Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերի շրջանակում 2017 թվականի մայիսի 30-ից հունիսի 2-ը Թուրքիայից Հայաստան էր այցելել օսմաներեն լեզվի, գրականության ու օսմանյան պատմության հինգ գիտնականներից բաղկացած խումբ։ Երկխոսության ծրագիրն իրականացվում է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի  հետ համգործակցությամբ և Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Այցի նպատակն էր փորձի փոխանակման հնարավորություն ընձեռել երկու երկրների օսմանյան լեզվով, գրականությամբ ու արվեստի պատմությամբ հետաքրքրվող մասնագետների միջև՝ բացահայտելու երկուստեք կարիքները և ուսումնասիրելու համագործակցության հնարավոր ոլորտները: Խմբում ընդգրկված էին օսմանագիտություն և թուրքագիտություն դասավանդող պատմաբաններ, լեզվաբաններ և գրականագետներ Ստամբուլի Բիլգի, Շեհիր, Քոչ, Սաբանջի և Յըլդըզի տեխնիկական համալսարաններից:

Ծրագրի ընթացքում մասնակից ակադեմիկոսները մի շարք հանդիպումներ և կլոր-սեղան քննարկումներ ունեցան Հայաստանի ինստիտուտների և համալսարանների հետ, որոնք արդեն իսկ ակտիվ են և (կամ) հետաքրքրված են օսմանագիտությամբ։

Ծրագիրը մեկնարկեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարան այցելությամբ, որտեղ խումբը ծանոթացավ մշտական ցուցահադրությանը, ինստիտուտի կառուցվածքին և ձեռագրերի հավաքածուին: Խումբը նաև հանդիպեց ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, ինչպես նաև գիտական և վարչական անձնակազմի հետ: Քննարկման կետերից մեկը ինստիտուտի` օսմաներեն լեզվի և գրականության մասնագետների կարիքն էր, քանզի ինստիտուտում ցուցակագրման և ուսումնասիրման անհրաժեշտություն ունեցող բազմաթիվ ձեռագրեր կան: Թուրքիայից ժամանած խումբն իրենց աջակցությունն առաջարկեց ինստիտուտի անձնակազմի համար օսմաներենի դասընթացներ կազմակերպելու հարցում: Որպես առաջին քայլ, այցի ընթացքում նրանք Մատենադարանի 10 աշխատակիցների համար անցկացրեցին օսմաներենի ներածական դասընթաց, ինչն օգնեց ավելի լավ պատկերացնել ինստիտուտի համար հատուկ ուսուցման մոդուլի մշակումը:

Հայաստանում թուրքագիտության/օսմանագիտության ոլորտների մասին պատկերացում կազմելու և համագործակցության ուղիներ քննարկելու համար խումբն այցելեց նաև Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության ամբիոն: Հանդիպման ընթացքում ամբիոնի վարիչը և աշխատակազմը այցելուներին ներկայացրին Երևանի պետական համալսարանի օսմանագետների հրատարակությունները և խոսեցին հետագա ծրագրերի ու համագործակցության հնարավորությունների, ներառյալ՝ ռեսուրսների և տեղեկատու նյութերի փոխանակման մասին:

Խումբը նաև հանդիպեց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտնականների հետ և ծանոթացավ ինստիտուտի հիմնական գործունեությանն ու հրատարակություններին, որից հետո քննարկվեցին համագործակցության հնարավորությունները, ներառյալ՝ համատեղ հետազոտության անցկացումն ու հետազոտողների փոխանակման այցերը:

Մասնակից գիտնականներին հյուրընկալեցին նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը, դասախոսներն ու պրոֆեսորադասախոսական կազմը: Հանդիպման ընթացքում Թուրքիայից ժամանած ակադեմիկոսները տեղեկացան համալսարանի պատմության, ակադեմիական կառուցվածքի և ուսումնական ծրագրերի մասին: Խմբին ներկայացվեց նաև համալսարանի թվային գրադարանը, որը թվայնացնում և արխիվացնում է հայ գրականության գործերը: Խումբը և համալսարանի ներկայցուցիչները քննարկեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և համագործակցության հնարավորություններ, որոնց թվում՝ ուսանողների փոխանակման այցեր, Թուրքիայից ժամանած գիտնականների հյուրընկալում և գրադարանային փոխանակումներ: 

Խումբը հյուրընկալվեց նաև Հայաստանի ազգային գրադարանում, որտեղ քննարկեցին գրքերի հավաքածուների մշակման և օսմաներեն լեզվով փաստաթղթերի ուսումնասիրման ոլորտներում համագործակցության և աջակցության հեռանկարները:

Ծրագրի մասնակից գիտնականները հնարավորություն ունեցան այցելելու նաև Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարան, որտեղ ծանոթացան ժամանակակից հայ արվեստի, գրականության և կինեմատոգրաֆիայի պատմությանը: Ցուցահանդեսը նաև անդրադառնում էր Օսմանյան կայսրության մշակութային կյանքում հայերի ներդրմանը: Թանգարանի տնօրենի և աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ նշվեց նաև, որ թանգարանն ունի օսմաներեն փաստաթղթերի և այլ նյութերի հավաքածու, որոնք մանրակրկիտ ուսումնասիրված չեն ոլորտի մասնագետների պակասի պատճառով:

Խմբի կարճատև այցն ավարտվեց կլոր-սեղան քննարկումով Հայաստանի ազգային գրադարանում, որին մասնակցում էին թուրքագիտության, օսմանյան լեզվի, գրականության և պատմության ոլորտներում մասնագիտացած Հայաստանի տարբեր համալսարանների և հաստատությունների գիտնականներ, ակադեմիկոսներ և ուսանողներ։ Քննարկման ընթացքում մասնակիցները խոսեցին Հայաստանի և Թուրքիայի ակադեմիկոսների ավելի սերտ համագործակցության անհրաժեշտության մասին և խրախուսեցին շարունակական փոխգործակցությունն ու հետագա հանդիպումները:

Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերի շարքն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Միացյալ
Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության
հիմնադրամի աջակցությամբ:

#ukcssf