Նկարները՝ Դենիզ Էզգի Սյուրեքի

Հրանտ Դինքի հիշատակման 15-րդ տարին՝ նրա սպանության վայրում

Հրանտ Դինքը սպանվել է 15 տարի առաջ «Սեբաթ» շենքի դիմաց, որտեղ գտնվում էր «Ակoս» շաբաթաթերթի խմբագրատունը: Չորեքշաբթի օրը՝ հունվարի 19-ին, ժամը 15:00-ին հազարավոր մարդիկ եկել էին հարգելու նրա հիշատակը և արդարություն պահանջելու։ Իսկ Ստամբուլից դուրս գտնվող հազարավոր մարդիկ հնարավորություն ունեցան առցանց ներկա գտնվել հիշատակման միջոցառմանը՝ անգլերեն և թուրքերեն ուղիղ եթերի միջոցով:

Նազըմ Օզգյուն Աֆշինը, ով Հրանտ Դինքի սպանության ժամանակ հինգ տարեկան էր, 15 տարի շարունակ մասնակցում է հիշատակման միջոցառումներին: Իր խոսքում նա կիսվեց, թե ինչ է նշանակում ամեն տարի մասնակցել հիշատակի արարողությանը և լսել այնտեղ հնչող ելույթները, ինչ նշանակություն ունեն իր համար Հրանտ Դինքի խոսքերը և ինչպես է նա երազում խտրականությունից և անտարբերությունից զուրկ հասարակության մասին:

Ռաքել Դինքը ելույթ ունեցավ «Սեբաթ» շենքի պատշգամբից, որի դիմաց սպանվել էր նրա ամուսինը՝ Հրանտ Դինքը։ Անդրադառնալով անարդարությանն ու անհավասարությանը՝ Ռաքել Դինքն իր ելույթն ավարտեց հետևյալ խոսքերով. «Անկախ ամեն ինչից, եկեք հույսը չկորցնենք։ Վրդովմունքի ու դիմադրության ձայնը, որ բարձրացավ այստեղից երբ քեզ հողին էինք հանձնում, երբեք չի լռել և երբեք չի լռի: Աշխատավորները, կանայք, ուսանողները, գյուղացիները, բոլորը դեռևս դիմադրում են: Նրանք փորձում են պաշտպանել այն, ինչ պատկանում է բոլորին և այն, ինչը չի պատկանում որևէ մեկին նրանցից, ովքեր պնդում են, թե ամենն իրենց «սեփականությունն» է: Նրանք մի օր նորից կմիավորվեն ու ջրհեղեղ կդառնան»:

 

Նազըմ Օզգյուն Աֆշինի խոսքը

 

Երբ 15 տարի առաջ Հրանտ հորեղբայրը սպանվեց, ես հինգ տարեկան էի: Այն ժամանակ ես չէի կարողանում խոսել այնպես, ինչպես իմ հասակակիցները՝ աուտիզմի պատճառով: Ցավոք սրտի, ես հորեղբայր Հրանտին լավ չեմ հիշում, սակայն մայրս պատմում էր նրա մասին, քանի որ նրանք ընկերներ էին: Իսկ Հրանտ հորեղբայրը գիտեր ինձ, երբ մանուկ էի: Միակ բանը որ աղոտ հիշում եմ նրա մեծ ձեռքերն էին: Նա ձեռքը դնում էր գլխիս ու շոյում մազերս: Իրականում, ես գիտեմ, թե ինչու եմ հիշում նրա ձեռքերը. աուտիստ մարդը հակված է հիշելու այն, ինչն ուրիշները չեն հիշի և ժամանակի ընթացքում հասկանում ես, որ տարօրինակ չէ հիշել այն բաները, որոնք ոչ ոք չի հիշում: Ինչ վերաբերում է Հրանտ հորեղբոր դեմքին, իհարկե ես այն գիտեմ լուսանկարներից: Ես մեծացել եմ տեսնելով նրա բազմաթիվ լուսանկարները, դիտելով նրա հարցազրույցները և նրա մասին գրքեր կարդալով:    

Որոշ քարեր լեզու ունեն, նրանք խոսում են իրենց ունկնդիր դարձողների հետ: Ճիշտ իմ Հրանտ հորեղբոր քարի պես: Ինձ համար «Ակոս» շաբաթաթերթի շենքի դիմաց՝ մայթին տեղադրված սալաքարը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան պարզապես նրա սպանության վայր լինելը: Այս քարը հանդիսանում է մեր հանդիպման վայրը, այս քարի մոտ գալը հավասարազոր է Հրանտ հորեղբորս այցելելուն... Ամեն տարի հունվարի 19-ին այս քարի կողքին կանգնած հառաչում եմ.՝ «Երանի հիմա տեսնեի նրան»: Ես երբեք ոտքս այս քարի վրա չեմ դնում: Հիմա, այստեղից խոսելիս, ներսումս նույն հույզերն են արթնանում. երանի կարողանայի այս տարիքում զրուցել Հրանտ հորեղբորս հետ, երանի նա նայեր իմ դպրոցի գնահատականներին ու լայն ժպտար...  «Երբեք չհամարձակվես հուսախաբվել այս երեխայի նկատմամբ, նա այլ հյուսվածքից է, յուրահատուկ հոգի ունի»,- ահա թե ինչ էր նա ասել մորս, երբ ինձ մոտ աուտիզմ էին ախտորոշել: Այնքան կուզենայի, որ Հրանտ հորեղբայրս ականատես լիներ Հաջեթեփեի համալսարան իմ ընդունվելուն: Եթե ​​միայն նա տեսներ դա…

15 տարին երկար ժամանակ է բոլորի համար, իմ դեպքում դա գրեթե իմ ողջ կյանքն է։ Եթե մարդն իր ողջ կյանքում՝ մեծանալու, մանկության, պատանեկության ընթացքում, յուրաքանչյուր տարի նույն օրը գնում է նույն հիշատակմանը, ապա երբեք չի մոռանում, թե ինչ է լսել այդ միջոցառումների ընթացքում:

Հիշում եմ՝ փոքր երեխա էի ու կանգնած էի հոծ ամբոխի մեջ: Այդ ամբոխն առանձնահատուկ լուռ էր, բայց երբեմն վանկարկում էր. «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»: Թեև այն ժամանակ ես չէի կարողանում արտաբերել այս խոսքերը, բայց միշտ մտածել եմ. «Մեկ հոգի դառնալն այսպես պետք է լինի»: Երբ երեխա էի, վախենում էի ամբոխից, աղմուկից ու բզզոցից։ Հիմա, հիշելով այդ օրերը, նաև հասկանում եմ, որ հունվարի 19-ի ամբոխն այն հազվագյուտ ամբոխներից էր, որտեղ ես ինձ լավ էի զգում: Միշտ լավ եմ զգացել այն հազարավոր «մտերիմ», բայց անծանոթ մարդկանց մեջ, ովքեր իմ Հրանտ հորեղբորն այցի էին եկել: Կարծում եմ՝ Հրանտ հորեղբայրը ուրախ կլիներ սրա համար:

Շատ տարիներ անց էր, երբ լսեցի Հրանտ հորեղբորս սիրելի կնոջ՝ Ռաքել Դինքի խոսքը նրա հուղարկավորության ժամանակ: Երբեք չեմ մոռանա նրա խոսքերը. «Ով էլ լինի մարդասպանը, ես գիտեմ, որ մի ժամանակ նա երեխա է եղել: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ոչնչի չի կարելի հասնել առանց դատապարտելու այն խավարը, որն այդ երեխայից մարդասպան է ստեղծում»:

Անցած 15 տարիների ընթացքում, եթե ես որևէ բան եմ սովորել հարցաքննելու, հետաքրքրասեր լինելու, համակեցության, անարդարության ու իրավունքների ոտնահարման դեմ պայքարելու և հասարակության վրա խտրականության քայքայիչ ազդեցության կարևորության մասին, ապա դա հիմնականում եղել է հիշատակման միջոցառումների ժամանակ հնչած ելույթների շնորհիվ, այն հոդվածների շնորհիվ, որոնցում Հրանտ հորեղբայրը ներկայացնում էր թե ինչի միջով էր անցնում, ինչպես նաև նրա կրած սարսափելի, դաժան վախճանի միջոցով:

Հրանտ հորեղբայրը մի անգամ այս խոսքերն է ասել, մեջբերում եմ.

«Ես երեք լեզու գիտեմ.

Հայերեն, քրդերեն և թուրքերեն։

Իմ ներսում այս երեք լեզուները երբեք չեն բախվում,

Դրանք խաղաղ ապրում են միասին»։

Երբ երեխա էի, մարդիկ ասում էին, որ ես երբեք չեմ կարողանա խոսել: Սակայն այսօր ես կարողանում եմ խոսել երեք լեզուներով, ներառյալ իմ մայրենի թուրքերենը: Ես հոգ եմ տանում, որ այս լեզուներն իմ ներսում ապրեն առանց բախումների, որ դրանք օգնեն ինձ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել. Հրանտ հորեղբայրս է այդպես սովորեցրել, երբևէ կարո՞ղ եմ դա մոռանալ:

Հրանտ հորեղբոր սպանությունից ութ տարի անց՝ 2015 թվականի հունվարի 19-ին, գրող-բանաստեղծ Մուրաթան Մունգանը ոգեկոչման իր ուղերձում հետևյալն ասաց. «Այն ժամանակ ծնված երեխաներն արդեն սովորել են խոսել, կարդալ և գրել: Սակայն Հրանտ Դինքի անշնչացած մարմինը դեռ այս մայթին է՝ որպես սպանության զոհ, որի իրական պատմությունը դեռևս բացահայտված չէ։ Նրանք, ովքեր ամայացնում են աշխարհն իրենց կորստով, բազմապատկում են կյանքն իրենց հիշողություններով և նրանով, ինչ ժառանգել են մեզ... Եվ մենք, հսկելով այդ վստահված ժառանգությունը, ութ տարի շարունակ հավաքվում ենք այստեղ՝ բարձրաձայնելու արդարության և ճշմարտության համար մեր ձգտումը, հաստատելու, որ Հրանտի անշնչացած մարմինը չենք թողնելու մոռացության անողոք ձեռքերում»։ Անցած 15 տարիների ընթացքում, տարբեր առիթներով ես տեսել ու զգացել եմ, թե ինչպես է առանց ընկրկելու շարունակվել արդարության մեր ձգտումը, հանուն խաղաղության մեր պայքարը, միասին ապրելու մեր ցանկությունն ու ազատության մեր կարիքը: Իր ելույթի ժամանակ Մուրաթան Մունգանը նաև ասաց հետևյալը, մեջբերում եմ. «Երբ արդարությունը մնում է չեղարկված, այն բազմապատկում է իր մարդասպաններին ու զոհերին»: Եթե Հրանտ հորեղբայրն իմանար վերջին 15 տարիների ընթացքում մեր կորցրած թանկագին մարդկանց ու երեխաների մասին, Գեզի այգու դեպքերի ժամանակ կորցրած իմ ավագ եղբայրների մասին, Անկարայում սպանված խաղաղության աղավնիների մասին, ապա վստահ եմ, որ նա նույնպես կհաստատեր այս խոսքերը։

2019 թվականին արդեն 17 տարեկան էի, երբ մասնակցեցի հունվարի 19-ին հիշատակի արարողությանը։ Սաբահաթթին Ալիի դուստրը՝ Ֆիլիզ Ալին, իր ոգեկոչման խոսքում նշեց, մեջբերում եմ. «Սիրելի Հրանտ, չնայած ամեն ինչին, մենք այնքան էլ հուսահատ չենք: Չլռողներ կան, մենք դեռ այստեղ ենք, ոչ մի տեղ չենք գնում, չենք հանձնվում: Նրանք, ովքեր Ձեր սպանության ժամանակ մանուկ էին, այստեղ են՝ մեզ հետ միասին: Նրանք հետամուտ են սպանության գործին, հարցեր են տալիս, լուռ չեն մնում»: Ես շատ ուրախ էի լսել նրա խոսքերը. Ֆիլիզ Ալին իմ մասին էր խոսում, նա անմիջապես ինձ էր ակնարկում:

2020 թվականին իմ սիրելի դասախոս Շեբնեմ Քորուր Ֆինանջըն իր խոսքում անդրադարձավ ճշմարտությունը հետապնդելուն ու չհանձնվելուն: Մեջբերում եմ. «Արդարության որոնումն ավարտ չունի, այն երբեք չի ավարտվել: Եթե ​​անգամ Շաբաթօրյա մայրերին/մարդկանց գետնին քարշ տան, եթե անգամ բանտարկեն ճշմարտության մասին աղաղակողներին, եթե անգամ մեզ ճնշեն մարդկության դեմ հանցագործություններով, մենք չենք հանձնվի, ինչպես Հրանտը երբեք չդադարեց ասել ճշմարտությունը: Չարի հանդեպ ատելություն սերմանելը մեր նպատակը չէ: Մեր նպատակն անվերջ պայքար է, որպեսզի մարդիկ չտարվեն չարիքի պարզ բանականությամբ և շարունակեն իրենց իրավունքների համար պայքարը՝ չընկրկելով ուժի առջև»։ Այդ պահին էր, որ ես թեթևություն զգացի։ Երբեմն զգում ես, որ որոշ բառեր միայն քո համար են արտաբերվում: Մեծանալով՝ յուրաքանչյուր հունվարի 19-ին ես խոստացել եմ և կշարունակեմ պահել այս խոստումը. ես չեմ մոռանա, ես չեմ հանձնվի:

Ես այն միլիոնավոր երիտասարդներից մեկն եմ, ովքեր խիստ մտահոգ են այս երկրի ապագայով և չեն խուսափում բարձրաձայնել այդ մասին: Ես շարունակելու եմ իմ պայքարը, որպեսզի կարողանամ ասել. «Մենք այստեղ ենք, Աղբարիկ, մենք չենք հանձնվում»: Հանուն իմ Հրանտ հորեղբոր, հանուն արդարության, հանուն խաղաղության, հանուն խտրականությունից զերծ կյանքի, հանուն ազատ, ժողովրդավար, արդար և խաղաղ Թուրքիայի մեր ընդհանուր երազանքի: Ես շատ եմ կարդալու, շատ եմ հետևելու, շատ եմ դիտելու ու կիսվելու:

Քանզի ես միշտ հիշում եմ Հրանտ հորեղբորս գրած ամենավերջին խոսքերը, քանզի ես միշտ ներսումս կկրեմ «աղավնու անհանգստությունը»…

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին, որ այսօր եկել եք այստեղ՝ ձեր ներսում ունենալով անհանգիստ աղավնուն:

 

Ռաքել Դինքի խոսքը

«Իմ սիրելի Ջութակ,

Արդեն 15 տարի է, ինչ մեջքիդ արձակված նենգ փամփուշտները քեզ խլել են մեզանից։ Քո ձայնը դեռ մեր ականջներում է։ Մինչդեռ քեզ էին մեղադրում դավաճանության, թիկունքից հարվածելու համար՝ ամեն անգամ, երբ խոսում էիր քո ազգին պատահածների մասին...

Տեր իմ, Դու ասում ես մեզ. «Սիրեցէք ձեր թշնամիները, բարիք ըրէք ձեզ ատողներուն, օրհնեցէք ձեզ անիծողները և աղօթեցէք անոնց համար, որոնք ձեզի նեղութիւն կը պատճառեն»:* Ուստի, ես շարունակում եմ աղոթել:

***

Արդեն 15 տարի է։ Քո բացակայության 15 տարին: Նրանք, ովքեր այն ժամանակ երեխա էին, այժմ մեծացել են, ինչպես Նազըմը։ Բոլոր այն հարցերը, որոնք մենք չենք կարողացել լուծել, ընկնում են նրանց ուսերին։ Կարծես՝ այլևս մենք չենք խնդրի իրական տերերը, այլ երիտասարդներին ենք բերում առաջնագիծ:

Մինչդեռ, եթե մենք նման արյունոտ ժառանգություն չունենայինք, նրանք կարող էին երազել և կառուցել այլ ապագա՝ աշխարհի տարբեր ծայրերի իրենց հասակակիցների հետ միասին, իրենց բոլոր տարբերություններով հանդերձ: Նրանք արդեն այնքան խնդիրներ են ժառանգել: Դեռ քանի՞ երկրաշարժ է մեզ սպասվում: Եկեք բացենք այս անցյալը և ազատենք տառապյալ հոգիներին: Ճշմարտությունն այն ամուր քարն է, որի վրա մենք կկառուցենք մեր տունը: Ճշմարտությունն ամուր, հաստատուն քար է:

Մեր երեխաները հայտնվել են ապագայի հանդեպ իրենց վախերի ու երազանքների և մեծերի ցավալի ժառանգության միջև: Նրանք կա՛մ իրենց են վնասում, կա՛մ ուրիշներին։ Մինչդեռ, եթե նրանք համախմբվեն և հոսեն ջրի պես, ոչինչ չի կարող կանգնել նրանց ճանապարհին: Այս աշխարհը չափից շատ բռնակալներ է տեսել, չափից շատ դաժանություններ: Սակայն ցանկացած ամպ արծաթե ծիր ունի: Սուլթաններ, կայսրեր, թագավորներ, նրանք բոլորը մի օր տապալվել են: Նրանք նորից կտապալվեն: 

Մեր գյուղում կային այնպիսիք, որ զենքով կանգնում էին աղբյուրի կամ կամրջի մոտ ու տուրք պահանջում անցորդներից: Նրանց ավազակներ էին անվանում։ Հետագայում, նրանք զենքերը պահեցին թղթերի ետևում՝ դա կոչելով պետություն, կազմակերպություն: Այդ թղթերի վրա նրանք գրեցին իրենց իսկ օրենքներն ու կանոնները: Մենք հավատացինք, սակայն դու՛ք, երեխաներ, մի հավատացեք:

Մի հավատացեք նրանց, ովքեր «սեփականություն» են համարում այն, ինչ ոչ մեկին չի պատկանում: Մի հավատացեք նրանց, ովքեր «իրենցն» են համարում այն, ինչ պատկանում է բոլորին:

Ամեն անգամ, երբ այս հողի վրա մարդիկ քննադատություն են հնչեցրել, դա վերագրվել է օտար ուժերին: Ճիշտ է. այն, ինչ ձեր ներսում է, նրանց համար օտար է: Ամեն անգամ, երբ դուք այրվել եք ներսից, նրանք բողոքել են ծխից ու փակել պատուհանները։

Գեզիի դիմադրության ժամանակ երիտասարդներն, առաջին հերթին, ջանում էին պաշտպանել իրենց քաղաքը, այնուհետև նրանց թիվը մեծացավ և նրանք սկսեցին պաշտպանել իրենց հետապնդվող ընկերներին: Նրանց նույնպես պիտակավորվեցին որպես օտար ուժեր, ահաբեկիչներ և այլն, և այլն։ Մեր երեխաների աչքերը հանել են, խեղդել գազով ու թունավոր ջրով։ Մեր երեխաներին սպանել են։ Ո՞վ էր ահաբեկիչը: Բացառիկ երևույթ էր տեսնել այդքան երիտասարդների համախմբված և անկոտրում լինելը։

Եվ այսօր քրեական վարույթ է ընթանում իրենց իսկ գրած թղթերով։ Մի՞թե դա հնարավոր է:

«Իրաւցընէ անբարբառ արդարութի՞ւն կը խօսիք,

Ուղղութիւնով դատաստա՞ն կը տեսնէք, ո՛վ մարդոց որդիներ։

Արդարեւ սրտով անօրէնութիւններ կը գործէք,

Երկրի վրայ ձեռքերով բռնութիւն կը բանեցնէք» **

***

Իմ սիրելի Ջութակ,

Ամեն անգամ երբ քեզ բռնության մասին էին հարցնում, դու դատապարտում էիր այն: Դիմացդ ուժի բռնությունն էլ դրվեց: Դու դա էլ դատապարտեցիր՝ նկատի ունենալով իշխանության անօրինական արարքները: Աշխարհը շատ բռնություն է տեսել ու շարունակում է դրա ականատեսը լինել... Այդպես է եղել և՛ քեզնից առաջ, և՛ քեզնից հետո… Իշխանություն ձեռք բերածները հետապնդումներ են սկսում: Եվ ինչպե՞ս կարող են նրանք մեկը մյուսին մեղադրել: Միշտ ժողովուրդն է բեռը տանողը: Ամեն տարի հունվարի 19-ին, քեզ հիշելով, մենք նաև փորձում ենք հիշել և հիշեցնել այլ հետապնդումների մասին: Թերևս, եթե մեկտեղենք այս բոլոր պատկերները, եթե նայենք այս ցավալի ֆոտոալբոմին, մենք կկարողանանք բացահայտել նաև իրական մարդասպանին…

Տեսա՞ք, թե ինչպես են հետապնդում Քութլու Ադալիին, ով մեկ այլ լրագրող է Կիպրոսից: Արդյո՞ք սխալվում ենք, երբ մատնանշում ենք այս հողում եղած բռնությունների իրական աղբյուրը։

Սուրբ Աստվածաշունչն ասում է. «Ընկերակից մի՛ ըլլաք խաւարին անպտուղ գործերուն, այլ փոխարէնը կշտամբեցէ՛ք զանոնք»: ***

Մեր ընկերներին տարիներ շարունակ բանտում են պահում: Մեկին ազատում են, մյուսին՝ բանտարկում։ Անհեթեթ հիմքերով, ստերով… Այլևս հիմնավորումներ չեն էլ հորինում, պարզապես ասում են՝ «Դե այդպես է» ու տանում։ Կալանավորեցին երիտասարդ փաստաբանների, ովքեր օգնության էին հասնում երկրի բոլոր խնդիրների շուրջ, կալանավորեցին լրագրողների, ինչպես Օսմանին ու Բիրջանին… Կալանավորեցին յուրաքանչյուր քաղաքական գործչի, ով կասեր՝ «Ես քուրդ եմ»։ Նրանք միայն ուզում են, որ խոսեն զենքերը, այլ ոչ մարդիկ: Դարձյալ պարտադրում են իրենց լեզուն։

Անկախ ամեն ինչից, եկեք հույսը չկորցնենք։

Վրդովմունքի ու դիմադրության ձայնը, որ բարձրացավ այստեղից երբ քեզ հողին էինք հանձնում, երբեք չի լռել և երբեք չի լռի: Աշխատավորները, կանայք, ուսանողները, գյուղացիները, բոլորը դեռևս դիմադրում են: Նրանք փորձում են պաշտպանել այն, ինչ պատկանում է բոլորին և այն, ինչը չի պատկանում որևէ մեկին նրանցից, ովքեր պնդում են, թե ամենն իրենց «սեփականությունն» է: Նրանք մի օր նորից կմիավորվեն ու ջրհեղեղ կդառնան։

Ոմանց սիրտը կոտրված է: «Որտե՞ղ էիր, երբ մենք տառապում էինք», հարցնում են նրանք: Մենք չէինք ուզում այդպես լիներ, փորձում էինք հնարավորինս կանգնել նրանց կողքին և սատարել նրանց ձայնին: Եվ կշարունակենք դա անել:

Քո ձայնը դեռ մեր ականջներում է: Մեր խոսքը՝ խոսք»:

*Ղուկաս.6:27
**Սաղմոս 58:1–2
*** Եփեսացիներ 5:11

 

Նրա սպանության 15-րդ տարելիցին, երբ ավելի քան երբևէ կարևոր է Հրանտ Դինքի ձայնը և Թուրքիայի ու աշխարհի համար նրա փափագած երազանքը կիսելը, հրավիրում ենք դիտելու Ումիթ Քըվանչի «Համակարգի հիշողությունը չափազանց քիչ է բառերի համար» ֆիլմը: Ֆիլմը մեր առջև է դնում «համակարգի» «սխալները», որոնք տեղ չեն թողել Հրանտ Դինքին և նրա խոսքերին։ Ֆիլմը կարող եք դիտել այս հղումներով՝ թուրքերեն, հայերեն, գերմաներեն և ֆրանսերեն ենթագրերով:

Այս տարի հունվարի 18-19-ը Սեբաթի շենքը պատել էին աղավնիները։