քամփ Արմենի» ավերակների միջով դեպի ծննդավայր Մալաթիա, Անատոլիայի հողերում իր ճամփան է փնտրում:
Այս բարակ հոսքն իր ճամփան կգտնի: Հրանտի արյունը կհանդիպի այն արյան առուներին, որ հոսում են Մուստաֆա Սուբխիին ու ընկերներին նստեցրած նավակից, Սաբահաթթին Ալիի կոտրված ակնոցի ապակուց, Մուսա Անթերի ճերմակած մազերի միջից, 1915-ի Անատոլիայի ամեն մի թիզ հողից, 38-ի Դերսիմի լեռներից, 55-ի Ստամբուլի կոտրված ցուցափեղկերից, Մարաշից ու Սիվասից: Միմիայն հայ, հույն, քուրդ և ալևի լինելու համար, փոքրամասնություն լինելու համար սպանված անմեղ մարդկանց, ընդամենը հավասարություն ու եղբայրություն ցանկանալու պատճառով սպանված մտավորականների արյան հոսքերը կհանդիպեն և հոսելով իրենց ճամփան կգտնեն:
«Ինչքան արյուն է թափվել»,- ասում են այս ճամփաները տեսնողները: Մինչդեռ, որքան քիչ է նրանց թիվը: Որովհետև այս հողում քիչ լինելը միշտ էլ հալածվելու համար բավարար պատճառ է եղել ։ Քչերն են քիչ լինելու պատճառով մեծամասնության զայրույթն առաջացրել: Փոքրամասնությունը մեծամասնությանն ասաց. «Դու թվով շատ ես, ուժեղ և քեզ իրավացի ես համարում, բայց դեռ չես կարող համեմատվել ինձ հետ: Եվ քանի դեռ ես գոյություն ունեմ, քո գերիշխանությունն ամբողջական և կատարյալ չի լինի»: Սրա համար էլ մեծամասնությունն ատում էր փոքրամասնությանը։ Ուզում էր անտեսանելի դարձնել, լռեցնել, քշել, հեռացնել, ամբողջովին ոչնչացնել նրան:
Մեծամասնությունն իրեն պատուհասած աղետների համար պատասխանատվություն կրել ամենևին չէր ուզում: Եվ քանզի մեծամասնությունը չէր կարող սխալներ գործել, նրան պատուհասած աղետների պատճառը միշտ փոքրամասնությունն էր։ Փոքրամասնությունը սպառնալիք էր խորհրդանշում: Նրանք թշնամիների գաղտնի կամ բացահայտ գործընկերն էին։ Նրանք պոչավոր էին, նրանց ձեռքի կտրած միսն ուտելի չէր, նրանցից ախտեր էին տարածվում, նրանք մեր երեխաներին առևանգողներ էին, մեր միասնությունն ու համերաշխությունը թիրախավորողները, դրսում մեր երկրից բողոքողները, մեր հողերի վրա աչք ունեցողները, բաժանարարները, գործակալները, դավաճաններն ու համագործակցողները:
Մեծամասնությունը ցանկանում էր վերացնել փոքրամասնությանը, քանի որ վերջիններս անպաշտպան էին։ Իրենց վրդովմունքը, նախանձը, զայրույթն ու ատելությունն իրական թիրախին չկարողանալով ուղղել՝ մարդիկ թիրախավորում էին ամենախոցելիներին: Անպաշտպանների նկատմամբ բռնությունը գրավիչ էր, քանզի ոճրագործներն, ի վերջո, դժվար թե պատժվեին: Մարդն ինչքան լուռ, ճակատագրապաշտ ու վախկոտ էր իր ղեկավարի, իրեն իշխողների, իրեն ճնշողների, կյանքի դժվարությունների ու դժբախտությունների դեմ, այնքան դաժան էր քավության նոխազ դարձրած փոքրամասնության հանդեպ, քանզի հոգու խորքում գիտեր, որ անպաշտպան փոքրամասնության հանդեպ գործած բռնությունն անպատիժ կմնար: Իսկ ամենակարողները... Նրանք էլ մեծամասնությանը հրահրեցին երևակայական թշնամիների դեմ, միայն թե ներքևներում եղած զայրույթն իրենց դեմ չուղղվի։ Ամենակարողները ոճրագործներին կազմակերպեցին, ուղղորդեցին, խրախուսեցին ու անպատժելիություն խոստացան:
Այս պատմությունը միայն այս հողերին վերաբերող պատմություն չէ, այլ ողջ մարդկությանն է հատուկ: Ավերածություններ, ողբերգություններ, աքսորներ, գաղթ, ջարդեր և ցեղասպանություններ բազմիցս են բեմադրվել աշխարհի գրեթե բոլոր ծայրերում ՝ արդի պատմության բոլոր շրջաններում: Մեծամասնությունն ատում էր փոքրամասնությանը, սակայն ամենից շատ՝ փոքրամասնության անունից խոսողներին. նրանց, ովքեր ապրելու իրավունք էին պահանջում ոչ թե որպես վտարյալներ, այլ իրավահավասար ու ազատ քաղաքացիներ, նրանց, ովքեր չէին վարանում ոճրագործների դեմքին մեկ առ մեկ թվարկել նրանց գործած հանցանքները: Հրանտ Դինքն էլ պատմության մեջ այդպիսի անուղղելի պարագլուխներից մեկն էր: Նրան անհնար էր հանդուրժել, քանի որ նա առանց սադրանքի անկեղծ խոսող, առանց թշնամանալու թշնամանքը թոթափող, կռվարար չլինելով՝ անզիջում լինել կարողացող, խիզախ լինելուց զատ այլ գոյություն չիմացող, առանց բղավելու՝ ազդող, յուրաքանչյուր սրտի դողդոջով հասնող մի ձայն էր: Նա ոչ միայն հայերի, այլև բոլոր ճնշվածների ու լռեցվածների անունից պայքարող սոցիալիստ էր: Նա Գրիգոր Զոհրաբներից էր սերում: Նրանց համար անհնար էր հանդուրժել այս ձայնը։ Եվ մեծամասնության զգայունության անվան տակ ոճիր գործողները նրան միասնաբար սպանեցին այստեղ՝ 16 տարի առաջ։
Այսպես սկսվեց և շարունակվեց մարդկային պատմությունը, բայց այն չպետք է այսպես ավարտվի: Մենք կարող ենք և պետք է փոխենք այս պատմությունը։ Եթե արդարություն ենք փնտրում, եթե ուզում ենք, որ Հրանտին սպանողները պատժվեն՝ ոչ միայն կրակողները, այլև հրահրողները, ոչ միայն հրահրողները, այլև սադրիչները, թիրախավորողները, թշնամություն ու ատելություն սերմանողները, եթե ոչ միայն Հրանտի, այլև այս հողի վրա սպանված հազարավոր անմեղների արյունը դեռ մեր մեջ է, մենք պետք է փոխենք այս պատմությունը։ Այս պատմությունը վերաշարադրելու համար մենք պետք է համախմբվենք, ուս ուսի, կողք կողքի համերաշխաբար կանգնենք՝ ընդդեմ մեծամասնության և ուժի բռնության։ Եթե ամուսնու կամ սիրելիի կողմից դաժանաբար սպանված կինը մենակ չէ, լինչի ենթարկված քուրդը կամ սիրիացին, սպանված հայը, խտրականության ենթարկված գնչուն, իրենց ուզած կյանքով ապրելու իրավունքից զրկված ԼԳԲՏԻ անձինք մենակ չեն, ուրեմն մենք էլ անպաշտպան չենք: Մենք պատրաստ ենք պատասխանատվության կանչել և՛ բոլորիս, և՛ մեզանից մեկի հանդեպ բռնություն գործածներին:
Մարդկության պատմությունը պետք է փոխվի և մենք այն կփոխենք: Նախ՝ համերաշխությամբ ու կողք կողքի կանգնելով, իսկ հետո՝ մեծամասնությանը դիմելով։ Նրան ասելով. «Դու ոչ թե առանց մեզ, այլ մեզ հետ միասին ես երջանիկ»։ Մենք քեզ ատող օտարը չենք, այլ քեզ բազմապատկող հարստությունը: Քո ատելությունը ոչ միայն մեզ, այլև քեզ է սպանում: Շահագործման և խտրականության վրա հիմնված այս համակարգը, որտեղ ուժեղը ճնշում է թույլին, իսկ մարդկային արժանապատվությունը ոտնատակ արվում՝ մենք չենք ստեղծել, սակայն մենք միասին կարող ենք այն արմատախիլ անել: Քո դեմ ոչ թե թշնամի է, այլ՝ ընկեր: Ամեն առավոտ արթնանալիս՝ դիմացդ եղբորդ կտեսնես: Մեջքդ նրան կհենես և ցավից, արյունից, շահագործումից սնվող ամենակարողներին, իրենց շահի համար թշնամանք ստեղծողներին, սեփական աթոռը պաշտպանելու համար անմեղ մարդկանց իրար դեմ հրահրողներին «Կանգ առեք» կասես: Միասին ապրելն ու այս հողերում ատելությունը թաղելն անհնարին չէ:
Օսմանբեյի մայթերից մինչև Հոզաթ, Հոզաթից Սասուն, Սասունից Վան, Դիարբեքիր արյան առվակները տարածվում են հեռուներում: Կգա մի օր և մենք այս առվակների հատման անկյուններում հուշարձաններ կկանգնեցնենք։ Ամեն մի զոհի պատմությունն իմանալով՝ յուրաքանչյուրին առանձին-առանձին սգելու ենք: Այսպես ենք փոխելու մարդկության պատմությունը: Որովհետև մենք Հրանտի ընկերներն ենք և նրան խոսք ենք տվել: Դա միասին, հավասար, մարդկայնորեն և ազատորեն ապրելու խոստումն է: Մենք այսօր այստեղ ենք ևս մեկ անգամ ինքներս մեզ հիշեցնելու այդ խոստման մասին: Այստեղ ենք՝ միաբերան գոչելու. «Ի հեճուկս ֆաշիզմի՝ իմ եղբայրն ես, Հրանտ»։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հպարտությամբ, պատվով ու հաստատակամությամբ գոչենք, որ բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք, ինչպես որ վաղը բոլորս կլինենք կին, ալևի, քուրդ, միասեռական կամ տրանս։ Մենք այստեղ ենք, որպեսզի մարդասպանների ձեռքից վերցնենք պատմություն կերտող գրիչներն ու միասին գրենք եղբայրության պատմությունը։
Այսպիսով, ևս մեկ անգամ և միահամուռ՝ «Ի հեճուկս ֆաշիզմի՝ իմ եղբայրն ես, Հրանտ»: »
Ինչպես վերջին 2 տարիներին, այս տարի ևս հունվարի 18-19-ի երեկոյան «Սեբաթ» Ափարթմանին ընկերակցում էին աղավնիները: